ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ: Այս մասին հայտնում է apa.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից APA- ին հայտնել են, որ, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ՝ Բայրամովը ասել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում, և այդ գործընթացն իրականացվում է կանոնավոր կերպով։ Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ: Բայրամովը շեշտել է, որ «լարվածությունը պետք է լուծվի քաղաքական և բանակցային ճանապարհով»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
19:23 - 15 մայիսի, 2021
Հայաստանի ԱԽ քարտուղարը Տաջիկստանի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Հայաստանի ԱԽ քարտուղարը Տաջիկստանի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ: «Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը: Արմեն Գրիգորյանը, կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար: Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, շեշտել է, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը: Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը: Նասրուլլո Մախմուդզոդան, կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը, պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը: Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը»,- նշված է ԱԽ հաղորդագրության մեջ։
18:28 - 15 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված պաշտոնական ուղերձի հետ: Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:  
22:44 - 14 մայիսի, 2021
ԱԽ քարտուղարը խոսել է ՀԱՊԿ դիմելուց հետո սպասվող գործընթացների և հնարավոր զարգացումների մասին |armenpress.am|

ԱԽ քարտուղարը խոսել է ՀԱՊԿ դիմելուց հետո սպասվող գործընթացների և հնարավոր զարգացումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են սպասվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին դիմելուց հետո։ Գրիգորյանը նշեց, որ նամակը ստանալուց մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրվում։ «Գիտեք, որ մշտական խորհրդում պետությունների լիազոր ներկայացուցիչներն են։ Բացի մշտական խորհրդի նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն, արտաքին գործերի նախարարների կոմիտեն, ինչպես նաև Պաշտպանության նախարարների կոմիտեն սկսում են աշխատանքներ իրավիճակը գնահատելու համար։ Տեղեկացնեմ, որ և ՀՀ պաշտպանության նախարարը, և Արտաքին գործերի նախարարը, և ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, նախնական աշխատանքներ այս ուղղությամբ իրականացնում ենք։ Խոսել ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, ներկայացրել ենք իրավիճակը, նաև Արտգործնախարարը և Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Եվ կարող ենք ասել, որ նախնական նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որպեսզի եռօրյա ժամանակում մեր կոմիտեները կարողանան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ»,- ասաց Գևորգյանը։ Նա նշեց, որ եռօրյա ժամկետում կոմիտեները ընդհանուր գնահատական կտան իրավիճակին և ըստ այդ գնահատականի ՀԱՊԿ խորհրդի նիստ կհրավիրվի։ «Նշեմ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը պարտադիր չի, եթե այս երեք կոմիտեները եզրակացություններ են ներկայացնում և իրավիճակի որոշակի լուծումներ է լինում։ Այս դեպքում կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանալ։ Բայց եթե իրավիճակը այնպես զարգանա, որ անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ խորհրդի նիստ էլ կկայանա։ Նշեմ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստում են գտնվում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և ընդհանուր իրավիճակի հետ կապված որոշումներ կարող են կայացվել»,- հավելեց Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը շատ կարևորեց այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն, որպես միջազգային կառույց, պարտավորություններ ունի Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու։ «Մենք քաղաքական և դիվանագիտական լուծման կողմնակից ենք, մենք բոլոր գործիքները կիրառելու ենք, որպեսզի քաղաքական և դիվանագիտական լուծում տանք իրավիճակին, բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք կգործարկենք ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որպեսզի վերականգնենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,- եզրափակեց Գրիգորյանը։
20:45 - 14 մայիսի, 2021
Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան
 |armtimes.com|

Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԶՈՒ-ն մարտավարական կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին՝ որոշ խորությունների վրա: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է. Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ որոշում է կայացվել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները. «Ինչո՞ւ. Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակրել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ երկրորդ հոդվածը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանը նաև նշեց, որ այսօր բանակցություններին միացել է նաև Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով: «Արձանագրում է տեղի ունեցել, որ ռուսական ռազմաբաազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 
19:51 - 14 մայիսի, 2021
ՀԱՊԿ ՀԱԽ գործող նախագահը տվել է խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու կարգադրություններ. ՀԱՊԿ ԱԳ ՆԽ նախագահ

