Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

Վիրավոր զինծառայողները Արաբկիր ԲԿ-ում վերականգնողական բուժում կստանան ժամանակակից սարքավորումներով

Վիրավոր զինծառայողները Արաբկիր ԲԿ-ում վերականգնողական բուժում կստանան ժամանակակից սարքավորումներով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր բժշկական համալիրի պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կօգնեն հաշմանդամություն ստացած զինծառայողներին առողջության վերականգնումից հետո լիարժեք կյանք վարել: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը։ Ըստ տարածված մամլո հաղորդագրության՝ բժշկական համալիրի ԱրԲեՍ վերականգնողական մասնաճյուղ շրջայցի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Արաբկիր ԲՀ կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը տեղում ծանոթացել են արդեն գործող պրոթեզների արտադրամասի աշխատանքներին և հաստատել, որ նախատեսված վերազինումը օժանդակելու է հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների առողջության վերականգնմանը: Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը: Բժշկական համալիրը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր նոր մասնաշենքի կառուցման գործընթացը, որն ավարտին կհասցվի գարնանը: Համահայկական հիմնադրամը, համաձայն հաղորդագրության, իր հերթին կապահովի ժամանակակից սարքավորումներ նորակառույց բաժանմունքի համար: Հիմնադրամը դեռ պատերազմի օրերին բանակցում էր միջազգային մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են հետպատերազմյան վերականգնողական բուժման համար հոգեբանական աջակցության տրամադրման և պրոթեզավորման/օրթեզավորման սարքավորումների արտադրության ոլորտներում:
17:52 - 14 դեկտեմբերի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

Ատոմ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին: Նախարարը նշեց, որ ստեղծման օրվանից (1992 թվական) հիմնադրամը նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվել հետևյալ տրամաբանությամբ, որ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ասաց նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է: «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցները օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են Կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեի կատարման հաշվետվությունների շրջանակում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:  
13:09 - 09 դեկտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամը 1 միլիոն հարյուր հազար դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին

«Հայաստան» հիմնադրամը 1 միլիոն հարյուր հազար դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է: Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին: Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն:
11:39 - 09 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ․ Արմեն Սարգսյան

Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։ Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել: Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին. «Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների ու բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշակի անվստահություն և դժգոհություններ են առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Այդ մասին մեր հայրենակիցները բարձրաձայնել են նաև մամուլում: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել, նվիրատուները իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ ունեն: Այս ամենի արդյունքում կարող է վտանգվել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումն ու նվիրաբերումը»: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ: Բացի այդ, առկա է ընդհանրապես համահայկական միասնության գաղափարի վարկաբեկման վտանգ, գաղափար, որը մինչ այժմ ապահովել է հիմնադրամի գործունեությունը: Հետևաբար, ըստ նախագահի, կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Միաժամանակ, պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ որպես հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ: Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում, կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված 52,703,113,395 ՀՀ դրամ գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով: «Հասկանալով այն բարդ իրավիճակը, որում ներկայումս գտնվում է մեր երկիրը, միևնույն ժամանակ, անընդունելի եմ համարում առկա տարաբնույթ ճգնաժամերին ավելացնել նաև վստահության ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ: Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը հիմնադրամի բյուջե հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղություններն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ակնկալելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերյալ: Հիմնադրամը պետք է լինի բացարձակապես ապաքաղաքական կառույց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից: 
18:55 - 06 դեկտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամի վերջին շաբաթների գործունեությունը ուղղված է եղել մեղմելու մարդասիրական աղետը

«Հայաստան» հիմնադրամի վերջին շաբաթների գործունեությունը ուղղված է եղել մեղմելու մարդասիրական աղետը

Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավել հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» հիմնադրամը: «Առաջին անհետաձգելի օգնությունը այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ: Սոցիալական աջակցության ևս մեկ ծրագիր. տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են և շարունակում են ստանալ 68 հազար դրամ և ավել միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 80–100 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ: Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերի բարելավումն ու զարգացումը Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից է: Ս.թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր Հիմնադրամը առողջապահական համակարգին է տրամադրել 63,301,140 ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև 201,390,000 ՀՀ դրամի 15 շտապօգնության մեքենա: Ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար Հիմնադրամն արցախցի ընտանիքներին մինչ օրս տրամադրել է հազարավոր վառարաններ, 5լ. գազի բալոններ և էլեկտրական տաքացուցիչներ, 100-ից ավել դիզելային գեներատորներով են ապահովվել Արցախի մի շարք հոսանքազրկված գյուղեր: Առաջիկա շաբաթվա ընթացքում գեներատորների ևս մի խմբաքանակ կհասնի Արցախ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ: Շուտով կենտրոնին կտրամադրվի մեծ քանակով հավելյալ բժշկական սարքավորումներ և դեղորայք: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ շարունակական օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված ընտանիքներին: Եվս մեկ նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ կստանան շուրջ 7500 ընտանիք։ Հիմնադրամը կտրամադրի կացարաններ Շուշիից տեղահանված շուրջ 50 ընտանիքների, որոնք գտնվում են հատկապես ծանր սոցիալական վիճակում և պատերազմի օրերից սկսած ժամանակավոր բնակվում էին հյուրանոցներում և ապաստարաններում: Գորիս համայնքի նախակրթարաններում ներկայումս ժամանակավոր ապաստան են գտել Արցախից տեղահանված բնակիչներ, որոնց մեծամասնությունը կանայք են, տարեցներ և երեխաներ։ Որպես ապաստարան հանդիսացող երկու նախակրթարաններում, սակայն, բացակայում է ջեռուցման համակարգը, իսկ կահույքը հարմարեցված չէ մեծահասկաներին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որի նպատակն է նշված երկու մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացումը և 100 մահճակալ/անկողինների ձեռք բերումը։ Ծրագրի արդյունքում կլուծվի Գորիսի երկու մանկապարտեզներում ապաստանած առնվազն 350 արցախցու կացարանների ջերմության, տաք ջրի ապահովման և գիշերակացի խնդիրները:  Ծրագրերը շարունակական են, և հետպատերազմյան շրջանում կարևոր է անհապաղ արձագանքը ամեն օր ծագող բազմաթիվ խնդիրներին, որի շնորհիվ է, որ հնարավոր կլինի մեղմել մարդասիրական աղետը»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:13 - 05 դեկտեմբերի, 2020
Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար

Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար

Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար: «Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը: Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով: Նոյեմբերի 22–ին սկսված ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:  
10:09 - 27 նոյեմբերի, 2020
Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը |armenpress.am|

Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միանշանակ արդարացված է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը որոշակի գումար փոխանցելը՝ տարբեր ծախսերի ֆինանսավորման համար: Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այդ մոտեցումը շատ ճիշտ է, շատ արդարացված է: Կա պարզ պատճառ. մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատականերով է, իսկ հիմնադրամը իրավունք, այդպիսի գործիքակազմ չունի այդ գումարն ուղիղ ծախսելու այն նպատակով, որ նպատակով, որ ծախսվել է»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց՝ անթույլատրելի կլիներ, որ հիմնադրամն այդ գումարով x սպառազինություն գներ: Պատգամավորը շատ նորմալ ընթացկարգ համարեց, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն է որոշում այդ գումարն ինչպես ծախսել: «Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ: Այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե մարդիկ ինչպե՞ս հավաստիանան, որ այդ գումարից չի ուղղվի, օրինակ, պաշտոնյաների պարգևավճարների տրամադրմանը, Թունյանը պատասխանեց. «Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել, նաև կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն որքան գումար է գնացել: Եվ եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում ու օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»,- վստահեցրեց Թունյանը: Նա շեշտեց, որ ուղղակի շահարկվում են այն խոսակցությունները, թե մարդիկ հիմնադրամին են ուղարկել գումարը, իսկ հիմնադրամից այն գնացել է պաշտոնյաների աշխատավարձերին:
13:58 - 26 նոյեմբերի, 2020
Ֆրանսիական «Ֆոնեթոն»-ից մինչև «Հեռուստամարաթոն 2020». համազգային դրամահավաքը շարունակվում է

