Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար: ՀՀ-ում Բելառուսի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ: ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:
17:18 - 15 ապրիլի, 2019
Վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: - Այսօր Արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, Դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք: - Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին՝ կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում քննարկած հարցերի շրջանակի և օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն է և փորձել դիրքրոշումները մոտեցնելը: - Հանդիպմանը նաև մասնակցում է Ռուսաստանի արտգործնարարը, ինչո՞վ է դա պայմանավորված:  - Տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և կարծում եմ՝ այդպիսի պրակտիկա եղել է ու կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆիանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, այնպես որ ոչ մի արտառոց ու տարօրինակ բան չեմ տեսնում: - Ստրասբուրգում Ձեր ելույթում շեշտադրեցիք արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դրույթները, Բաքուն կրկին արձագանքեց և կրկին հին երգը՝ այսպես ասած «օկուպացված տարածքներ և հայկական զինուժի դուրս բերում»: Նման պայմաններում ինչպե՞ս է հայկական կողմը պատկերացնում բանակցությունների շարունակությունը: – Հենց Երկրապահ կամավորականների միության համագումարում ունեցած ելույթում ասացի, որ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարություններն երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն և դա ամենամեծ խնդիրն է: Վիեննայում էլ, դրանից առաջ էլ և հիմա էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, ըստ էության, շատ բան չասենք բանակցությունների մասին, շատ չծավալվենք, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան, որ լուրջ մարդկանց հետ գործ ունեն, որովհետև պատկերացնո՞ւմ եք ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում երկու ժամ խոսում են և հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում ի վերջո հասկանալ՝ լավ ի՞նչ են քննարկել և ոնց են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար, որովհետև հնուց եկած իներցիա կա, ես այդ իներցիայի մեջ չեմ և, հետևաբար, այդ իներցիայից դուրս գալու խնդիր չունեմ: Բայց հնուց եկած իներցիա կա, որ ամեն հայտարարությունից հետո մեկը փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել, այն մեկն էլ փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել: Դա սխալ տրամաբանություն է: - Շատ վերլուծաբաններ ասում են, որ այն դեպքում, երբ հայկական կողմն անվերջ խաղաղություն է քարոզում: - Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: Դրանք շատ տարբեր բաներ են: - Այդ դեպքում, հակասությունների պարագայում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա հայկական կողմը, երբ այն կողմից անընդհատ ագրեսիվ հռետորաբանություն է:  – Մենք բանակցությունները շարունակում ենք և կրկին իմ ասած նախորդ հարցի տրամաբանությունն է: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: Մենք փորձում ենք, եթե պետք է լինում, նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր Վիեննայի խոսակցության, Դավոսի խոսակցության, Սանկտ Պետերբուրգի խոսակցության, Դուշանբեի խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա, աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք՝ բոլորս, անկեղծ ենք այս մեր մղումներում, որովհետև եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք, շատ կարևոր է՝ մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չի վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծել այս հարցը, թե՝ ոչ: Բայց կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի:
15:46 - 15 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանը չի հավակնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը չի հավակնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնին |armenpress.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ չի առաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում:  «Ասում են` երբեք մի ասա երբեք, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է, և կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են արժանիորեն ունենալ այդ կարգավիճակը»,- ասաց Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի լիազորությունների ժամկետը սպառվում է: 2019թ. մայիսին կայանալիք համագումարի ընթացքում կուսակցությունը վարչության նոր նախագահ կընտրի:
