Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։ Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։
11:46 - 02 ապրիլի, 2022
«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Շեշտելով մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող Փառուխ գյուղ, հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակոռուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող կրակահերթերը, Արցախի միակ գազատարը խափանելը՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը հրամայական է, իսկ ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ շեշտելով․ - «Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առաջիկայում այնուամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք հետևողական ենք այս հարցում»։ Զբիգնև Ռաուին իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով՝ «տարաշարջանում իրավիճակը մնում է անկայուն»։
14:01 - 01 ապրիլի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՄԻՊ գրասենյակում, ընդգծել է, որ խոսքի ազատության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական մանդատի ներքո է և, որ լրագրողներն ու մեդիա համայնքն իր բնական աջակիցներն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը լավագույնս իրականացնելու հարցում: Քրիստինե Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հաստատության Սահմանադրական մանդատն ու գործունեության ուղղությունները՝ շեշտելով հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահության փաստը։ Թերեզա Ռիբեյրոն իր հերթին լավագույնն է մաղթել Քրիստինե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու առաքելության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառնալով մեդիայի և խոսքի ազատության պաշտպանության կարևորությանը՝ շեշտել են, որ մամուլի անհամաչափ ու ոչ անհրաժեշտ սահմանափակումները միայն վնասում են երկրում ժողովրդավարական զարգացմանը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են որոշ դեպքերում տեղեկատվական մանիպուլյացիայի, ատելության հրահրման, և թիրախավորման նպատակներով մեդիայի միջոցների ու հնարավորությունների օգտագործման անթույլատրելիությունը: Պաշտպան Գրիգորյանը Թերեզա Ռիբեյրոյին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում մամուլի ազատության հարցերի վերաբերյալ քննվող երկու գործերի մանրամասները՝ նշելով, որ խոսքի և մեդիայի ազատության ապահովման ոլորտում կարևորում է քննարկումների ներառականությունն ու կարգավորումների իրավական որոշակիությունը՝ որպես իրավունքի խախտումների կանխարգելման երաշխիք: Պաշտպանը միաժամանակ նշել է մեդիագրագիտության բարձրացման, ինչպես նաև՝ պատասխանատու լրագրողական գործելակերպերի խթանման անհրաժեշտությունը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: 
18:09 - 11 մարտի, 2022
Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն |armenpress.am|

Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ ներգրավվածությամբ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: «Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, մարդասիրական ականազերծումը, և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը: Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»,-ասված է հայտարարության մեջ:
16:53 - 11 մարտի, 2022
Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: «Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի  բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:
23:10 - 09 մարտի, 2022
Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար: - Ֆրանսիան այս տարի 6 ամսով նախագահում է Եվրամիության խորհրդում: Հետաքրքիր է, թե որպես ԵՄ նախագահող՝ Ֆրանսիան ի՞նչ դեր կարող է խաղալ եվրոպական տարածքում սրված հակամարտությունների կարգավորման գործում: - 2022 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելուց ի վեր Ֆրանսիան տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էին կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ֆրանսիայի նպատակն էր նախ և առաջ երկխոսություն ապահովել երկու երկրների միջև, ինչպես նաև նպաստել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտեք՝ այդ միջնորդության շնորհիվ 8 հայ զինվորներ ազատ արձակվեցին և ֆրանսիական ռազմական ինքնաթիռով վերադարձան Հայաստան: Ֆրանսիան աշխատում է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը նախագահ Մակրոնը գնացել էր Մոսկվա, այնուհետև մեկնեց Կիև, որպեսզի փորձի խաղաղ ելք գտնել այդ ճգնաժամից: Ցավոք, նախագահ Պուտինը չլսեց Ֆրանսիայի նախագահի խաղաղության կոչը: Եվ, իհարկե, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և 21-րդ դարի ամենամեծ ճգնաժամերից է Եվրոպայում: - Քանի որ Ֆրանսիան միջնորդ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ կուզեի Ձեր մեկնաբանությունը խնդրել հատկապես այս հարցի վերաբերյալ: 44-օրյա պատերազմից հետո անորոշությունը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շատ է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այս խնդիրը: Արդյոք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: - Եվ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ: - Երկխոսությունը ապահովելու միջոցով: - Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված այլ միջոցառումներ այս տարի նախատեսվա՞ծ են: - Այո՛, իհարկե: Այս տարին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումներին: Ցավում եմ, որ մեր հենց առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր փետրվարի 24-ին դեսպանությունում, մի քիչ տխուր իրավիճակում տեղի ունեցավ՝ Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների լույսի ներքո: Բայց մենք ծրագրել ենք նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ, կինոցուցադրություններ: Նաև նախատեսել ենք գաղափարների դեբատներ՝ մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին են լինելու հաջորդ 30 տարիները ֆրանս-հայկական հարաբերությունների համար:
17:41 - 09 մարտի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը

Փոխվարչապետ Մաթևոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Փոխվարչապետը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Վերջինի համատեքստում, Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացնելու առումով: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ նախորդ տարի ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հինգ տարվա ճանապարհային քարտեզի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչության բացման կարևորությանը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը, ինչպես նաև հայկական և ֆրանսիական համայնքների միջև փոխգործակցության զարգացման ծրագրերը՝ այդ համատեքստում անդրադարձ կատարելով հունիսին Լիոնում կայանալիք միջոցառմանը Հայաստանի մարզերի ծրագրերն ու հետաքրքրությունները ներկայացնելու անհրաժեշտությանը։ Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում համատեղ շատ աշխատանքներ են իրականացվել, իսկ առաջիկա տարիներին՝ հատկապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, անելիքներն ավելի շատ կլինեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
16:32 - 28 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդգծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը: 
13:33 - 21 փետրվարի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Որպես այդ ագրեսիայի արդյունքների ամրագրում՝ 2021-ի հունիսի 15-ին ընդունվեց Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Թևանյանը: Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական մակարդակում Հայաստանի արձագանքը ցույց կտա, որ ՀՀ-ն նետված իրողությունները ընդունում է որպես մարտահրավեր և որ կան կարմիր գծեր, իսկ Հայաստանն անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չի զիջելու: ««Շուշիի հռչակագրով» Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին՝ համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում: «Շուշիի հռչակագրով» Հայաստանի վարած քաղաքականությունը, 90-ականներից սկսած, դիտարկվում է որպես ագրեսիայի դրսևորում, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը: Երրորդը՝ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ ուղղակի հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ներկայացրեց Թևանյանը՝ հավելելով, որ հռչակագրում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Նա շեշտեց՝ այս հռչակագրով փաստացի դրված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը վերացնելու ծրագիր: Ըստ պատգամավորի՝ հայտարարության ընդունումը ՀՀ խորհրդարանի կողմից շատ լուրջ մեսիջ կլինի և հայ ժողովրդին, և միջազգային դաշնակիցներին, և գործընկերներին և հակառակորդներին՝ առ այն, որ ՀՀ-ն չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի իրավունքները: ՔՊ խմբակցության դիրքորոշումը հայտնեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «ՔՊ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով: Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վավերացված կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը: Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չկասեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
11:12 - 21 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|

Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|

aravot.am: Եվրախորհրդարանն ընդունել է 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին: Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ: Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:  
14:06 - 17 փետրվարի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում երեկ կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը: Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին: Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:
10:17 - 08 փետրվարի, 2022