Ֆրանսիական «Ֆոնեթոն»-ից մինչև «Հեռուստամարաթոն 2020». համազգային դրամահավաքը շարունակվում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է Ֆրանսիայի տեղական մարմնի անցկացրած «Ֆոնեթոն»-ի հանգանակված գումարների  և նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում կայանալիք «Հեռուստամարաթոն 2020»-ի ընթացքում հավաքվելիք միջոցների հատկացման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Հաղորդագրության մեջ նշված է. «2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն: Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝ Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը: Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ: Վերակառուցում Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը: Նշենք նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար: Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26–ին կայանալու է ավանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում: Հաշվի առնելով ետպատերազմական իրավիճակը և հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձևաչափով: Այն կտևի ընդամենը 4 ժամ և կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4ին (ամերիկյան ժամանակով): Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը: #ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքագրել էր գրեթե 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները: Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, և այլն: Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին վերակառուցել, բարգավաճել և հզորանալ»:
19:12 - 24 նոյեմբերի, 2020
ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիաբերության վերաբերյալ․ Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները,  հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները (…): Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (…): Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են այլ եկամուտները: Նույն հոդվածի 5-րդ մասի «զ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են (...) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները։ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով: Հարկ է նկատել, որ գանձապետական միասնական հաշիվը գանձապետական համակարգի առանցքային տարրերից է, ինչը հնարավորություն է տալիս համախմբել Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները ու ապահովել հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման համակարգ: Գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ, ի թիվս այլ առավելությունների, ձևավորվել է նաև հնարավորություն` գանձապետական միասնական հաշվի մեջ ներառվող ենթահաշիվների վարման միջոցով պարտավորությունների առանձնացված հաշվառում իրականացնելու համար։ Վերը ներկայացված կարգավորումների շրջանակում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։ Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա։ Բյուջեի հրապարակայնությունը, իր հերթին, նշանակում է հաստատված բյուջեի և դրա կատարման մասին հաշվետվությունների հրապարակումը մամուլում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան), բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական բյուջեի կատարման և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնությունը ապահովելու համար Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։ Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (այսուհետ՝ նվիրաբերության գումար) պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով: Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում: Անդրադառնալով Հիմնադրամի կողմից վերը նշված նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած գնահատականներին՝ հարկ է նկատի ունենալ հետևյալը. «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը: Հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը: Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։ Կանոնադրության 27-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը: Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են․ ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը, բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը (…)։ Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են. սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա,    2.պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են։
12:05 - 24 նոյեմբերի, 2020
Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|

Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|

1lurer.am:  «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: «Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին հաջակցություն հայրենիքի և արցախահայության:   Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։   Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով:   Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:    
14:43 - 23 նոյեմբերի, 2020
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։ Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։
10:56 - 22 նոյեմբերի, 2020
Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո նվիրատվությունների հոսքը դանդաղել է․ Հայկակ Արշամյան |hetq.am|

Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո նվիրատվությունների հոսքը դանդաղել է․ Հայկակ Արշամյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը սեպտեմբերի 27-ին սկսեց համազգային դրամահավաք-արշավ՝ ի աջակցություն Արցախի։ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի շրջանակում արդեն իսկ հավաքվել է 170 միլիոն դոլար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ այսօր՝ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ներկայացրեց դրամահավաքի արդյունքում կատարված ծախսերն ու օգնության հատկացման հիմնական ուղղությունները։ Պարոն Արշամյան, երեկ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հիմնադրամը Կառավարությանը որպես նվիրատվություն գումար է հատկացրել։ Որքա՞ն գումար է նվիրաբերվել Կառավարությանը և ի՞նչ նպատակով։ Մեր հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել հավաքագրված գումարի մի մասը փոխանցել Կառավարությանը՝ գնումների գործընթացն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար։ Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը, որը ներառում է ոչ միայն պետական այրերին, այլև Սփյուռքի կազմակերպություններին, բարերարներին, որևէ մեկը դեմ չի քվեարկել։ Իսկ Կառավարությանն այդ հատկացումը կատարվել է հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։ Եկեք այս պահին գումարի չափի մասին չխոսենք, մինչեւ հիմնադրամն աուդիտ չանցնի։ Այս դրամահավաքը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի կառավարությունների խնդրանքով նաև։ Հիմադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, և պատերազմի այդ պահին շատ էին պահանջները, գնումների կարիքները, հիմնադրամն այդքան մեծ չափի գնումների գործընթացում մտնելու հնարավորություն չուներ։ Կամ էլ պետք է դառնար մեծ նախարարություն՝ հարյուրավոր աշխատակիցներով, ովքեր կսկսեին այդ ծավալի գնումներ կազմակերպել։ Բայց ժամանակի հարց էր նաև, մենք չէինք հասցնելու, քանի որ եթե պետք է ռենտգեն ապարատներ, շտապ օգնության մեքենաներ, որով պետք է շտապ վիրավորներ տեղափոխվեին, վիրահատվեին, անհնար էր դա մեր միջոցներով արագ կազմակերպել։ Իսկ ռազմական դրության պայմաններում մեկ անձից գնումները պետությունն ավելի կազմակերպված է անում։ Այդ իսկ պատճառով մենք պատվիրակել ենք Հայաստանի կառավարությանը, օժանդակություն ենք տվել, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որոնք պետք է կատարվեն այդ գումարների շրջանակներում։  Ի՞նչ բնույթի գնումներ են կատարվել Կառավարությանը փոխանցված գումարով։ Կատարվել են փախստականների հետ կապված ամբողջ գործընթացը, առողջապահական ծախսեր։ Պատկերացրեք, առողջապահական համակարգից պետությունը պետք է պատերազմի համար որոշակի գումար կտրեր, տաներ ուրիշ կարիքների համար։ Բայց քանի որ հիմնադրամը գումար է տվել պետությանը, պետությունը կարողացել է այդ համակարգերը պահել։  Երբ Ֆինանսների նախարարությունը մեզ կներկայացնի մեր հատկացրած գումարից կատարված գնումների հաշվետվությունը, այն կհրապարակենք մեր կայքում, բոլորը կտեսնեն, որ հիմնադրամին տրամադրված միջոցներից չի տրվել պարգևավճար, աշխատավարձ։ Այս խոսակցությունները պարզապես սովորական մանիպուլյացիաներ են։   դրամահավաքի գումարն՝ այսօր   Նոյեմբերի 9-ին ստորագրված պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ինչպի՞սի իրավիճակ է նվիրատվությունների առումով։ Այո՛, կան հուսախաբումներ։ Ստորագրությունից հետո շատ դանդաղեցին նվիրատվությունների հոսքերը, և բոլորն էլ շոկի մեջ էին։ Այս պահին հիմնադրամին փոխանված գումարից որքա՞նն է ծախսվել։ Ես այդ գումարների չափը չեմ կարող ասել, բայց այդ գումարի շատ լուրջ մի հատված ունենք դեռ մեր հաշիվներին։ Նաև մեր տեղական մարմինները հիմա էլ շարունակում են իրենց դրամահավաքները և իրենց հաշվիներին էլ բավականին գումար ունեն։ Մեր առցանց նվիրատվությունները շարունակվում են։ Իհարկե, պակասել են։ Պակասել են ոչ թե պատերազմի ավարտի հետևանքով, մինչ դա էր։ Քանի որ դրահամավաքն այնպիսի պրոցես է, որ չի կարող հավերժ գնալ. ունի սկիզբ, պիկ, անկում և կախված նրանից, թե ինչպես ես ներկայացնում քո ծրագրերն ու նպատակները հանրությանը, նորից վերելք։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական է դրամահավաքի դանդաղելու և արագանալու պրոցեսը։  Նշեմ, որ մենք մոտավորապես գիտենք, որ Միացյալ Նահանգներում առնվազն 250 հազար մարդ է մասնակցել դրամահավաքին, նույնքան էլ Հայաստանում։ SMS հաղորդագրություններն էլ եթե հաշվենք, Հայաստանում պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին։ Ասեմ կարևոր մի փաստ՝ հավաքագրված 170 միլիոնից շատ լուրջ հատվածը՝ 60-70 միլիոն դոլարը, հավաքագրվել է Հայաստանում։ Այդ դեպքում կմանրամասնե՞ք՝ հիմնադրամը հիմնականում ի՞նչ նպատակով է ծախսել իրեն փոխանցված գումարները։ Շատ մեծաքանակ գնումներ են կատարվել՝ դիզելային գեներատորներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մահճակալներ, վառարաններ, գազօջախներ, մարտկոցներ, լամպեր։ Նաև՝ շարժական լիցքավորման կայաններ են պատրաստել, որը նաև արևային էներգիայով է սնվում։ Հիմա Արցախի կառավարությունից նորից գեներատորներ գնելու պատվեր ունենք, քանի որ եթե գնենք մեծ դիզելային գեներատորներ, կարող ենք մինչ 100 տան հոսանք մատակարարենք։ Դրա կարիքը իսկապես կա, քանի որ Արցախում ենթակառուցվածքներն ամբողջովին վնասված են։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:29 - 19 նոյեմբերի, 2020
Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին |armenpress.am|

Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին |armenpress.am|

armenpress.am: Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի տեղական մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են: «ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները: Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,-ասաց Հայկակ Արշամյանը:  Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք կլինի Եվրոպայում: Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնետոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնետոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում: 
13:06 - 19 նոյեմբերի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը և իր միջազգային ցանցը, աշխատելով ԱՀ կառավարության և ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությա հետ, մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և իր միջազգային ցանցը, աշխատելով ԱՀ կառավարության և ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությա հետ, մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» դրամահավաքը նախաձեռնվել է միասնական որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին իսկ ժամերից։ Դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաև Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և այլոք։ Համազգային դրամահավաքի մեջ ներգրավվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Անգնահատելի է նաև Սփյուռքի՝ դրամահավաքի գործընթացներում ընդգրկված բոլոր կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի աշխարհի տարբեր երկներում գործող տեղական կառույցների դերը։ Խորին շնորհակալություն ենք հայտնում համայն հայությանը՝ համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար։ Հիմնադրամը և իր միջազգային ցանցը, առաջին իսկ օրվանից ուղիղ աշխատելով Արցախի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների հետ, շարունակական մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին։ Խոսքը դիզելային գեներատորների, շտապ օգնության մեքենաների, բժշկական սարքավորումների ու առաջին օգնության պարագաների, կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, փայտի վառարանների, հոսանքի տաքացուցիչների, շարժական գազօջախների, շարժական լիցքավորման կայանների, մահճակալների և այլ տարատեսակ հսկայական օգնության մասին է, որն ընդհանուր առմամբ ուղղված է եղել պատերազմի ընթացքում հումանիտար ճգնաժամը մեղմելուն։ Միևնույն ժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն: Ելնելով ս․թ․ սեպտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակից, անհրաժեշտություն առաջացավ առավելագույնս համախմբել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ռեսուրսները՝ հասցվող վնասների արագ վերականգնման և խիստ անհրաժեշտ հրատապ գնումների կենտրոնացված կատարման նպատակով (այդ թվում՝ բազմաթիվ ենթակառուցվածքներին ու առողջապահական համակարգերին պատճառվող վնասներ, սոցիալական տարաբնույթ խնդիրներ կապված Արցախից տեղահանվածների հետ, ինչպես նաև ահագնացող համավարակ և այլն): Նշված աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու տեսանկյունից կարևոր էր ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսների համախմբումը:Այս շրջանակներում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ և այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա հիմնադրամի կողմից տրամադրված օժանդակությունն ունի համապատասխան հիմնավորված փաստաթղթավորումը։Գումարներն ուղղվել են Արցախից տեղահանված տասնյակ հազարավոր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածների և այլ կարևոր ոլորտների ֆինանսավորմանը։ Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի գործադիր վարչությունը մանրամասն հաշվետվություն է պատրաստում իր գործունեության և ծախսերի վերաբերյալ, որը կվերանայվի հիմնադրամի Վերստուգիչ հանձնաժողովի կողմից և կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն աուդիտորական ուսումնասիրությունից հետո՝ միջազգային հեղինակություն ունեցող անկախ աուդիտորի եզրակացության հետ մեկտեղ: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ նվիրատուների միջոցները ծախսել խնայողաբար, արդյունավետ և նպատակային, մնացյալ գումարները ևս կուղղվեն Արցախից տեղահանվածների, զոհվածների ու վիրավորների ընտանիքների, ինչպես նաև Արցախ վերադարձող ընտանիքների բազմապիսի կարիքների բավարարմանը (կոմունալ ծախսեր, վերակառուցման աշխատանքներ, կորսված գույքի մասնակի հատուցումներ, նպաստներ և այլն), ինչն այս պահին կարևորագույն առաջնահերթություն է։ Այս ուղղությամբ արդեն իսկ մշակվում են մանրամասն ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Հիմնադրամը, լինելով ապաքաղաքական բարեսիրական կառույց, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և այլ հանրօգուտ նպատակներ, շարունակելու է գործել համաձայն իր առաքելության ու կանոնադրական նպատակների՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի։ Կարիքները հսկայական են, գործն անասելի շատ, ուստի համազգային մոբիլիզացիան է՛լ ավելի անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հայուր հազարավոր նվիրատուներին, բոլոր աջակիցներին, ովքեր կանգնեցին և շարունակում են կանգնել Հայրենիքի և արցախցու կողքին։
13:41 - 18 նոյեմբերի, 2020