Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար։ Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին։

1987-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1995 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, ապա դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ, ապա նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2000 թ.  նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը

 |armenpress.am|

Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շարունակում է դասակարգվել ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, սակայն  ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Առաջարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում: Այդ 324 մլրդ դրամի պակասուրդի ֆինանսավորման համար մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերներից, Համաշխարհային բանկից և մեր մնացած բոլոր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկային պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավումը որպես տարբերակ դիտարկում ենք:  Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա շեշտեց՝ ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում հենց այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին: Այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է սցենարը: Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ձևակերպմանը՝ Ջանջուղազյանն ասաց՝ առաջարկվում է, որ կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեքորեն արձագանքելու համար ծագող իրավիճակներին՝ այդուհանդերձ ունենալով որոշակի սահմանափակում: «Այդ սահմանափակումը տվյալ դեպքում պետական բյուջեի դեֆիցիտի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը»,-ասաց նա:
19:27 - 23 ապրիլի, 2020
2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան

2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան

2019 թակականի արդյունքներով մենք արձանագրել ենք, որ այն նպատակները, որ ունեին հարկաբյուջետային քաղաքականությունը  և պարտքի կառավարման ռազմավարությունը՝ իրականացվել են։ Մասնավորապես մեզ հաջողվել է ունենալ՝ տնտեսական աճի բարձր տեմբերի պարագայում, համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն և մենք ձևավորել ենք այն միջավայրը, որը թույլ է տվել ունենալ որոշակի հարկաբյուջետային տարածք նոր պարտք ներգրավվելու և ներգրավված պարտքի միջոցով հակզդելու այն բացասական սպասումներին, որոնք ակնկալվում է փոփոխված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին 2019 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքումա ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։  Վերջինս նշեց, որ 2019 թվականին ներդրվել է ծրագրային ձևաչափը և 2019 թվականի բյուջեի մասին օրենքում արդեն բյուջեի ծախսային մասը ներկայացված է եղել ծրագրային ձևաչափով։  «2019 թվականին առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները  մաս դարձան բյուջեի և ինչպես հայտնի է հաշվետու տարվա ընթացքում այդ հաշիվները դադարեցին գոյություն ունենալ։ 2019  թվականին մենք ունեցել ենք տնտեսական միջավայրի այնպիսի փոփոխություն, որ մենք համոզված ենք, որ նպաստում ենք մրցունակության աճին։ Ուղղակի հարկերի  բեռի փոփոխությունը պոտենցիալ է ձևավորում,որ զարգանա տնտեսությունը և տնտեսվարող սյուբեկտները»,- նշեց նախարարը։   Ջանջուղազյանն ընդգծեց, որ 2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ։ Սա այն պայմաններում, երբ  համաշխարհային տնտեսությւոնն աճել է 2․9 տոկոսով։ Նա նշեց, որ ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը կազմում է 1․6 տոկոս է։ «Տնտեսության աճի մեջ նշանակալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտը՝ 5․2 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1․9 կետով։    Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1․4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձն աճել է 5․8 տոկոսով»,- հավելեց նախարարը։ Ըստ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալների ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շոիրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։ Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ։ «Հաշվետու տարվա դիֆիցիտը կազմել է 64 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 1 տոկոսը, դա ավելի ցածր է քան ծրագրային ցուցանիշն էր։Պարտքի ցուցանիշը նույնպես եղել է կանխատեսելի միջակայքում ։ Ընդհանուր պետական պարտքը 2019 թվականին եղել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։  Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շուրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ»,- եզրակափակեց Ջանջուղազյանը։
14:51 - 23 ապրիլի, 2020
Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նախատեսված ռազմավարական ծրագրերը, կատարողականները կազմել են 90-100 տոկոս: Ըստ այդմ` 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է: Այնուհետեւ Կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են տարբեր բնագավառներում 2019թ-ին իրականացրած ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին, կարեւորել դրանց հրատապ լուծումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որեւէ ծրագիր: Մերի Գալստյանի հավաստմամբ` 2016 թվականին Գեղարքունիքի Ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել վերոհիշյալ ընկերությանը: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով: Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական էր: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:Պատգամավորն ընդունել էր կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ հեղինակը` ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվող փոփոխություններն արդեն իրականացվել են Կառավարության որոշմամբ, այդ իսկ պատճառով նա հետաձգել է նախագծի քվեարկությունը: Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջին ընթերցումից հետո երկու նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին տեխնիկական բնույթի առաջարկներ: Հեղինակների առաջարկով երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
17:29 - 07 ապրիլի, 2020
Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան |pastinfo.am|

Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարևորագույն նախադրյալ է ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին այսօր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա նշեց, որ Հայաստանն արդեն շուրջ 20 տարի ունի գնումների համակարգ և այդ 20 տարիների ընթացքում 4 օրենք է եղել, որը հնարավորություն է տվել կուտակել որոշակի փորձ, գիտելիք։ «Մենք չենք բավարարվել միայն նրանով, որ ինքներս մեր փորձի վրա ենք փորձում սովորել, այլ վերցրել ենք նաև մինչ այդ և այս ընթացքում կուտակված միջազգային պրակտիկան։ Փորձում ենք այդ բոլորը միմյանց հետ համադրելով սինթեզել մեզ համար լավագույն լուծումները»,-ասաց Ջանջուղազյանը։ Նա ընդգծեց, որ կա տեսակետ, թե բանկերը հաճախ կանխի դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից, որպես ապահովման միջոց տրամադրվող երաշխիքի և այդ դեպքերի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ, որ եթե կանխիկ դրամանական միջոց պատրաստ է մասնակիցը գրավադրել, ապա նա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախսի գանձապետարանում բացված հատուկ հաշվի փոխանցել կանխիկ միջոցները։ «Մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում, հետևաբար դրանից բխում է գնումների պլանավորումն ու դրա արդյունքում ստացված ծառայությունների, ապրանքների անհամարժեքությունը։ Պայմանական բոլոր պետական մարմիններն օգտագործում են նույն բաժակը, ստացվում է, որ յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այս բաժակն իր ճաշակով կարող է ձևակերպել»,-ասաց ֆինանսների նախարար
11:53 - 21 փետրվարի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը: ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը: Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
17:15 - 19 փետրվարի, 2020
Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր |armenpress.am|

Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգը ըստ էության նորմալ է գնահատում, սակայն չի ժխտում, որ կանխատեսումների որակի բարելավման կարիք միշտ կա: Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացմանը: Նա նախ տեղեկացրեց, որ հաշվեքննության արդյունքում ձևավորվել է միջոցառումների ծրագիր: «Եվ ենթադրում եմ, որ քայլերն իրականացնելով կմեղմենք որոշակի ռիսկեր, որոնք արձանագրվել են եզրակացության մեջ»,-ասաց Ջանջուղազյանը: Դիտարկումների մի մասն էլ այդ միջոցառումների ցանկի մեջ իր տեղը չի գտել զուտ այն պատճառով, որ կա կառավարության կողմից հավանության արժանացած պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն առաջիկա տարիների համար: Եվ դրանցում այդ հարցերին անդրադարձ կա: Անդրադառնալով հաշվեքննիչ  պալատի կողմից ներկայացված ռիսկերին` նա համաձայնեց, որ կանխատեսումների որակը միշտ բոլոր հարցերում պետք է բարելավվի: «Սակայն եթե ճշգրտորեն կարողանայինք մեր ծախսային ծրագրերը կանխատեսել,ապա դրամական հոսքերի կառավարման համատեքստում այդ կանխատեսումը կվերածվեր ընդամենը տեխնիկայի: Դրամական հոսքերի կառավարման համակարգը եղած տվյալների արժանահավատության պայմաններում նույնիսկ կարող է ավելին է, քան հնարավոր է: Ինչ-որ մեթոդաբանություն այդուհանդերձ կիրառվում է, և շատ էական շեղումներ չենք ունենում ռիսկի տեսակետից: Ռիսկ ասելով նկատի ունեմ, որ մեր գործողությամբ հոսքերը կառավարելիս ռիսկ չառաջացնենք, որ որևէ ծախսի համար ֆինանսական միջոցներ պահանջվեն, բայց մենք ասենք, թե դա ներդրել ենք այլ տեղ»,-ասաց Ջանջուղազյանը: Անդրադառնալով պետական պարտքի սահմանման վերաբերյալ պալատի դիտարկմանը` նա նշեց Պետական պարտքի մասին օրենքը տալիս է պարտքի մի սահմանում, որից դուրս է մնում պետական մասնակցություն ունեցող ընկերությունների պոտենցիալ պարտքը: «Այս ցանկը կարելի է ընդլայնել: Միայն պետական մասնակցությամբ ընկերությունները չեն, որ պետական բյուջեի վրա ռիսկ են պարունակում: Պակաս կարևոր չէ նաև հանրային կարգավորման տիրույթում գտնվող 0 պետական մասնակցություն ունեցող ընկերությունների մոտ առաջացող կամ պոտենցիալ ռիսկերը»,-ասաց նա ու նշեց` դրան կանդրադառնան ֆինանսների կառավարման ռազմավարության շրջանակում: Նախարարը հայտնեց, որ փորձ են անում ոչ թե պարտքի շրջանակը օրենքով սահմանելով լուծել հարցը, այլ  բացահայտել ռիսկերը: Սակայն նա չբացառեց, որ օրենքով այդ սահմանումը Անդրադառնալով նրան, որ Ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի միջև գործակալական պայմանագիրը հրապարակված չէ` նախարարը նշեց, որ իրենք չեն կենտրոնանում նրա վրա, որ այդ անպայման պետք է  հրապարակված չլինի: «Հիմա քննարկում ենք նաև այդ նույն գործակալական պայմանագրում փոփոխություններ: Եթե օրենսդրական որևէ սահմանափակում չունենաք, ապա այն կհրապարակվի»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցրեց, որ թաքցնելու որևէ բան չունեն:
17:46 - 18 փետրվարի, 2020
«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը: Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման և հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետևյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես և այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ է պետք անել՝ այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար: Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից և ընդհանրապես որևէ տեղից չի գողանում, և ոչ միայն կառավարությունը, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերևից ներքև: Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն: Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով: Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմաններն ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»: Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, և այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաև մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով:
15:22 - 18 փետրվարի, 2020
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին և քննարկել ոլորտային ռազմավարությունների մշակման և դրանց ներդաշնակեցման միջոցով սահմանվող առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները: Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա: Նա անդրադարձել է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության և հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը և կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը: Նախարարը կարևորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում:
11:12 - 10 դեկտեմբերի, 2019
ՀՀ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով |civilnet.am|

