ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային:  «Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:  Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում: 
22:54 - 26 հունվարի, 2022
Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը բացահայտեն և վեր հանեն Արցախում միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը բացահայտեն և վեր հանեն Արցախում միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգով, որը նախագահել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։ Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի պատմական ժառանգությունը հումանիտար գործունեության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում հատուկ գնահատանքով են հիշում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի առանցքային ներդրումն Առաջին աշխարհամարտից հետո հարյուր հազարավոր քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների պաշտպանության գործում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ համաշխարհային համավարակի պայմաններում հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։ Ընդգծվել է, որ որևէ խեղաթյուրված մեկնաբանություն կամ ռազմական գործողության կեղծ արդարացումներ չեն կարող հերքել ճշմարտությունը ու գոյություն ունեցող փաստերը։Նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եզակի դերը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքներին արձագանքելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում: ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից շեշտվել է, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել բնակչությանն անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ տրամադրելու գործում, որն իրականացվում է ականազերծման և բնակավայրերն ու գյուղատնտեսական տարածքները հազարավոր չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրելուն զուգահեռ։ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վեր հանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտային իրավիճակներում հայտնված մարդիկ չանտեսվեն, ինչպես նաև հասանելիություն ունենան միջազգային օժանդակությանը՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ։
11:17 - 26 հունվարի, 2022
Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

armenpress.am: Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանից պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։ Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով  անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:
19:03 - 23 հունվարի, 2022
ՄԱԿ-ը դատապարտել է Հոլոքոստի ժխտումը
 |1lurer.am|

ՄԱԿ-ը դատապարտել է Հոլոքոստի ժխտումը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում և մերժում է Հոլոքոստի ժխտումը որպես պատմական փաստ։ Փաստաթուղթը նախաձեռնել են Իսրայելն ու Գերմանիան, համահեղինակել է ավելի քան 60 երկիր։ Բանաձևը հաստատվել է կոնսենսուսով, այսինքն՝ առանց քվեարկության՝ հաղորդում է Euronews-ը։ Տեքստում նշվում է, որ Հոլոքոստի հիշողությունը «ցեղասպանության նոր դեպքերի կանխարգելման բանալին է»։ ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանը մեջբերել է հետևյալ թվերը. «Աշխարհի բնակչության միայն 54%-ն է լսել Հոլոքոստի մասին, իսկ մարդկանց մեկ երրորդը թերահավատորեն է վերաբերվում փաստերին: Ոմանք կարծում են, որ զոհերի թիվը չափազանցված է, մյուսները հավատացած են, որ Հոլոքոստը պարզապես առասպել է: Քանի որ Հոլոքոստը վերապրածների թիվը նվազում է, սոցիալական մեդիան ավելի շատ է երիտասարդների մեջ իրականության վերաբերյալ կասկածներ սերմանում և ամրապնդում ստի հանդեպ հավատը»: ՄԱԿ-ը կոչ է արել սոցցանցերի սեփականատերերին թույլ չտալ, որ իրենց կայքերն օգտագործվեն հակասեմիտականությունը քարոզելու և պատմությունը խեղաթյուրելու համար:
19:01 - 21 հունվարի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պնդմամբ Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Նման տեսակետ Զասը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ժամանակ։ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։ Զասը նշել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է հարկավոր։ Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ղազախստանում առկա իրավիճակն ու այդ երկրում ՀԱՊԿ առաքելությունը, ինչպես նաև Աֆղանստանում ընթացող իրադարձություններն ու ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունն այդ երկրում։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է նախորդ տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել էր սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Իրավիճակը կտրուկ լարվել էր նաև նոյեմբերի երկրորդ կեսին, երբ դարձյալ հայ-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում, ադրբեջանական սադրանքի հետևանքով, սկսվել էին մարտական գործողություններ։ Կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։
12:41 - 21 հունվարի, 2022
Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

armenpress.am: Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»: Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի եւ իրանցի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում: Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում եւ Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Էր Ռադի միջեւ երկխոսության եւ դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան: Երկու երկրների միջեւ հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:56 - 17 հունվարի, 2022
Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. նշվում է, որ «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ «Մասդար»-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր իրականացվող ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է: Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդար»-ի ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր: Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը: Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու են Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախագահ Ալոկ Շարման, Եգիպտոսի արտգործնախարար, COP 27-ի նախագահ Սամեհ Շուքրին, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին, Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերան, Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը, ՄԱԿ-ի ութերորդ գլխավոր քարտուղար, Global Green Growth ինստիտուտի խորհրդի նախագահ Բան Կի-Մունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Նախագահ Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:
13:20 - 14 հունվարի, 2022
ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցուցակը, որոնք ժամանակավորապես զրկվում են ձայնի իրավունքից՝ կազմակերպության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, հայտնում է AFP-ն: Ձայնի իրավունքից զրկվել են՝ Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Վանուատուն: ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկիրը զրկվում է ձայնի իրավունքից երկու և ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում:  Նվազագույն գումարը, որն Իրանը պետք է վճարի ՄԱԿ-ին՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար, գերազանցում է 18 մլն դոլարը: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանն ի վիճակի չէ վճարելու պարտքը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Գերատեսչությունը ՄԱԿ-ին կոչ է արել՝ հաշվի առնել այդ հանգամանքը:
13:18 - 13 հունվարի, 2022
Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:   «Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցության ահագնացող միտումների հետևանքով: Այն հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրի:   Չնայած Հայաստանի չնչին մասնաբաժնին ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մեջ՝ 0,02 տոկոս, մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին:   Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը իրականացվում էր ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որն ավելի քան երկու տարի չէր գործում՝ պայմանավորված Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ։ Անհրաժեշտ էր միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել Կառավարության նոր կառուցվածքին համապատասխան:   Այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թ. հուլիսի 6-ի Վարչապետի 719-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը, որով ավելի ընդլայնվել են խորհրդի իրավասությունները, նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ:   Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար բարձրացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը շրջակա միջավայրի նախարարից վերապահվելով ՀՀ փոխվարչապետին՝ հորիզոնական կառավարում ապահովելու համար։   Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել և կարևորվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը:   «Համաճարակի բացասական հետևանքներից մեր երկրի վերականգնվելուն զուգահեռ անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր «կանաչ վերականգնումը» խթանելու և ցածր ածխածնային զարգացման հետագա միտումն ապահովելու համար:   Կպահանջվեն փոխհամաձայնեցված մոտեցումներ տնտեսության բոլոր ճյուղերում:   Այս ամենը նախատեսում է զգալի օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումներ, որոնք կնպաստեն նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի՝ (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը:   Վստահ եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բխում եմ մեր երկրի ստանձնած պարտավորություններից Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո՝ նպաստելով նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ֆեյսբուքի իր էջում:    
16:11 - 07 հունվարի, 2022
Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության մասին։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Հայտնում է tass.ru-ն։ Զայնետդինովի խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը համապատասխան նամակներ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին։ Ինչպես պարզաբանել է ՀԱՊԿ խոսնակը, նամակներում նշվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ Հավաքական ուժերի ուժերով և միջոցներով խաղաղապահ գործողություն իրականացնել Ղազախստանի տարածքում՝ երկրի նախագահի դիմումի հիման վրա։    Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
13:13 - 07 հունվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ Է արել պատրաստվելու նոր համավարակների |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ Է արել պատրաստվելու նոր համավարակների |armenpress.am|

armenpress.am: Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ է պատրաստվել նորերի հայտնվելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել է Գուտերիշը Twitter-ում: - Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կլուծենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ է պատրաստվել հաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը եկեք ուշադրություն նվիրենք եւ ներդրումներ հատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի է»,- կոչ է արել համաշխարհային հանրակցության վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրություն հրավիրելու, դրանց դեմ պայքարի համար պատրաստականության բարձրացման եւ ջանքերի համախմբման  նպատակով ընդունել է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր սահմանելու մասին: Այն նշվում է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:30 - 27 դեկտեմբերի, 2021
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն: Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
17:09 - 09 դեկտեմբերի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը: Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին: «Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», - ասված է հայտարարությունում: Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում: «Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», - հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր. Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից, Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:
16:09 - 09 դեկտեմբերի, 2021