Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ
13:33 - 21 փետրվարի, 2022

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդգծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել