Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը:  Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: «Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:  Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը: Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները: 
14:00 - 13 հուլիսի, 2020
Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի, Էկոնոմիկայի  նախարարության  պաշտոնյաներ։ Բելառուսական կողմը ներկայացրել են Բելառուսի անտառային տնտեսության նախարարության, ԱԳՆ,  Հայաստանում Բելառուսի դեսպանության, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի  ու Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության պաշտոնատար անձինք։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է աշխատանքային հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Վիտալի Դրոժժային հանդիպման առաջարկն ընդունելու համար։ «Վստահ եմ, որ մենք, որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, կկարողանանք համատեղ ջանքերով համակարգել աշխատանքները 14–րդ նիստի արձանագրության որոշումները հաջողությամբ իրականացնելու համար: Հուսով եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո կրկին անմիջական կհանդիպենք և կքննարկեք մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ խնդիրները», – ասել է Տիգրան Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարը բելարուսական կողմին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագիր, որոնցից հինգը` տուժած ձեռնարկություններին և ընկերություններին, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ մինչ օրս օգնություն է ստացել շուրջ 55 հազար տնտեսվարող սուբյեկտ ու ավելի քան մեկ միլիոն մարդ: Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համավարակը սկզբունքորեն չի անդրադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, և Հայաստանի ու Բելառուսի պետական ​​կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի, նաև համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը առևտրատնտեսական կապերի, երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության վրա։ Նա նաև նշել, որ անհրաժեշտ է մշակել մարտահրավերներին դիմակայելու նոր արդյունավետ համակարգեր, փոխգործակցության նոր ձևեր։ Որպես հայ–բելառուսական համագործակցության հեռանկարային հարթակներ Տիգրան Խաչատրյանը նշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի, նաև մշակույթի բնագավառում համատեղ նախագծերի  իրականացումը:  Նա հույս է հայտնել, որ մշաման փուլում գտնվող 9 երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, մոտ ապագայում հնարավոր կլինի նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Օգտվելով առիթից, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Հայաստանին անհատույց 50․000 հատ սոճու տնկի նվիրելու կապակցությամբ։ Վիտալի Դրոժժան, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին հայ–բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և բազմակողմանիորեն զարգանում են, ընդլայնվում են նաև մշակությաին կապերը։ Նա ընդգծել է ընթացիկ տարվա մարտին Երևանում կայացած հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի արդյունավետ աշխատանքը և նշել, որ անցած կարճ ժամանակահատվածում, երկու երկրների պետական կառույցների և գործարար համայնքի համագործակցությամբ, որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն կորոնավիրուսը դանդաղեցրել է ընթացքը, նաև ազդել առևտրաշրջանառության վրա, և անհրաժեշտ է նախանշել մինչև տարեվերջ առևտրաշրջանառության ավելացման ծրագրեր։ Վիտալի Դրոժժան տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ընդամենը 5 տոկոսով, արտահանումը կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլլար, նվազելով մինչև 17 տոկոս, ներմուծումը` 7,8 մլն ԱՄՆ դոլլար, աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հունվար–ապրիլին ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45 տոկոսով։ Համագործակցության կարևոր նպատակներից Վիտալի Դրոժժան առանձնացրել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկու երկրների շուկաներում, ապրանքարտադրության ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Սոճու տնկիների վերաբերյալ Վիտալի Դրոժժան նշել է, որ Սևանա լճի մոտակայքում հայ-բելառուսական անտառը կդառնա երկու երկրների բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ։ Հանդիպման մասնակիցները հանգամանալիորեն քննարկել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի որշումների բոլոր կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ հանձնաժողովի արձանագրության 44 կետերից 31 կետով փոխգործակցության 12 բնագավառներում միջոցառումներն իրականացման փուլում են: Հանդիպման ավարտին նախանշել են հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։
11:22 - 12 հուլիսի, 2020
«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։ Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաև Քիմ Քարդաշյանը։  
15:44 - 10 հուլիսի, 2020
Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը

Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին կազմակերպել էր հանդիպում Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը: Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ «Այս ծրագիրը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև, ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել», - նշել է փոխնախարարը:   Արման Խոջոյանը նշել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Միաժամանակ նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում  ցորենի ցանքատարածությունները կազմում են ՀՀ ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը: Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները տնտեսավարողներին կտրամադրեն ցորենի մշակության և ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն։ Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն  իրականացվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով: Պայմանագրի օրինակելի ձևը առաջիկա օրերին կհրապարակվի Նախարարության կայքում: Իր խոսքում Արման Խոջոյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակում մատակարարները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։ Արդյունքներով պայմանավորված` ծրագիրը կարող է շարունակվել նաև 2022 թվականին:
14:33 - 09 հուլիսի, 2020
Ինչ փոփոխություններ են առաջարկվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում |hetq.am|

