ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:   Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում:   ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան այցերը պիտի օժանդակեն կողմերի միջեւ առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը եւ շեշտել, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար:   Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե' բարեկամական խմբերի եւ հանձնաժողովների, թե' միջազգային խորհրդարանական ձեւաչափերի մակարդակներում: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ:   Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ գործընկերներին կոչ անում` սատարել այս ձեւաչափն ու որդեգրված սկզբունքները:
15:35 - 11 մարտի, 2020
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մարտի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):  Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
13:29 - 11 մարտի, 2020
Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 27 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, եւ քննարկել որոշ հարցեր՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Սիմոնյանը Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչի մասին են խոսել ու քննարկել, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։ ԱԳ նախարարը պատասխանեց, որ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են հանդիպումներ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազամակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության, եւ այդ հանդիպումները նորություն չեն․ «Այստեղ արտառոց որեւէ բան չկա, այդ հանդիպումները պլանային են։ Համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, մենք գիտենք այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես եւ ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետեւ մենք էլ ենք աշխատում նրանց հետ։ Սա առաջին հանդիպումը չէ։ Ի դեպ՝ դրանից առաջ էլ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ են հանդիպումներ ունեցել։ Այստեղ որեւէ մտահոգություն չունենք համանախագահների մասով»։ Մնացականյանը նկատեց՝ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ, բայց դրա մեջ էլ չկար որեւէ բան, որը նախկինում չէինք լսել, մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ․ «Եւ, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես ծանոթ է բոլորին, որ ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ սա մենք ասել ենք եւ կրկնում ենք, մեր մոտեցումը հստակ է, շարունակում ենք իրակիանացնել մեր նպատակլաները, եւ աշխատել ՄԽ համանախագահների հետ»։
17:21 - 04 մարտի, 2020
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել արցախա-ադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել արցախա-ադրբեջանական շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 4-ին,  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելք ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
13:40 - 04 մարտի, 2020
Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը, արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը, արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արձագանքել էր աստվածաշնչյան մեջբերմամբ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,- գրել էր Մնացականյանը: Նշենք, որ հանդիպման վերաբերյալ մասնակիցները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:  Չավուշօղլուի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն անդրադարձել են նաև Facebook սոցցանցի հայկական տիրույթում:  Թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին: Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը: Օգտատերերից մեկի այն հարցին, թե հանդիպումն ինչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել է, թե իրեն հայտնի չէ, թե ինչպես է հանդիպումը կապված Սիրիայի հետ: Զախարովան նշել է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Ռուսաստանն այս հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են անցկացնում տարբեր երկրների հետ: Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը սատարում է Թուրքիայի հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի ցանկությունը, չեզոքություն է պահպանում, թե՞ կտրականապես դեմ է գործընթացի նման վերափոխմանը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը ելնում է առկա ձևաչափի արդիականությունից:
09:11 - 03 մարտի, 2020
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարթակի ստեղծման շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել են 2019թ-ից: Հարթակի ստեղծումը հիմնվել է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունների վրա՝ որպես բարձր հարթակ փորձարկելու ժողովրդավարական կառավարման նորարական մոտեցումն անվտանգության ոլորտում: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում բացահայտ խոսել զինված ուժերում մեր ունեցած խնդիրների մասին եւ տարատեսակ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փորձում ենք արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ հարթակի հետաքրքրության հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի/ բռնության կիրառման նկատմամբ վերահսկողությունը, տեղեկատվության մատչելիությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտի ներսում ներքին վերահսկողության մեխանիզմները, պայքարը կոռուպցիայի դեմ արդարադատության մատչելիությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարթակը, համախմբելով քաղաքացիական հասարակությանը, խորհրդարանականներին եւ անվտանգության ոլորտում հանրային ծառայություն մատուցողներին մի սեղանի շուրջ, նպաստելու է ինչպես քաղաքացիական, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով համապարփակ եւ պահանջված բարեփոխումների իրականացում անվտանգության ոլորտում: Նշվել է, որ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերը կքննարկվեն խորհրդարանում՝ լսումների, հարցապնդումների եւ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հարթակի հետեւողական քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները կբերեն երկար սպասված արդյունքի՝ այն է համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդում, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ: «Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները: «Մեր կառույցը պատրաստ է նպաստելու բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան: Ողջունելով հարթակի ստեղծման գաղափարը՝ նա այն համարել է նորարարական եւ խոստումնալից: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընթացող գործընթացում: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանի՝ պետական մարմինների եւ քաղհասարակության բարձր ներգրավվածությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում, որ հարթակը կնպաստի անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի արդյունավետ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը խոսել է ժողովրդավարական վերահսկողության հարթակի նպատակների ու առաջնահերթությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նոր բարեփոխումների օրակարգը: ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար:
17:36 - 27 փետրվարի, 2020
Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|

Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|

news.am: Աշխարհաքաղաքական շահերը շատ կարեւոր են. գաղտնիք չէ, որ այսօր Ուկրանայի հարցում շատ մեծ կոալիցիա կա Արեւմուտքի երկրների կողմից, իսկ Ռուսաստանին աջակցող պատվիրակությունների թիվը բավական սահմանափակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը: «Աբխազիայի եւ Հարավային օսիայի հակամարտությունների մասով էլ իրավիճակը բավական միանման է, հետեւաբար, բավական հեշտ է Ադրբեջանին փորձել այդ ամբողջ սոուսի տակ դիրքավորել ԼՂ հակամարտությունը: Չնայած դրան, մենք երկու շատ լավ նախանշաններ ունենք: Առաջինը, որ բանավոր զեկույցի ընթացքում շեշտադրում գնաց իմ նշած հակամարտությունների վրա եւ մեծ հաշվով Ղարաբաղը դրական առումով շրջանցվեց: Երկրորդն այն է, որ ունենք Լյուքսեմբուրգի նախադեպը, երբ կարողացանք նույնիսկ այն պայմաններում, որ պատվիրակությունը նոր էր, կապերը շատ ավելի քիչ էին, կարողացանք ԵԱՀԿ ԽՎ տրամադրությունները դեպ մեր դիրքորոշում կամ չեզոք դիրքորոշում»,-ասաց Համազասպ Դանիելյանը: Նա նկատեց, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում բոլոր զեկուցողները բանավոր ներկայացնում են իրենց մոտեցումները, թեզիսների ձեւով, հետո աշխատանք է տեղի ունենում ու հրապարակում են սեւագիրը. «Հիմա այդ սեւագրին ծանոթանալու նախնական փուլում շատ կարեւոր է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյում ներկայացված լինի: Իսկ Բյուրոյում ներկայացված են այն պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք կամ նախագահ են, կամ համանախագահ են, կամ հանձնաժողովներում որեւէ պաշտոն ունեն, կամ զեկուցող են: Հայաստանում գոնե վերջին 10-12 տարիներին, ցավոք, չի եղել պատվիրակություն, որ այս որեւէ մակարդակում ներկայացված լինի: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, գուցե հավակնոտ, որ Բյուրոյում ներկայացված լինենք, որ վվաղ կանխարգելման համակարգն աշխատի, եւ ամռանն ընդառաջ անակնկալներ չունենանք»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
15:53 - 25 փետրվարի, 2020
ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաները նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում |armtimes.com|

ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաները նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 20-21 Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նիստի օրակարգը հիմնականում բաժանված էր երեք հանձնաժողովների քննարկումների տրամաբանությամբ՝ քաղաքական հարցերի, տնտեսական հարցերի եւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովներում: Քննարկումների հիմնական թեմաներն են եղել շրջակա միջավայր, տնտեսություն, կոնֆլիկտներ, միջազգային քաղաքականություն, ահաբեկչություններից մինչեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մեր պատգամավորները ակտիվորեն մասնակցել են բոլոր քննարկումներին ու միջազգային գործընկերներին ներկայացրել են Հայաստանում ընթացող բարեփոխումների եւ ժողովրդավարացման տրամաբանությունը: Կոնջորյանի խոսքով՝ միջազգային գործընկերները վերահաստատեցին իրենց աջակցությունը ժողովրդավարական գործընթացների իրականացման հարցում. «ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին եւս մեկ անգամ շեշտեց ՀՀ կատարած իր այցը ու կարեւորեց ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հետագա համատեքստում: Մենք էլ տեղեկացրինք առաջիկայում Արցախում սպասվող ընտրությունների եւ ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ՝ վստահեցնելով եւ վերահաստատելով, որ Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, եւ Արցախի քաղաքացիներն օժտված են բոլոր այն իրավունքներով, որոնցով աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում՝ ձեւավորելու իրենց օրինական իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնջորյանը: Խոսելով խորհրդարանական վեհաժողովներում Ադրբեջանի լոբինգի մասին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց, որ այս պետությունը մշտապես փորձել է իր լոբինգի ստվերային, խավիարային հնարքներով ադրբեջանահաճո ձեւակերպումներ մտցնել: Նա նշեց, որ Լյուքսեմբուրգում խնդրահարույց կետեր էլ էին առաջ քաշել, բայց մեր պատվիրակությանը հաջողվեց 99 տոկոսով վերացնել այդ վտանգավոր ձեւակերպումները: Կոնջորյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի զեկուցողը հրաժարվեց իր «7 շրջաններ» հասկացություններից, քանի որ հասկացավ՝ այն հակասում է արցախյան հակամարտության բանակցային ոգուն: Մեր պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Վրաստանի, Ուկրանիայի կոնֆլիկտներին խառնի նաեւ Արցախինը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են միջազգային գործընկերներին տեղ հասցնել՝ ամեն կոնֆլիկտ առանձնահատուկ է. «Ղարաբաղյան հակամարտության մասով մենք նշում ենք, որ ազգերի ինքնորոշման դրույթը պետք է լինի հավասարաչափ դիտարկելի Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու դրույթների հետ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: Ֆիքսեցինք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս սկզբունքների հիման վրա»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ մեր հայաստանյան պատվիրակությունն ամենաակտիվ պատվիրակությունների եռյակում է, եւ ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաներն ավելի մտերմիկ զրույցների ժամանակ նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում:
15:23 - 25 փետրվարի, 2020
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացման գործում:     Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցերին:
19:49 - 18 փետրվարի, 2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:
13:55 - 18 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվեցին “Հայաստանի հետ համագործակցության” ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։  Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։
12:11 - 15 փետրվարի, 2020