15:06 - 15 ապրիլի, 2019
«Արարատցեմենտի» հետ կապված խնդիրները գործատուի ու աշխատողների խնդիրն է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

«Արարատցեմենտի» հետ կապված խնդիրները գործատուի ու աշխատողների խնդիրն է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված խնդիրներին: «Օրենսդրական նախաձեռնություն ենք իրականացրել, որ մեր տեղական արտադրողին պաշտպանենք, բայց մյուս կողմից էլ կարծում ենք, որ այդ թեման դարձավ մեծ քննարկման առարկա: Մեզ մեղադրում են էս մեկը էն մեկին էսքան տվեց, էն մեկն էն մյուսից, սա վերցրեց և այլն»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ խորհուրդ էր տվել, որ այս դիսկուրսից դուրս գալ: «Այն տրամադրությունը, որ կառավարությունը պետք է մեկից մի բան վերցնի մյուսին տա, ասեմ՝ կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, զարտուղի աջակիցների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը, մենք մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու»,- շեշտեց նա: Փաշինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է «Արարատցեմենտին», ապա դա գործատուի ու աշխատողների խնդիրն է:
13:16 - 15 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական հեռուստաընկերությունների մասին |lragir.am|

Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական հեռուստաընկերությունների մասին |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ռուսական պետական հեռուստաընկերություններով իրեն մեղադրում են քաղաքական հետապնդումների համար, մասնավորապես, հիշատակում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը: Հարցին, թե ինքն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, բայց փաստորեն ռուսական հեռուստաալիքներով նման քարզչություն է իրականացվում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուսատաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ:  Ես կարող եմ ասել, որ ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, ինչքան հայաստանյան լրատվամիջոցները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, նաև հեռարձակողները պետք է շատ հստակ գիտակցեն, որ եթե մենք այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունները Հայաստանում սահմանափակ հեռարձակվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ ռուսական հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի կառնեն և համապատասխան հետևություններ անեն: Բայց որևէ մեկը մյուսի կարծիք արտահայտելու իրավունքը չի սահմանափակում: Հայաստանում էլ կան այդպիսի տեսակետներ, ես կարծում եմ՝ գործը դատական փուլ կմտնի, և միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու»:
12:58 - 15 ապրիլի, 2019
Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին |news.am|

Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլ ի15-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու մեջ: Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե իր որ խոստման մասին է խոսքը, եւ երբ նրան լրագրողները հիշեցրին, որ օրինակ Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որեւէ բացահայտում չկա, նա արձագանքեց. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» եւ էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:Դիտարկմանը, որ Սաշիկ Սարգսյանի որդին հայտարարել է, որ հայրը հանգստանալու է գնացել արտերկիր, ոչ թե բուժվելու, վարչապետն արձագանքեց. «Քրեկաան գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված եւ քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել եւ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով եւ պետք է որեւէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն: Մեր խնդիրը չէ մարդկանց քառատել եւ այլն:  Ես ուրիշ հանգմանքի մասին եմ նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի եռակի, քառակի ծանրաբեռնվածությամբ: Նաեւ ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վերաբերյալ: Ես այսօր էլ այդ թեմայով զրույց եմ ունեցել»: Ինչ վերաբերում է «սուտՆիկոլ» ակցիային, վարչապետն ասաց. «Որքան հասկացա, այդ ակցիայի կողմնակիցները նաեւ Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել:
12:22 - 15 ապրիլի, 2019