Ինչ փոփոխություններ են առաջարկվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է  փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում։ Մասնավորապես՝ քննարկման ներկայացված նախագծով նախարարությունն առաջարկում է շահագրգռվածություն ունեցող բաժնետերին իրավունք չտալ ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը։  Գործող կարգով՝ որոշումը գործարք կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե` ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` հաշվարկված շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին, բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է բաժնետերերի ժողովի գումարման մասին բոլոր բաժնետերերին ծանուցել առնվազն 21 օր առաջ՝ անկախ բաժնետերերի քանակից: Նշենք, որ այժմ այդ պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա, ինչի արդյունքում մինչև և ներառյալ հիսուն բաժնետեր ունեցող բաց բաժնետիրական ընկերություններում ծանուցման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ։ «Նախագծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով»,-հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:
14:30 - 09 հուլիսի, 2020
Այս տարի արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն |armenpress.am|

Այս տարի արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ակտիվ գյուղատնտեսական շրջան է, արտահանումն իրականացվում է սահուն, առանց լուրջ խնդիրների: Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Բեռնատարներն առանց խնդիրների անցնում են սահմանային անցակետերը և ժամանակին գյուղմթերքը հասցնում արտաքին շուկաներ: Համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ արդեն արտահանվել է 13 հազար տոննա ծիրան, շուրջ 3 հազար 200 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ և այլն: Ընդհանուր առմամբ արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Արման Խոջոյանը: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 15 տոկոսով քիչ է: Պակաս արտահանումը կապված է խնձորի բերքի հետ: Այս տարի արտահանվել է 5 հազար 500 տոննա, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 11 հազար 500 տոննա: Նախարարի տեղակալը նկատեց, որ այս տարի արտահանված խնձորը 2019 թվականի բերքն է, իսկ 2019 թվականին առավել քիչ բերքատվություն է եղել 2018 թվականի համեմատ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: Արտահանման ցուցանիշներում որոշակի անկում է նկատվում նաև ծիրանի հետ կապված: Գրեթե 3 հազար տոննա պակաս է արտահանվել: Տարվա սկզբին առատ բերք էր սպասվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ դարձան ունենալ ավելի քիչ քանակ, քան սպասվում էր: Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ ակտիվ են ընթանում մթերման գործընթացները: Վերջին տվյալներով մթերվել է 5 հազար 500 տոննա պտուղ­-բանջարեղեն: Դրանից 1 200 տոննան բանջարեղենն է, իսկ 4 300 տոննան՝ պտուղը:
15:10 - 08 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Ծրագրի շրջանակում մասնակի կսուբսիդավորվի  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների  լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը:  Էկոնոմիկայի նախարարությունը դիմումը մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին:
11:39 - 02 հուլիսի, 2020
Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|

Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել՝ խթանելով աշնանացան ցորենի արտադրությանը։   Էկոնոմիկայի նախարարությունը նման ծրագիր է քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։ Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված, ներմուծված աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվելու է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։  «Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարության կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։ Նախարարությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են. 2019 թվականին, 2015 թվականի համեմատ, ցանքատարծությունները շուրջ 44 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով։ Մինչդեռ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 – 330 հազար տոննա ցորեն։  «Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը»,-հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
16:33 - 29 հունիսի, 2020
Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում:  Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները:  Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարևորությունը։
13:25 - 27 հունիսի, 2020
Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման  բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։    Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համակարգային գործընկերության ձևավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն և ստուգում, նախագծերի ապահովագրական և վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի և վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում:  Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ  ձևաչափերի ձևակերպմամբ:
14:34 - 23 հունիսի, 2020
Առաջարկվում է բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով  |hetq.am|

Առաջարկվում է բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առևտրի օբյեկտներում բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով (հատվածով) և «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ նշումով, որը կլինի ընթեռնելի և կտեղադրվի տեսանելի վայրում։ Նշենք, որ իրավական կարգավորմամբ այժմ նման պահանջ սահմանված չէ։ Էկոնոմիկայի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։ «Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև։ Ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարությունն ընդգծել է, որ հունվարի 23-ի կառավարության նիստին վարչապետը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ խնդրի կարգավորման նպատակով։ Այդ իսկ պատճառով, էկոնոմիկայի նախարարությունը մշակել է այս օրենսդրական փաթեթը։ «Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը»,-որպես նախագծի հիմնավորում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը։
12:08 - 23 հունիսի, 2020
Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից |armenpress.am|

Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից |armenpress.am|

armenpress.am: Պետությունն առաջարկում է նոր հակաճգնաժամային գործիք, ավտոմատ կերպով կընտրվի եռամսյակի շահութահարկի կանխավճարի կատարման այն տարբեակը, որն ի օգուտ տնտեսավարողի է: Կանխավճարը կկատարվի նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։  ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է մի շարք տնտեսավարողների, հատկապես զբոսաշրջային ոլորտի տնտեսավարողների կողմից: «Նման առաջարկ հնչել էր նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ենթախորհրդի նիստում վերջերս: Եվ սա կարծես հակաճգնաժային գործիք է դառնում, որպեսզի համավարակի արդյունքում հատկապես ամենաշատ տուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության բեռը թեթևանա»,-ասաց նա: Ներգնա զբոսաշրջային գործակալների շահերը ներկայացնող «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ սա իրենց համար փրկության առաջին քայլն էր: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ոլորտը իսկապես վատ վիճակում է: Մարտից, երբ արդեն պետք է սկսվեր հոսքը, կորոնավիրուսը տարածվեց, և դրա պատճառով հոսքը կանգնեց, զբոսաշրջային գործակալները հայտնվեցին վատ վիճակում: «Նույնիսկ այս պահին մենք ակնկալում ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, առաջին զբոսաշրջիկները կունենանք ոչ ավելի շուտ, քան 2021-ի մարտին»,-ասաց Ազոյանն ու նշեց՝ այս ծանր իրավիճակը նկատի ունենալով դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ շահութահարկի վերանայում անելու առաջարկով:   Ասոցիացիան խնդրել է նախարարին՝ հնարավորություն տալ զբոսաշրջային գործակալներին աշխատել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային եղանակով՝ վճարում կատարելով նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով: Գործող օրենքով՝ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով: «Հունիսի 20-ին պետք է վճարեինք նախորդ տարվա արդյունքներով հաշվարկած շահութահարկի 20 տոկոսը: Մեր ասոցիացիայում կան տուրօպերատորներ, որոնք նախորդ տարի 12 հազար զբոսաշրջիկ են սպասարկել: Ունենք գործակալ, որը պետք է վճարեր մինչև 20 մլն դրամ: Այս տարի զբոսաշրջային գործակալներն ընդհանրապես չունեն որևէ շահույթ, դա մեծ խնդիր էր: Եվ հիմա դիմեցինք նախարարին, բացատրեցինք, որ չենք կարող, քանի որ այս տարի ընդհանրապես չենք սպասարկում զբոսաշրջիկների: Նախկինում մինչև մարտի 20-ը դիմելու պարագայում տնտեսավարողը հնարավորություն էր ստանում նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը վճարել, սակայն մենք չէինք հասցրել դիմել: Հիմա այս առաջարկվող օրենքով ասվում է, որ երկուսն էլ կդիտարկեն, կհաշվարկեն այն, որը ամենաձեռնտուն կլինի տվյալ տնտեսավարողի համար»,-ասաց Ազոյանը: Նրա խոսքով՝ որոշ զբոսաշրջային կազմակերպություններ փակվելու վտանգի առաջ են, բայց եթե շահութահարկի հարցը լուծվի, բավականաչափ կթեթևացնի բեռը, կկարողանան գրասենյակները պահել: «Սրանով պետությունը օգնում է մեզ մեծ բեռից ազատվել, մենք կկարողանանք գոնե կենտրոնանալ մյուս հարցերը լուծելու վրա: Պատկերացնում եմ, որ սա մեր համագործակցության առաջին քայլն է: Եվ այս հարցի լուծումը մեզ շատ ոգևորել է: Նախարարը մեզ լսեց ու հետամուտ եղավ խնդրին»,-ասաց Ազոյանն ու շնորհակալություն հայտնեց հետևողականության համար:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
17:44 - 15 հունիսի, 2020
Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպման ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գոյություն ունեցող ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման վերաբերյալ։Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական, սոցիալական և առողջապահական մարտահրավերները համաչափ լուծելու ուղղությամբ, և ներկայացրել է «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) ծրագրով ընթացիկ, ինչպես նաև նոր աջակցության մանրամասները Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են TeamEurope մոտեցմամբ, աջակցելու՝ հայ ժողովրդին և բիզնեսին միջնաժամկետ տնտեսական վերականգնման և հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ՝ ԵՆԲ, ՎԶԵԲ, Գերմանական զարգացման բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, «Finance in Motion» ընկերությունը, ԱՄՀ-ը, ՀԲ-ն, ՏԶՀԿ-ն։
16:12 - 15 հունիսի, 2020
Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

