«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|

Անդրեասյանը տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկություն է ստացել, որ գրանցվել է քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի հարցին: «Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,-ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում: «Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022 թվականին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այս օրը թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, քանի որ այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, սակայն հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պատճառով նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,-ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին կներկայացնեն ՔԿՀ-ներում քաղաքացիներին պաշտպանելու իրենց ծրագիրը:
13:20 - 03 նոյեմբերի, 2021
Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել

Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել

Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։ Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։ Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա տարիներին աշխատելու եմ առավել ջանասիրությամբ ու եռանդով, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր վստահության քվեն տվել է հօգուտ մեր դաշինքի համոզվի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիվ են ու հեռուն գնացող։ Ես եղել և մշտապես մնալու եմ ժողովրդիս կողքին։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը։ Աստված բոլորիս պահապան»։
13:11 - 03 նոյեմբերի, 2021
Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, պարգևատրումների ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրանք այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե  Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական , դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: «Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,-հարցրեց նա:  «Վստահեցնում  եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել  պետբյուջեի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ չի կարող հաստատել կամ չհաստատել, որ ԱԺ-ում պարգևատրումները կազմում են ընդհանուր աշխատավարձերի մոտ 20-22 տոկոսը: «Բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքի նախագծում համապատասխան հատվածներում ներառված են աշխատավարձային հավելումներ կամ պարգևավճարներ, ապա այդ հաշվարկները կատարված են օրենքով սահմանված իրավական հիմքերի վրա»,-ասաց նա ու վստահություն հայտնեց, որ  դրանք կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում: Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագետները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամեն առավոտ մաքրում են մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում, իսկ պատգամավորները չեն ստանալու»: Նա շեշտեց՝ բյուջեի նախագծով նախատեսված չեն պարգևատրումներ պատգմավորների համար: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ այն, որ ՀՀ-ում ոչ պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն` հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանա ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է, որ նրանք պետք  է ստանան հավելավճաներ պարգևատրումներ, ևս միանշանակ է: «Այն պնդումը, որ պետական քաղաքական պաշտոնների մասով, օրինակ՝ պատգամավորների մասով նախատեսված չէ, կարևոր է»,-ասաց Վարդևանյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:26 - 03 նոյեմբերի, 2021
Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: «Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով: Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ 2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Միաժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյունքում կլուծվի պատժի մեղմության առումով անհամաչափության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը:
15:52 - 29 հոկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Օհանյանը մանրամասներ ներկայացրեց |armenpress.am|

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Օհանյանը մանրամասներ ներկայացրեց |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Խորհրդարանական ճեպազրույցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Դեսպանի հետ խմբակցության խորհրդի կազմով ենք հանդիպել: Մենք քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել ենք մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Քննարկել ենք նաև խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր: Եվ, իհարկե, քննարկել ենք այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ»,- մանրամասնեց Օհանյանը: Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում կարևորել են հայ-ռուսական համագործակցությունը: «Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին: Որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին ես այսօր այստեղ չէի ցանկանա խոսել: Կարծում եմ, որ հիմնական ուղղությունների մասին ես ասացի»,- ասաց Օհանյանը: Հարցին՝ խոսակցություն եղե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին, ինչի մասին լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, Օհանյանը պատասխանեց. «Մեր կողմից հարցապնդում եղել է: Դեսպանը ասաց, որ ինքը լիարժեք մինչև վերջ տեղեկություն չունի դրա մասին»:  
11:46 - 29 հոկտեմբերի, 2021
Չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով․ պետք է հաշվետու լինեն հանրության առջև․ «Հայաստան» դաշինքի արձագանքը Փաշինյանի հրավերին

Չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով․ պետք է հաշվետու լինեն հանրության առջև․ «Հայաստան» դաշինքի արձագանքը Փաշինյանի հրավերին