Եթե այսպես գնա, կարող է պարզվել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքներն ենք խախտել. Փաշինյան |news.am|

Եթե այսպես գնա, կարող է պարզվել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքներն ենք խախտել. Փաշինյան |news.am|

news.am: Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։  «Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո պաշտոնանկության ենթակա չէր»,–ասաց Փաշինյանը։ Նա պնդեց՝ եթե վարչապետին մաքսայինի աշխատակիցը համապատասխան արձագանք չի ցուցաբերում, քաղաքացուն ընդհանրապես ոչ մի ձեւով չի արձագանքի. «Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է՝ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում, սակայն խոսքն ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալն ինչ–որ բան կառաջացնի՞։ Բա մաքսային մարմիններից որ բողոքում են, ինչի՞ մասին  է, օրինակ, որ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը որեւէ ռեակցիա չի առաջացնում»։ Նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ»։
12:04 - 15 ապրիլի, 2019
Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները և առաջիկա անելիքները: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ և օրինապահ քաղաքացուն խթանելն է, և գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին և արդյունավետ: Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարևորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը և այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
13:59 - 13 ապրիլի, 2019
Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանը դառնա յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը. Նիկոլ Փաշինյան

Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանը դառնա յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն է մեր հայրենակիցների հետ հանդիպելը, և դա, կարծում եմ, շատ կարևոր է մեզ համար, այսօրվա Հայաստանի համար, որովհետև այն նոր իրավիճակը, որ ունենք Հայաստանում և Հայաստանի շուրջ, նոր և բացառիկ հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք մեր ազգային ներուժն իսկապես համախմբենք, կարողանանք ազգային միասնության նոր իրավիճակ արձանագրել և մեր ուժերը համախմբել մեր համազգային երազանքներն իրականացնելու գործում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա հավաքի հրավերին արձագանքելու համար, շնորհակալություն հայտնել, որ դուք, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, այնուամենայնիվ, այս ընթացքում մտքով ոչ մի վայրկյան չեք հեռացել Հայաստանից: Դա ամենակարևորն է, որովհետև եթե դուք մտքով Հայաստանում եք, նշանակում է` ֆիզիկապես Հայաստանում լինելն ընդամենը ժամանակի և տեխնիկայի խնդիր է: Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանն իսկապես դառնա հայերի համախմբման կենտրոն և յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը: Մենք սա պատկերացնում ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետությունը իսկապես հնարավորությունների երկիր դարձնել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ընդունակությունները, իր տաղանդը, իր հմտություններն իրացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատելու, վաստակելու  և իր աշխատանքից հաճույք ստանալու հնարավորություն ունենա: Եվ այս պրոցեսը, թույլ տվեք ասել, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է, որովհետև՝ ի՞նչն է կարևոր քաղաքացու համար: Իմ կարծիքով` քաղաքացու համար ամենակարևորն ինքնազգացողությունն է, իր կարգավիճակի մասին պատկերացումը սեփական երկրում: Իսկ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձրագույն իշխանություն է և տեր Հայաստանի Հանրապետության, կարծում եմ, ոչ ոք դրանում չի կասկածում` ոչ միայն հայերը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև ընդհանրապես ողջ միջազգային հանրությունը: Ես գիտեմ, տեսնում եմ, որ ներկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ուզում եմ ձեզ դիմել այն նախադասությամբ, որ ավանդաբար միշտ այս հանդիպումներին օգտագործում եմ` Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Հարցին, թե արդյոք կառավարությունն ունի ծրագիր` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներգաղթը խթանելու համար, վարչապետը նշել է. «Ի սկզբանե այդ հարցը եղել է և շարունակում է մնալ մեր օրակարգում: Տարբեր գաղափարներ կային և կան: Օրինակ, այսպիսի հարց էր հնչում` ի՞նչ հնարավորություններ ենք ստեղծել և ստեղծում պոտենցիալ ներգաղթյալների համար: Կար, օրինակ, գաղափար` տալ արտոնյալ վարկեր, հնարավորություններ և այլն, բայց այդ քննարկումների ընթացքում շատ պարզ հարց ծագեց, որ արդյունքում կարող է առաջանալ հետևյալ հարցը. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են և նույնպիսի հնարավորությունների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել և ասել հետևյալը՝ մենք մնացել ենք այստեղ, և որպեսզի այդ ծրագրերից օգտվենք, ի՞նչ եք առաջարկում՝ գնանք, 5 տարի դրսում ապրենք, հետո գանք, նոր օգտվենք: Այստեղից խնդիր առաջացավ, որ մենք ուղղակի պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք բոլորի համար, որովհետև պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է աշխատի: Մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության հասանելիությունը պետք է լինի հավասար, և երկիրն ընդհանրապես ապրելու համար պետք է լինի գրավիչ, հնարավորությունների համար պետք է լինի գրավիչ»: Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ իր պատկերացումները և նշել, որ ներկայում քննարկվում են ներգաղթը խթանող ծրագիր իրականացնելու հնարավորությունները. «Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ գաղափարական առումով սոցիալական հարցերի և ընդհանրապես որևէ հարցի լուծում հնարավոր չէ առանց աշխատանքի:  Առօրյայում, մեր տանը ընդհանրապես կա՞ այդպիսի նպատակ, որին կարելի է հասնել առանց աշխատանքի: Գոյություն չունի այդպիսի նպատակ, և հետևաբար, մեր մտածածը մեր քաղաքացիների` երբ ասում եմ քաղաքացիներ, նկատի ունեմ բոլոր հայերին, որովհետև հատկապես հիմա, ես համարում եմ, որ բոլոր հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Իմիջիայլոց, սրա մեջ իրավական էլ հիմնավորում կա. եթե մեր Սահմանադրության նախաբանը բացենք, որտեղ բոլոր փոփոխությունների արդյունքում ոչ մի բան չի փոխվել, որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմին, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր, հանդես է գալիս հայ ժողովուրդը` ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե ընտրություններին մասնակցածները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, երբ ասում եմ քաղաքացի, նկատի ունեմ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին: Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով: Հիմա մենք` կառավարությունը և Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա»: Վարչապետին հարց է ուղղվել` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պատկերացումները համեմատության մեջ դիտարկելու վերաբերյալ, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է. «Անկեղծ ասած՝ իմ պատկերացումները երկրի վիճակի, մի շարք ոլորտներում հաստատված իրավիճակի մասին շատ ավելի լավն էին, քան ես հիմա տեսնում եմ, որ կա իրականում: Բայց ընդհանուր առմամբ շատ է քննարկվում՝ ինչպիսի՞ն պետք է լինեն պրոցեսները, արդյոք Հայաստանում ամեն ինչ ընթանո՞ւմ է այնպես, ինչպես պետք է ընթանա, ինչպես ես պատկերացնում էի: Այո, թույլ տվեք ասել, որ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:Մեկ տարի է, որ անընդհատ ասում են` վայ, տնտեսական իրավիճակը, ռազմավարությունը, գաղափարախոսությունը: Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է` մենք ասում ենք, որ նույն բանաձևը, ինչ որ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույն բանաձևը դնում ենք նաև տնտեսական հեղափոխության հիմքում: Ո՞րն է դա` քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա, որ ինքը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը:  Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում 11 ծրագիր ենք արել, որոնց մեծ մասն աննախադեպ էր: Այսօր մենք ի՞նչ ենք ասում մարդկանց, ասում ենք` հարգելի քաղաքացի, եթե, օրինակ, դուք այս չափանիշներին համապատասխանող անասնագոմ ստեղծեք, սահմանամերձ համայնքում մենք ձեր ծախսած գումարի 70  տոկոսը հետ ենք վերադարձնում ձեզ, այսինքն` մարդը ներդրում է անում, և մենք այդ գումարի 70 տոկոսը վերադարձնում ենք  իրեն: Մարդ կա` կարողանում է իր եղբորից, հարևանից կարող է պարտք վերցնել կամ ինքը գումար ունի պարտք, կարող է այդ ներդրումն անել, բայց բնական հարց է ծագում` իսկ այն մարդը, որ հնարավորություն չունի, նա ի՞նչ անի: Այդ մարդուն էլ մենք առաջարկում ենք աննախադեպ էժան վարկեր` 2, 3, 5 տոկոսով, և այսօր այդ հնարավորությունը տալիս ենք: Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել` «ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել»: Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են: Երբ բռնենք այդպես վարվողներին, գիտենք` նրանց հետ ինչ կլինի»:Անդրադառնալով տնտեսական վիճակի և տնտեսության ոլորտում կառավարության հաջողությունների վերաբերյալ քննարկումներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհի պատմության մեջ դուք չեք գտնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում: Ռեցեսիա չի հաջորդել դրան, և մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք: 10 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել,  թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է: Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը: Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ: Որ ասում են կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի, տնտեսական քաղաքականությունը լավը չէ, գիտեք ինչի՞ց է, որովհետև այդ բոլոր մարդիկ որ խոսում են, տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումն այն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայեր չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ, չի ասում՝ դու այստեղ դիր, այնտեղ տար, սա տուր, սա քեզ, սա ինձ և այլն, իրենք վատ են զգում, դիսկոմֆորտի մեջ են: Եվ եկեք ընդունենք, որ ավանդական բիզնեսը, որ այսօր կա Հայաստանում, սովոր չէ այսպես աշխատել, որովհետև մենք իրեն ասում ենք` մենք քեզնից բան չենք ուզում, գնա, աշխատի, հարկ վճարի: Այո՛, Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, ասում է` լավ, մեզնից այս չեն ուզում, այն չեն ուզում, միայն օրինական հարկ են ուզում, սրանք որտե՞ղ են մեզ «գցում»: Իրենք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում, և իրենց  ահազանգն այն է, որ տնտեսական քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. դու այսքան «նալոգ» կտաս, այսքան հարկ կթաքցնես, դու այս մեկի հետ փայ կմտնես, այս փայդ կծախես այն  մեկին, այստեղ սա կանես կամ կծախսես, այս ավտոն կարելի է առնել, այս ավտոն չի կարելի առնել: Դա ուղղակի ծիծաղելի խոսակցություն է: Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում, և եթե տնտեսական պրոցեսները չգնային, մենք այդ գումարները, հարկերը որտեղի՞ց ենք հավաքում: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարկերի գերակատարման մասին այսքան խոսում ենք, մենք տեսանելի ահազանգեր չունենք տնտեսական դաշտից, որ հարկային մարմինն իրենց տեռոր է անում: Ոչ ոք ոչ ոքի տեռոր չի անում»: Խոսելով Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների մասին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու առաջին օրից մենք եկել ենք այստեղ և ներկայացել ենք որպես կիսաավտորիտար, ամեն ինչը կիսա, ինչ ունեցել ենք, կիսա է եղել: Մենք այսօր Եվրոպայի խորհրդում հանդես ենք գալիս որպես լիարժեք ժողովրդավարական պետություն, և դա ոչ ոք կասկածի տակ չի առնում, այսինքն` այդ ինչպե՞ս է, որ 20, 25, 30 տարի անընդհատ քայլ առաջ, քայլ առաջ,  ձեռք էինք առնում արդեն, ասում էինք` ամեն ընտրությունից հետո ասում եք քայլ առաջ, այսպես որ գնա, 50 տարի տեղ չենք հասնի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի ամսում Հայաստանը դարձավ կատարյալ ժողովրդավարական երկիր: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ի՞նչ հրաշք էր: Ես նկատի ունեմ, որ որպես վարչապետ ամեն օրվա հետ ավելի վստահ եմ զգում, որ մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք»: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպումը շարունակել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնի բակային հատվածում, քանի որ այնտեղ ևս հավաքված էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում էին շփվել և հարցեր ուղղել ՀՀ վարչապետին: Դիմելով նրանց` Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Այս հանդիպումն ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան ելույթը և հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն այսօր ռեալ համախմբում է, այսօր Հայաստանի իշխանությունն ունի այդ լեգիտիմությունը` ներկայացնելու ամբողջ հայությանը, որովհետև այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, միայն Հայաստանում ներկաները չեն արել: Այդ հեղափոխությունն անհնար կլիներ առանց սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության, և ես գիտեմ՝ այստեղ կան մարդիկ, որ Ստրասբուրգից, Ֆրանսիայի տարբեր հատվածներից, նույնիսկ Գերմանիայից են եկել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել հեղափոխության ընթացքում ձեր ակտիվության համար և ուզում եմ ասել, որ համախմբման պատճառն այն է, որ այդ հեղափոխությունը նաև ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն էր: Պարտադիր չէ, որ բոլորը ֆիզիկապես Հրապարակում ներկա լինեին: Դուք թեկուզ սոցիալական ցանցերում ձեր բարոյական աջակցությամբ շատ մեծ ուժ եք տվել մեզ և այն ժամանակ որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ մեզ մեծ ուժ էիք տալիս ձեր հայացքներով, ձեր էներգիայով: Հիմա էլ նույնքան և նույնիսկ ավելի կարևոր է այսօրվա ձեր աջակցությունը մեզ համար` որպես կառավարություն և ինձ համար` որպես վարչապետ, որովհետև ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս և՛ ներքաղաքական, ներքին տնտեսական հարցերը լուծելիս, և՛ մեզ ուժ է տալիս նաև միջազգային հարաբերություններում: Երբ ես վարչապետ ընտրվեցի, եկա Հանրապետության հրապարակ և, դիմելով ժողովրդին, ասեցի հետևյալը` ժողովուրդ ջան, այսօր դուք հաղթեցիք, և այդ հաղթանակի պատճառն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ հիմնական ուղերձը դա էր, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում միայն ու միայն ժողովուրդն է որոշում` ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն, և սա մեր ձեռք բերած ամենամեծ հաջողությունն է: Հեղափոխությունից առաջ Հայաստանի երիտասարդությունը, չգիտեմ քանի տարի, վանկարկում էր` մենք ենք տերը մեր երկրի: Այսօր դա արձանագրված է որպես իրողություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը Հայաստանի Հանրապետության, և հավատում եմ, որ դուք բոլորդ այստեղ այսօր կանգնած եք որպես հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ:Եվ ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Այնուհետև վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: 
10:29 - 12 ապրիլի, 2019
Ճի՞շտ են արել, որ գյուլլել են. Փաշինյանի կոշտ պատասխանը պատգամավորին |lragir.am|

Ճի՞շտ են արել, որ գյուլլել են. Փաշինյանի կոշտ պատասխանը պատգամավորին |lragir.am|

lragir.am: Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությունների մասին, որն ասել է, որ տրանսգենդեր անձանց պետք է վառել: Փաշինյանը հարց է տվել՝ կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե չէ, ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե չէ: «Ես կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ վառել: Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին վառել, այդ մարդը շատ արագ բանտում կհայտնվի», – ասել է նա: «Երբ ԱԺ պատգամավորը խոսում է ու դրանից հետո հարց է առաջանում՝ ինքը հասկանու՞մ է ինչ է խոսում, թե ոչ: Այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ էր եղել, ինչ որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Նա էլ կարող է հազար պատճառ բերել, ասել՝ ես ուզում էի խփեի, սենց էր, սենց էր, սենց էր: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում: Ոչ ոք չի կարող որոշել՝ ով ապրելու իրավունք ունի, ով ոչ»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ բոլորն ապրելու իրավունք ունեն, և ինքը դրա երաշխավորն է, իսկ ով կասկածի տակ դնի, գնալու է բանտ նստի:
15:13 - 11 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով է պատկերացնում հայրենադարձությունը  |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով է պատկերացնում հայրենադարձությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Այս մասին Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես շատ ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի վայրկյան մտքով չեք հեռացել Հայաստանից, իսկ դա նշանակում է, որ ձեր՝ ֆիզիկապես Հայաստանում լինելը ժամանակի հարց է»,-ասաց նա: Խոսելով հայրենադարձության մասին՝ Փաշինյանը նշեց, որ դա իրենք պատկերացնում են Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա իր հմտություններն ու տաղանդը իրացնել: Նա վստահեցրեց, որ այս պրոցեսը Հայաստանում արդեն սկսվել է: «Հայաստանի քաղաքացին բարձրագույն իշխանություն է և դրանում ոչ ոք չի կասկածում: Հայաստանը դարձնելով հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իր աշխատանքով սեփական ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Մենք նպատակ ունենք, որ մեր երկիրը դառնա հնարավորությունների պետություն և լինի գրավիչ»,-նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ այդ գործում կարևոր է աշխատանքը: Ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն հարցին,թե ինչպես է նա պատկերացնում Հայաստան վերադարձած քաղաքացիներին աջակցությունը, վարչապետը նշեց, որ մի քանի վարկածներ էին քննարկվում, այդ թվում մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրելը, սակայն ընդունվեց այն մոտեցումը, հնարավորություններ ունենան բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում և ցանկանում են ապրել Հայաստանում: Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե Հայաստանում փոփոխություններ չեն կատարվում և որ իշխանությունները չունեն տնտեսական ռազմավարություն: «Աշխարհի պատմության մեջ չկա դեպք, երբ հեղափոխությունը չի հանդուրժել ռեցեսիա, իսկ այսօր հեղափոխությունից ամիսներ անց մենք տնտեսական աճի մեջ ենք: Վերջին տասը ամսում Հայաստանում 51 հազար աշխատատեղ է ստեղծվել, իհարկե չենք կարող ասել, թե դրանց որ մասն է զրոյից ստեղծվել, իսկ որ մասը ստվերից դուրս եկել, սակայն ցանկացած դեպքում դա հաջողություն է»,-ասաց նա: Վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց վերջին ամիսներին Հայաստանում իրականացված բարեփոխումները, սոցիալական ծրագրերը:  
14:59 - 11 ապրիլի, 2019
Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին |armtimes.com|

Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին |armtimes.com|

armtimes.com: Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստին Գերմանիայի ներկայացուցիչ պատգամավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց, որ անցած շաբաթ Գերմանիայի Բունդեսթագում շատ հետաքրքիր բանավեճ են ունեցել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին, եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել դրան։ Պատգամավորն ասաց, որ բանավեճի ժամանակ հատկապես շեշտվում էր այն, որ ՀՀ-ն դրական հարաբերություններ ունի ՌԴ-ի, միեւնույն ժամանակ նաեւ ԵՄ-ի հետ, եւ իրենք ողջունել են դա։ Գերմանիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ կան պետություններ, որոնք ԵՄ անդամ են, բայց լավ հարաբերություններ չունեն․«Կարո՞ք եք ասել՝ ինչպես է սա ստացվել, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ միեւնույն ժամանակ ԵՄ-ի հետ, եւ գուցե Հայաստանը կարող է մոդել դառնալ ԵՄ-ի համար»,- ի վերջո հարցրեց պատգամավորը։Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչպես ավելի վաղ իմ ելույթում ասել էի՝ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը, եւ երբեմն հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի։ Եւ երբ իմ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, թե ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն։ Եւ այս բառերի տակ խոսքը ոչ թե գույների, կամ սիրո մասին է, այլ քաղաքական ենթատեքստի։ Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որեւէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել։ Բացառվում է, որ որեւէ մեկը նման բան կարողանա ցույց տալ։ Սա մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, եւ անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է։ Շատ կարեւոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ այսօր ունենք այն վիճակը, որի մասին դուք նշում եք»,-ասաց վարչապետը։Նա ընդգծեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ երկրի դեմ չէ, որեւէ կազմակերպության դեմ չէ․«ՀՀ-ի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ եւ երջանիկ ապագայի, եւ մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, մենք այս պահին նախագահում ենք այդ կազմակերպությունում եւ մենք մեզնից կախվածն անելու ենք՝ այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար։ ՀԱՊԿ անդամ ենք, եւ ամեն ինչ անելու ենք՝ այդ կազմակերպությանը մեր անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար։ ԵՄ-ի հետ այսօր ունենք հրաշալի հարաբերություններ, եւ դա ունի շատ կոնկրետ պատճառ․ խնդիրն այն է, որ համապարփակ եւ ընդլայված համագործակցության մասին պայմանագիրը ԵՄ-ի հետ, նրա բովանդակությունը լիարժեքորեն համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականցնել մեր երկրում»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։
14:05 - 11 ապրիլի, 2019