Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին։«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են էլ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասաց պատգամավորը։  Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ «Մի բան է, երբ իշխանությունը բռնազավթված է, հասարակությունը՝ համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է և ընդվզում է, մի բան է, որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են ու տապալել ու զավթել իշխանություն։ Այդ ժամանակ անհնազանդություն չի սա, և այդ ժամանակ օրենք է պետք։ Ինչքա՞ն կարելի է փողոցը փակած պահել, ովքե՞ր կարող են փողոցը փակել, իսկ ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, որոնք այդ ընթացքում տուժում են»։ Նա ասաց, որ քողարկված հեղափոխություն է ասպարեզ եկել․ «Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել, պատահական չէ, որ այդ բառը կրող կուսակցություն է այս ամենը ղեկավարում, հեղափոխականությունը իր հետ բերում է տգիտություն, ցինիզմ, լկտիություն, ոչ մի լավ բան չի բերում էդ քողարկված հեղափոխականությունը։ Իրական հեղափոխությունը այլ բան է, որ ցանկալի չէ, բայց տեղի է ունենում»։ Խաչատրյանի խոսքերին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Մենք ենք «մեղավոր», որ էդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն,  էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն, ժամանակին թե ընկերությունները, թե էն հայտնի շոու բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի հատ ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրանց էդ սև քողերի տակից հանեին, մենք ենք «մեղավոր»։  Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվի և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,-նշեց նա։
11:33 - 04 մայիսի, 2022
ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրություն հայտնել հայկական ավիաընկերությունների շուկայում ներգրավված լինելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ուզբեկական ավիաընկերությունները ունեն ցանկություն դեպի Հայաստանի Հանրապետություն ուղիղ չվերթեր իրականացնել, սակայն ներկայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չունեն բավարար ռեսուրսներ։ Ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ գործող և ստեղծվող ավիաընկերությունների մասին, պատրաստակամություն հայտնել խթանել ընկերությունների և ուզբեկական կողմի միջև կապի հաստատումը և գործընկերության ստեղծումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները։ Արմեն Սիմոնյանը, դրական գնահատելով հանդիպման արդյունքները, նշել է, որ կողմերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը և, հնարավոր է, միջկառավարական համաձայնությամբ ամրապնդեն դինամիկ զարգացող հարաբերությունները։
17:07 - 03 մայիսի, 2022
Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ  քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։ Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ  նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը  իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
13:52 - 03 մայիսի, 2022
Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում քննարկվեց «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝ ՀՀ կառավարության 2007 թ․-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ «Սակայն դեռևս օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը։ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»։  Նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ պատկան մարմինները կրոնական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, որի հետևանքով մարդը կարող է հավակնել ՀՀ քաղաքացի դառնալու։ Եթե չեմ սխալվում, մեր մոտ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, և մենք աշխարհիկ պետություն ենք։ Եթե այդպես է, այդ դեպքում պետք է նաև ընդունենք, որ այլ փաստաթղթեր էլ կան, որոնք տալիս են եկեղեցու կողմից և այդ փաստաթղթերը պետք է հանդիսանան քաղաքացիաիրավական հարաբերությունների համար ապացույց՝ հետագայում ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում գույքային պահանջների քննարկման ժամանակ»։  Արա Ֆիդանյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց՝ եկեղեցիների կողմից տրված փաստաթղթերը հիմք են անձանց ազգությամբ հայ ճանաչելու և ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար․  «Մնացյալը իրավահարաբերությունների հետ կապված, տվյալ նախագծի շրջանակներում որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց նա։  Արսենյանն էլ ասաց՝ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելությունը ամենակարևոր կոմպոնենտը չի։  Արսենյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․  «Հաճախ  տարբեր երկրներում բնակվող մեր  հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնել հենց այդ փաստաթուղթը և դա որևէ կապ չունի դավանաբանության հետ»։
10:58 - 03 մայիսի, 2022
Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների հարցին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը:
12:47 - 30 ապրիլի, 2022
Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը
 |azatutyun.am|

Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Սահմանադրական դատարանից փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։ Ընդդիմադիրները ութ ամիս առաջ Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։ Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։ Ավելի վաղ, Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում, հինավորել էր իրենց դիմումը հետևյալ կերպ․ - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։ Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Բարձր դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը․ - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով, չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։ Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Որպես զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը Խունդկարյանի դիրքորոշան տարբերությունն էր մյուս դատավորներից, այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը հնարավորություն է տալիս փոխել դատավորին։ Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։
15:02 - 29 ապրիլի, 2022
Տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Ալեն Սիմոնյան

Տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին: Խոսելով այցի նպատակից՝ 2021 թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար: Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից` քննարկելով նաև ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության և փոխազդեցության ձևերը: ԱԺ նախագահն անդրադարձել է 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին: Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարևոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին: Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա: Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից՝ այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները:  
16:44 - 27 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանը և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Ալեն Սիմոնյանը և Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է բարեկամական Սիրիայի հետ պատմական եղբայրությունը և բազմաբևեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը: Անդրադառնալով Սիրիայի խորհդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝ Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաև Հայաստանի հետ բարեկամական խմբում: Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում է խորհրդարանների միջև ձևավորված փոխվստահությունն ու համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել է միջխորհրդարանական համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաև Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը: Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի և սիրիացիների խաղաղասիրության և փոխվստահության արդյունքում:
12:56 - 26 ապրիլի, 2022
Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայնտում են ՀՀ Ազգային ժողովից։ Ուղերձում նշվում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:  Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է: Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է: Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը: Լույս եւ խաղաղություն մեր նահատակների հոգիներին»:
11:08 - 24 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից: Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները: 
14:23 - 21 ապրիլի, 2022
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած՝ Առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Դատարանը պարտավորեցրել է հերքել Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները՝ հրապարակելով հետևյալ տեքստը. «Ես՝ Նարեկ Նահապետի Մանթաշյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանից…»: Ներողությանը հաջորդում է արված վիրավորական արտահայտությունների բառացի հերքումը: Դատարանը պարտավորեցրել է նաև տեքստը հրապարակել alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի alternativ.am կայքի՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դատարանը վճռել է Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար, 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:  
19:43 - 12 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները: Այս մասին ընդդիմության բոյկոտից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և գործուղել այս մարդկանց այստեղ, ուզում եմ հասկանալ` լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ընդդիմությունը տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշներն ԱԺ-ում, մեկնել է Արցախ` բոյկոտելով քառօրյայի աշխատանքները: Սիմոնյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ: «Հայտարարություն, սադրանք սահմանին, հայտարարություն, սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով` Փաշինյան-Պուտին, հայտարարություն, միտինգ, ամբողջն իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը պետք է տաք, ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու: Ձեզ թվում է` ինչի էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- նշեց նա: Սիմոնյանը հարց ուղղեց, թե ինչու ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, ապա համոզմունք հայտնեց, որ այդպես էլ չեն դնի: Նա հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչու պետք է պետությունը գումար ծախսի վերջիններիս համար, սակայն նրանք այդպես էլ չաշխատեն: «Ինչի է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, ձեր հեռուստաընկերությունները բացի ձեր ընտրողների զանգվածից էլ մարդ չի նայում, գտեք ձեզ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
11:17 - 12 ապրիլի, 2022
«Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի. չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». ԱԺ նախագահը` Արցախ չայցելելու մասին
 |azatutyun.am|

«Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի. չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». ԱԺ նախագահը` Արցախ չայցելելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկությունները, այդ թվում, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է, 200 հազար դոլար արժե և այլն: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձավ նաև մի շարք այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նախագահի հետ ասուլիսից. «Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը»․ Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցներից թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում: «Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», - ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները: Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցին… Ինձ եթե մի բան է պատահում, օրենքի բերում իրենք պատասխանատվության են ենթարկվում», - պարզաբանեց Սիմոնյանը: «Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ»․ «Այդ գումարները ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է ԱԺ-ին ու դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները», - նշեց Ալեն Սիմոնյանը` արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է պատերազմում պարտված պետությունը թույլ տալիս մեծ գումար տրամադրել գնելու մեքենա: «Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», - հավելեց խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի եղել Պաշտպանության նախարարության որևէ դիմում, որը կառավարությունը չբավարարի: «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք»․ Օգտատերերից մեկը խնդրել էր այո կամ ոչ պատասխանել հարցին, թե Սիմոնյանը Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է: «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում, ու ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա», - նշեց ԱԺ նախագահը: «Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին»․ «Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին, մենք մշտապես ասել ենք, որ դա Արցախի բնակչության, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց է, մենք տարածքային պահանջներ չենք դրել», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին հարցին: ԱԺ նախագահը նաև ասաց, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ մանրամասներ հայտնի կդառնան այդ 5 առաջարկի ու Արցախում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե ինչու ինքը և գործող իշխանությունները չեն օգտագործում ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն անվանաձևերը, նա ասաց. «Որովհետև այս բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում ես»: Իսկ թե ինչու Արցախ չեն այցելում` օրինակ` տեղում խնդիրներին ծանոթանալու, և հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի կոշտ արձագանքից խուսափելու համար չեն անում դա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օրինակ` Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ, որևիցե բան չի կարող անել: Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա {ադրբեջանական կողմից}: Ենթադրենք` ես գնացի, անձամբ իմ մասին եմ խոսում, որովհետև մեր պաշտոնյաները այցելում են, ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է: Եթե ես գնամ, ինձ բան չի լինելու, ես գնալու եմ, հետ գամ, բայց եթե ես պիտի գնամ, դրա պատճառով ադրբեջանցիները, առիթ փնտրելով, կրակեն մեր գյուղացիների վրա, մեր քաղաքացիների վրա, ինչի՞ է պետք դա անել: Ուզում եմ հասկանալ` միգուցե սխա՞լ եմ մտածում: Որպեսզի նման հարց չհնչի, որ ասեն` տեսաք` գնացին, Ալենն ինչ ուժեղ տղա է: Ինչի՞ս է դա պետք, եթե դրա պատճառով ես կարող եմ հրահրել այս նուրբ ժամանակահատվածում որևիցե մի բան: Ես համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ, և ես առիթ չպետք է տամ հակառակ կողմին գեթ մեկ կրակոց անելու, իսկ մեր պաշտոնյաները գնում են»:  
17:29 - 11 ապրիլի, 2022