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ արեց տպավորություն ձեւավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:  «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով: Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից եւ միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»։
09:25 - 28 հոկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով. ՔՊ-ն դա համարում է միջամտություն դատական իշխանությանը |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով. ՔՊ-ն դա համարում է միջամտություն դատական իշխանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանական պատգամավորը դա համարում է միջամտություն դատական իշխանության ոլորտին Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն  2 օր է, ինչ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողովը:«Քննիչ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա, առաջինը վերաբերվում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Ավելի պարզ՝ խոսքը վերաբերում է համակարգչային ծրագրին, որը խափանվել է: Այս հանգամանքը կարգավորված է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածում»,-ասաց Վարդևանյանը: Նա նշեց՝ ըստ Դատական օրենսգրքի՝ եթե համակարգչային ծրագրի հետ ինչ-որ բան լինում է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կատարման համար պարտադիր ենթակա ցուցումներ է տալիս դատական դեպարտամենտին: «Հիմա դատական դեպարտամենտը դասական իմաստով պետական մարմին է: Պետական մարմնի նկատմամբ վերահսկողություն, իհարկե, կարող է իրականացնել ԱԺ-ն»,-նշեց Վարդևանյանը: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին, և առհասարակ այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: «Մեր հայրենակիցներին շատ-շատերը կյանքի բերումով ունեցել են վարույթ, ենթադրենք, դատավոր Արման Հովհաննիսյանի մոտ, Ալեքսանդր Ազարյանի մոտ: Բայց այնպես է ստացվել, որ հենց այդ դատավորների նկատմամբ են  կարգապահական վարույթներ հարուցվում: Դատավորներից օրինակ Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ, Մհեր Արղամանյանի նկատմամբ չի հարուցվում: Հիմա ուզում ենք այս հանձնաժողովի աշխատանքների ընթացքում հասկանանք, թե  այդ դատավորներն այդպես փայլո՞ւմ են, որ իրենց  կատարմամբ ոչ մի վարույթ չի հարուցվում, բայց այն դատավորներին նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից տարիներ շարունակ գնահատվում են որպես լավագույն դատավորներ, հարուցվում է: Ո՞րն է այդ բանաձևը, չափորոշիչը»,-ասաց Վարդևանյանը: Առաջարկվում է քննիչ հանձնաժողովն ունենա 10 անդամ: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: Վարդանյանը նշեց, որ չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով՝ այն պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար պետք է լինի երկու փոխկապակցված պայման: « Առաջինը՝ հարցը պետք է վերաբերվի ԱԺ լիազորություններին: Իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ: Երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն: Այն, որ հարցն ունի հանրային հետաքրքրություն, չեմ կարող ժխտել, բայց այն, որ սա ԱԺ-ի իրավասության ոլորտից դուրս է և ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին, ակնհայտ է»,-ասաց պատգամավորը:  
15:58 - 27 հոկտեմբերի, 2021
Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|

Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|

tert.am: Սեպտեմբերին Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը 8,9 տոկոս էր, պարզ չէ՝ մինչև տարեվերջ որքան կփոխվի, իսկ հաջորդ տարվա համար 5,5 տոկոս է կանխատեսվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը։ Դիմելով Արտակ Մանուկյանին՝ պատգամավորը նկատեց, որ գնաճի զսպման հարցում քաղաքացին կառավարության կիրառած գործիքակազմը չի տեսնում։ «Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք առնելու, բանջարեղեն առնելու, իր կյանքում կառավարության գործողությունները չի տեսնում»,–ասաց նա և նշեց, թե ինչ  քայլեր կարելի է անել գնաճի հետևանքները մեղմելու համար, քանի որ, իր գնահատմամբ, ոչինչ չի արվում։ Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե վերլուծենք բանջարեղենի 64,7 տոկոս գնաճը, կտեսնենք, որ այն մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ։ «Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է»,–ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում կարող են քննարկել, թե  ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող է լինել այս կարճաժամկետ շոկերը մեղմելու առումով։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 27 հոկտեմբերի, 2021
Օհանյանը ներկայացրեց շփման գծում իրավիճակի հարցով փակ քննարկումից արված եզրակացությունները և որոշ մանրամասներ |armenpress.am|

Օհանյանը ներկայացրեց շփման գծում իրավիճակի հարցով փակ քննարկումից արված եզրակացությունները և որոշ մանրամասներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումից հետո ներկայացրած արված եզրակացություններ՝ մանրամասներ հայտնելով նաև Փայլասարի առնչությամբ: Օհանյանը շեշտեց, որ քննարկումից մի քանի եզրակացություններ կարող է անել: Առաջին եզրակացությունը այն է, որ իրենք ՝ընդդիմադիրները, հրավիրել էին քաղաքական գործիչների,  այսինքն, գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին, սակայն ներկայացրել էին զինվորականներ: «Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ անվտանգության միջավայրի ամբողջական գնահատումը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև շփման գծի իրավիճակը և ՀՀ-ից կողմից ձեռնարկվող միջոցառումները»,-  փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը: Նա հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված էին: «Այս քննարկումից երկրորդ եզրակացությունը կայանում է  նրանում, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,-ասաց խմբակցության ղեկավարը: Ըստ ընդդիմադիր գործչի՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը՝ ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու՝ թեկուզ չհաստատված, թեկուզ իրավական հենք չունեցող այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արագ կերպով պետք է մոբիլիզացիա արվեր, որոշումներ ընդունվեին, ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը մի քանի օր է»,-նշեց նա: Քննարկումից արված երրորդ եզրակացությունը հետևյալն է՝ պետք է բարձրացնել ՊՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը, փոխգործունակությունը՝ մեկը մյուսին փոխարինելու անհրաժեշտության դեպքում:  Ընդդիմությունը մտահոգություններ ունի, թե իշխանությունը ստվերային պայմանավորվածություններ է ունենալու: Օհանյանի խոսքով՝ իրենց դաշինքի խնդիրն է եղել հասկանալ իրադրությունը և կանխել, դիմադրության շարժում ստեղծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության նման հայտարարություն այսօր չլինի: Փակ քննարկմանն անդրադարձ եղել է նաև  ճանապարհների խնդրին, Փայլասարին: Վերջինիս առնչությամբ Օհանյանն ասաց. «Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ՝ երկու երկրների հենակետերի միջև, ՌԴ հենակետը դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»:  
17:19 - 26 հոկտեմբերի, 2021
Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ասաց, որ Սփյուռքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է տարվում․ «Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ըննդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները, դա շատ օգտակար աշխատանք է, ես ողջունում եմ, հենց դա ընդդիմության առաքելություններից մեկն է։ Պակաս սրիկայություն չի, որ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, կներեք այդ բառի համար դեբոշներ։ Սա էլ է սրիկայություն»։ Վիգեն Խաչատրյանի այս ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է։ Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնցոր քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել» Մանուկյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով էթիկայի կանոննների մասին։ «Դուք ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անուն տվեք։ Մանուկյանն էլ ասաց, որ կարող է բառացի մեջբերել Վիգեն Խաչատրյանի խոսքը։  «Այսինքն՝ դուք Վիգեն Խաչատրյանին դավաճան ե՞ք համարում»,- ասաց Ռուբիյանը և Գեղամ Մանուկյանի խոսափողը անջատելու ցուցում տվեց։ Ռուբինյանը հորդորեց Մանուկյանին զբաղեցնել իր տեղը։ Մանուկյանը չէր հեռանում ամբիոնի մոտից, ուստի Ռուբինյանի հորդորով նրան ամբիոնի մոտից հեռացրին անվտանգության աշխատակիցները․ նիստն ընդմիջվեց։
13:41 - 26 հոկտեմբերի, 2021
«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը |armenpress.am|

«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Իսկապես այս օրենքի նախագիծը մի խորհուրդ, որ կարող է ունենալ, հետևյալն է, որ իսկապես պետք է շատ աշխատել: Ակնհայտ է, որ պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, և հիմա պետք է նման ազդակ տալ: Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Առաջարկներից մեկը, որ քննարկում էինք հանձնաժողովի նիստում, հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի նախարարների, վարչապետի, փոխվարչապետերի, պատգամավորների, փոխնախարարների համար»,- ասաց Վարդևանյանը: Ըստ նրա՝ սակայն ողջ հասարակության համար նման հրատապության նպատակը տեղին չէ: «Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային»,- ասաց պատգամավորը: Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը:
11:51 - 26 հոկտեմբերի, 2021
Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրռում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ նպատակ: Սիրելի' հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։ Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը: Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել: Ես շնորհակալ և երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են և շարունակում են պայքարել, որովհետև հասկանում են, որ վճռվում է հայրենիքի ճակատագիրը։ Առաջիկա օրերին կխոսենք ավելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։ Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:Հայրենիքն է կարեւոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»,- գրել է նա:
10:36 - 25 հոկտեմբերի, 2021
Ըստ Օհանյանի՝ պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական |armenpress.am|

Ըստ Օհանյանի՝ պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցնում է անորոշությունների: Օհանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: «Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել, որ հարձակում գործվեց Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար»,- ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա նշեց՝ իրենք հավաքվել են այդ գնահատականը տալու և դրա արդյունքում որոշում ընդունելու համար: «Մեզ համար ակնհայտ են պատերազմի և´ պատճառները, և´ հետևանքները, բայց պատերազմի հետ նաև ցավալի է այն երևույթը, որ շարունակական է դարձել ՀՀ-ի, Արցախի համար պարտությունների և անհաջողությունների շարանը»,- ասաց նա և նշեց՝ ադրբեջանական ուժեր են գտնվում ՀՀ տարածքում: Օհանյանը շեշտեց՝ իրենց կազմակերպած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը: Նա ակնհայտ համարեց, որ Արցախն ու ՀՀ-ն միասին ավելի ամուր են: «Այսօր հայտնվել ենք այլ, ավելի վտանգավոր իրավիճակում: Մարտահրավերներն ու սպառնալիքներն այնքան հզոր են, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը»,- նշեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Ունենք շատ հստակ զգացում՝ սպառնացող վտանգների, որ այսօր կանգնած են ՀՀ-ի և հայության առջև: Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, Հայաստանը մտել է մի գործընթացի, մի հորձանուտի մեջ, որտեղից թե ինչպես դուրս կգա, դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան»: Նա Արցախի, Հայաստանի առջև կանգնած լրջագույն սպառնալիքների արձանագրումը հրատապ համարեց՝ հասկանալու, թե ինչ ուղիներ կան դրան հաղթահարելու համար: Քննարկման արդյունքում դաշինքը նախատեսում է ձևավորել աշխատանքային խումբ, որը հետագայում նախագիծ կմշակի:
16:40 - 22 հոկտեմբերի, 2021