Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|
16:33 - 29 հունիսի, 2020

Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել՝ խթանելով աշնանացան ցորենի արտադրությանը։  

Էկոնոմիկայի նախարարությունը նման ծրագիր է քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։

Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված, ներմուծված աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվելու է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։ 

«Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարության կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։

Նախարարությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են. 2019 թվականին, 2015 թվականի համեմատ, ցանքատարծությունները շուրջ 44 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով։ Մինչդեռ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 – 330 հազար տոննա ցորեն։ 

«Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը»,-հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել