Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին: «Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը: Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ  բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները: «Կապվեք  մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:  
15:29 - 29 օգոստոսի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:   Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն:
19:24 - 26 օգոստոսի, 2022
Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ

Ֆիզգորոդոկում մեկ տարի անց շինարարությունը վերսկսվել է․ բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ

  Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների դիմադրությանը․ բերման է ենթարկվել երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից։   «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։    Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։   Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել։  Այս պահին բերման է ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանց։   Երևանի քաղաքապետարան, պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։   
14:39 - 25 օգոստոսի, 2022
Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Այսպես. Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։ Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին: Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653.400.000  ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
16:11 - 22 օգոստոսի, 2022
Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ
 |news.am|

Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ |news.am|

news.am: Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետի կարծիքով՝ որոշ գրքեր այնքան են հնացել, որ լիքն են տարբեր վնասակար վիրուսներով ու սնկերով։ Սարգսյանի խոսքով՝ դրանցից պետք է շուտափույթ կերպով ազատվել։ «Կան գրքեր, որոնք մեզ այլեւս պետք չեն, եւ դրանք պետք է դուրս գրվեն: Ընդ որում, պետք է բացառել այդ գրքերն այս կամ այն մարզերում տարածելու տրամաբանությունն ու հնարավորությունը։ Մենք չպետք է դրանց բաժանենք: Մարզերը պետք է նոր գրքերով ապահովվեն։ Այդ նույն գրքերը, որոնք մեզ պետք չեն եւ որոնք մենք փաստացի դուրս ենք գրում, պիտանի չեն։ Անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»,- պարզաբանեց Սարգսյանը։  
12:58 - 22 օգոստոսի, 2022
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին, մասնավորապես. 1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասը գտնվում է փողոցների խաչմերուկում, կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունի շուրջ 31.1մ փողոցին հարող երկարություն և 20.37մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: 2. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասի երկու հողակտորներն էլ գտնվում են կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունեն համապատասխանաբար շուրջ 35մ երկարություն, 11մ լայնություն և շուրջ 43մ երկարություն, 7.5մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Օտարված հողամասում և հարակից հողամասերում արդեն իսկ իրականացված են կառուցապատման աշխատանքներ (առկա էին թաունհաուսներ): Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
11:15 - 19 օգոստոսի, 2022
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։ «Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ: Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:24 - 15 օգոստոսի, 2022
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով՝ փուլային տարբերակով, փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի: Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները: Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին): Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:11 - 11 օգոստոսի, 2022