ՀԱՊԿ ՀԱԽ գործող նախագահը տվել է խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու կարգադրություններ. ՀԱՊԿ ԱԳ ՆԽ նախագահ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ըստ աղբյուրի՝ ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։
19:24 - 14 մայիսի, 2021
Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Երեկ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղարին, արտգործ եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ հնարավոր զարգացումներից խուսափելու համար։  ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության եւ հնարավոր զարգացումների մասին Infocom-ը զրուցել է 1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։  Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը երեկ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ինչը հիմք է հանդիսանում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները արձագանքեն իրենց լիազոր ներկայացուցիչների մակարդակով։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով, ինչը, քաղաքագետի մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունները իրար պետք է աջակցեն ու առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական աջակցություն տան․  «Հայաստանը ճիշտ արեց, որ դիմեց։ Այո՛, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, պետություններից շատերի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է դիմել, որ պատասխան ստանանք, որ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը չշահարկեն։ Այսօր լուրջ սպառնալիքի առջեւ է հենց բուն Հայաստանը, ու կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը կարձագանքի՞, թե՞ ոչ։ Հիմա սպասենք ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ ասաց, որ իրենք հետեւում են իրադարձություններին»,- ասաց Գրիգորյանը։  Խոսելով այն կարծիքների մասին, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին դիմեր ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով, Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, ճիշտ է դիմել 2-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածով պետությունները պարտավոր են իրար աջակցել սպառնալիքի դեպքում, խոսքն առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական աջակցության մասին է։ Չորրորդ հոդվածի համաձայն՝ այն երկիրը, որը հարձակվել է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ՀԱՊԿ-ը դիտում է որպես թշնամի ու նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն։ Գրիգորյանի խոսքով՝ պետությունները չէին օգտագործի չորրորդ հոդվածը, այդ պատճառով այս փուլում ճիշտ որոշում է 2-րդ հոդվածով դիմելը։ «Չեմ հավատում, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը «մեր խաթր» կպատերազմեն Ադրբեջանի դեմ, ակնհայտ է, որ չորրորդ հոդվածով դիմելը պետք է ավելի ուշ թողնել, բայց ակնհայտ է նաեւ, որ դա չի իրականանա, քանի որ մեր շահերը այդ երկրների շահերի հետ չեն համընկնում, միգուցե 20 տարի առաջ համընկնում էին, բայց հիմա բոլորս գիտենք, որ Բելառուսը եւ կենտրոնասիական երեք երկրները նույնիսկ ողջունեցին Ադրբեջանի հաջողությունները այս պատերազմում։ Ուրեմն՝ չորրորդ հոդվածով դիմելը նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն, ինչն այս փուլում անիմաստ էր»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես Բելառուսը ագրեսիվ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Բելառուսը հանդես եկավ մեր դեմ ուղղված հայտարարություններով, չբավարարվեց նեյտրալ հայտարարություններով՝ հանդես գալով պրոադրբեջանական եւ մեզ դատապարտող հայտարարությամբ։ Իսկ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ըստ վերլուծաբանի, ավելի զուսպ են, բայց իրենք էլ չեն պաշտպանի մեզ, քանի որ լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։ Մեր զրուցակիցը ՀԱՊԿ-ից առանձնապես ոչինչ չի ակնկալում․ նրա խոսքով՝ շատ տրամաբանակն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, քանի որ 90-ական թվականներին ոչ մի այլ կազմակերպություն չկար, որ կապահովեր մեր անվտանգությունը․ «1990 թվականին մեր շահերը Բելառուսի, Ղազախստանի շահերին բավական մոտ էին, այսպիսի տարաձայնություններ չկային, նույնիսկ մինչեւ 1997-1998 թվականը Ադրբեջանը եւ Վրաստանն էին ՀԱՊԿ անդամ։ Այն ժամանակ շատ տրամաբանակն էր մեր՝ այդ կազմակերպությունում լինելը, բայց հիմա պարզ չէ, որովհետեւ այդ կազմակերպությունը չի պաշտպանում մեր անվտանգությունը, չի էլ պլանավորում պաշտպանել։ Այստեղ մեր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Այո՛, Ռուսաստանն էլ իրեն բարդ է պահում, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքը մի փոքր այլ է, մյուս երկրները մեզ հետ համընկնող շահեր չունեն, դա պարզ երեւում է։ Երբ ասում եմ՝ ոչ մի համընկնող շահ, նկատի ունեմ՝ անվտանգային, ռազմական, ռազմակտեխնիկական առումով»։  Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը երեկ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Մակրոնն իր խոսքում նշել էր. «Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»: Այս հատվածը, սակայն, ներառված չէր հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Թե ինչու մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Ֆրանսիայի նախագահի հայտարարության այդ հատվածը եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, Ստեփան Գրիգորյանը մեկնաբանեց․ «Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կփորձի աջակցել։ Եթե հիմա դիմենք Ֆրանսիային, կասկած չունեմ, որ ինչ-որ ձեւ կգտնի մեզ աջակցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը քայլերով է առաջ գնում․ դիմում է ՀԱՊԿ-ին, հետո կդիմեն Ռուսաստանին։ Երեկ մենք դիմեցինք նաեւ ԵԱՀԿ երկրներին, մեր դեսպանը ԵԱՀԿ շրջանակներում հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ իս՝ կառավարությունը ուզում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով, որ, միգուցե, մեր կառավարությունը համարում է, որ այս փուլում դիմելը վաղ է, եւ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հասնելը՝ պետք է օգտագործել մյուս ինստիտուտներին դիմելու հնարավորությունը։  Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը բարեկամ երկրներ շատ ունի, որոնք կաջակցեն մեզ, ուստի Ադրբեջանին դժվար կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեքիաթներ պատմել, այդ հեքիաթները կարող են այստեղ՝ մեր տարածաշրաջնում պատմել․ «Այստեղ պարզ է, որ պրոբլեմատիկ կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է վետոյի իրավունքն օգտագործել, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստը չկայանա։ Ես կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներում հարցը չլուծվի, մեր կառավարությունը հանդես կգա ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հայտարարությամբ։ Ուղղակի պետք է բոլոր գործիքներն օգտագործել, ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն էլ պետք է ստիպել Ռուսաստանին, որ Ադրբեջանին կարգի բերի։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, այդ դեպքում պետք է դիմել ՄԱԿ ԱԽ-ին»,- ասաց Գրիգորյանը։  Եւ վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում առկա իրավիճակը լուծվի միայն դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով,  եւ ոչ ռազմական ճանապարհով։ Ասպրամ Փարսադանյան
17:40 - 14 մայիսի, 2021
Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|

Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով, քանի որ չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել»: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով: «Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմել, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից  զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:   Հայաստանը դիմել է 2-րդ հոդվածով՝ իրազեկելով, որ ադրբեջանական կողմի այս քայլը ուժի գործադրման ակնհայտ սպառնալիք է: Նա նկատեց, որ եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում:
16:56 - 14 մայիսի, 2021
Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին իրավիճակի հանգուցալուծման քայլերը

Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին իրավիճակի հանգուցալուծման քայլերը

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով: Մտքեր են փոխանակել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
15:34 - 14 մայիսի, 2021
Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

armtimes.com: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին РИА Новости-ին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,- ասել է Զայնետդինովը։ Քիչ առաջ էլ Գորիսում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ-ին դիմումը պաշտոնապես ուղարկվել է:
15:21 - 14 մայիսի, 2021
Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ ՀՀ ինքնիշխան տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ կապերը պահելու իր պատրաստակամությունը։ Այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հետաքրքրականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հեռախոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել, եւ բացակայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խնդրին լուծում գտնելու հնարավորությանն առնչվող հատվածը․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսկ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը․ «Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։ Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ այս դրվագի բացակայությունը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում։  Infocom-ի հարցին, թե ինչու չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց այսպես․ «Ես մեր տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ, բավարարվեք տարածված հաղորդագրությամբ»։ Ճշտող հարցին, թե որեւէ այլ մեկնաբանությո՞ւն էլ չունեն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ թե ինչու է հատուկ շեշտվել, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Խաչատրյանն ասաց, որ դա ընդունված պրակտիկա է եւ դրանում որեւէ խնդիր չկա։ Հարցը, թե որ դեպքում է նշվում եւ որ դեպքում չի նշվում՝ որ կողմն է նախաձեռնողը, Խաչատրյանը դարձյալ չմեկնաբանեց՝ կրկնելով, որ հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի․ «Իրականությունն այդպես է․ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը»։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական զորքի՝ Սյունիքի տարածքում հայտնվելուց միայն 24 կամ ավելի ժամ հետո զանգահարել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ինչպես թույլ է տալիս ենթադրել պաշտոնական լրահոսը, տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ չի հաստատել․ Խաչատրյանը մեկնաբանեց, որ վարչապետի ունեցած հեռախոսազրույցներից ոչ բոլորն են հրապարակման ենթակա։ Մեր ճշտող հարցին, թե մինչ այս հեռախոսազրույցը այլ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է Պուտինի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Վերջինս տեղեկություն չունի նաեւ՝ վարչապետը տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ։  Նարեկ Մարտիրոսյան
15:07 - 14 մայիսի, 2021
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|

Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադաձելել է Սյունիքի Սև լճի տարածքում տիրող իրավիճակին։«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն»,– ասաց նա։ Ավինյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ «Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,– ընդգծեց նա։ Հարցին՝ ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա են ադրբեջանցիները հատել ՀՀ պետական սահմանը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս անհայտ ծագման քարտեզներ։«Այս քարտեզները որևէ աղերս չունեն իրականության հետ, որոնց հիմքով առաջ են եկել նրանց սահմանապահ զորքերը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման իրենց քայլերը և ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ցանկանում ձեռնարկել, բայց ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,– հավելեց նա։Ավինյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմել են ճգնաժամի կառավարման կետով։ Ըստ նրա՝ պետք չէ իրողությունները չափազանցնել։ «Մինչ այս պահը մեր գործողություններում մենք եղել ենք համարժեք։ Դիմումը պաշտոնապես ուղարկվել է ՀԱՊԿ-ին, եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին ՊՆ-ն և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»։
15:05 - 14 մայիսի, 2021
Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում: «Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը: ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:
15:01 - 14 մայիսի, 2021