ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։ «Մենք նրանցից այլ արձագանք ենք ակնկալում՝ հստակ հայտարարություններ։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ», - հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե միջնորդները համահունչ չեն արձագանքում նաև բանակցությունների «ձևաչափը փոխելու»՝ հայկական կողմի ջանքերին: «Նրանք աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով և՛ մեզ սիրաշահել, և՛ նրանց, բայց դրա ժամանակն արդեն անցել է, մենք հստակություն ենք պահանջում», - ասել է Ալիևը, հավելելով՝ եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին։ «Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Մենք միջնորդներից առավել լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ ենք ակնկալում»։ Միջնորդների հասցեին մի քանի րոպե շարունակված քննադատական ելույթից հետո Իլհամ Ալիևը նաև պնդել է, թե «այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի»։ «Ես ասել եմ, որ մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների մեջ որևէ իմաստ չենք տեսնում»», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
13:16 - 07 հուլիսի, 2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

hhpress.am: Նախօրեին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, քանի որ «դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով։Հատկանշական է, որ ի տարբերություն ապրիլի 21—ի տեսակոնֆերանսից հետո արված հայտարարության, որը հնգակողմ էր, այս անգամ այն տարածվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել հայտարարությունից։ Որո՞նք էին այս տեսակոնֆերանսի օրակարգային թեմաները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունները տարբեր են լինում, եւ այն հանգամանքը, որ միայն համանախագահների անունից են, որեւէ բան չի փոխում։ «Համանախագահները, որոնք կազմակերպում են եւ միջնորդ են հանդիսանում, բնականաբար այդ տեքստերը համաձայնեցնում են կողմերի հետ։ Առանց դրա հրապարակային չէին դառնա»,–նկատեց պատգամավորը։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Հայրապետյանի կարծիքով՝ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է. «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,–ընդգծեց նա։ Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզից, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար։Հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ Դա բխում է երեք գլխավոր սկզբունքներից, այն է՝ «ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումից»։ Մինչդեռ Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով շարունակ խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են նաեւ ռազմական լուծման, ուղղակի սպասում են համապատասխան իրավիճակի ստեղծման, երբ կկարողանան կրկին գնալ էսկալացիայի։ «Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, ազնիվ չէ այս գործընթացներում։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ հայկական կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»,–շեշտեց զրուցակիցս։Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հայկական կողմից առաջ քաշված օրակարգային կետերն ամբողջությամբ արտացոլվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ խիստ գնահատականներ են տրվում հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Պատգամավորը առարկայական եւ կարեւոր է համարում ուղիղ կապի վերաբերյալ շեշտադրումը, որ կրկին իրականացվել է հայկական կողմի նախաձեռնության շնորհիվ։ Խոսքը վերաբերում է 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապին։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:15 - 02 հուլիսի, 2020
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրությունում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ անցկացված տեսակոնֆերանսին։ «Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական կապերը՝ էսկալացիայից խուսափելու համար: Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքող հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, որոնք նպատակ ունեն փոխել իրավիճակը, կարող են խափանել, խանգարել կարգավորման գործընթացին: Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահնեը նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիտորինգային գործողությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ որքան հնարավոր է շուտ, երբ որ պայմանները դա թույլ տան: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և անձնապես հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ»,- ասված է հաղորդագրությունում:
22:25 - 30 հունիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշեց, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:: Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:    
20:51 - 23 հունիսի, 2020
Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|

Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|

civilnet.am: Թաթուլ Հակոբյան Ղարաբաղյան կարգավորման քննարկումներում շատ է խոսվում կարգավորման բովանդակության և մեթոդաբանության մասին ու երբեմն, անգամ պաշտոնյաներն ու դիվանագետները, չեն տարբերում բովանդակությունը մեթոդաբանությունից: Փուլայինի և փաթեթայինի շուրջ վերջին քննարկումները, բանավեճերն ու մեղադրանքները հենց այդ անհասկացողության ու շփոթի դրսևորումներ են: Փուլային եզրը հայ քաղաքական լեքսիկոնի մաս է դարձել 1997-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այդ թվականի դեկտեմբերի 2-ին գրավոր ներկայացրին կարգավորման համապարփակ փաստաթուղթ-նախագիծ, որը կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման համաձայնագիր անունը: Բայց ինչո՞ւ է այս համաձայնագիրը հիշատակվում փուլային անունով․ որովհետև այն վերաբերում էր հակամարտության հետևանքների վերացմանը՝ տարածքներ, փախստականներ, անվտանգություն և հաղորդակցություն, իսկ հակամարտության գլխավոր խնդրին՝ Արցախի կարգավիճակին, որից սկսվել է պատերազմը, չի անդրադառնում: Այսպիսով, 1997-ի դեկտեմբերի 2-ի փաթեթով Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց և թողնվում է ապագային: Լաչինի ամբողջ շրջանի կարգավիճակը ևս թողնվում էր ապագային, ասել է թե՝ Արցախի մաս: Այսինքն, հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը փուլային էր. առաջին փուլում վերացնում ենք հետևանքները, երկրորդ փուլում՝ վճռում կարգավիճակի հարցը: Ինքնին փուլային մեթոդաբանությունը չի կարելի համարել դատավճիռ, քանի որ փուլայինը կարող է լինել նաև շրջված տեսքով, այն է՝ առաջին փուլում որոշում ենք Արցախի կարգավիճակը, երկրորդ փուլում՝ անդրադառնում հակամարտության հետևանքներին: Եթե Ադրբեջանը համաձայնում է առաջին փուլում ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը և ընդունել հանրաքվեի որևէ արդյունք, ապա այդ դեպքում փուլայինը ընդունելի մեթոդաբանություն է: 1997-ի մայիս-հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած երկու տարբերակները պատմագրության մեջ են մտել փաթեթային անունով, քանի որ ներկայացված փաթեթում միաժամանակ կարգավորվում էին և՛ կարգավիճակի, և՛ հակամարտության հետևանքների խնդիրները: Ավելի հստակ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ստանում էր ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ: Հայկական կողմից մերժված այս տարբերակը ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ) անունը: 1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված տարբերակը, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր, փաթեթային և փուլային մեթոդաբանության համատեղման փորձ էր և պատմագրության մեջ է մտել «ընդհանուր պետություն» անունով, կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր անունը: Այս տարբերակը, որ մերժեց Ադրբեջանը, մեթոդաբանության առումով, փաթեթային էր և կազմված էր երկու հիմնական մասից՝ կարգավիճակ և հետևանքների վերացում: Արցախն ու Ադրբեջանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում կազմում էին ընդհուր պետություն: Դա, ակնհայտ տարբերություններով, մոտ էր բոսնիական մոդելին: Արցախն իր կարգավիճակով անկախ չէր հռչակվում և ոչ էլ Հայաստանի մաս: Այն օրերին շատ էին կիրառում հետևյալ բանաձևը՝ ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ՝ դե-ֆակտո անկախ, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում: Փաթեթային մեթոդաբանություն էր նաև Քի Վեսթի տարբերակը, որովհետև միանգամից լուծվում էին և՛ կարգավիճակի, և՛ հետևանքների հարցերը: Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը հետ էր ստանում բոլոր 6,5 շրջանները և Հայաստանի տարածքով՝ ինքնիշխան միջանցքով, կապվում Նախիջևանի հետ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:09 - 15 մայիսի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով

Մայիսի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (OSCE PC) առցանց տարբերակով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ելույթում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց, ում սխրագործությունների և զոհաբերությունների շնորհիվ Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին նացիզմից։ Նշվում է, որ ավելի քան 600 հազար հայորդիներ տարբեր երկրների բանակներում իրենց մասնակցությունն են բերել այդ հաղթանակի գործին, և Հայաստանի բնակչության 1/7-րդը չի վերադարձել համաշխարհային պատերազմի մարտադաշտերից։ Հայ զինվորներն աչքի են ընկել իրենց արիությամբ և խիզախությամբ՝ արժանանալով տարբեր երկրների բարձրագույն պարգևների։ «Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին տոնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը. օր, որը խորհրդանշում է հաղթանակն ատելության, անհանդուրժողականության և ծայրահեղ ազգայնականության հանդեպ»։ Ի պատասխան Ադրբեջանի շարունակական կեղծ պնդումների՝ ելույթում շեշտվում է, որ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ով խիզախությամբ պաշտպանել է իր հայրենիքը 1920-ական թվականներին արտաքին ներխուժումներից։ Միաժամանակ անդրադարձ է կատարվում Վերմախտի կազմում ավելի քան 40 հազար զինվորից բաղկացած ադրբեջանական լեգիոնին և նացիստների հետ համագործակցած տխրահռչակ Մեհմեդ Ռասուլզադեին, որին Ադրեջանում դիտարկում են որպես ազգային հերոս և որի արձաններն ամենուրեք են։ Անդրադառնալով Շուշիի ազատագրման 28-ամյակին, ելույթում նշվում է, որ 1992թ. մայիսի 9-ին այդ հինավուրց հայկական քաղաքակի ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից հնարավոր դարձրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ազգաբնակչության անվտանգության ապահովումը։ Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Այն կյանքի հաղթանակն է մահի հանդեպ; խորհրդանիշն է պայքարի, որը մղվել է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության, ինչպես նաև իր բնօրրանում ապրելու իրավունքի ապահովման համար։ Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ։
17:55 - 08 մայիսի, 2020
Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Կոմերսանտ» թերթի հարցին։ Հարց. Վերջին օրերին տարբեր անդրադարձներ են կատարվել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ, որոնցում նշվել է կարգավորման փուլային մոտեցման մասին։ Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Պատասխան. 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:  Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին,  2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:
13:29 - 23 ապրիլի, 2020
Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում, մասնավորապես, ասված է.   «Ձերդ Գերազանցություն, Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին:Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումըբոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարիկոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստիմարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։ Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։ Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։ Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնքիրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ, Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից: Օգտվելով առիթից՝ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել էապրիլի 14-ին: Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»:
18:26 - 22 ապրիլի, 2020
Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ։ Ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝ 1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին. 2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել. 3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ. 4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք. 5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ. 6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան. 7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների: Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»:
12:02 - 22 ապրիլի, 2020
Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր: «Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:   Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում․ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:
16:25 - 21 ապրիլի, 2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը տեսակոնֆերանս կանցկացնեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը տեսակոնֆերանս կանցկացնեն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ «Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:40 - 20 ապրիլի, 2020