Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը հաշվի առնելով՝ արձանագրում է, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը հայկական կողմերի համար խիստ պարտվողական է և ոչ այս փուլում, ոչ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չի լուծում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ՝ գոյաբանական մարտահրավերը։   Այդ հայտարարությունը և դրանից բխող համաձայնագիրը չի լուծում արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն նոր, արդեն անխուսափելի պատերազմների սկիզբ է նախանշում, որի նպատակը այլևս ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը։ 1994թ. մայիսի 12-ին հաստատված եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո 26 տարվա այս ողջ ժամանակահատվածում աշխարհում և տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների տոտալ չգիտակցումը, դիվանագիտական, պաշտպանական և անվտանգային համակարգերի անհրաժեշտ մակարդակի չապահովումը ըստ էության հանգեցրեց այս իրականությանը։   Այս օրհասական պահին ողջունում ենք Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությունը։ Խիստ կարևոր ենք համարում, որպեսզի նախագահ Սարգսյանը ձեռնամուխ լինի Հայաստանի դաշնակիցների, բարեկամների և գործընկերների հետ քննարկումների և խորհրդակցությունների անցկացմանը։   ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը, մասնագետների պնդմամբ, ունի սահմանադրականության հետ լրջագույն խնդիրներ։ Այս ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում արագ կերպով քննարկումներ սկսել միջազգային և սահմանադրական իրավունքի վկայակոչված մասնագետների հետ։   Ավելին՝ համաձայնագիրը հիմնավորապես խարխլում է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպական անվտանգության ապահովման տեսանկյունից կառույցի առանցքային դերն ու նշանակությունը։ Եռակողմ համաձայնագիրը դելեգիտիմացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քառորդդարյա աշխատանքը, որին Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա պետք է վերապահի Արցախյան չկարգավորված հակամարտության և այդ կառույցի շրջանակներում հավասարակշռված, տարածաշրջանին տևական, երկարաժամկետ կայունություն ապահովող լուծումներ փնտրելու միջազգային մանդատը։ Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով։ Երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ենթադրում է ընտրական արտահերթ գործընթացներ, որոնք պետք է տեղի ունենան հայաստանյան քաղաքական առողջ ուժերի և քաղաքացիական հասարակության լայն ներկապնակի հետ խորհրդակցաբար, որոնց անցկացումը պետք է երաշխավորվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։ Այդ ուժերը անմիջապես պետք է ձեռնամուխ լինեն իշխանական ճյուղերի հետ համաձայնեցված ժամանակացույցի մշակմանը, երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածների հստակ սահմանմամբ։ Առաջիկա 72 ժամերը Հայաստանի համար ունեն ճակատագրական կարևորություն։ Հավատացած ենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ իրավիճակը բեկող լուծումներով՝ անհրաժեշտ քաղաքական աջակցություն ապահովելով հայկական զինված ուժերի՝ իրենց դիրքում աներեր ու անսասան մնալուն։ Առավել երկարաժամկետ հեռանկարում պետք է ստանձնել ռազմավարական խնդիրների կազմման աշխատանքները, որոնք կերաշխավորեն ՀՀ ազգային անվտանգությունը ապահովող ինստիտուտների անցնցում գործարկումն ու ապահովումը։ Վստահ և համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական մարտահրավերը կդիմագրավի խոհեմությամբ և բարձր պատասխանատվությամբ»։ 
21:13 - 11 նոյեմբերի, 2020
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին կառավարության հրաժարականի պահանջը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին կառավարության հրաժարականի պահանջը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Շուրջ 45 օր շարունակ արտաքին թշնամու դեմ կռիվ տվող հայ զինվորի կամքի, հնարամտության և ռազմական մտքի գերազանց իրականացման արդյունքում հնարավոր է դարձել կասեցնել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի և նրանց կողմից վարձված ահաբեկիչների համատեղ արշավը։ Սահմանի ամեն մի մետրի համար կյանք տվող հայորդիների հերոսական ջանքերը հնարավոր են դարձնում բեկել պատերազմի ընթացքը՝ մեր վերջնական հաղթանակն առավել իրական դարձնելու և դարավոր հակառակորդին այս մի ճակատում անվերադարձ խաղաղություն պարտադրելու միջոցով։ Ճակատում կռվող զինվորից ոչ պակաս կարևոր է նաև թիկունքում միասնականության մթնոլորտի պահպանումը։ 2018 թվականին համաժողովրդական վերելքի միջոցով ինքնորոշման ուղին բռնած և ավտորիտարիզմից անվերադարձ ազատագրված Հայաստանն ազատ ու անկոտրում Արցախի գոյության միակ երաշխավորն է։ Պատերազմի այս օրհասական պահին միայն գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ Հայաստանի ռազմական-քաղաքական-բանակային ղեկավարության շուրջ համախմբումը կարող է ապահովել սահմանների ամրությունն ու հայկական բանակի և հայկական պետականության հաղթանակը։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին, ռազմական դրության ժամանակ կառավարության հրաժարականի պահանջը։ Այդպիսի կենտրոնախույս միտումները գնահատում ենք որպես դավաճանություն՝ նախ և առաջ կենաց ու մահու պայքար մղող հայ զինվորի, այնուհետև՝ մեր պետականության նկատմամբ, դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով»։