ՀՀ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով |civilnet.am|

civilnet.am: ՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, iսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը: Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը: Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%: Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով ու այդ խնդիրը լուծել», - ասաց ֆինանսների նախարարը:
10:00 - 08 դեկտեմբերի, 2019
Այս տարի պետպարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան նախատեսել էինք, իսկ 2020-ին սպասվող պիկը չի լինի.Ջանջուղազյան |news.am|

Այս տարի պետպարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան նախատեսել էինք, իսկ 2020-ին սպասվող պիկը չի լինի.Ջանջուղազյան |news.am|

news.am: Այս տարեվերջին մենք 2019-ի թվականի բյուջեում կանխատեսված պետական պարտքից ավելի ցածր պարտք կունենանք, որովհետեւ մենք ավելի ցածր ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով, բացի նրանից, որ մենք կունենանք պետական պարտքի ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաեւ պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր ցուցանիշ: «Մենք կանխատեսել էինք 2019-2021 թվականների միջնաժամկետ ծրագրով, որ պետական պարտքի ցուցանիշը աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքեւ, բայց այդուհանդերձ, 2019-ին կլինի 50 տոկոսից բարձր, բայց հիմա կարծում ենք, որ այն տարեվերջին կլինի 49 տոկոսից փոքր ինչ ավելի: Իսկ 2020 թվականի բյուջեով ակնկալում ենք, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 48,2 տոկոս»: Նա ընդգծեց, որ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում. «Մենք նաեւ ունենք ակնառու ձեռքբերում կապված մեր 2020 թվականին մարման ենթակա եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնության հետ: Նախկինում երբ շրջանառվում էր պետական պարտքի թեման, նշվում էր, որ 2020 թվականին մենք պիկ ենք ունենալու պարտքի սպասարկման առումով եւ արդյոք մեր կարողությունները մեզ հնարավորություն տալու են դա հաղթահարել: Հիմա ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ հարցն այլեւս ակտուալ չի, որ հնչի, որովհետեւ մենք կարողացանք հարթեցնել 2020 թվականին պարտքի սպասարկման գրաֆիկը, ընդ որում ոչ միայն չափի, այլեւ պայմանների իմաստով: Կարելի է արձանագրել, որ իրավիճակի նկարագրությունը կտրուկ փոխվեց, մեզ տրամադրվեցին միջոցներ, որոնք ավելի նպաստավոր են եւ կարող էին տրամադրվել մոտ 4 անգամ ավելի, քան մենք կարիք ունեինք»,-ասաց նախարարը:
10:16 - 07 դեկտեմբերի, 2019
Նախարարն ընդունում է՝ պետական ֆինանսների ռազմավարությունը չափելիության խնդիր ունի |civilnet.am|