1lurer.am: «Ձգտում ենք եղած սահմանափակ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ հասցեավորել շահառուներին»,- ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով համավարակի պայմաններում հարկային արտոնությունների տրամադրմանը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։  Նախարարի խոսքով՝ մի շարք երկրներ կիրառեցին այն փորձը, որ հետաձգեցին կամ ազատեցին բոլորի հարկերը։ Խաչատրյանը շեշտեց՝ դրանք այլընտրանքային են. փոխարենը իրենք հարկերը վճարելու համար անտոկոս վարկ են տրամադրել։ «Մեր կառավարության մոտեցումն այն է եղել, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասի գործունեությունը բարդացել է, մի մասինը՝ ոչ։ Եթե նրանց գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի։  Բա ո՞վ վճարի այն հարկերը, որ աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով տուժած ոլորտներին տրվող աջակցության ծրագրերին՝ նախարարն ընդգծեց, որ, օրինակ, 3-րդ միջոցառմամբ փոքր բիզնեսի համար աննախադեպ արագ և որակյալ վարկային ռեսուրսներ են առաջարկում։ Ըստ նախարարի՝ աննախադեպ է, քանի որ, որքան հիշում է՝ միակ դեպքն է վերջին տարիներին, երբ ասում են՝ բանկային համակարգը չի որոշում՝ այդ կազմակերպությանը վարկ տա՞, թե՞ ոչ։  Եթե կազմակերպությունը ցուցաբերել է իրեն որպես օրինապահ հարկ վճարող  և օրինապահ վարկառու, ապա իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով, ավտոմատ եղանակով, վարկային ռեսուրս է հատկացվում։ 2 տարի ժամկետով ոչ մի տոկոսագումար վճարելու խնդիր չի ունենում։ «Ձևավորել ենք այնպիսի ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել են 800 կազմակերպություն, փոքր բիզնեսներ։ Հանրագումարով՝ այսօրվա դրությամբ  9 միլիարդ դրամ այդ եղանակով տրված վարկային ռեսուրսներ երկու ամսվա ընթացքում հասցվել են մասնավոր հատվածին, որ կարողանան, իրենց կարիքները գնահատելով, հասնել վաղվա օրվան»,- շեշտեց Խաչատրյանը։ Նախարարը նաև նշեց, որ չեն համարում, որ բոլոր հարցերի ճիշտ պատասխաններն  առ այսօր գտել են։ Չբացառեց, որ առանձին ոլորտներում  առանձնահատուկ կարգավորումներ կլինեն։ Ընդգծեց, որ մասնավոր հատվածը դեռևս չի հաղթահարել ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, երբ հասնեն այն կետին, որ պետք է քննարկեն, թե կազմակերպությունները ոնց պետք է վերականգնեն՝  հնարավոր է նոր համապատասխան լուծումներ լինեն։
15:47 - 08 հունիսի, 2020
Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