20:29 - 09 նոյեմբերի, 2020
Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|

Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը կարող է ընկալվել նաեւ որպես մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, այս մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Արման Բաբաջանյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։ Նկատենք՝ նախագիծը չի տարածվում կեղծ օգտատերերի` ֆեյքերի վրա, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող պարզվել` ով է պատասխանողը: Կարծիքներ կան, որ այս օրինագիծը կարող է ծառայեցվել ազատ խոսքը ճնշելու համար։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը համաձայնեց, որ օրինագիծը կարող է ընկալվել նաև որոշակիորեն մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։ Բաբաջանյանի դիտարկմամբ` ինչպես այս, այնպես էլ տվյալ ոլորտին վերաբերող ցանկացած իրավակարգավորում ընդունելիս չափազանց կարեւոր է հնարավորության սահմաններում հստակ տարբերակում մտցնել բոլոր այն սուբյեկտերի մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են մեդիա տիրույթում։ «Ասածս, իհարկե, հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, սակայն եթե խիստ պայմանականորեն բաժանենք այդ սուբյեկտներին, կարող ենք առանձնացնել երեք հիմնական խումբ՝ առաջին՝ իրական լրատվամիջոցներ, որոնք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից մատուցում են պրոֆեսիոնալ լրատվություն՝ պահպանելով մասնագիտական էթիկայի ու օրենսդրությամբ սահմանվող կանոնները, երկրորդ խմբում այն համացանցային աղբյուրներն են, որոնք ներկայանում են որպես լրատվամիջոց, սակայն գործում են առանց խաղի կանոնների պահմանման, հանուն այցելությունների նենգափոխելով տեղեկատվությունը, կատարելով անորակ, բայց ընթերցողի համար գայթակղիչ մանիպուլյացիաներ, սրանք իրականում պսեվդոլրատվամիջոցներ են։ Եվ երրորդ խումբն արդեն այդ կեղծ օգտատերերն են, ֆեյքերի բանակները, որոնց դեմ պայքարն ամենաբարդն է՝ նաև Ալեն Սիմոնյանի վկայաբերած պատճառով։ Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք կարգավորել դաշտը, պետք է դա անել այնպես, որպեսզի նվազագույն վնաս հասցվի իրական լրատվամիջոցներին, կրկնում եմ, անկախ նրանից՝ դրանք գործում են իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական նախասիրությունների տիրույթում»,-նշեց Բաբաջանյանը` ընդգծելով, որ թիրախում պետք է լինեն պսեվդոլրատվամիջոցներն ու կեղծ օգտատերերը ։ Ներկայացված իրավակարագավորումը՝ դրական լինելով գաղափարի, նպատակի առումով, պատգամավորի խոսքով, թերի է կիրառելիության դաշտում։ «Առանց իմ նշած հստակ տարբերակման, այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է։ Բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանն՝ ինքը ներկայացնելով օրինագիծն այս տեսքով նպատակ է հետապնդել հարուցել դրա շուրջ հանրային, քաղաքական, մասնագիտական քննարկում, որի արդյունքում, հուսամ կլրամշակի նախաձեռնությունը և այն կներկայացնի արդեն հաշվի առնելով հնչած բոլոր մտահոգություններն ու քննադատությունները»,-նկատեց նա։ Որպես իրավակարգավորում, գլոբալ առումով պատգամավորն օրինագիծը դրական է գնահատում, բայց, ասում է, այն խոցելի է՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները։ «Նախ իրավական նորմը պետք է լինի լիարժեք կիրառելի, որպեսզի տվյալ հասարակական հարաբերությունը միակերպ կարգավորի: Այս պահին գործող կարգավորումն էլ, որը նախատեսում է շատ ավելի նվազագույն շեմ, կրկին արդար կերպով չի իրագործվում: Օրինակ՝ եթե որևէ մեկը հայտարարի, որ Պողոս Պողոսյանին կյանքից դիտավորությամբ զրկելու արարքի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, արարքը կատարողը անզգուշությամբ չի կատարել, այլ դիտավորությամբ, այս դատական համակարգի պայմաններում կենթարկվի պատասխանատվության: Պատճառը դատաիրավական համակարգի վիճակն է և քանի դեռ իրավապահները չեն բացահայտել այն իրականությունը, որը բոլորիս հայտնի է, ապա այդ հայտարարությունը անողը կարող է վճարել 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ հայտարարությունը նախկինում անելու համար կենթարկվեինք քաղաքական հետապնդման, ներկա պայմաններում կարող է վճարենք այդչափ մեծ գումար: Նախատեսվածը, ըստ նրա, հարաբերականորեն է որոշակի, չկա նվազագույն շեմ, թողնված է դատարանի հայեցողությանը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, սակայն այս դատական համակարգի պայմաններում, Բաբաջանյանի դիտարկմամբ, չկա այն երաշխիքը, որ դատարանը ձեռնամուխ կլինի քրեաիրավական որակմանը սպասելուն, դրան ուղղված գործողություններ կանի և վարույթը կկասեցնի մինչև այդ հանգամանքի հայտնի դառնալը, այլ որոշակի ազդեցությունների տակ կկայացնի վճիռ ի օգուտ Քոչարյանի: Մյուս կողմից չկա այն ակտիվ աշխատանքը, որը պետք է կատարեր իրավապահ համակարգը նախկինում կատարված սարսափելի հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Այսինքն, այս նախագիծը ինքնաբերաբար բերելու է արդարությանը տենչողներին լռեցնելուն, ինչը, վստահ եմ, որ նախագծի հեղինակի նպատակը չէ, ընդհակառակը, պարոն Սիմոնյանը ցանկանում է արդար կերպով տալ դրան կարգավորում»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը: Մյուս կողմից էլ, ասում է, կարող են աճել կեղծ օգտատերերի ու իրենց լրատվություն հռչակած որոշ կազմակերպությունների աճը, քանի որ չհայտնաբերված պատասխանող չի կարող լինել, ուստի նրանք էլ գնալու են ծպտված կեղծ լուրեր տարածելու ճանապարհով. «Ահա այն վտանգները, որոնք կարող է առաջացնել այս նախագծի ընդունումը»: Պատգամավորի խոսքով` լրատվամիջոցը իր աղբյուրից կարող է տեղեկանալ որևէ կոռուպցիոն դեպքի մասին, հրապարակել, սակայն իրավապահների ոչ պատշաճ գործողությունների արդյունքում կամ ընդհանրապես անգործության արդյունքում հայտնվել այս կարգավորման դաշտում և կրել մեծ վնաս:
10:57 - 10 սեպտեմբերի, 2020
Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց գիտական աստիճանով իրավաբանի համար դատավոր դառնալը հեշտացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Օրինագծի հեղինակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:
16:36 - 07 սեպտեմբերի, 2020
Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան
 |factor.am|

Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Ժողովրդավարական հասարակությունում ցանկացած օրենք պետք է կառուցվի քաղաքացու սուբյեկտայնության սկզբունքով և կանխադրույթով, բայց մենք այդ ճանապարհով գնալու փոխարեն՝ հակառակը, օրինագծով ամրագրում ենք անհամար սահմանափակումներ, որոնք առնչվում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին նվազագույն վնաս հասցնելուն ուղղված ջանքը, առավելագույն աշխատանքը չտեսա ես այս օրինագծում։ Եթե անգամ կարճաժամկետ հատվածում իրավիճակային խնդիրների լուծման տիրույթում այս օրինագիծը կարող է նպաստավոր լինել, այն վնասներ է հասցնելու երկարաժամկետ հեռանկարում, որովհետև ժողովրդավարությունը դույզն-ինչ սահմանափակող որևէ ակտ արդեն իսկ թուլացնելու է պետությունը»,- նշեց պատգամավորը։ Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն տալու վերաբերյալ փաթեթը։ Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: 
19:50 - 04 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

«Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խոսելիս «…կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ» «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ կիրառելու համար: Ընկերության որակմամբ, ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորել ընկերության գործարար համբավը: Ըստ էության կարող ենք փաստել, որ տարբեր շրջանակներ, քաղաքական ուժեր ներկայացնող մի շարք անհատներ այս ընթացքում «Լիդիան Արմենիայի» գործարար համբավն արատավորելու, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու և բացասական տրամադրություններ ստեղծելու, կամ ինչ-որ խմբերի հաճոյանալու, քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով դիմել են հենց այս՝ զրպարտության միջոցին։ Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։ Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի»։
15:35 - 24 օգոստոսի, 2020
Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ: Պարոն Խաչատրյան, Դուք և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սկսել եք մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրելու եք գործող դատավորների՝ «Մարտի 1»-ի գործերով նախկինում կայացրած դատավճիռները և չեք բացառում, որ դրանց արդյունքում կարող են նաև իրավական գործընթացներ սկսվել: Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ: Նոր չէ, որ ինձ մոտ ցանկություն կա «Մարտի 1»-ով արդարադատություն կատարած դատական համակարգի ներկայացուցիչներին պատժելու, քրեական պատասխանատվության ենթարկելու: Այդ ցանկությունն առաջացել է հենց այդ ժամանակ, անարդար վճիռներ կայացնելու ընթացքում: Ակնհայտ է, որ արդարադատության դեմ այդ ծավալի հանցագործություն կատարած անձինք, որոնք միասնական, դիտավորությամբ, մեկ կենտրոնից ուղղորդված իրենց գործունեությունն են իրականացրել, մի օր անպայման պետք է կանգնեին արդարադատության առջև: Ես ուզում եմ նորից շեշտել նախկինում հայտնած այն միտքը, որ 2008 թվականին իշխանությունը