ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը

ՄԱԿ ներկայացուցիչը մտահոգիչ է որակել ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների թույլատրման որոշումը

Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը մտահոգիչ է որակել Meta Platforms-ի որոշումը, ըստ որի՝ կթույլատրվի ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների հրապարակումը։ «Ես խոսել եմ գործընկերների հետ, ովքեր զբաղվում են այս թեմաներով: Եվ նրանք ասում են, որ այս հարցը կքննարկեն Մետայի հետ՝ ավելին հասկանալու համար», - «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Թրոսելը ուշադրություն է հրավիրել հստակության բացակայության վրա՝ նկատի ունենալով, որ նման որոշումը կարող է հանգեցնել ընդհանուր առմամբ բոլոր ռուսների նկատմամբ ատելության խոսքի․ «Դա շատ մեծ մտահոգություն կառաջացնի», - հավելել է նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ Meta Platforms-ը, որի մեջ են մտնում Facebook և Instagram սոցիալական ցանցերը, որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ բռնության հրահրման ժամանակավոր թույլտվությունը վերաբերում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, ինչպես նաև՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։   Լուսանկարում՝ Էլիզաբեթ Թրոսելը
15:41 - 11 մարտի, 2022
Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:
14:56 - 11 մարտի, 2022
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը պահանջել է այսօր՝ մարտի 11-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայում «ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի» առնչությամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերը։ «Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար», - գրել է նա Թվիթերում։ Ավելի վաղ Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների գործունեությունը, որոնք աշխատել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։ Նրա խոսքով փետրվարի 24-ին դրանք Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել ամբողջությամբ ոչնչացնել այնտեղ գտնվող «կենսաբանական ագենտները»։   Նորա Վանյան
10:36 - 11 մարտի, 2022
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

 |armenpress.am|

ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև՝ կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր։ Ըստ բանաձևի՝ սա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: Բանաձևում շեշտվում է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի համաձայն՝ ապօրինի հարձակումները կրոնի, կրթության, արվեստի, գիտության, ինչպես նաև պատմական հուշարձանների վրա կարող են ռազմական հանցագործություն լինել, և նման հարձակումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այսպիսով՝ բանաձևը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին  ևս բանաձևը կոչ է անում ամբողջությամբ գնահատել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վիճակը Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում և հետևել բոլոր կողմերի համապատասխան առաջարկություններին, կոչ է անում ԵՄ-ին ցուցաբերել համապատասխան աջակցություն: Բանաձևը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին լիովին համագործակցել միջազգային հետաքննությունների հետ և կատարել իրենց պարտականությունները՝ 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը կոչ է անում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ապահովելու փաստահավաք առաքելությանն անարգել մուտքը: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին նաև պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ամբողջությամբ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես՝ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց կամ հայերի մուտքն արգելելուց և այլն: Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին բանաձևով կոչ է արվում, միջազգային հանրության աջակցությամբ, ապահովել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների արդյունավետ հետաքննությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության  հարցով և այնպիսի հարձակումների, ինչպիսին է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարձակումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա: Բանաձևը նաև հորդորում է երկու երկրների, հատկապես Ադրբեջանի կառավարություններին դադարեցնել ատելության և ռասայական խտրականության քարոզչությունը դասագրքերի, սոցիալական ցանցերի և, Ադրբեջանի, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» միջոցով և աշխատել երկու հասարակությունների միջև վստահության և միմյանց մշակույթի նկատմամբ հարգանքի վերականգնման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում հորդորում է նաև նոր ջանքեր գործադրել՝ երկու երկրի միջև վստահություն ձևավորելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:  
17:51 - 09 մարտի, 2022
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Ռուսաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Նիստի ավարտին դատավոր Ջոան Դոնոխյուն հայտնեց, որ դատարանը մտադիր է հնարավորինս շուտ որոշում կայացնել միջանկյալ միջոցների մասին։ Նա նաև խնդրեց հայցվոր կողմին (Ուկրաինայի ներկայացուցիչներին) կապի մեջ մնալ դատարանի հետ՝ հաշվի առնելով, որ գուցե անհրաժեշտություն առաջանա գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու։ Հիշեցնենք, որ լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի ռուս-ուկրաինական հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։ Այսօր Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չէին մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին։
17:17 - 07 մարտի, 2022
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայի դեմ Կիեւի հայցի քննությանը ՄԱԿ-ի դատարանում

Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չեն մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին, որտեղ մեկնարկել է ընդդեմ Մոսկվայի Կիեւի հայցի քննությունը։ Այս մասին նիստի բացման ժամանակ հաղորդել է դատավոր Ջոն Դոնահյուն։ Նա նշել է, որ «ցավում է ՌԴ ներկայացուցիչների բացակայության համար»։ Դատարանի դահլիճում ռուսների տեղերը դատարկ են։ Հեռարձակումը ցուցադրվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքում։ Չնայած պատասխանողի բացակայությանը՝ դատարանը որոշեց շարունակել քննությունը եւ խոսքը փոխանցեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ Անտոն Կորնիեւիչին։ Նա դատարանին կոչ արեց ՌԴ-ի վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառել։ Նրա վստահեցմամբ՝ Կիեւի՝ ցեղասպանություն գործելու մասին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները «ամբողջությամբ անհիմն են». «Ուկրաինան ամենակտրուկ ձեւով հերքում է այդ մեղադրանքներն ու կապացուցի դրանց անհիմն լինելը։ Եթե ՌԴ-ն չվերադառնա միջազգային օրենքների կատարմանը, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի»,- ասաց նա։ Լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։
14:46 - 07 մարտի, 2022
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական նիստը տեղի կունենա Երևանում

2022 թվականի հունիսի 1-3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը՝ տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից: Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության լիազոր մարմինների ներկայացուցիչներից անմիջապես տեղեկանալ իրենց երկրներում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակի, նախաձեռնվող քայլերի վերաբերյալ։ Նիստի Հայաստանում կազմակերպումը էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանը և նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչն էլ կնպաստի Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը, ճանաչելիության բարձրացմանն ու ՄԱԿ ԶՀԿ այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը։
11:24 - 07 մարտի, 2022
Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների`  երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով: Այս մասին ասվում է Գերագույն ռադայի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։  «Ուկրաինայի Գերագույն Ռադան, ողջունելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ավելի քան երկու երրորդի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձեւի հաստատումը` դիմում է ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Եվրոպական խորհրդարանին, միջազգային կազմակերպություններին և նրանց խորհրդարանական վեհաժողովներին, օտարերկրյա պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ 1950 թվականի նոյեմբերի 3-ի «Միավորում հանուն խաղաղության» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 377 բանաձեւի հիման վրա խաղաղապահ ուժերի մուտքն Ուկրաինայի տարածք։ Գերագույն Ռադան դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդության կոչով»։
20:18 - 03 մարտի, 2022
ՄԱԿ-ում դրականորեն են գնահատել հարեւան երկրների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների նկատմամբ |armenpress.am|