Նախարարն ընդունում է՝ պետական ֆինանսների ռազմավարությունը չափելիության խնդիր ունի |civilnet.am|

civilnet.am: Ֆինանսների նախարարությունը ներկացրել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը»։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունում է, որ ռազմավարությունը չափելիության խնդիրներ ունի: Դեկտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շուրջ մեկ խոսեց «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարության» մասին, սակայն հստակ չափելի թիրախային ցուցանիշներ չնշեց: Ռազմավարության նպատակները Ըստ ռազմավարության՝ պետական ֆինանսների կառավարման համակարգում բարեփոխումների նպատակներն են․ - բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը, - ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումը, - բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիութունը, - երաշխավորել միջոցների համապատասխանությունը գերակայություններին ու քաղաքականության նպատակներին, - ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը: «Մեր նպատակն է մինիմումի հասցնել հայտարարված ռազմավարական միջոցառումների և նպատակների միջև խզումը: Այս ամենը պետք է լինի թափանցիկ ու հաշվետվողականության հենքի վրա դրվի, որպեսզի տարընկալումների տեղիք չտա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ռազմավարությունը կառուցելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով: Դրանք են ծախսարդյունավետություն հարաբերակցության բարձրացումը, պետական պարտքի արդյունավետ կառավարումը, ստվերային տնտեսության կրճատումը և միրցունակ գործարար միջավայրի ձևավորումը, պետական միջոցների խնայողական ու արդյունավետ օգտագործումը․ «Մեր գործողություններում պետք է ձգտենք հավելյալ արժեքի ստեղծմանը: Մենք պետք է ձևավորենք համախապասխան միջավայր ու կառուցակարգեր, որպեսզի հենց այդ հավելյալ արդյունքը ստեղծվի»։ Նախարարի խոսքով՝ ռազմավարական նպատակներին հասելու համար կառավարությունում պետք է գործողությունների, քայլերի ու միջոցառումների ներդաշնակեցում․ «Հակառակ պարագայում ռիսկ կա, որ, պատկերավոր ասած, նավապետը վերցրել է մի ուղղություն, սակայն նավի վրա մյուսները նույն ուղղությամբ չեն թիավարում»։ Ջանջուղազյանը նշեց, որ պետական միջոցների ծախսման հիմնական նպատակը պետք է լինի հանրության համար մատուցվող ծառայություների արդյունավետության բարձարացումը: «Այս մոտեցումը դրված է նաև ծրագրային բյուջետավորման հիմքում, - ասաց նա և հավելեց, որ այս նպատակն է դրված նաև պետության իրականացրած կապիտալ ծախսերում:- Այն ոչ միայն ուղղված է լինելու այս պահին ինչ-որ խնդիրներ լուծելուն, այլև ապագայում տնտեսության պոտենցիալի բարձրացմանը»։ Ըստ նախարարի՝ այս նպատակով իրականացվում են բարեփոխումներ պետական գնումների համակարգում: Ռազմավարական միջոցառումների ցանկում է նաև հանրային ներդրումների կառավարման համակարգի բարեփոխումը․ «Նախկինում կապիտալ ներդրումները կատարվել են հիմնականում վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին, որոնք նախօրոք քննարկումների արդյունքում արդեն կանխորոշված են եղել, թե որ ծրագրերում են ներդրվելու: Այժմ մենք ունենք մեր գեներացված միջոցները և պետք է հստակ հասկանանք, որտեղ ենք ներդնելու և ինչ արդյունքների ենք հասնելու»,- ասաց նա: Չափելիության խնդիրը Նախարարն անկեղծացավ՝ բոլոր ուղղությունները և թիրախային ցուցանիշները, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ճշգրիտ մաթեմաթիկական չափումների հաճախ չեն տրվում: «Կան ցուցանիշներ, որոնք շատ հստակ չափելի են, կան, որ չեն տրվում չափումների: Այն գուցե ապագայում ավելի չափելի դառնա, - ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ կարելի է որպես ընդհանրական ցուցանիշ դիտարկել երկրի մրցունակության բարձրացումը:- Այստեղ էլ խնդիր կա, արդյոք դա այն ցուցանի՞շն է, որին պետք է հասներ երկիրը, թե՞ ավելին կարող էր արվել»: Ջանջուղազյանն այլ օրինակով փորձեց բացատրել, թե ինչու ռազմավարական նշանակության փաստաթուղթում թիրախավորված որոշ ցուցանիշներ չափելիության առումով խնդիրներ ունեն: «Օրինակ, մենք նպատակադրել ենք պետական պարտքի դեֆիցիտի ֆինանսավորման ծավալում ներքին ռեսուրսների ներգարվումը հասցնել 50 տոկոսի։ Եթե գերազանցենք այդ ցուցանիշը, նշանակում է լավ ենք աշխատել: Կամ հակառակը»,- ասաց նա: Սա պետական միջոցների կառավարման տեսանկյունից միջազգայինորեն ընդունված ստանդարտ է և վկայում է երկրի ներսում պետության նկատմամբ հանրային վստահության աստիճանի մասին: Ռազմավարական նպատակներից է նաև կառավարության աշխատակազմի արդյունավտության բարձրացումը․ «Դա ղեկավար-աշխատող հարաբերակցությանն է վերաբերում, ինչպես նաև զբաղվածության արդյունավետությանը: Խոսքը նաև զբաղեցրած տարածքի մասին է, ինչպես նաև ավտոպարկի»: Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը, օրինակ, այժմ չորս ավտոմեքենա ունի՝ նախկին քսանի փոխարեն, բայց կա նաև թերբեռնվածություն աշխատատեղերի առումով: «Արդյունավտության մասին խոսակցությունը պետք է կյանքի կոչվի, որը ենթադրում է նաև վարձատրության բարձրացում, որպեսզի աշխատատեղերը լինեն մրցակցային՝ որակյալ կադրերի ներգրավման տեսանկյունից: Մենք չպետք է թույլ տանք, որ մոտիվացիան ընկնի, և տեղի ունենա աշխատողների հոսք մասնավոր հատված», - ասաց նախարարը։ Նա նշեց, որ ֆինանսների նախարարության աշխատանքից հանրային դժգոհությունը ոչ ավելացել, ոչ պակասել է․ «Որքան դժգոհ էին, այնքան էլ մնում են դժգոհ»: ՍիվիլՆեթի հարցերին՝ ուղղված փաստաթղթի չափելիության խնդիրներին, Ջանջուղազյանն ընդհանրական պատասխաններ էր տալիս՝ որոշ դեպքերում, իհարկե, ներկայացնելով թիրախային ցուցանիշներ: Նախարարը հախուռն էր ներկայացնում ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշները, դրանց հասնելուն ուղղված հիմնական միջոցառումները՝ հաճախ չնշելով հստակ թվային ցուցանիշներ: «Սա կյանքի կոչելու համար անհրաժաշետ են որակյալ կարդրեր, որոնց չլինելու դեպքում՝ ինչպե՞ս սա իրականացնել»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ այս առումով ռազմավարությունը դժվար է հստակ չափելի դարձնել:
09:49 - 07 դեկտեմբերի, 2019
Նախարարը առաջնային է համարում ոչ թե տրվող գումարի չափի, այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը |lragir.am|

