ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ «ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասված է գրառման մեջ: Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ: Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի: «Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին։ Հայ ժողովրդին պարտության մատնած և կապիտուլյացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»: ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»: Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»: Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանականից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»: Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: «Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»: Ներկայիս իշանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»: Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
17:17 - 20 նոյեմբերի, 2020
ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում ուսանողների ընթացիկ քննությունները չեն չեղարկվի։ Նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում ուսանողները կհանձնեն իրենց ընթացիկ քննությունները։ Որոշումն այսօր կայացվել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստի ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ռեկտորատի որոշումը՝ ընթացիկ քննությունները նոյեմբերի 2-7-ն անցկացնելու վերաբերյալ, մի շարք ուսանողների դժգոհության պատճառ էր դարձել։ Նրանք հայտնել էին, որ պատերազմ է, բոլորը լարված են, ոմանք կամավորագրվում են՝ սահման մեկնելու համար։ Բացի այդ, համավարակի պատճառով դասերը հեռավար են անցնում, կրթության որակը տուժում է, քննություն չեն կարող հանձնել։ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել էին Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով։
15:01 - 22 հոկտեմբերի, 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։ Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։ Բնականաբար, Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։ Բնականաբար, Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է»։
12:55 - 17 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 17 սեպտեմբերի, 2020
Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: Ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող: «Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
15:40 - 15 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները
 |iravaban.net|

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները |iravaban.net|

iravaban.net: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում ընդունված Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի վերաբերյալ (նախատեսվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորում ու Սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացում) Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը հարցազրույց է ունեցել Aravot.am-ի հետ։ Հարցազրույցը վերանգրված էր․ «ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմանը «կողմ» քվեարկած անձինք սկսել են պետականության ապամոնտաժումը. Վարդան Այվազյան»։ Հարկ է նշել, որ Այվազյանն այս հարցազրույցում թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ պարունակող հայտարարություններ՝ դրանով իսկ գցելով Մայր բուհի` Երևանի պետական համալսարանի համբավն ու պատիվը, հնչել են նաև մասնագիտական առումով փաստազուրկ, որոշ հատվածներում՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հասցեին անգամ վիրավորական բնույթ կրող արտահայտություններ։ Մեջբերենք մի քանի հատվածներ․ «Ի՞նչ խնդիր է դնում իշխանությունը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորելով մեկ՝ Գերագույն դատարանում, պատասխանեց. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»: Նշված հատվածում, առնվազն հասկանալի չէ, թե երկու դատարանների միավորման արդյունքում ինչու՞ են քաղաքացիները զրկվելու բանականությունից։ Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցն այսպիսի համեմատություն է անում. «Երբ, ասենք, բժիշկը այնքան գրագետ է, որ կորոնավիրուսով հիվանդին բուժելու ժամանակ, արհեստական շնչառական ապարատը հիվանդի քթին կամ բերանին միացնելու փոխարեն, հետույքին է միացնում»:   Հատկանշական է, որ գոնե վերջին ամիսներին՝ կորոնավիրուսվ պայմանվորված, Հայաստանում հասարակությունը շատ ավելի բարձր է սկսել գնահատել բուժաշխատողի աշխատանքը և նման համեմատությունը՝ հիվանդ, անօգնական, կյանքի և մահվան կռիվ տվող մարդուն թթվածնային սարքով ապահովելու հետ կապված արտահայտությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408 – Ն որոշման համար 1 հավելվածով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը։ Կանոնադրության 103-րդ հոդվածում նշվում է, որ ԵՊՀ-ի ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները: 107-րդ կետում նշվում է, որ ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք։ 131-րդ կետով էլ սահմանվում է, որ ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են`-պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները,-մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում,-կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ: Այս առումով մասնագիտական հանրությանը հետաքրքիր կլինի իմանալ, թե վերջին անգամ ե՞րբ է մասնագիտական այդ թվում մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատարաստում անցել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԵՊՀ գիտական խորհրդի 2015 թվականի մարտի 26-ի N 6/2 որոշմամբ էլ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմանդրամի ներքին կարգապահական կանոնների նոր խմբագրությունը։ Ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետում նշվում է, թե ինչ պարտավորություններ ունեն ԵՊՀ աշխատողները․ այդ թվում՝ -կատարել Աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտերով նախատեսված պարտականությունները, -բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը,   – աշխատավայրում իրենց պահել արժանավայել՝ հետևելով հասարակության համակեցության կանոններին։ Ցավալի է, բայց փաստ՝ Մայր բուհի ամբիոններից մեկի վարիչը՝ գիտամանկավարժական աշխատանք կատարող անձը, թույլ է տալիս ոչ օրինակելի վարքագիծ, արտահայտում մասնագիտական էթիկային ոչ հարիր արտահայտություններ, ինչը, վստահաբար, ոչ միայն պատիվ ու հեղինակություն չի բերում ԵՊՀ-ին, այլ նաև` խոցելի է դարձնում մայր բուհի պատիվն ու հեղինակությունը։ Այլ մեջբերումներ հարցազրույցից․  «Պետականությունից զրկվելն էլ հանգեցնում է ազգային ինքնության կործանման եւ պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ, սմարթֆոնների, այֆոնների մենյուներով: Հիմա, ըստ էության, հանձնաժողովի այդ ութ անդամները, որոնք «կողմ» են քվեարկել, սկսել են պետականության ապամոնտաժումը»: «Սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը եւ ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից եւ պատասխանատվությունից, ընդ որում, սա համաշխարհային թրենդ է համարվում: Սրա դեմը, եթե մենք չառնենք, ապա շատ վատ հետևանքներ կունենանք ազգային անվտանգության առումով»: «Մեզ մոտ կա բանականության մթագնում`շիզոֆրենիա՝ առանց հասկանալու, առանց ջանք գործադրելու, առանց գիտելիք ստանալու՝ խայտառակ, անհասկանալի փորձարարություն կատարել պետության և հասարակության նկատմամբ: Դա ամենածանր հանցագործությունն է»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ պատրաստ է Սահմանադրական բարեփոխումների՝ այս համակարգին «կողմ» քվեարկած անդամների հետ, իրենց իսկ նախընտրած հեռուստաընկերությունում, ուղիղ եթերում բանավիճել եւ ապացուցել նրանց սնանկությունը:    Վերոնշյալը փաստարկում է, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը թույլ է տվել մասնագիտական էթիկայի կանոնների խախտումներ` դրանով իսկ խախտելով առնվազն ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետով նախատեսված ԵՊՀ-ի պատիվն ու հեղիանկությունը բարձր պահելու դրույթը: Ուստի ԵՊՀ-ի ղեկավարությունը, պարտավոր է ԵՊՀ-ի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների համաձայն գնահատական տալ սույն նյութում նշված փաստերին և քննարկել Վարդան Այվազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ վերջինս էլ, կարծում ենք, պետք է ցուցաբերի մասնագիտական խիզախություն և ներողություն խնդրի մասնագիտական հանրությունից, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից: Իրավաբան.net-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Այվազյան, ձեր հարցազրույցում մի քանի արտահայտություններ կան, որոնք կողքի հայացքից բավականին վիրավորական, ինչու ոչ՝ նաև էթիկայից դուրս են թվում, համեմատություն կա բժշակական միջամտության հետ կապված և այլն։ Ըստ ձեզ, դուք էթիկայի որևէ կանոն խախտե՞լ եք։  -Ասեմ ձեզ, որևէ կանոն չեմ խախտել, և եթե որևէ մեկը դրանից վիրավորված է և կարծում է, որ կանոն է խախտվել, կարող են իրավական գործիքակազմով իրենց խախտված իրավունքնեը պաշտպանել։ Ես գտնում եմ, որ էթիկայի ոչ մի կանոն չի խախտվել։ -Խոսք է գնում նաև մասնագիտական հանձնաժողովի անդամների, մասնավորապես «կողմ» քվեարկած անդամների վեարբերյալ, եթե որևէ պահանջ լինի, դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել հանձնաժողովից։ -Բացարձակապես, իհարկե ոչ։ Որ հանձնաժողովին հրավիրել եմ բանավեճի, պիտի հանձնաժողովից ներողություն խնդրե՞մ, էս ի՞նչ մանկամտություն ա, կներեք։ Ես ուղղակի չեմ հասկանում, եթե բողոքներ կան, թող իրենք դիմեն համապատասխան մարմիններին, ես կպատասխանեմ, հիմա ասենք ինչա նշանակում ներողություն խնդրել և այլն։ Ձեզ դիմե՞լ են իրենք։ -Ինձ չեն դիմել, պարոն Այվազյան, ես որպես լրագրող Ձեզ եմ հարց ուղղում, ու ուզում եմ հստակեցնել՝ իմ հա՞րցն էր Ձեզ համար մանկամտություն։  -Չէ հիմա դուք արդեն սկսում եք խոսքերի վրա, և այլն, հիմա կոնկրետ ձեր ուզածը ի՞նչ ա, ասեք, ես ասեմ։ Ես որևէ մեկից չեմ պատրաստվում ներողություն խնդրել, եթե գտնում են՝ իրենց շահերը ոտնահարված են, ասացի՝ իրենք էլ իրավաբան են, թող իրենց իրավական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանեն։ -Ես լրագրող եմ, ես իմ հարցն եմ ուղղում ու իմ հարցի պատասխանն էի ուզում լսել, ինչը առաջին հենց բառից տվել եմ։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ -Խնդրեմ։
10:46 - 06 սեպտեմբերի, 2020
Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան

Չեմ առաջադրվել և չեմ առաջադրվելու ռեկտորի պաշտոնում․ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյան

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ լրագրողների հետ հանդիպման նպատակն է ներկայացնել իր պաշտոնավարման ընթացքում իրականացված գործընթացները, որոնք կփաստեն, որ այս ընթացքում կառավարման ճգնաժամ չի եղել, ինչպես շրջանառվում է մամուլում: Նրա փոխանցմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում սահմանվել են դասախոսների մասնագիտական կոմպետենցիաները, կրթական համակարգում ներդրվել է հետազոտական բաղադրիչ, մագիստրատուրայում ներմուծվել է պրակտիկա, իրականացվում է կրթական ծրագրերի մոնիթորինգ: Բացի դրանից՝ Գ. Գևորգյանի փաստմամբ, ԵՊՀ-ում հաշմանդամություն ունեցող բոլոր ուսանողներին տրամադրում է օգնություն, իսկ այդ օգնությունն իրականացնող աջակիցները վարձատրվում են: Նա նշեց նաև, որ 2020 թ. անցկացվել և ամփոփվել է «ԵՊՀ լավագույն դասախոս» մրցույթը, որի արդյունքում հաղթող յուրաքանչյուր դասախոսի տասը դասախոսություններ կձայնագրվեն: Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև հեռավար ուսուցումը ԵՊՀ-ում կազմակերպելու գործընթացին՝ ասելով, որ դեռևս անցած կիսամյակից դասընթացներ են կազմակերպվել դասախոսների համար, իսկ ուսանողների համար՝ պատրաստվել տեսաուղեցույցներ: Նա փաստեց, որ ուսումնական այս տարվանից հեռավար ուսուցումն իրականացվելու է միայն www.e-learning.ysu.am հարթակում, որտեղ ներդրված է անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական ձեռքբերումներին և խոսեց համավարակի պատճառով կրած կորուստների մասին: Վարձավճարների թանկացման և ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելով՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնվել էր իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն, իսկ վարձավճարների թանկացման պատճառը գումարի անհրաժեշտությունն է: Նրա խոսքով, վարձավճարների բարձրացումից գոյացած գումարն ուղղվելու է դասախոսների աշխատավարձի բարձրացմանը:   Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն ևս մեկ անգամ նշեց, որ չի առաջադրվել և չի առաջադրվելու ռեկտորի պաշտոնում: Նրա կարծիքով, ռեկտորը ոչ թե պետք է ընտրվի, այլ նշանակվի: Նա պարզաբանեց նաև իր հնչեցրած այն միտքը, թե ինքն այս պաշտոնում ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել՝ ասելով, որ բուհը պետական կառույց է, որի սեփականատերը պետությունն է, իսկ ընտրվող ռեկտորը պետք է ունենա իշխանության աջակցությունը. «Իշխանությունն իրավունքի ունի հայտնելու իր կարծիքը, որը երևում է քվեարկությամբ»: Հարցին, թե ինքը տեղյակ էր, որ իր՝ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում առաջադրվելը և ընտրվելը օրենքի խախտում էր, քանի որ երկու պաշտոններ չի կարելի համատեղել, Գեղամ Գևորգյանը նշեց, որ այդ ժամանակ տեղյակ չի եղել, և պատասխանատուն էլ ինքը չէ, այլ ԵՊՀ ՀԽ-ն, որն այդ ժամանակ գուցե նույնպես տեղյակ չէր: Գեղամ Գևորգյանը հերքեց այն լուրերը, թե քննարկումներ են եղել ԿԳՄՍՆ-ում, որոնց ընթացքում իրեն առաջարկել են մի շարք քայլեր իրականացնել ԵՊՀ-ում, իսկ ինքը մերժել է՝ ասելով, որ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դրանք չի անի: Նա ժխտեց նաև այն լուրերը, թե իբր իր բոլոր քայլերը համաձայնեցրել է իշխանության հետ:   Մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը ստորև.    
15:32 - 02 սեպտեմբերի, 2020
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Միքայել Մալխասյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Օգոստոսի 25-ին կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստը, որի օրակարգում երեք հարց էր: Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր, իսկ երկրորդը՝ քարտուղարի։ Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Լրատվամիջոցներին թույլ չէին տվել լուսաբանել ՀԽ նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող: Նիստից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն արգելել լրագրողների մուտքը: «Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել, եթե դա հնարավոր լիներ տեխնիկապես: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ: ԵՊՀ լրատվական ծառայությունն ամբողջությամբ տեսագրել և ձայնագրել է, այդ ամենը հասանելի կլինի համալսարանի կայքում»,- նշեց Անդրեասյանը: ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ամոբղջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ուղղությամբ:
16:29 - 25 օգոստոսի, 2020
Մենուա Սողոմոնյանը առաջարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկել երկու անդամի լիազորությունների դադարեցման հարցը

Մենուա Սողոմոնյանը առաջարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկել երկու անդամի լիազորությունների դադարեցման հարցը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվականը։   Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների սույն խորհրդի կազմավորման և գործունեության մեջ կան իրավական բնույթի խնդրահարույց կողմեր, որոնք նույնիսկ կարող են կասկածի տակ դնել խորհրդի կողմից կայացվող որոշումների լեգիտիմությունը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ քննարկել ներկայացվող հարցը՝ այն ընդգրկելով օրակարգի մեջ՝ առաջարկված հարցերից առաջ։ Խորհրդի որոշ անդամների նշանակման ու գործունեության հետ կապված՝ առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ։ Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների՝ նման խորհուրդների նույնիսկ մեկ անդամի նշանակման իրավական հիմքի խախտումն առ ոչինչ է դարձնում խորհրդի ցանկացած որոշում։ Պարոն Վահան Պապիկյանը Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով կառավարության գործերի կառավարչի պաշտոնը։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Օրենքի հաջորդ հոդվածները, ըստ այդմ, մանրամասն թվարկում են, թե որ պաշտոններն են համարվում համապատասխանաբար քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (հոդվածներ՝ 5-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ պաշտոններից ոչ մեկի մեջ չի ընդգրկվում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնը։ Այն կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հստակ տարբերակում է այդ երկու խումբ պաշտոնները)։ Սա կարելի է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ նախկինում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում էր «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը, որը ներկայումս փաստորեն փոխարինվել է «պետական պաշտոնատար անձ» հասկացությամբ, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գործող օրենսդրությամբ ամբողջությամբ համարվել են հանրային ծառայողներ, ուստի գործող օրենսդրությունը տարբերակում է դրել պետական պաշտոն ունեցող հանրային ծառայողների և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի միջև, քանի որ ըստ պաշտոնի հանրային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնողների (պետական պաշտոնների) համար առկա են ավելի խիստ սահմանափակումներ և այլ կարգավորումներ։ Ուստի այս համատեքստում ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։ Գևորգ Մուրադյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդում անդամ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից՝ որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ կամ համալսարանի հետ համագործակցող գործատու։ Ընդ որում՝ Գևորգ Մուրադյանն այդ կարգավիճակում առաջադրվել է՝ լինելով մեր հասարակության շրջանում բոլորովին անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր։ Հարգելի՛ գործընկերներ, փորձենք հասկանալ «Մետրիկա» ՍՊԸ-ի ճանաչվածությունը, ԵՊՀ-ի գործատու լինելու ներուժը և Գևորգ Մուրադյանի՝ բիզնեսի ոլորտում կայացվածության աստիճանը։ Մարդու գործունեությունը որոշվում է նրա նախապատվություններով։ Նախ՝ Գևորգ Մուրադյանը մինչև 2018 թվականի գարունը զբաղեցրել է պետական պաշտոն, 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ համամասնական ցուցակում՝ փաստորեն ներկայացնելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ։ Բայց երբեք տնտեսական գործունեությամբ հայտնի չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է պետական պաշտոնի հետ։ Երկրորդ՝ չնայած իմ համառ ջանքերին, և ես համոզված եմ, որ այլ գործընկերներ ևս ջանքեր գործադրած կլինեն այդ ուղղությամբ, «Մետրիկա» ՍՊԸ-ի՝ մեր երկրի տնտեսության մեջ ունեցած դերի, նրա տված տնտեսական արդյունքի վերաբերյալ ոչինչ չեմ գտել։ Այդ ՍՊԸ-ն իր գործունեության ծավալներով ու գրանցած արդյունքներով չի կարող համարվել ո՛չ ԵՊՀ գործատու, ո՛չ տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ։ Եթե փորձենք ինտերնետում փնտրել այդ ՍՊԸ-ն, ապա դրա գործունեության մասին չկա տեղեկատվություն, ավելի շատ նյութեր կհայտնվեն՝ «Մետրիկա» ՍՊԸ-ն հիշատակելով հենց նրա հիմնադրի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կամ անդամ դառնալու կապակցությամբ։ Այսինքն՝ ոչ թե «Մետրիկա» ՍՊԸ-ն է  հայտնի դարձրել Գևորգ Մուրադյանին, ինչի շնորհիվ նա հայտնվել է այս խորհրդում, այլ Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվելն է հայտնի դարձրել «Մետրիկա» ՍՊԸ-ն։ Ուստի սրանով բացահայտ խախտվում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը։ Գևորգ Մուրադյանը, անդամակցելով նաև Հոգաբարձուների նախորդ խորհրդին, ոչ միայն չի պահպանել ֆիդուցիար պատասխանատվության իր շրջանակը, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ։ Ֆիդուցիար պատասխանատվությունն իրավաբանության մեջ գոյություն ունեցող սկզբունք է, որը սահմանում է, որ հաստատության, իրավաբանական անձի պաշտոնյան, խնամակալը (իսկ հիմնադրամի հոգաբարձուն այդ իսկ հիմնադրամի խնամակալն է) պետք է բացառապես իր խնամակալությանը հանձնված հաստատության շահերից բխող գործունեություն վարի և չառաջնորդվի որևէ այլ շահերով, դիրեկտիվներով կամ անձնական շահերով։ Գևորգ Մուրադյանը, որը 2018 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մարտը՝ մեկուկես տարի, եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հակառակ իր խոստման՝ «մեծ նպաստ բերել համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար, ավելի ինտենսիվ անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստերը, պարբերաբար հանդիպումներ ունենալ դասախոսների և ուսանողների հետ…», ոչ միայն չի կատարել համալսարանի զարգացմանն ուղղված որևէ նշանակալի կամ ոչ նշանակալի քայլ, ոչ միայն բավարարվել է համալսարանում բարձրաստիճան պաշտոնների իր մտերիմներին նշանակել տալով, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ՝ մասնավորապես, առանց հիմնավորելու, խախտելով ֆիդուցիար պատասխանատվության սահմանները, առանց համապատասխան հետազոտական հիմքերի, առաջնորդվելով բացառապես հրահանգով ու կատարելով քաղաքական պատվեր, որոշում է անցկացնել տվել փակել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ սրանով հակադրվելով ԵՊՀ գիտխորհրդի որոշման տրամաբանությանը և անտեսելով ուսանողության պահանջներն ու բողոքները։ Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՊՀ կանոնադրության և իր աշխատակարգի, իրավասու է դադարեցնել իր անդամի կամ անդամների լիազորությունները։ Այս դեպքում ֆիդուցիար պատասխանատվության շրջանակի և նշանակման հետ կապված դրույթի խախտումը լուրջ հիմք է մի մասով Վահան Պապիկյանի, երկու մասով՝ Գևորգ Մուրադյանի լիազորությունները դադարեցնելու համար։ Ուստի, ելնելով վերը նշված փաստարկներից, առաջարկում եմ օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի՝ այս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը»։    Գևորգ Մուրադյանն ի պատասխան ասաց, որ թերևս լավ չեն ծանոթացել իր կենսագրությանը և հիշեցրեց, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Փաստեց, որ աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Զբաղվել է քվանտային տեխնոլոգիաներով, գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում, իսկ Վահան Պապիկյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել անդամակցությունից, եթե ներկայացված փաստարկներն ապացուցվեն: Հարցն օրակարգում ներառելու առաջարկությունը քննարկումների առիթ դարձավ: Անդամներից ոմանք փաստեցին, որ Գևորգ Մուրադյանը լավ դասախոս է, մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ չեն վիճարկվում Գևորգ Մուրադյանի անձը և գործունեությունը, այլ հարցը, թե ինչ հիմքով է նա ընտրվել ՀԽ անդամ. այն է՝  տնտեսության ոլորտի ներկայացուցիչ և համալսարանի գործատու: Քննարկման հիմք դարձավ նաև առաջարկությունն օրակարգում ներառելու քվեարկության ձևը. ՀԽ անդամներից մի մասը պնդեց, որ այն պետք է քվեարկել միանգամից, մյուս մասը՝ առանձին-առանձին: Ի վերջո, առաջարկությունը քվեարկության դրվեց միանգամից և չհաստատվեց ՀԽ անդամների կողմից: Քիչ անց Մենուա Սողոմոնյանը լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ իր կողմից բարձրաձայնված հիմնավորումները կներկայացնի դատական ատյաններում:
14:18 - 25 օգոստոսի, 2020
ԵՊՀ հոգաբարձուների նիստը լուսաբանել չի թույլատրվում պարետի որոշման պատճառով. ԵՊՀ ներկայացուցիչ |aysor.am|

ԵՊՀ հոգաբարձուների նիստը լուսաբանել չի թույլատրվում պարետի որոշման պատճառով. ԵՊՀ ներկայացուցիչ |aysor.am|

aysor.am: Քիչ առաջ ԵՊՀ բակում սպասող լրագրողներին մոտեցավ համալսարանի ներկայացուցիչը և նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա գտնվել վերջիններիս թույլ չեն տալիս պարետի որոշման պատճառով, այն է՝ դահլիճում 40 հոգուց ավելի չպետք է լինի:ԵՊՀ ներկայացուցչի խոսքով՝ խորհրդի անդամների թիվն արդեն իսկ 30-ից անց է, և իրենք անդամ չհանդիսացող բոլոր անձանց խնդրել են լքել նիստերի դահլիճը: Որպես փոխզիջումային տարբերակ՝ լրագրողներին մոտեցած անձն առաջարկեց կամ տեսախցիկները տեղադրել նիստերի դահլիճում և դրսում սպասել՝ մինչև միջոցառման ավարտը, կամ մեկ լրատվամիջոցի արտոնել ներսում գտնվել՝ հեռարձակումը վերջինիցս վերցնելու պայմանով:ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկեցին գոնե աթոռներ տեղադրել միջանցքում, որտեղից նիստին հետևելու հնարավորություն կունենան: ԵՊՀ ներկայացուցիչը խոստացավ այս առաջարկը ներկայացնել ԵՊՀ ղեկավարությանը և ավելի ուշ տեղեկացնել՝ հնարավո՞ր է գործընթացը նման կերպ կազմակերպել, թե ոչ:Մի քանի րոպե անց վերադառնալով՝ նշված անձը տեղեկացրեց, որ հոգաբարձուների կոլեգիալ որոշման համաձայն՝ նիստը կնկարահանվի ԵՊՀ լրատվական ծառայության կողմից, ինչից հետո տեսագրությունը հասանելի կլինի ԶԼՄ-ներին:ԵՊՀ ներկայացուցիչը, լսելով իր հայտարարությանը հետևած լրատվամիջոցների դժգոհությունը, թե ինչու են լրագրողների հրավիրում, եթե մուտքից ներս չեն թողնելու, առաջարկեց նման հարցադրմամբ դիմել ԵՊՀ մամուլի խոսնակին, ով էլ տարածել է միջոցառման հրավերը:
13:12 - 25 օգոստոսի, 2020
ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

tert.am: Ես չեմ հավատում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը օբյեկտիվ է լինելու կամ կայանալու է ռեկտորի թեկնածուների ծրագրերի համեմատություն, մրցույթ, տեսլականների միջև բախում, քննարկում: Այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, թե ընտրության ժամանակ գերակայելու է խմբակային շահը: «Իշխանությունը, որը խոսում է բուհական ինքնավարությունից, ակադեմիական ազատություններից, որևէ կերպ իր քայլերով համահունչ չէ իր հայտարարություններին: Կարող ենք ուղղակի նայել Հոգաբարձուների խորհրդի կազմը, որ հասկանանք՝ իշխանությունները գնալու են թիմային լուծման: Իշխանությունները խոսում են բուհական ինքնավարությունից, մինչդեռ համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր ոլորտների փոխնախարարներ, տարբեր պետական կառույցների ղեկավարներ, և այս կամ այն կերպ իշխանություններին մերձ կանգնած անձինք»,- ասաց Մելքոնյանը՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամների 50 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են: «Ենթադրում եմ նաև, որ իշխանությունը ոչ միայն այդ 50 տոկոսն ունի. կարծում եմ՝ համալսարանի կազմից ընդգրկվածներից 1-2-ը տարբեր շարժառիթներով քվեարկելու են իշխանության ընդունած որոշման օգտին: Ես կարծում եմ, որ լինելու է դասական սցենար, և ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու է Կառավարության ընդունելի թեկնածու»,- ասաց ռեկտորի թեկնածուն՝ ցավալի և մտահոգիչ որակելով այն հանգամանքը, որ իշխանությունները ներկայանում են իբրև որոշ արժեքների կրողներ, բայց անում են ճիշտ հակառակը: «Մենք տեսնում ենք տարբեր կապեր, հովանավորչություն: Չի կարող ընտրությունը համարվել օբյեկտիվ, երբ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով, իշխանությունների տերմինաբանությամբ, «ըստ օդում կախված լուրերի», շատ ջերմ հարաբերություններ ունի ռեկտորի թեկնածուներից Վահրամ Դումանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարածում է ԵՊՀ-ի զարգացման վերաբերյալ Դումանյանի հարցազրույցը: Սա համարել օբյեկտիվ՝ ուղղակի ճիշտ չէ: Նմանատիպ այլ դրսևորումներ ևս կան: Պետք չէր ներկայացնել սա որպես մեծ հեղափոխական փոփոխություն: Մեր կոլեգաներից ոմանք մի գաղափար էին առաջ քաշում, ես համաձայն չէի, բայց հիմա, ցավոք, համաձայն եմ՝ անգամ պետք չէ ռեկտորի պաշտոնի համար ընտրություններ անել, կարելի է ուղղակի նշանակել, որովհետև այս կամ այն կերպ, միևնույն է, ռեկտորը նշանակվում է»,-ասաց Մելքոնյանը: Անդրադառնալով ռեկտորի հետաձգված ընտրություններին և հարցին՝ արդյո՞ք ռեկտորի գրանցված հինգ թեկնածուները կմնան, թե՞ հնարավոր է նոր թեկնածուների առաջադրում, Մելքոնյանն ասաց. «Թեկնածուներիս մոտ էլ բազմաթիվ հարցեր և անորոշություն կա: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս ԿԳՄՍ նախարարության գործելաոճը հարցականներ առաջացնող է. տարբեր ժամկետների խախտումներ արդեն կան: Որքանով ինձ է հայտնի, գերակշռում է այն կարծիքը, որ պետք է գրանցված թեկնածուները մնան, և Հոգաբարձուների նոր խորհուրդն իրականացնի ընտրություն: Իրավական առումով էլ այդպես է. խորհուրդը փոխվում է, բայց այն գործառույթները, որ կան, վերաբերում են ընդհանրապես խորհրդին, ոչ թե փոփոխված անձերին: Թեև նախարարությունից տարբեր՝ ոչ դրական անակնկալներ կարելի է սպասել»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ռեկտորի թեկնածու և համալսարանական, որևէ ծանուցում չի ստացել ընտրությունների կայացման ու ժամկետների վերաբերյալ:Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։ Օրերս հաստատվեց համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի անդրանիկ նիստը կկայանա վաղը: Նիստի օրակարգում են Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Շարունակությունը՝ tert.am-ում
11:40 - 25 օգոստոսի, 2020
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից: Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին, իսկ ԵՊՀ ՈւԽ-ն՝ նույն ընթացակարգով ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներին: Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ բյուջեն, զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում և գնահատում է բուհի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը և իրականացնում կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ) Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ) Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) Ա. Հախումյան - Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Չուբարյան - Երևանի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. Դոկտոր Ս. Քելյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտ. թեկնածու Ն. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտ. թեկնածու Վ. Ոսկանյան - Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ  Մ. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Ա. Սողոմոնյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ Ա. Ավթանդիլյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Խ. Աբաջյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Շ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ա. Պողոսյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Հ. Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
15:41 - 09 օգոստոսի, 2020
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Այս մասին հայտնում են ֆակուլտետից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև իր անվստահությունը՝ աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով: «Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ՝ լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացված ծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, ձեռնպահ մնալով հարցի այդօրինակ քննարկումներից, ներկայացնում է ծրագրերը մերժելու մի շարք հիմնավոր պատճառներ: Ա) Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով. 1. Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։ Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով: 2. Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանությունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել է գրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է: 3. 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից: 4. Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում: 5. Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային: 6. Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ: Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով: 7. Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով: 8. Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով: 9. Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում», «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։ 10. Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատակադրումով: 11. Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով: 12. Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։ 13. Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգումները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի: 14. Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝ գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի: 15. Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում, չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին: Բ) Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով. 1. Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու: 2. Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։ 3. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից: 4. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։ 5. Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը: 6. Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։ 7. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ. • Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։ • Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։ • Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։ • Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։ • Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։ • Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործառական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։ 8. Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։ 9. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք: 10. Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առաջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ: 11. Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործելաոճի: 12. Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն: Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»։
14:00 - 02 օգոստոսի, 2020