Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Այս մասին հայտնում է Երերանի քաղաքապետարանը։ Պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորեւ․ «Հարգելի քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով: Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»։ Հիշեցնենք՝ ճանապարհատվածի փլուզման հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էր մայիսի 20-ից։
23:16 - 13 հունիսի, 2022
ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ է կազմակերպել մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող երկաթուղային գոտու աղբը հեռացնելու համար։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկաթուղային գծից և ճանապարհի երթևեկելի հատվածից տոննաներով աղբ է հանվել, ինչի համար ներգրավվել է ընկերության և քաղաքապետարանի հատուկ տեխնիկա։ Ալմաստ-Քանաքեռ գծի ոչ ակտիվ հատվածում աղբը թափում են քաղաքին հարակից խիտ բնակեցված տարածքների բնակիչները։ Աղբը այնտեղ է բերվել նաև բեռնատար ավտոմեքենաներով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին երկաթուղային գծի մաքրման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունները կվերահսկեն քաղաքային երկաթուղային գծերում առկա սանիտարական իրավիճակը: Ընկերությունը հույսը ունի նաև, որ երկաթուղային գծերի մոտ ապրող քաղաքացիները կլինեն բարեխղճ և կպահպանեն մաքրություն։
21:00 - 13 հունիսի, 2022
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն անօրինական օտարելու դեպքեր

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն անօրինական օտարելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Այսպես. 1. Երևանի նախկին քաղաքապետի 2010 թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011 թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող 51.6 քառ․ մետր մակերեսով կառույցը (25.6 քառ․ մետր մակերեսով շինություն, 26 քառ․ մետր մակերեսով ծածկոց) և նրա համար առանձնացված 1997.28 քառ․ մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով՝ 15.387.150 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Մ.-ին: Երևանի քաղաքապետի 2010 թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշմամբ սահմանված 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելուց հետո՝ նույն որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկած 60 օր անց, ՀՀ կառավարության որոշման անմիջական կարգավորմամբ արդեն իսկ ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010 թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման մեջ՝ 8 ամիս անց Երևանի քաղաքապետը 2011 թ. հուլիսի 29-ին N 3840-Ա որոշմամբ կատարել է փոփոխություն, որով սահմանվել է՝ վճարման նոր 30-օրյա ժամկետ, որը Լ.Մ.-ի կողմից նույնպես խախտվել է՝ վճարումը կատարելով փոփոխության կատարման պահից 78-րդ օրը։ Երևանի նախկին քաղաքապետի 2011 թ. հոկտեմբերի 28-ի N 5168-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդականին վերապահվել է ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010 թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման հիման վրա՝ հողամասի գնորդի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու լիազորություններ։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 2011 թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի նկատմամբ Լ.Մ.-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման, ու տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այնինչ իրավահավաստող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով պետական գրանցման վարույթը պետք է դադարեցվեր։ 2. Երևանի նախկին քաղաքապետի 2017 թ. նոյեմբերի 10-ի թիվ 4009-Ա որոշմամբ քաղաքացի Ա.Ս.-ին ուղղակի վաճառքով առանց կառուցապատման իրավունքի 7.611.912 ՀՀ դրամով օտարվել է կառուցապատման առաջին գծում՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 20/1 հասցեում գտնվող 462 ք. մ մակերեսով հողամաս, մինչդեռ հողամասն օտարելիս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքն առկա չի եղել, այսինքն՝ հողամասը պետք է վաճառվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Պարզվել է նաև, որ օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 16.500 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ կառուցապատման երկրորդ գծում գտնվող մեկ այլ՝ 237.99 ք. մ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.4 հազ. դրամով, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել արժեքով: Հարկ է նշել, որ առանց կառուցապատման իրավունքի՝ օրենսդրության պահանջների խախտումով օտարված՝ վերը նշված հողամասի վրա հետագայում իրականացվել է շինարարություն և ներկայումս գործում է սրճարան, նախաճաշի և ուշ նախաճաշի համար նախատեսված ռեստորան: 3. Երևանի նախկին քաղաքապետի 2018 թ. հունվարի 22-ի թիվ 145-Ա որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 54.0 ք. մ մակերեսով հողամասը, գտնվելով բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման բակային հատվածում և հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանափակումների տակ ընկնող հողամաս, ուղղակի վաճառքով՝ 2.106.000 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Ե.-ին: Պարզվել է նաև, որ քաղաքային իշխանության կողմից ոչ միայն անտեսվել է հողամասի ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվելու հանագամանքը, այլ բացակայել են նաև հողամասն ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ կառավարության որոշման հիմքերը: Հարկ է նշել, որ ուղղակի վաճառքով օտարված հիշյալ հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 39.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մեկ այլ հողամաս նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 230.700 ՀՀ դրամով, այսինքն՝ շուրջ 5.9 անգամ ավել արժեքով: Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
19:19 - 06 հունիսի, 2022
Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: *** ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: *** 2022թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը: Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը: *** Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Այս շաբաթ սանիտարական մաքրման աշխատանքներ կիրականացվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
13:53 - 06 հունիսի, 2022
Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

armenpress.am: Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից և այն ամբողջությամբ կբացվի: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց. «Որպես այդպիսին, այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով  փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր»: Խոսելով շինարարից՝ քաղաքապետն ասաց, որ քաղաքացին սեփական հող ունի այտեղ, դիմել է քաղաքապետարան, շինթույլտվություն է ստացել, որպեսզի շինարարությունն իրականացնի: Նա չբացառեց, որ մեկ այլ շինարարի հետ ևս նման բան կարող էր լինել: «Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Սարգսյանը:
15:56 - 03 հունիսի, 2022
Կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Հունիսի 1-ին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին. տեղի է ունեցել «Դպրոցական ավագանու» նիստը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:   Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և ոլորտի հրավիրված մասնագետներ։   «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ երեխաները նախապես ներկայացրել էին զեկույցներ, որոնք քաղաքապետարանում ձևավորված աշխատանքային խումբը գնահատել էր 10 բալանոց սանդղակով: Արդյունքում ընտրվել էր 64 զեկույց, որոնց հեղինակներն էլ հրավիրվել են մասնակցելու ավագանու նիստին: Էլեկտրոնային քարտեզ՝ զբոսաշրջիկների համար, էկո կրթություն, ջրահեռացման համակարգեր, քաղաքային տրանսպորտ, թափառող շների խնդիրներ. օրակարգում քաղաքին վերաբերող տարբեր հարցեր էին ընդգրկված: Քվեարկության դրվեց լավագույն 9 աշխատանք: Պատանի օրենսդիրների պատկերացումները տարբեր էին քաղաքային տնտեսության կառավարման հարցում: Բարձրացված խնդիրների ու առաջարկների վերաբերյալ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց նախաձեռնված ծրագրերն ու քաղաքային իշխանության մոտեցումները:   «Հետաքրքիր է լսել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում են տարիքային այս խմբի սաները: Մոտ ապագայում հենց նրանց է վստահվելու ինչպես քաղաքի կառավարման, այնպես էլ երկրի զարգացման կարևոր առաքելությունը: Շնորհակալ եմ հնչեցված հետաքրքիր մտքերի ու գաղափարների համար: Այսօր մենք օրվա ընթացքում մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք ստանում, և շատ կարևոր է ճիշտ տարբերակել ճշգրիտ տեղեկատվությունը կեղծից»,- նշել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս շնորհավորել դպրոցական ավագանու անդամներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:   Օրակարգում ընդգրկված 9 նախագծից հավանության արժանացավ 4-ը: Աշակերտների քվեարկության արդյունքում ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով: Նախորդ տարվա հաստատված ծրագրերից, ի դեպ, կյանքի կոչվեց շների համար հատուկ այգի կառուցելու նախագիծը:    
20:32 - 01 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստին ավագանու անդամների փոխարեն երեխաներն են բարձրացնում իրենց հուզող հարցերը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստին ավագանու անդամների փոխարեն երեխաներն են բարձրացնում իրենց հուզող հարցերը |armenpress.am|

armenpress.am: Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, որին  ավագանու անդամների փոխարեն մասնակցում են  Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները: Նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն է: Մինչ նիստի օրակարգին անցնելը , քաղաքապետը շնորհավորեց մասնակիցների Հունիսի 1-ի առիթով և ուրախությամբ փաստեց, որ քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգը ձևավորել են հենց աշակերտները: «Կփորձենք հասկանալ ինչ խնդիրներ կան Երևան քաղաքում, և ինչպես կարող ենք դրանք լուծել»,-ասաց նա: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ  Լուսինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ նման միջոցառում իրականացվել էր նաև նախորդ տարի, որի ընթացքում աշակերտների կողմից 96 զեկույց էր ներկայացվել, որոնցից երկուսը կյանքի էին կոչվել: «Կարծում եմ, որ սա  ավանդույթ կդառնա, և ամեն տարի մենք կիրականացնենք այն: Կարևոր է, որ երեխաների ձայնը լսելի լինի և նրանք Երևանի խնդիրների լուծման շրջանակներում իրենց կարծիքը, տեսլականը հայտնեն, թե  ինչպես են պատկերացնում իրենց երազանքների մայրաքաղաքը»,-ասաց նա: Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է  11 հարց:
12:18 - 01 հունիսի, 2022
Երևանի փոխքաղաքապետը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Երևանի փոխքաղաքապետը հյուրընկալել է Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մոսկվայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով անցկացված Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայի մասնակիցներին:   2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադան կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Երևանի թիմն այս տարի ևս գրանցել է բարձր արդյունքներ՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, բլից տուրում՝ գավաթի, իսկ անհատական մրցույթներում՝ 3 արծաթե և 2 բրոնզե մեդալների:   Ողջունելով աշակերտներին՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է գրանցած արդյունքների և շնորհակալություն հայտնել օլիմպիադայում Երևանը լավագույնս ներկայացնելու համար:   «Վստահ եմ, որ դուք շարունակելու եք միշտ բարձր պահել Երևանի պատիվը միջազգային հարթակներում՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ: Առանձնակի եմ կարևորում նաև ուսուցիչների, ինչպես նաև երևանյան թիմի ղեկավար մարզիչների աշխատանքը, որոնք իրենց գործի նվիրյալներն են և կրթում են օրինակելի սերունդ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:    
19:59 - 31 մայիսի, 2022
Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում․ քաղաքապետարան

Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում․ քաղաքապետարան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ: ***Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթը կկայանա այսօր: ***Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում: Նախորդ շաբաթ աշխատանքներ են տարվել Աջափնյակ, Շենգավիթ և էրեբունի վարչական շրջաններում: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: ***Երևանի Շենգավիթի համալիր մարզաձերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է այս տարի, ինչը հնարավորություն կտա մյուս տարի միանագամից մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները: ***Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին Երևանում 43 գործող աղբամուղ կա: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու ուղղությամբ: ***Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Աջափնյակ վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 20 հասցե: Այս շաբաթ շաբաթօրյակ կլինի Նոր Նորք վարչական շրջանում: ***  Խորհրդակցության վերջում Երևանի քաղաքաշինության բնագավառում երկարամյա և նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած մասնագիտական բարձր որակի համար «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:
14:15 - 30 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: «Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը: «Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:
16:57 - 28 մայիսի, 2022
Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

1981թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր: «Նախագծումն սկսել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, շատրվանը ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,- նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:Այս նախագիծը հետագայում արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի»,-ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսից է անցկացվեու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:«Աստիճանները հանել, նորից վերատեղադրել ենք: Տակից բազալտի փոշի է լցվել, որպեսզի աստիճանները հավասարեցվեն: Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու: Երևի 4 ամիս անց կվերջացնենք աշխատանքները»,-ասում է շինարարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Համլետ Կարապետյանը:Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:
12:28 - 27 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին, որը Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնքւմ են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «Երևանի ու Պոդգորիցայի միջև գործակցության հիմքեր են դրվել դեռևս 1974թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում համատեղ ծրագրեր չեն իրականացվել: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է երկուստեք կապերի ամրապնդման ու գործակցության հաստատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Պոդգորիցան առաջիններից է, որ դարձել է Երևանի գործընկեր քաղաք, մեր բարեկամությունը շուրջ 50 տարվա պատմություն ունի: Կարծում եմ՝ Ձեր այցը լավ հնարավորություն է՝ նոր թափ հաղորդելու երկու քաղաքների միջև հաստատված գործակցությանը: Վստահ եմ, որ մեր թիմերի համատեղ ջանքերով կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ու ուղղություններ»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի հաստատումը և նշել, որ համատեղ ծրագրերի իրականացման համար կա լայն դաշտ: «Կարծում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում մենք կարող ենք արդյունավետ ու փոխշահավետ գործընկերություն ծավալել։ Մեզ համար ևս շատ կարևոր է կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում»,- նշել է Իվան Վուկովիչը: Նշվում է, որ պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն ու Պոդգորիցայի քաղաքապետն այցելել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոց, որն անվանակոչվել է 1984թ.-ին:
22:02 - 26 մայիսի, 2022
Նորոգման աշխատանքներով պայմանավորված կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Նորոգման աշխատանքներով պայմանավորված կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Երևանի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը  հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
16:28 - 25 մայիսի, 2022
Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին մայիսի 24-ի նիստում հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում. համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ Ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար: «Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը: Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին:
21:17 - 24 մայիսի, 2022