Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Զենք-զինամթերքի հայտնաբերման, ոչնչացման գործընթացն Արցախում կշարունակվի առաջիկա ամիսներին ևս

Զենք-զինամթերքի հայտնաբերման, ոչնչացման գործընթացն Արցախում կշարունակվի առաջիկա ամիսներին ևս

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները:   ՆԳ նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից: Նախապատվությունը տրվել է բնակելի տարածքներին:     Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներն ու տարբեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքը, շարունակում են բնակչության կյանքի ու ազատ տեղաշարժի համար մնալ լուրջ սպառնալիք:   Ծառայության 911 ահազանգման կենտրոնից բացի, Արցախում գործող «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը և Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամն ունեն թեժ գծեր, որոնք աշխատանքն ավելի դյուրին են դարձնում. քանի որ բնակավայրերում հայտնաբերված զինամթերքի մասին հաճախ բնակիչներն իրենք են ահազանգում:     Հանդիպմանը որոշվել է համագործակցել միմյանց հետ, ի մի բերել ունեցած հնարավորությունները, ականազերծված ու անվտանգ տարածքների մասով՝ հրապարակման համար կազմել արձանագրություններ:   ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ փոխգործակցության, ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, նշել, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման գործընթացը համատեղ կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:   Ականազերծված բոլոր տարածքներում ևս մեկ անգամ կկատարվի հետախուզական աշխատանք, կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը, գյուղատնտեսական, շինարարական ու տուրիստական նշանակության տեղամասերը, որոնք բնակչությանն իրազեկելու նպատակով կհրապարակվեն լրատվամիջոցներով:
20:14 - 01 ապրիլի, 2021
Արցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

Արցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:Հանդիպումների ընթացքում Նախագահը նաև պատասխանել է բնակչությանը հուզող հարցերին:
14:22 - 01 ապրիլի, 2021
Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|

Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Մինչ օրս օգնության ստանալու խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ, 800-ը՝ թեժ գծի միջոցով։ Նշվում է, որ հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
09:46 - 01 ապրիլի, 2021
Ստեփանակերտի երկու թաղամասերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում |armenpress.am|