5-րդ ալիքը մայիսի 22-ին «Գյուղատնտեսական վա՞րկ, թե՞ դասական մանիպուլացիա» վերնագրով ռեպորտաժ է եթեր հեռարձակել, որտեղ ներկայացնում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության երկրորդ ծրագրին դիմած և մերժում ստացած քաղաքացիներին: Կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ի նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ ծրագիրը, ըստ որի, գյուղատնտեսական վարկերի որոշ տեսակների տոկոսադրույքները կսուբսիդավորվեն՝ հասնելով 0 %-ի, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում, բացի տոկոսները սուբսիդավորելուց, վարկերը նաև կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից: Ռեպորտաժում նշվում է, որ ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի՝ սա խաբեություն է, դասական մանիպուլյացիա. բանկերին փող են տալիս, անունը դնում, թե գյուղացուն օգնեցին: Այնուհետև, շարունակելով բանկերի թեման, ռեպորտաժի մեկ այլ հատվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Հա, մենք փողը տալու ենք բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ», որին հետևում է կառավարության նիստից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի»: Այս խոսքերից երկրորդը վերաբերում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրին, որտեղ Նիկոլ փաշինյանն ասում է. «Մենք ոչ թե պետք է զուգահեռ օրգանիզմներ ստեղծենք, այլ մենք պետք է այս գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով գնանք: Դրա համար մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջին գործիքը հետևյալն է. մենք ասել ենք, որ տոկոսները սուբսիդավորում ենք և ըստ էության ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում ենք վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: Երկրորդ գործիքը հետևյալն է. քանի որ շուկան վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել էդպիսի վարկավորում տալուն, որովհետև իրենք կարող է մտածեն՝ ինչու իրենք ռիսկերը միայնակ կրեն: Եվ որպեսզի բանկերին նույնպես խթանենք, որ իրենք շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի աշխատավարձերի դեպքում փողի 50% ենք տալիս, հարկերի և տուրքերի դեպքում փողի 50% ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 40% ենք տալիս, հումքի դեպքում փողի 40%-ը, սարքավորումների պարագայում՝ 25%, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30%: Ես կարծում եմ, որ մենք լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի և մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք անընդհատ մոնիթորինգի տակ կպահենք պրոցեսները և որ տեսնենք չի աշխատում, կհասկանանք՝ ինչում է խնդիրը և բանաձևերը արագ կփոխենք»: Իսկ լրագրողի մեջբերած խոսքը, թե կառավարությունը փողը տալու է բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ, այդ օրվա նիստում չի հնչել: Ընդհանուր առմամբ վարկավորման, վարկառուների հայտերը բավարարել կամ մերժելու իրավասությունները բանկերինն է, բայց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսք չի հնչեցրել: Հետևաբար ռեպորտաժում ներկայացված հատվածը մանիպուլյացիա է: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը ռեպորտաժի մեկ այլ հատվածում էլ ասում է. «Եթե Հայաստանում գյուղատնտեսությունը սկսում է մարտի 1-ից կամ 10-ից, ո՞նց կարող է այդ հարցը քննարկվել մարտի վերջին կամ ապրիլին: Այդ հարցը պետք է քննարկվեր հունվարին»: Սակայն, պետք է նշել, որ այս ծրագիրը միտված էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը և հունվարին լինել չէր կարող, քանի որ հունվարին Հայաստանում դեռևս կորոնավիրուսային համաճարակ չկար: Այնուամենայնիվ՝ պարզելու համար, սա «խաբեություն» է, թե  պարզապես խնդիրը ներկայացվում է միակողմանի, հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն: Ըստ հարցման պատասխանի՝ 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակներում ստացվել է թվով 33.242 հայտ, որից բավարարվել է 7125-ը, մերժվել` 7484-ը: Սպասման փուլում է գտնվում 18.633 հայտ: Վարկային հայտերի ընդհանուր ծավալը կազմում է 67.225.991.000 ՀՀ դրամ, որից բավարարված հայտերի ծավալը կազմում է 10.058.994.000 ՀՀ դրամ: Վարկային հայտերի ընդհանուր թվի մեջ ներառված ֆիզիկական անձանց համար տրամադրվող գյուղատնտեսական միկրովարկերի համար ստացված դիմումների քանակը կազմում է 23.845 հայտ, որից բավարարվել է 6165-ը, մերժվել՝ 5586-ը: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական միկրովարկերի հայտերի գումարը կազմում է 23.750.161.000 ՀՀ դրամ, որից բավարարվել է 5.183.180.000 ՀՀ դրամը:  Եթե դիտարկենք միայն բավարարված և մերժված հայտերը, ապա 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ բավարարվել է շուրջ 7125 հայտ, մերժվել՝ 7484-ը: Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում մերժման հիմքերի վերաբերյալ ասաց, որ քաղաքացիների վարկունակությունը որոշում են բանկերը, իսկ մերժված դիմումների վերաբերյալ նշեց, որ մեծամասամբ մերժվել են բանկերի սև ցուցակում գտնվող և վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների դիմումների 51.23%-ը մերժվել է, չհաշված սպասման փուլում գտնվող դիմումները, սակայն ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկավորվել են շուրջ 7125 դիմող, որոնց տրամադրվել է ավելի քան 10.058 մլրդ դրամ: Այսպիսով՝ 5-րդ ալիքի ռեպորտաժը միակողմանի է ներկայացնում թեման, պարունակում է մանիպուլյացիաներ և չի արտացոլում իրական պատկերը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 04 հունիսի, 2020