ՄԱԿ-ում դրականորեն են գնահատել հարեւան երկրների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին դրականորեն Է գնահատել Ուկրաինայի հետ հարեւան երկրների վերաբերմունքը փախստականների ընդունման նկատմամբ: Մարտի 3-ին Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա կառավարությունների արձագանքը որակել Է «հիանալի», իսկ համաշխարհային հանրակցության կողմից դրսեւորված համերաշխությունը՝ «սրտաբուխ»: Գրանդին ընդգծել Է, որ «ընդամենը յոթ օրում մեկ միլիոն մարդ Է լքել Ուկրաինան»: «Ես 40 տարի աշխատում եմ փախստականների հետ կապված արտակարգ իրավիճակներում, բայց շատ հազվադեպ եմ տեսել այդքան արագ արդյունք, ինչպես սա Է»,- ընդգծել Է գերագույն կոմիսարը: Նրա խոսքով՝ «եթե վերջ չդրվի հակամարտությանն, ապա, ամենայն հավանականությամբ, եւս միլիոնավոր մարդիկ հարկադրված կլինեն լքելու Ուկրաինան»: «Չնայած արտակարգ արագությանը եւ մարտահրավերներին, արձագանքն այդ մեկ միլիոն փախստականներին ընդունող կառավարությունների եւ տեղի համայնքների կողմից հիանալի Էր»,- ասել Է Գրանդին: «Միջազգային համերաշխությունը սրտաբուխ Էր: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել այն բանի անհրաժեշտությանը, որպեզի զենքը լռի, իսկ երկխոսությունը եւ դիվանագիտությունը հասնեն հաջողության»,- ամփոփել Է գերագույն կոմիսարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:33 - 03 մարտի, 2022
Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ անդամակցություն 30-ամյակին և Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հասարակաքաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ում ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիյան, որը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի ուղերձը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ դիվանագետներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև հայտարարվել է բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման մասին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ «Մեծարգո' Հանրապետության նախագահի պարտականություններ կատարող, Մեծարգո' պարոն վարչապետ, Գործադիր, օրենսդիր, դատական մարմինների հարգելի' գործընկերներ, Սիրելի' դիվանագետներ, Տիկնա'յք և պարոնայ'ք, Ուղիղ 30 տարի առաջ Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում, ծածանվեց Հայաստանի նորանկախ Հանրապետության եռագույնը: Մի քանի րոպե տևած այս միջոցառումը տրամաբանական հանգրվանն էր 1988 թվականին մեկնարկած համազգային շարժման, որը կրում էր մեր ժողովրդի ազգային երազանքը՝ ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում։ Այն տրամաբանական հանգրվանն էր տասնամյակներ և հարյուրամյակներ առաջ մեկնարկած համազգային իղձերի և փնտրտուքների՝ վերականգնել Հայոց անկախ պետականությունը։ Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետության անդամակցության այդ օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում: Եվ այսօր, կարծում եմ, արժե վերհիշել այն ճանապարհը, որն անցել է հայկական դիվանագիտությունը և արտաքին գործերի նախարարությունը վերջին երեսուն տարիների ընթացքում։ Արտաքին գործերի նախարարությունը հիմնադրվեց մեր ժողովրդի համար բարդագույն օրերին, երբ ընթանում էր արցախյան առաջին պատերազմը։ Ըստ էության, ԱԳՆ-ում մեկ հովանու տակ հավաքվեցին անկախական շարժման ներկայացուցիչներ, նախկին Խորհրդային Միությունում արդեն իսկ ծառայած դիվանագետներ և Սփյուռքից ժամանած պրոֆեսիոնալներ, ում ուսերին էր դրված մեր գերատեսչության հիմնադրման և միևնույն ժամանակ` արտաքին աշխարհում արդեն Հայաստանի Հանրապետության պետական շահի առաջմղման առաքելությունը։ Անցած 30 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը, ինչպես և մեր պետությունն, անցավ բազմաթիվ վայրիվերումների միջով և ՀՀ պետական շահը սպասարկելու առանցքային առաքելության մեջ կարողացավ գրանցել թե' կարևոր հաջողություններ, թե' թերացումներ և անհաջողություններ։ Հաջողություններով, անշուշտ, պետք է հպարտանալ։ Ձախողումների մասին պետք է առանց վարանելու ուղիղ խոսել և վերլուծել, կատարել անհրաժեշտ էական շտկումները։  Իմ մասնավոր գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը՝ հակառակորդի ագրեսիվ հակահայ քաղաքականությանը և բազմաթիվ արտաքին մյուս կարևոր գործոններին զուգահեռ, ներհայաստանյան կամ, եթե կուզեք, նույնիսկ ներհայկական իմաստով հետևանք էր նաև ողջ հայ քաղաքական մտքի, այդ թվում և՝ դիվանագիտական մտքի, երկարամյա, ոչ սթափ վերլուծությունների և գնահատականների: Սա անհրաժեշտ է արձանագրել, որովհետև դրա հետ կապված խնդիրները և մարտահրավերները այս պահին էլ չափազանց առարկայական են, ուստիև կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը այսրոպեական հրամայական է։ 44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու` նրան իսկապես ծառայելու համար։ Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը։ Հարգելի' ներկաներ, Այս տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությունը կայացել է որպես ուրույն ավանդույթներ ունեցող կառույց, որոնք, անկասկած, պիտի միասին փորձենք պահպանել։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ շարունակենք արտաքին գործերի նախարարության հետագա շարունակական կատարելագործումը և զարգացումը՝ 21-րդ դարի մեծ արագություններին և պահանջվող որակներին համարժեք։ Պիտի կարողանանք ավագ սերնդի հսկայական փորձը համադրել երիտասարդ տաղանդի և ժամանակակից կրթության հետ, իրականացնենք արդարացի և կայուն սերնդափոխություն։ Այս համատեքստում կարևորում եմ այն աշխատանքը, որն իրականացվում է դիվանագիտական դպրոցի կողմից և անկասկած պիտի շարունակվի։ Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շնորհավորել և երախտիքի խոսքեր հնչեցնել ԱԳՆ ստեղծման ակունքներում կանգնած գործընկերներին, Բուենոս Այրեսից մինչև Պեկին մեր 45 դեսպանություններում ծառայած և այս պահին ծառայող մեր գործընկերներին, Սանկտ Պետերբուրգից մինչև Էրբիլ և Հալեպ մեր գլխավոր հյուպատոսություններում մեր քաղաքացիներին և հայրենակիցներին աջակցող մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններում մեր մշտական ներկայացուցչություններում յուրաքանչյուր տառի ու ստորակետի համար կռիվ տվող մեր գործընկերներին։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել այն գործընկերներին, ովքեր այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում աշխատում են արտակարգ ռեժիմով՝ աջակցելու ռազմական գործողությունների գոտուց մեր քաղաքացիների անվտանգ վերադարձին հայրենիք։ Չեմ կարող մոռանալ, անշուշտ, ԱԳՆ-ում դիվանագիտական ծառայությանն աջակից գործառույթներ իրականացնող գործընկերներին։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել գործադիրի և օրենսդիրի գործընկերներին, Եկեղեցուն, Սփյուռքում համայնքային կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մեր նախարարությունն ակտիվորեն աշխատել է անցած 30 տարիների ընթացքում:  Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատու առաքելությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, առաջ մղելու մեր պետական շահը»:
10:52 - 03 մարտի, 2022