Նախարարը առաջնային է համարում ոչ թե տրվող գումարի չափի, այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը |lragir.am|

lragir.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առաջնային է համարում գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի` նախ արդյունավետության բարձրացումը, ապա միայն բյուջեով դրանց տրվող գումարի չափի ավելացումը:  Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը` պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք ողջամիտ չէր լինի, եթե գյուղատնտեսության աջակցության համար բյուջեով նախատեսվող թվերը որոշակիորեն աճեին: Նա նկատեց` ընդհանուր աջակցության ծավալը 4 մլրդ դրամից մի փոքր ավելի է: Պատգամավորը վստահ չէ, որ այդ գումարով հնարավոր է անհրաժեշտ աջակցություն ցույց տալ` գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար: «Գյուղատնտեսության համար նախատեսված գումարները նախ պետք է իրենց նպատակին ծառայեն: Մենք միայն գումարի մասին ենք խոսում, սակայն սկզբում պետք է բարձրանա այն միջոցառումների արդյունավետությունը, որոնք իրականացվում են տարբեր ծրագրերի շրջանակում: Այսինքն` պետք է լուծվեն այն խնդիրները, որոնք դրված են դրանց առջև: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ ծրագիրը մեկնարկի փուլում գնահատվում է որպես կենսունակ, տրամաբանված, բավարար չափով խթան հանդիսացող, սակայն կատարման ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ: Եվ մենք երբեմն կարիք ենք ունենում հընթացս վերանայելու այդ ծրագրերը և նոր ծրագրեր գեներացնելու, որպեսզի եղած միջոցները կարողանանք ծառայեցնել իր նպատակին»,-ասաց նախարարը: Նա նշեց`դրված խնդիրը նախ և առաջ օգտագործվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալն է, և հետո նոր այդ գումարի չափի ավելացման հարցը քննարկելը: Ջանջուղազյանի խոսքով ասվածը վերաբերում է բոլոր ոլորտներին: Մելքումյանը նշեց` նոր չպիտի բացահայտեն, թե ինչու ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայում: Պատգամավորը նկատեց, որ եթե դրանք իրենց նպատակին չեն ծառայում, ապա պետք է իրականացվեն կոմպլեքս միջոցառումներ:  
13:51 - 05 դեկտեմբերի, 2019
Ատոմ Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու |panarmenian.net|