Ստեփանակերտի երկու թաղամասերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է մոտ 40 շինություն, որոնք կապիտալ վերակառուցման կարիք ունեն: Այս մասին տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 200 տեղեկանք այն բնակելի շինությունների սեփականատերերին, որտեղ բացակայում են բնակվելու համար անհրաժեշտ պայմանները: «Այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի տարաբնույթ նշանակության օբյեկտներում: Մասնավորապես վերանորոգվում է պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի համար 10 դպրոցի շենքը, որպեսզի երեխաները կարողանան այստեղ մանկապարտեզ հաճախել: Շարունակվում են վնասված դուռ- պատուհանների և տանիքների փոխարինման աշխատանքներն ու վերանորոգման այլ աշխատանքներ՝ սոցիալական ծրագրերով»,-ասաց Ղուլյանը: Փոխքաղաքապետի խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական նախաձեռնությամբ ու վերահսկողությամբ իրականացվող շինաշխատանքներից ամենամեծ ու պատասխանատու նախագիծը քաղաքային հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցի նոր հատվածի կառուցումն է: «Իրականացվել են չափագրման աշխատանքները,պատվիրվել՝ նախագիծը: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Այս քայլով ցանկանում ենք հնարավորինս թեթևացնել մեր նահատակված եղբայրների ընտանիքների ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու մեր հարգանքի, պարտքի տուրքը մատուցել հերոս տղաներին»,-մանրամասնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետը՝ նշելով, որ մի շարք ծրագրերի իրագործման և քաղաքային իշխանության բազմաթիվ հոգսերը թեթևացնելու համար սրտացավ անհատների օգնության անհրաժեշտություն է զգացվում: «Այդ նպատակով ստեղծվել է Ստեփանակերտի աջակցման հիմնադրամ, որի միջոցով այն անհատները, որոնք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կամ այն ծրագրի իրագործմանը, կարող են ֆինանսական փոխանցումներ կատարել: Հավաստիացնում ենք, որ այդ միջոցները նպատակային են իրացվելու, իսկ հաշվետվողականությունը գործելու է թափանցիկ ընթացակարգով»,-ասաց Ղուլյանը: Ստեփանակերտի հրատապ խնդիրներից փոխքաղաքապետը նշեց բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն ու բաց հոսող կոյուղիները: Մասնավորապես՝ բաց հոսող կոյուղիների պատճառով հակասանիտարական վիճակ է ստեղծվել, իսկ այդ տարածքները չենք կարողանում արդյունավետ օգտագործել: Խնդրի լուծման դեպքում հնարավորություն կընձեռվի այդ տարածքներն օգտագործել որպես պուրակներ,զբոսայգիներ, վազքուղիներ և այլ հանրային նպատակներով: Ստեփանակերտում արդիական է ճանապարհների բեռնաթափման խնդիրը: «Մայրաքաղաքն արդի պահանջներին համապատասխանեցնելու համար նոր ճանապարհների նախագծման ու լայնացման անհրաժեշտություն է զգացվում: Պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների զգալի մասը հանգրվանել է Ստեփանակերտում և ավտոմեքենաների հոսքը մայրաքաղաքում նկատելիորեն մեծացել է: Օրվա որոշակի ժամերին Ստեփանակերտում գրեթե անհնար է դարձել ավտոմեքենա վարելը: Հիմնանորոգման կարիք ունեն նաև Ստեփանակերտի 4 դպրոցական շենք, իսկ որոշ կրթօջախներում ընթացիկ վերանորոգման պահանջ է զգացվում»,-հայտնեց Սամվել Ղուլյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:27 - 01 ապրիլի, 2021
Արցախի ԱԺ-ում ստեղծվել է «ԱԺ կանոնակարգ» oրենքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ

Արցախի ԱԺ-ում ստեղծվել է «ԱԺ կանոնակարգ» oրենքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «ԱԺ կանոնակարգ»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․ Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց՝  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար,  ԱԺ փոխնախագահ, Անդամներ՝  Արամ Գրիգորյան՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն Դավիթ Գալստյան՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն Արթուր Մոսիյան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ Կամո Ազատյան՝ փորձագիտական ծառայության ղեկավար Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ Խմբի քարտուղար՝ Լուսինե Դադայան՝ քարտուղարության գլխավոր մասնագետ։ Արցախի ԱԺ-ից նաև հայտնում են, որ աշխատանքային խմբին հանձնարարվել է  աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝  ներկայացնելով  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։ Խորհրդակցությանը ներկա են եղելաշխատանքային խմբի անդամները, ովքեր  պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։
21:24 - 31 մարտի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամից 110 մլրդ դրամ է հատկացվել Արցախին. Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի

«Հայաստան» համահայկական հիմնադրամից 110 մլրդ դրամ է հատկացվել Արցախին. Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի

Մարտի 31-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին։ Քննարկվել են բնակարանաշինությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: «Օրերս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի ՀՀ պետական բյուջեից և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 110 մլրդ դրամ է հատկացվելու Արցախին, ուստի բնակարանաշինությունը շատ արագ տեմպով պետք է իրականացվի»,- իր խոսքում ընդգծել է Արթուր Թովմասյանը։ Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է կատարված  աշխատանքները և խոսել առաջիկա նախագծերի մասին։ Պատերազմից տուժած բնակարանների տերերից  7000 դիմում են ստացել, որից 4500-ը՝ Ստեփանակերտի բնակիչներից։ Արդեն իսկ 962 օբյեկտում շինարարություն է իրականացվում, 2500 բնակարանի դուռ-լուսամուտ է փոխվել, 2600 ընտանիքի՝ շինանյութ տրամադրվել։ Արամ Սարգսյանի հաղորդմամբ՝ նախարարությունը  սերտ համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Մի շարք նախագծեր քննարկման փուլում են։ Կնունյանց փողոցում 63 բնակարանանոց շենք է կառուցվելու, Տիգրան Մեծ փողոցում կառուցվելիք շենքը նախագծման փուլում է։ Իվանյան համայնքում 7 նոր շենք կկառուցվի։ Ընթացքի մեջ են Թումանյան փողոցում 153 բնակարանոց շենքի շինարարությունը, 108 բնակարանոց շենքի շինարարությունը՝ կաթի գործարանի հարևանությամբ։ Եվս  30 բնակարան էլ կկառուցվի 6-րդ դպրոցի նախկին շենքում։ Ընդհանուր առմամբ՝ 2021-2022 թթ․ Ստեփանակերտում  700 նոր բնակարան կկառուցվի։ Հաշվառվել է նաև համայնքների հին ու տիրազուրկ բնակֆոնդը։ Արդեն իսկ 100 ընտանիք տեղավորվել է Դահրավ, Բադարա, Խնձրիստան և Ասկերանի շրջանի այլ համայնքներում։ 350 օբյեկտում շինարարական աշխատանքներ են սկսված։ Իրականացվում են նաև ասֆալտապատման ու փողոցային լուսավորման աշխատանքներ։ «Արցախի վերակառուցման բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն»,- հավաստիացրել է նախարարը։
20:41 - 31 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում էր Հայրենիքի զարգացման ու զորացման, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միավորման ու միասնականության ամրապնդման, երիտասարդության հայեցի դաստիարակության և հայրենադարձության վեհ գործին: Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ նա իրականացնում էր ազգանպաստ գործունեություն, անում էր հնարավորն Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ իր անուրանալի ավանդը բերելով այստեղ բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը: Կարո Քաբաբջյանն արժանիորեն վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Նրա հայրենանվեր ջանքերը բարձր են գնահատվել: Արցախին մատուցած ծառայությունների համար Կարո Քաբաբջյանն արժանացել է պետական բարձր պարգևների: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին ու հազարավոր սաներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով: Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար: «Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը»։
17:19 - 31 մարտի, 2021
Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է |armenpress.am|

Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է |armenpress.am|

armenpress.am: Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին տեղեկացրեց Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին: «Բացի այդ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես նաև 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից»,-ասաց Աթայանը: Նրա հաղորդմամբ՝ ներկայում ավարտման փուլում են Կարմիր շուկայում կառուցվող բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարական աշխատանքները: «Շենքերի 33 բնակարանները նախատեսված են Կարմիր շուկայի 7 բազմազավակ ընտանիքների համար, որոնք ցանկություն են հայտնել առանձնատների փոխարեն բնակվել շենքում: Մյուս՝ ավելի քան 20 բնակարանները, կտրամադրվեն տեղահանված՝ մասնավորապես նաև Թաղավարդ գյուղից տեղափոխված ընտանիքներին»,-մանրամասնեց համայնքապետը: Պատերազմից հետո Կարմիր շուկայի դպրոցում ուսումնական գործընթացը վերականգնվել է դեռևս այս տարվա հունվարից: Ներկայում կրթօջախ է հաճախում 168 աշակերտ: Ժամանակավորապես դադարեցվել են համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Նախկին 75 նախադպրոցական տարիքի երեխաների փոխարեն, այժմ մանկապարտեզ է հաճախում 23 երեխա»,-հայտնեց Աթայանը: Նրա հավաստմամբ՝ Կարմիր շուկայում պայմաններ են ստեղծվել նաև բնակչության զբաղվածության ապահովման համար: Հիմնականում աշխատատեղերը շինարարական կազմակերպություններում են: Բացի այդ, գործունեությունը շարունակում են ձեթի և սպիրտի գործարանները:
13:36 - 31 մարտի, 2021