Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները նույնսիկ շատ լավ են․ վարչապետը՝ ԵԽԽՎ պատգամավորի հարցին

Ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները նույնսիկ շատ լավ են․ վարչապետը՝ ԵԽԽՎ պատգամավորի հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին։Առաջին հարցը ուղղված Նիկոլ Փաշինյանին հետևյալն էր․ «Պարո՛ն վարչապետ, Դուք արդեն խոսեցիք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունների մասին, բայց ձեր երկիրն այլ հարևաններ ևս ունի, որոնց հետ հավանաբար նույնպես խնդրահարույց հարցեր կան։ Արդյոք Դուք գո՞հ եք մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններից, և եթե ոչ, ի՞նչ բարելավումներ եք առաջարկում»։Հարցին Փաշինյանը պատասխանեց, որ իհարկե, մենք ունենք ոչ միայն այնպիսի հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, այլ նաև հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են։ «Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդկաի վրա են գտնվում, նրանց հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, փորձում ենք ավելի զարգացնել դրանք։ Իհարկե, դուք գիտեք, որ ցավոք, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և սրանով ամեն ինչ ասված է։ Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է, Թուրքիայինը մի քիչ այլ է, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Հայաստանն իր հերթին չի փոխել դիրքորոշումը. մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինճպես նաև մյուս հարևանների պատկերացնում ենք խաղաղության օրակարգների շրջանակներում, և ուրախ եմ, որ մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց այս օրակարգը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
10:50 - 11 ապրիլի, 2019
Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի հանրությունների միջև․ Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի հանրությունների միջև․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, նշեց․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:  Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով: Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի: Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը Ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
10:50 - 11 ապրիլի, 2019
Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Նիկոլ Փաշինյան

Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, նշեց․   «Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություն­ներ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակա­տարում­ներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքա­յին համաչափ զարգացմանը և աշխատա­վարձեր կբարձրացվեն: Մեր կառա­­վարության գործունեությունը թափան­ցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից: Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համա­կարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարու­թյունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակար­դակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ: Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրա­ժեշտու­թյուն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունք­ներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհա­ջող ավարտին հասցնելու համար: Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեու­թյան քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորու­թյուններ ստեղծելը, Հայաստանը ներդրում­ների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնո­լո­գիական առաջամարտիկի վերածելը:Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ»:  
10:44 - 11 ապրիլի, 2019
Սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին .Նիկոլ Փաշինյան

Սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին .Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում,  անդրադառնալով  2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը նշեց․  «2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններում մեր քաղաքա­կան ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելու­թյունը տեղի ունեցած ընտրու­թյուն­ները որակեց որպես ժողովրդավարական:Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից «Թավշյա հեղափոխության, ինչպես նաև իշխանու­թյունների քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդա­վարական ընտրություններ» (մեջբերման ավարտ): Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարա­նական ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդա­վարական և մրցակցային և Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբևէ չէր արժանացել:  Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարա­նում և առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը: Եվ հիմա, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Հայաստանում այսօր ժողովրդա­վարությունը հաղթել է  և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:  Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանա­դրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձևից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համա­կարգի: Երբ այս սահմանադրական փոփոխու­թյուն­ները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլևս երբեք չի հավակնելու ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնին: Բայց 2018-ին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն և դա իմանալով ես իմ ընկերների հետ 2018 թվականի մարտի  31-ին քայլարշավ սկսեցի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից՝ դեպի մայրաքաղաք Երևան՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը: Մենք 13 օր քայլեցինք՝ ավելի քան 200 կիլոմետր, այդ ողջ գործընթացը լուսա­բանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց ետևից եկան նրանց ավագ եղբայրները և քույրերը, հետո նրանց ետևից եկան մայրիկները և հայրիկները, ապա տատիկները և պապիկները: Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց իսկ ապրիլի 22-ին ես կրկին բանտում հայտնվեցի, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել և հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց, 2018 թվականի մայիսի 8-ին այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դա էր պահանջում ողջ հայ հանրությունը: Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որևէ բռնության, հաղթեց առանց որևէ զոհի, հաղթեց առանց որևէ զենքի: Վեր բարձրացրած բաց ձեռքերով»:  
10:40 - 11 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|

ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|

aysor.am: «1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին։ Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակումն էր։ Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման ու բանտ ուղարկել։ Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը շեղվի դատախազի ասածից, բայց այդ օրերին հրաշքի նման բան տեղի ունեցավ՝ դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա բանտային ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ՝ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի։ Հետո պարզվեց՝ սրա պատճառը մեկն է՝ Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսոնը։ Այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար։ Ջոնսոնը իր այցի ընթացքում խոսել էր իմ խնդրի մասին, և իշխանությունները խոստացել էին, որ ես բանտ չեմ գնա։ Այդպես էլ եղավ։ Ջոնսոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական ու ես չհայտնվեցի բանտում»։
10:30 - 11 ապրիլի, 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»:  ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը  վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ: ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
09:51 - 11 ապրիլի, 2019
ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին |armenpress.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհուրդն ամեն ինչ կանի երկրում բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար: Այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերում դրանց, ինչպես են այդ փոփոխությունները լուսաբանում լրատվամիջոցները, հատկապես` հակակոռուպցիոն պայքարը: Անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են, կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրանց»,- ասաց Յագլանդը:
09:20 - 11 ապրիլի, 2019
Փաշինյանի արձագանքից հետո մաքսատան աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել |azatutyun.am|

