Լիտվա

Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է

Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է

Կրեմլն ապօրինի է որակել Լիտվայի որոշումը, որի համաձայն՝ արգելվում է Լիտվայի տարածքով ԵՄ պատժամիջոցային ցանկում ներառված ապրանքների տարանցումը ՌԴ մյուս շրջաններից դեպի Կալինինգրադ, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Մոսկվան խոստանում է մի քանի օրում վերլուծել իրավիճակը՝ նախքան պատասխան միջոցներ ձեռնարկելը։ «Այս որոշումն իրոք աննախադեպ է, դա ամեն ինչի խախտում է։ Մենք հասկանում ենք, որ դա կապված է Եվրամիության համապատասխան որոշման հետ, որ պետք է պատժամիջոցները տարածել տարանցման վրա։ Սա նույնպես ապօրինի ենք համարում», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, նախորդ ուրբաթ հայտնել էր շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովը։ Նրա խոսքով, նախնական գնահատականով, դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքը շինարարական բեռների, ցեմենտի, մետաղների և այլ ապրանքների մասին է։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:11 - 20 հունիսի, 2022
Տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներ Հայաստանի և Լիտվայի միջև

Տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներ Հայաստանի և Լիտվայի միջև

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:   Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող  ծրագրերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։   Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Լիտվայի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը, որը գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։   Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակներում հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը, նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։   Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում և Լիտվայում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններին։ Ռոբերտ Խաչատրյանն այդ ցանկում մատնանշել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որի ընթացքում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ։ Գիտությունն ու արվեստն իրար շաղկապող այս միջոցառման ընթացքում տեղի կունենան գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ՝ գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի ներկայացնելով հանրությանը։    Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հերթին ներկայացրել է Լիտվայում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ «ԲալթՏեխնիկա»-ն։    Կողմերը երկուստեք հրավիրել են միմյանց՝ պատվիրակությունների մակարդակով, մասնակցելու երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներին։   Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից՝ այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը հույս է հայտնել, որ լիտվական ընկերությունները ևս տեղեկացված կլինեն և կօգտվեն այդ հնարավորությունից։
17:01 - 13 հունիսի, 2022
ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել Մակեդոնիայում, Լիխտենշտեյնում, Լատվիայում։ Մասնավորապես, Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանին  համատեղության կարգով նշանակել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին համատեղության կարգով նշանակել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։ Իսկ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով նշանակել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
13:52 - 11 հունիսի, 2022
Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։ Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։ «Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։ Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։ Նորա Վանյան
15:14 - 22 մայիսի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամեն օր ռուսական և բելառուսական հազարավոր բեռնատարներ Ռուսաստանին մատակարարում են ապրանքներ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում: Մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ արգելելու ցամաքային բեռնափոխադրումների շարժը թե՛ Ռուսաստանից և Բելառուսից, թե՛ դեպի այդ երկրներ», - ասված է ԵՄ մյուս երկրներին ուղղված հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Լեհաստանի կառավարությունը։ Այն ստորագրել են Լեհաստանի, Էստոնիային, Լատվիայի և Լիտվայի վարչապետերը։ Նշված երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ «Որպեսզի այս երկու միջոցներն իսկապես արդյունավետ լինեն, դրանք պետք է միաժամանակ ձեռնարկվեն: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցները տրանսպորտային ոլորտում կսահմանափակեն Ռուսաստանի ագրեսիան շարունակելու հնարավորությունը»,- ասվում է նամակում։
21:34 - 24 մարտի, 2022
Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական և կադրային աջակցության համար։ Հանդիպելով միգրանտների հոսքին՝ Լիտվան իր միջոցներով սկսեց ցանկապատ անցկացնել Բելառուսի հետ սահմանին և օգնություն էր ակնկալում Բրյուսելից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, նրա խոսքերով, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։ Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանին անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։ Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ մնում է 7-ից 15 հազար միգրանտ, իսկ միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչև 2 հազար։
10:28 - 29 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու եւ հետեւողականության հարցերում: Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները եւ այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանն ու միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն ուղղված թեմաներին: Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը:
15:30 - 12 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև՝ կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։ Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։
17:23 - 02 հոկտեմբերի, 2021
Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|

Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենն օգոստոսի 24-27-ն այցով կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: «Պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը կուղևորվի Վիլնյուս, Մոսկվա և Կիև, որպեսզի հանդիպի այդ երկրների ղեկավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 27-ին Բիգենը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ իր գործընկերների հետ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ օգոստոսի 24-ին Լիտվայում հանդիպում է ունենալու Բիգենի հետ:
22:07 - 23 օգոստոսի, 2020