armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, պարգևատրումների ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրանք այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական , դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: «Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,-հարցրեց նա:
«Վստահեցնում եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել պետբյուջեի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ չի կարող հաստատել կամ չհաստատել, որ ԱԺ-ում պարգևատրումները կազմում են ընդհանուր աշխատավարձերի մոտ 20-22 տոկոսը: «Բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքի նախագծում համապատասխան հատվածներում ներառված են աշխատավարձային հավելումներ կամ պարգևավճարներ, ապա այդ հաշվարկները կատարված են օրենքով սահմանված իրավական հիմքերի վրա»,-ասաց նա ու վստահություն հայտնեց, որ դրանք կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում:
Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագետները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամեն առավոտ մաքրում են մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում, իսկ պատգամավորները չեն ստանալու»:
Նա շեշտեց՝ բյուջեի նախագծով նախատեսված չեն պարգևատրումներ պատգմավորների համար:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ այն, որ ՀՀ-ում ոչ պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն` հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանա ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է, որ նրանք պետք է ստանան հավելավճաներ պարգևատրումներ, ևս միանշանակ է: «Այն պնդումը, որ պետական քաղաքական պաշտոնների մասով, օրինակ՝ պատգամավորների մասով նախատեսված չէ, կարևոր է»,-ասաց Վարդևանյանը:
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
comment.count (0)