ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Մարզերում կվերականգնվի 65 կմ երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված

Մարզերում կվերականգնվի 65 կմ երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն։ Որպեսզի ծրագիրը բավականաչափ տնտեսական օգուտներ ունենա, իրականացվում է ճանապարհների ծախսարդյունավետության տնտեսական վերլուծություն՝ օգտագործելով Մայրուղիների զարգացման և կառավարման մոդելը (HDM-4)։ Տնտեսական վերլուծության արդյունքներով կատարվում է ճանապարհների ընտրությունը՝ կիրառելով հետևյալ ցուցանիշերը՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս)։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։ Նշենք‚ որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար‚ ինչը նպաստում է նաև գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։
12:49 - 29 ապրիլի, 2020
Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը տրամադրվեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը տրամադրվեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր՝ «Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ։2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: Միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:Հիշեցնենք, որ մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ։
18:04 - 21 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։ Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայուցիցչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները: Նախարարը Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմանարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։ Ներկաներն անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքներ։ Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը: Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։ Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։
10:25 - 20 ապրիլի, 2020
Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ-պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է, որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։ «ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսիայի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,-ասել է նախարար Պապիկյանը:Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը: Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են  առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել  դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։ Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
23:59 - 15 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։ Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։ Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: 
09:44 - 15 ապրիլի, 2020
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև UNICEF-ի, UNIDO-ի, IOM-ի, FAO-ի և WFP-ի հետ համատեղ ծրագրերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։
15:50 - 14 ապրիլի, 2020
Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել է աշխատանքները։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում կապալառուն կատարում է հողային‚ հենապատի կառուցման աշխատանքներ։Շինարարական աշխատանքները կազմակերպվում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով‚ աշխատանքները կազմակերպվում են այնպես‚ որպեսզի պահպանվի սոցիալական հեռավորությունը մարդկանց միջև։ Միջպետական ավտոճանապարհի մյուս՝ Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կապալառուն մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին‚ և արդեն վաղվանից կվերսկսվի գործունեությունը՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին։Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը։
16:59 - 13 ապրիլի, 2020
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, նշագծման, ճանապարհների ծածկի, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ: Գործընթացն ապահովում է ճանապարհներով բնականոն երթևեկությունը:Այս օրերին կապալառու կազմակերպությունները նշված աշխատանքները կազմակերպում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։
10:02 - 09 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարզպետներին` տարբերակներ գտնել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավել շինաշխատանքներում |hetq.am|

Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարզպետներին` տարբերակներ գտնել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին ներգրավել շինաշխատանքներում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին` բանակցել շինարարական ընկերությունների հետ, որպեսզի արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները կարողանան ներգրավվել շինարարական աշխատանքներում: Այս մասին նախարարն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2019 թվականի ծրագրի քննարկմանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրմանը:  Պատգամավորը կարևորեց կապիտալ ծախսերի ներառականությունը մարզերում և հետաքրքրվեց, թե ինչ է պետք անել, որ մարդկանց աշխատանքը օգտագործվի: «Պետական գնումների տրամաբանությամբ չենք կարող պահանջ դնել, որ կհաղթես դու եթե այդպես անես»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարն արձագանքեց` շատ հարցեր կան, որոնք կարող են կազմակերպվել չշրջանցելով «Գնումների մասին օրենքը» և ներգրավել համայնքների բնակիչներին: «Իմ կողմից կա բանավոր հանձնարարական մարզպետներին, քանի որ բոլոր մարզերում էլ ակնհայտ է, թե ինչ շինարարական ընկերություններ կան… Գիտենք, որ  կան մարդիկ, որոնք այս փուլում պետք է գնային արտագնա աշխատանքի, չեն գնացել, այդ մարդիկ Հայաստանում են, բայց չունեն ընկերություններ: Ես խնդրել եմ առաջիկա ծրագրերում ներգրավել որակյալ աշխատուժը, էսօր Հայաստանում կա լավ աշխատուժ, որը նախորդ տարի չկար, գնացել էր արտերկիր, հիմա Հայաստանում է, և մենք բոլոր հնարավորություններն ունենք,  որ էդ մարդկանց մոտիվացնենք, որ կամ իրենց կազմակերպությունների միջոցով մասնակցեն մրցույթներին կամ ներառվեն գոյություն ունեցող շինարարական ընկերություններում և ներգրավվեն աշխատանքներում»,- ասաց Պապիկյանը: Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքները շատ են, աշխատանքի հնարավորություն շատ կա: Ըստ նրա` նախորդ տարի շինաշխատանքներում ներգրավված անձինք միջինում վարձատրվել են օրը 10 հազար դրամ: «Ենթադրում եմ, որ այս տարի մի փոքր ցածր կլինի գումարը` կախված նրանից, որ աշխատուժը շատ է, բայց կոչ եմ անում կապալառու կազմակերպություններին հաշվի առնելով ներկայիս տնտեսական վիճակը հնարավորինս այդ նժարը չիջեցնել»,- ասաց նա:
15:16 - 07 ապրիլի, 2020
Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|

Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը |shantnews.am|

shantnews.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար, այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65 կմ ճանապարհների վերանորոգում: Համաձայնագրի վավերացումից հետո կհայտարարվեն մրցույթները, և հնարավոր կլինի այս տարի իրականացնել ճանապարհի հիմնական հատվածի վերանորոգումը»,-նշել է Պապիկյանը: Պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկու փուլերի միջև գումարային էական տարբերություններ կան, առաջին փուլում հատկացվել է 170 մլն, երկրորդում՝ 13 մլն 400 հազար եվրո գումար: «Ցանկացած փուլի անհրաժեշտություն պետք է որոշի տվյալ ժամանակահատվածի գործող կառավարությունը, համագործակցությունը բանկի հետ բարձր մակարդակի վրա է: Առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել ենք ֆինանսավորել նաև այս փուլի նախագծանախահաշվային աշխատանքները»,-ներկայացրել է Պապիկյանը:
12:27 - 07 ապրիլի, 2020
Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները

Ոռոգման շրջանին  ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների  մաքրման և պոմպակայանների նորոգման  լայնածավալ աշխատանքներ:   Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մաքրման  աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի և Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը: ՏԿԵՆ ջրային կոմիտեի,  «Ջրառ» ՓԲ ընկերության  և ջրօգտագործող ընկերությունների ջանքերով  կենցաղային, շինարարական աղբից  մաքրվել և վերականգնվել են   ջրամատակարարման համակարգերի  շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:«Ջրառ» ՓԲ ընկերության  կողմից մաքրման և վերանորոգման աշխատանքներ  են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաև Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում: Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի և Արարատի մարզերում գործող  ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին: Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում   նախատեսել  է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ  3000 հա  ավելացնել ոռոգելի  տարածքները: Արփա-Սևան թունելով արդեն իսկ Սևան է տեղափոխվել  34 մլն  567 հազար խմ ջուր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն:
18:46 - 06 ապրիլի, 2020