Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»: Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են: Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա: Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս: Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:
17:04 - 31 մայիսի, 2022
ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ |armenpress.am|

ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանում և տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախային ցուցանիշ: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացման ժամանակ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին: Երիցյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն վերջին կանխատեսումն արել է մարտ ամսվա դրությամբ, հաջորդը կարվի հունիսին: Նա ընդգծեց՝ գնաճն արդեն սկսել էր նվազել և պետք է հայտնվեր 6-6.5 տոկոսի շրջանակներում: «Այդուհանդերձ, նոր շոկեր կան՝ կապված տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Գնաճի մասով դրսից եկող հիմնական շոկը էներգակիրների թանկացումն է և տրանսպորտային արժեշղթաների խեղումը, որը աշխարհի մակարդակով լոգիստիկ ծախսերը բարձրացրել է: Այս պահին գնահատում ենք այս շոկերի ազդեցությունները: Չնայած այդ ազդեցությունները որոշակի առումով տեսնում ենք արդեն, վերջին ամսվա գնաճը նորից սկսեց դեպի վերև շարժվել, բայց մենք կարծում ենք, որ մեկ եռամսյակ հետո գնաճը նորից հակառակ ուղղությամբ կգնա»,- ասաց Երիցյանը: ԿԲ նախագահի տեղակալը նշեց՝ ԿԲ-ի քաղաքականությունը, տոկոսադրույքի բարձրացումն իր ազդեցությունն ունենալու է, միջին ժամկետում 12-ամսյա կտրվածքով, եթե այլ շոկեր չլինեն, գնաճը վերադառնալու է իր թիրախին. թիրախը 4 տոկոսն է, թույլատրելի շեղման չափը՝ + - 1.5  տոկոս: ԿԲ նախորդ կանխատեսման համաձայն՝ գնաճը թիրախին գրեթե վերադառնում էր: «Հիմա, երևի, նույն տեղաշարժը կլինի: ԿԲ-ն իր գործիքներով ի վիճակի է գնաճն արագ վերադարձնել իր թիրախին, ուղղակի դա մեր տնտեսության համար շատ ավելի ծախսատար կլինի: Ընդունված կանոն կա, եթե շոկն առաջարկի շոկ է, այսինքն՝ ծախքերն է ավելացնում, ապա ԿԲ-ն պետք է արձագանքի միայն երկրորդային էֆեկտների, որ գնաճը չարագանա: Այս պահի դրությամբ մեր իրականացրած քաղաքականությունն ապացուցել է, որ գնաճը չի արագանում, ետ է վերադառնում: Գնաճը կարագանար, եթե վերջին մեկ տարվա ընթացքում իր պիկից հակառակ ուղղությամբ չշարժվեր»,- ասաց Երիցյանը: Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ նախորդ կանխատեսման իրականություն դառնալը մի քիչ հետաձգվում է, բայց համոզմունք կա, որ գնաճը կսկսի վերադառնալ դեպի թիրախը այս տարվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ գնաճը կվերադառնա թիրախին:
16:06 - 31 մայիսի, 2022
Խորն անկումից հետո տնտեսությունը վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով. ԿԲ |armenpress.am|

Խորն անկումից հետո տնտեսությունը վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2020 թվականի խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացմանը: «2020 թվականի խորը անկումից հետո ՀՀ տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5,7 տոկոս մակարդակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պահանջարկի վերականգնմամբ, նաև որոշակի ներքին պահանջարկի աճի գործոններ են ի հայտ եկել: Ներքին աճը պայմանավորված է մասնավոր հատվածի սպառման  աճով, որին նպաստել են անցյալ տարվա ընթացքում կուտակված խնայողությունների բարձր մակարդակը և արտերկրից ներհոսող դրամական փոխանցումների աճը»,- ասաց Երիցյանը: Նա նկատեց՝ տարեվերջին թե´ ներմուծման, թե´ արտահանման աճն արտահայտվել է երկնիշ թվերով: ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց նաև, որ վարչարարության բարելավման և հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում հարկային եկամուտների գծով արձանագրվել է 14,6 տոկոս աճ: Հարկային եկամուտները ՀՆԱ-ում ավելացել են ընդամենը 0,3 տոկոսով, նախատեսվածը շատ ավելի շատ է եղել: «2021-ի պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 5,8 տոկոսով՝ պայմանավորված մասամբ ընթացիկ ծախսերի աճով, մինչդեռ կապիտալ ծախսերի գծով արձանագրվել է 4,1 տոկոս նվազում:  Ծախսերի անվանական աճն ուղեկցվել է ՀՆԱ-ում տեսակարար կշռի 1,9 տոկոսային կետով նվազման: Կատարողականը բարձր է եղել, այդուհանդերձ, ծրագրի նկատմամբ ավելի ցածր է եղել, զգալիորեն զիջել է կառավարության ծրագրով տարվա համար նպատակադրված թիրախը»,- ասաց Երիցյանը: ԿԲ-ն շեշտադրում է երկարաժամկետ ներուժային աճի համար ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված պետական ծախսային ռազմավարության հրամայականը: Խոսքը վերաբերում է տնտեսական աճի ներուժի բարելավմանը, որով հնարավոր կլինի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել 60 տոկոսից ավելի ցածր:  «2021-ի հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և դրամավարկային քաղաքականության արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է  եղել ապահովել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը: Մի կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականությունը կարևորել է համավարակի և Արցախյան պատերազմի բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականությունը, մյուս կողմից՝ պարտքի բեռի նվազման ճանապարհով նախապայմաններ ստեղծել հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության ապահովման համար: Այդուհանդերձ, ստեղծված տնտեսական իրավիճակում 2021-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված ծրագրերից: Այս համատեքստում ԿԲ-ն կարևորում է տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության որդեգրումը, սակայն շեշտադրում է տնտեսության երկարաժամկետ կայուն զարգացման համար պետական ծախսային ռազմավարության ճշգրտման անհրաժեշտությունը»,- ասաց Երիցյանը: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն ընդգծում է հարկային բարեփոխումների և բյուջետային կարգավորումների  բարելավման շարունակականության ապահովումը, ինչպես նաև  կառավարության նպատակադրած թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը:
15:29 - 31 մայիսի, 2022
ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը հնարավոր է համարում կանխատեսած 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայումը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ԱԺ նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը հետաքրքրվեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին ԿԲ-ից կողմից 1.25 տոկոսով բարձրացնելը ԿԲ նախագահը համարում է ճի՞շտ, եթե զարգացումները գնացել են դեպի դրական ուղղությամբ, միգուցե պետք էր ավելի քի՞չ: Գալստյանն արձագանքեց. «Զարգացումները դրական ուղղությամբ գնալը նպաստելու է գնաճային ֆոնի ավելի ուժգնացմանը»:  Նա նշեց, որ տնտեսությունը կարող է աճել ավելի բարձր տեմպերով՝ կանխատեսած 1.6 տոկոսի համեմատ: «Դա բավականին հնարավոր սցենար է, այս պահի դրությամբ նախնական թվերին նայելով՝ պատկերացում ունենք, որ 1.6 տոկոսի համեմատ կարող ենք ունենալ ավելի բարձր տնտեսական աճ: Եվ, եթե այդ բարձր տնտեսական աճի հետևում կանգնած են լինելու միջազգային այցելուների կողմից իրականացվող ծախսերը, որոնք հավելյալ պահանջարկ են ստեղծելու, գնաճային ֆոնը Հայաստանում ոչ թե թուլանալու է, որի արդյունքում մենք կկարողանանք տոկոսադրույք նվազեցնել և այլն, այլ գնալով գնաճային ֆոնն ուժգնանալու է, որին գումարվելու են արտաքինից եկող գնաճային ճնշումները, նաև ռիսկի պրեմիան: Այդ պարագայում տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայում կարող է տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը: Նա կարծում է, որ 1.25 տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ԿԲ քայլը ոչ միայն համաչափ էր, այլ՝ մեղմ:
16:30 - 24 մայիսի, 2022
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ-ից, առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Նշվում է, որ Կենտրոնական բանկի Խորհուրդը կարևորում է ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։ ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։
11:47 - 24 մայիսի, 2022
ՀՀ-ն մասնակցում է Սալվադորում կայանալիք Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպմանը

ՀՀ-ն մասնակցում է Սալվադորում կայանալիք Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպմանը

Ռուսական rbc.ru կայքի կրիպտոարժույթներին վերաբերող հարթակն այսօր հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ նշված է, որ Կենտրոնական բանկերի 32 եւ ֆինանսական ենթակառուցվածքների 12 ղեկավարներ կայցելեն Կենտրոնական Ամերիկայի երկիր՝ Սալվադոր, քննարկելու թվային տնտեսությանը, ֆինանսական ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաեւ Բիթքոինին վերաբերող հարցեր։ Հրապարակման մեջ նշված է, որ հանդիպման մասնակիցների թվում է նաեւ Հայաստանը։  Կայքը տեղեկությունը հրապարակել է՝ հիմնվելով Սալվադորի նախագահի թվիթերյան գրառման վրա, որտեղ վերջինս հայտնել է հանդիպման մասին։ Նա իր միկրոբլոգում նշել է մասնակից պետությունների անունները, որոնցում հիշատակվում է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի մասին։ RBK-ի հրապարակման մեջ շեշտադրումը հատկապես ուղղված է կրիպտոարժույթներին, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հանդիպման քննարկման առարկան դրանք են լինելու։ Նյութի վերնագիրն, օրինակ, այսպես է․ «44 երկրների ներկայացուցիչներ Սալվադորում կքննարկեն Բիթքոինին առնչվող հարցեր»։ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում այդտեսակ հանդիպման մասին հրապարակում առկա չէ։ Ուստի Infocom-ը ՀՀ կենտրոնական բանկից հետաքրքրվել է՝ ինչ հանդիպման մասին է խոսքը, արդյոք ՀՀ ԿԲ ներկայացուցիչը մասնակցելու է այդ քննարկումներին եւ արդյոք դրանք վերաբերելու են հատկապես կրիպտոարժույթներին։ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեր հետ զրույցում նշեցին, որ խոսքը Թվային ֆինանսական ծառայությունների եւ ՓՄՁ ֆինանսների աշխատանքային խմբի հանդիպման մասին է։  Ֆինանսական ներառականության դաշինքի՝ AFI-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսում են տետատետ հանդիպումները եւ հյուրընկալում Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբի (DFSWG) 25-րդ հանդիպումը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման աշխատանքային խմբի (SMEFWG) 18-րդ հանդիպումը Սան Սալվադորում։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կայանալիք քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տալու զարգացնել կարողությունները, առանձնացնել խնդիրները եւ այլն: Շեշտվում է, որ հանդիպումները նաեւ համընկնում են Էլ Սալվադորի՝ վերջերս մեկնարկած ֆինանսական ներառման ազգային ռազմավարության հետ, որը որպես առաջնահերթություն ունի թվայնացումը եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը: Ինչպես մեր զրույցում մեկնաբանեցին ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ այս միջոցառումը հերթական աշխատանքային խմբերի հանդիպումն է, որը, ինչպես տեսնում ենք նաեւ հաղորդագրությունից, հատուկ կրիպտոարժույթներին չի վերաբերում։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչ մասնակցելու է այդ աշխատանքային խմբերի հանդիպմանը, որոնցում, ի թիվս այլնի, գուցե քննարկումներ լինեն նաեւ կրիպտոարժույթների վերաբերյալ Հանդիպումները տեղի են ունենալու մայիսի 16-19։
18:08 - 16 մայիսի, 2022
ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի: Ուկրաինայի հետ առևտուրը մոտ է զրոյին, սակայն ծավալներն ինչ-որ կերպ լրացվելու են: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով առևտրի և Ռուսաստանի տնտեսության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա: «Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որտեղ 800 մլն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 մլրդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1.5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի»,-ասաց Խաչատրյանը: ԿԲ-ն, սակայն, վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առևտրային հաշվեկշռի տեսանկյունից դեռ վերջնական գնահատական չի տվել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առևտրի փոփոխությունը: Հայաստանն Ուկրաինայի հետ ունի ոչ մեծ ծավալի առևտուր՝ 160 մլն դոլարի, որից 120 միլիոնը ներմուծումն է: «Դա, եթե չի զրոյացել, ապա զրոյին մոտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ներմուծման և արտահանման ծավալները, բնականաբար, ինչ-որ կերպ լրացվելու են այլ ճանապարհներով: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի տնտեսության կանխատեսումներին՝ ԿԲ նախագահի տեղակալն ասաց.  «ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները մեզ մոտ, բնականաբար, բացասական են, կանխատեսել ենք 8 տոկոսի չափով: Սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15 տոկոս, 6-7 տոկոս, շատ տարբեր կանխատեսումներ»: Ռուսաստանը երկնիշ՝ մոտ 15 տոկոս գնաճ ունի, որը արդյունք է մեծ անորոշությունների և ռուբլու փոխարժեքի արժեզրկման: Վերջին շրջանում իրավիճակի կայունացման հետ և ռուբլու փոխարժեքի փոփոխության հետ կապված՝ կլինեն փոփոխություններ:
11:52 - 16 մայիսի, 2022
ՀՀ ԿԲ-ն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առանց լիցենզիայի ընկերության կողմից միջոցներ ներգրավելու մասին

ՀՀ ԿԲ-ն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առանց լիցենզիայի ընկերության կողմից միջոցներ ներգրավելու մասին

Առանց լիցենզիայի «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ի կողմից հրապարակային եղանակով դրամական միջոցներ ներգրավելու գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից։ «Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով«- ասվում է հաղորդագրության մեջ: Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է  դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով։ «Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին»,- հայտնում են ՀՀ ԿԲ-ից՝ հավելելով, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը հասանելի է ԿԲ պաշտոնական կայքում:
18:52 - 25 ապրիլի, 2022
Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ համակարչի օգնությամբ կատարված հանցագործություններին առնչվող քրեական գործերի ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը: Որպես կանոն, նշված բնույթի  հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Մասնավորապես՝ հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում: Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց Իդրամ վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, հանցագործները փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարները: Ապա էլեկտրոնային դրամապանակների միջոցով հիշյալ անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները: Առանձին դեպքերում հանցանք կատարած անձինք այլ անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության: Եվ նրանց անվամբ առցանց ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը նրանք փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել են: Վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այդ գործառնությունների անվտանգության մեխանիզմները հանցավոր պրակտիկայում հաղթահարելու առկա հնարավորութունները, այդ մեխանիզմների չկատարելագործված լինելը. օրինակ, էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը: Այսինքն դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնելը, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, կարող են նպաստել նման դեպքերի կանխմանը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացված եղանակով կատարվող հանցագործությունները նախականխելու, կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:
17:35 - 23 մարտի, 2022
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան
 |news.am|

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: 2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ին պարենի համաշխարհային շուկաներում, կարելի է սպասել, որ պայմանավորված էր կովիդի եւ դրա հետեւանքով նաեւ արժեշղթաների որոշակի վերադասավորումներով ամբողջ աշխարհում. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քիչ տարբեր է, մի քիչ կապ ունի տարածաշրջանային աանորոշությունների հետ, մեր հիմնական մատարարողների կանոնավորության հետ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք միջինժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն գնանք 3-5 ամիս առաջ եւ հետո հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերը ինքնակարգավորվել են»,-ասաց ֆինանսների նախարարը:
16:49 - 21 մարտի, 2022
«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է ամբողջ ծավալով հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագիր իրականացնի՝ խուսափելու համար տնտեսական անդառնալի կորուստներից, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորն անհասկանալի է համարում՝ ինչո՞ւ է գործադիրն այս իրավիճակում հապաղում կոնկրետ քայլերի իրականացումից, որոնք կարող են կանխել իրավիճակի սրացումը։ «Անհասկանալի է, որ կառավարությունը օր առաջ լիարժեք հակաճգնաժամային ծրագիր չի բերում, որովհետև իրապես մենք նորից մտնում ենք, փաստ է դա, տնտեսական ճգնաժամի մեջ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում՝ Հայաստանի տնտեսությունն արդեն բարդ իրավիճակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ ​ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ հայտարարեց՝ այդ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին։ Այդ է պատճառը, որ գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս։ «Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում, միակը, որը որ որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու մեր նախկին կանխատեսումների համաձայն, դա գյուղատնտեսության ճյուղն է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը։ Թադևոս Ավետիսյանն այս իրավիճակում առաջին հերթին պետական բյուջեի հրատապ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։ Այլ իրավիճակի համար նախատեսված միջոցները կոնկրետ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցառումներին պետք է հատկացվեն, ասում է Ավետիսյանը․ - «Այնտեղ կան բազմաթիվ ծրագրեր, միջոցներ նախատեսված, որոնք, մեղմ ասած, տվյալ պահի պոպուլիստական մղումներից դրդված նախատեսվել են և դրանք սովորական իրավիճակում գուցե հասկանալի լինեն, էս իրավիճակում ամբողջապես պետք է նաև նպատակն էս նոր իրողություններին համարժեք լինի, պիտի վերանայվեն այդ ծրագրերը և տնտեսական կոնկրետ խթանիչ, մտածված ծրագրեր»։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:03 - 16 մարտի, 2022
ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ |armenpress.am|

ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի: Այս մասին վստահեցրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական բանկերն ի՞նչ խնդիրներ ունեն SWIFT համակարգից Ռուսաստանյան բանկերի անջատման արդյունքում: Նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Գալստյանը կարճ էր պատասխանել՝ ծանր: Նրա խոսքով՝ այդ պատասխանից հետո  ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ: «Կարծում եմ՝ ճիշտ է, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,-վստահեցրեց Գալստյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերն էլ, ԿԲ-ն էլ ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին՝ նա հիշեցրեց, որ հաղորդագրություն են տարածել, որով պնդում են, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո: Կան որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված ևս որոշակի լուծումներ փորձում են գտնել բանկի հետ համատեղ, և մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն: Ռուսաստանի տնտեսության անկումը, ՀՀ ԿԲ-ի գնահատականներով, մոտ 6 տոկոս է լինելու: Դա էական ազդեցություն ունի ՀՀ-ի վրա: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵՄ-ն SWIFT համակարգից անջատել է ռուսական մի շարք բանկերի:
17:32 - 15 մարտի, 2022
ՀՀ բոլոր բանկերն իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով. ԿԲ-ն՝ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

ՀՀ բոլոր բանկերն իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով. ԿԲ-ն՝ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից, Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։   Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։   SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա, հիմնականում՝ խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։   ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։   Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները։   Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն, պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։   Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա   Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործարքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։   Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա   Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։   Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունությունը, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։   Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա   Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։   Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։   Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա   Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը՝ բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկը առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։   Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա   Ապրանքների ֆիզիկական շարժը այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկը ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։   Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա   ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով»,- նշված է ԿԲ-ի վերլուծության մեջ։    
19:50 - 01 մարտի, 2022