Ատոմ Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու |panarmenian.net|

panarmenian.net: 2020 թվականի պետական բյուջեն այնպես է նախագծվել, որ դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չի ֆինանսավորվելու։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարի խոսքով՝ բյուջետային աջակցության վարկերը, որպես կանոն, տրվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին: «Այս վարկերի տրամաբանությունը կառուցված է հենքի վրա, որ երբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում երկրներում, ևդրանք կարող են հանգեցնել բյուջետային ճեղքի, դոնոր կազմակերպությունները, օրինակ՝ Համաշխարհային բանկը, հայտարարում են իրենց մտադրությունը՝ մասնակցել բարեփոխումների ծրագրին, նաև՝ դեֆիցիտի ֆինանսավորման ճանապարհով։ 2020-22 թվականի միջնաժամկետ ծախսերով այս վարկերը նախատեսված չեն, և մենք ակնկալում ենք, որ այդ փուլը մեր երկրի համար այլևս ավարտված է»,- հայտարարեց նախարարը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9% տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1.6 տրլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Ջանջուղազյանի խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ավելի բարձր հարկային եկամուտներ կունենա, ենթադրվում է, որ 2020-ին բյուջեի պակասուրդի 2.6% ցուցանիշ կլինի:
12:18 - 05 դեկտեմբերի, 2019
2020 թվականի բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ. Ջանջուղազյան |aysor.am|

2020 թվականի բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ. Ջանջուղազյան |aysor.am|

aysor.am: 2020 թվականի բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ՝ ծախսերի ֆինանսավորման համար, 2020 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի ծրագրային ցուցանիշի համեմատությամբ սա ավելի է 232 մլրդ դրամով: Նախարարի խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառների համար իրականացվող ծրագրերը միասին վերցրած, գումարային առումով 2020 թվականի նախագծում մոտավորապես 780 մլրդ դրամ են կազմում: «Այսինքն՝ 1 տրիլիոն 880 մլրդ դրամից 780 մլրդ-ն օգտագործվում է այս երեք մարմինների կողմից իրականացվող ծրագրերի համար, ինչը 2019 թ. ցուցանիշի համեմատ 85 մլրդ դրամով ավելին է, կամ 11,2 տոկոսով»,-ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի համար նախատեսվում է օգտագործել 109 մլրդ դրամ, ինչը 19,4 մլրդ դրամով կամ 21,7 տոկոսով ավելին է, քան 2019-ի ծրագրով էր հատկացված, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսվում է 492,5 մլրդ դրամի օգտագործում, որը 48 մլրդ դրամով ավելին է, քան 2019-ի ծրագրային ցուցանիշն է:ա
09:18 - 01 նոյեմբերի, 2019
2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. Ատոմ Ջանջուղազյան |news.am|

2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. Ատոմ Ջանջուղազյան |news.am|

news.am: 2019-ին համեմատաբար բարձր տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներում աճի տեմպերով: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը շարունակում է ունենալ նույն վարքագիծը, իսկ շինարարությունը քիչ մասնակցություն է ունենում տնտեսական ակտիվության աճին: «2019-ին ակնկալվում է 6,3% տնտեսական աճ: Իհարկե, միշտ կարելի է լավատեսական սցենարով գնալ, սակայն բյուջեն գործիք է, որը լուծում է կոնկրետ ուղղությունների զարգացման հարցերը»,- ասաց նախարարը: Միեւնույն ժամանակ, Ջանջուղազյանը նշեց, որ 2020-ի համար կանխատեսվող 4,9% աճն իշխանություններից լրացուցիչ ջանքեր կպահանջի: 
09:22 - 28 հոկտեմբերի, 2019