Փաշինյանի արձագանքից հետո մաքսատան աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել |azatutyun.am|

azatutyun.am։ Նիկոլ Փաշինյանի երեկվա կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։«Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ», - նշեց Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Նա, ի դեպ, այսօր ծառայության էր. հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ «Ես ինֆորմացիա իրավունք չունեմ ձեզ տալու առանց իմ վերադասի թույլտվության», - ասաց մաքսայինի աշխատակիցը։Երեկ մեզ հետ զրույցում դիմումը գրած Հայկ Մարտիրոսյանն ասել էր՝ իրենք նոր են տեղափոխվել այդ աշխատասենյակ, դրոշն էլ այլ տեղից է բերվել։ Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով, իսկ սարդոստայնները՝ դեռ տեղում էին։ Վարչապետն այսօր «Ազատությանն» ասաց՝ դեռ չի ստացել մաքսային ծառայողների աշխատանքից հեռացվելու վերաբերյալ զեկույցը, սակայն իր մտադրությունը չի փոխել։Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ ազատվեն աշխատանքից այդ աշխատողները, նա արձագանքեց. - «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
05:21 - 11 ապրիլի, 2019
Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով:
17:26 - 09 ապրիլի, 2019
Վարչապետը հրապարակայնորեն իր վրա էր վերցնում նախագահի որոշ լիազորություններ |fip.am|

Վարչապետը հրապարակայնորեն իր վրա էր վերցնում նախագահի որոշ լիազորություններ |fip.am|

fip.am: Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, քննադատել է նախագահի լիազորությունների կրճատումը։ Այսօր, սակայն, նա նախագահի որոշ լիազորություններ հրապարակայնորեն իր վրա է վերցրել։ Այսօր լրանում է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարին, որը, անշուշտ, բուռն էր Հայաստանի կյանքում: Ստորև մենք փորձել ենք ուսումնասիրել հարցի կառավարչական կողմը և հասկանալ, թե որքանո՞վ է նախագահն ազդեցիկ Հայաստանում:2015 թվականի հանրաքվեով էական փոփոխությունների ենթարկվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ փոփոխությունների համաձայն, երկիրը դարձավ խորհրդարանական՝ նախկին կիսանախագահականի փոխարեն։ Իրականում, սակայն, փոխվեց միայն երկրի ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, չնայած իշխանության պնդումներին, որ փոփոխությունները երկրի կայացմանն են միտված, դրանք Հայաստանի կառավարումն ավելի միահեծան դարձնելու նպատակ ունեին։ Նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Օրինակ, իրավապահ («ուժային») մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում՝ կառավարությանն առընթեր մարմինների էին` գոնե ֆորմալ առումով։ Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը` մարդ, որը գործող համակարգը բազմիցս նկարագրել է որպես «սուպերվարչապետական»։ Նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»։ Ավելի վաղ` փետրվարին, Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, քննադատում էր ի հաշիվ նախագահի վարչապետին տրվող լիազորությունները։ Սակայն որպես վարչապետ՝ Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև, ժամանակ առ ժամանակ, հրապարակային գործունեությամբ ստանձնում է ներկայիս Սահմանադրությամբ հիմնականում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։Դրա ամենավառ օրինակը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածն էր։ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տասնյակ հազարավոր աջակիցների առջև ստորագրեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին ազատելու մասին հրամաններ, որոնք իրականում աշխատանքից ազատելու առաջարկներ էին նախագահին։ Նախարարներին աշխատանքից ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչն Արմեն Սարգսյանն արեց հաջորդ օրը։ Այս ընթացակարգը Սահմանադրության 131-րդ հոդվածով է ամրագրված՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում»։ Երկրորդ դեպքը, որում Փաշինյանը փաստացի ստանձնեց նախագահի դերը, արտահերթ ընտրությունների օրը հայտարարելն էր։ Ըստ Սահմանադրության 93-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Նոյեմբերի 1-ին Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին՝ նախքան նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումը։ Եվ վերջում, հոկտեմբերի 31-ին Փաշինյանը հայտարարեց Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին։ Գործող Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն, նախագահն է պարգևատրում ՀՀ շքանշաններով և մեդալներով, ինչպես նաև շնորհում պատվավոր կոչումներ։ Ըստ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի, նախագահին պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Մի կողմ դնելով այն, որ այս երկու դրույթներն իրար հակասում են, փաստենք, որ Փաշինյանն այս դեպքում ևս հանդես է գալիս նախագահի լիազորություններով՝ հայտարարելով, որ ինքն է որոշում կայացրել Մանարյանին կոչում շնորհելու մասին: Իրականում, վերոգրյալ դեպքերում նա միայն իրավասու է եղել առաջարկություններով հանդես գալ նախագահին։
09:32 - 09 ապրիլի, 2019