կամ սահմանադրական կարգը տապալած խումբը զուգահեռաբար թաղեց նաև հայկական արդարադատությունը: Կարող ենք ասել, որ դատական իշխանությունն այնքան էլ անկախ չէր կամ մինչ այդ էլ քաղաքական պատվերներ է կատարել: Շատ հետ չեմ գնա, բայց առնվազն Աշոտ Բլեյանի գործից սկսած մեր հայկական  դատարաններում քննվել են քաղաքական գործեր, բայց որ դատական համակարգն ամբողջությամբ թաղվեր այդ ծավալի գործի տակ, այդպիսի բան երևի աշխարհում էլ հազվադեպ է եղել: Գուցե կարողանանք համեմատել խորհրդային ստալինյան տարիների հետ, երբ ամբողջ դատական համակարգը կատարում էր նույն պատվերը: Բնականաբար, իշխանափոխությունից հետո առաջին պատեհության դեպքում պետք է բարձրացվեր այդ հարցը: Այսինքն` իշխանությունը դա չարեց և դուք որոշեցիք նախաձեռնել այսպես կոչված վեթինգի գործընթացը: Ոչ թե չարեց, այլ կարծում եմ, որ դա առաջին գործերից մեկը պետք է լիներ: Օրերս Ֆեյսբուքը հիշեցրեց 2018-ի օգոստոսին վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում, որ որևէ մարդասպան անպատիժ չի մնալու, որևէ դատավոր, որ կայացրել է անարդար վճիռ, անպատիժ չի մնալու: Ես կարծում եմ, որ իսկապես իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ դատական համակարգը մաքրել գոնե մարտիմեկյան գործերով վճիռ կայացրած դատավորներից, նաև Արամի փողոցի, Բուզանդի փողոցի բնակիչների գործերով վճիռ կայացրած դատավորներից: Բայց մի պահ եկավ հասավ, որ մենք հասկացանք, որ ոչ միայն այս դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության կամ գոնե առնվազն համակարգից չեն հեռացվում, նաև նրանց հնարավորություն է տրվում իրենց նոր գործունեությամբ աչքի ընկնելու: Բնականաբար, ինձ համար անընդունելի է, որ Մնացական Մարտիրոսյանը այսօր դեռ քննում է հնչեղ գործ: Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ չի հրաժարվել վեթինգից, այդ ամենի համար ժամանակ է պետք և այլն: Կարծում եք՝ 2,5 տարին բավարա՞ր էր վեթինգ իրականացնելու համար, եթե լիներ այդ կամքը: Ռուստամ Բադասյանը նախօրեին ասաց, որ որևէ երկրում հեղափոխություններից հետո արագ տեղի չեն ունենում այդ գործընթացները: Ռուստամ Բադասյանը ճիշտ չի ասում, և ես կարծում եմ, որ ոչ թե 2,5 տարի, այլ 2,5 ամիսն էր բավարար, որպեսզի դատական համակարգում փոփոխություններ զգացվեին: Մենք չենք խոսում մասնագիտական ցածր որակավորման մասին, որ թողնենք բնական աճ տեղի ունենա: Աշխարհի բազմաթիվ երկրներում եղել են դատական բարեփոխումներ: Եթե չգիտեն, թող հարցնեն, կասենք, որ Հայաստանում  1995-1996-ին դատական բարեփոխումներ են եղել և ամբողջ դատական համակարգը վերանշանակվել է: Հին ժողդատավորներից նշանակվել է փոքր մասը, մնացածը եղել են նորերը: Մենք հիմա դա չենք տեսնում: Եթե մենք 2,5 տարի հետո տեսնեինք, որ նախապատրաստվում են այդ բարեփոխումները, այդ փոփոխությունները, միգուցե սպասեինք դրան, որ 3,5 տարի ի վերջո դրանք կայանային, բայց 2,5 տարում զրո քայլ է արվել: Եթե իրենք համարում են, որ դրա համար 5 տարի է պետք, մենք այսօր նորից այդ 5 տարվա ակնկալիքով պետք է սպասենք, որովհետև անցած 2,5 տարում որևէ բան չի արվել: Ավելին կարդացեք Lragir.am-ում:  
10:14 - 23 օգոստոսի, 2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ կատարվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում: Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրինագծերի փաթեթի փոփոխությունները ներկայացրեց Վահագն Թևոսյանը: «Առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ շաբաթական՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք»,- ասաց Թևոսյանը: Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
14:36 - 13 հուլիսի, 2020
Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին |armtimes.com|

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, մեկնաբանելով իրենց կուսակցության 18-րդ մանդատի վերականգնումը մերժելու մասին ԿԸՀ որոշումը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԿԸՀ-ն խնդրին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից, նայեց, թե տառացի ինչ լիազորություններ ունի: «Չդիտարկեց այն վիճակը, երբ մի պատգամավոր այլ կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, «Լուսաավոր Հայաստան»-ին տրված ձայներին»,- նկատեց նա: Շարունակ խոսելով Բաբաջանյանի՝ նոր նախաձեռնություն հիմնելու մասին՝ Խաժակյանը կրկին շեշտեց՝ դա չպետք է լինի այլ կուսակցության հաշվին: Ընդ որում, Խաժակյանը շեշտեց, որ Բաբաջանյանը ամենաքիչ թվով, շուրջ 300 ձայն ստացած պատգամավորն է: «Եթե գոնե մեծամասնական ընտրակարգով բավարար քվեներ ստացած լիներ, կասեր, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի, բայց դա էլ չկա»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն կարող էր գնալ երկու ճանապարհով. կա՛մ հավելյալ մանդատ տրամադրեր, կա՛մ Բաբաջանյանին այս կամ այն կերպ պարտավորեցներ մանդատը վայր դնել: Թե ինչու են ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկած Բաբաջանյանի մասին նոր հիշել՝ Խաժակյանը նկատեց, որ երբ նա դուրս է եկել խմբակցությունից, առաջարկել են մանդատը վայր դնել, սակայն Բաբաջանյանն ասել է, որ կմտածի: Խոսելով իրենց հաջորդ քայլերի, ԿԸՀ որոշման բողոքարկման մասին՝ ԼՀԿ ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ քայլը կքննարկեն, կորոշեն: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ամիսներ առաջ դուրս է եկել այդ խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, եւ հիմա ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել իրենց 18-րդ մանդատը:
18:01 - 08 հուլիսի, 2020
Դիմում եմ ԱԺ` Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով. Լևոն Յոլյան

Դիմում եմ ԱԺ` Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով. Լևոն Յոլյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Այս մասին ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հայտարարության տեքստում: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կանխավարկածի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հանցագործության մեջ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվականի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվականի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հորդորելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումովՀայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշվեքննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդյունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չուղարկելու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդյունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պետական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայմանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեաիրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայմանով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դատախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրապարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշվեքննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջանակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարզաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպքեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմնականում իրավապահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տեղեկատվությանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհրաժեշտ փաստաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրականացնելուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հարուցել քրական գործեր։ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պալատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մարմինները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսումնասիրության արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պետական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիազորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունենալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյութերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատվամիջոցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսումնասիրություններին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է միլիարդավոր դրամների հասնող խախտումների մասին։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող անհիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։ ՀՀ հաշվեքննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի պարզաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հետապնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտահայտություններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։ Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կասկածանքները փարատելու ուղղությամբ։ Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վարքագծին, հատկապես, նկատի ունենալով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բացահայտված խախտումների և դրանցով պայմանավորված հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը։ Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց»։
17:30 - 29 հունիսի, 2020
Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել՝ իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ: Ջանջուղազյանը վերահաստատեց դեռ ապրիլին՝ բյուջեի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնած իր կարծիքը: «Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,-ասաց նախարարն ու նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցելը նպատակահարմար չի համարել և շարունակում է չհամարել: Նախարարը հիշեցրեց, որ Համաշախարհային բանկն իր անդամ պետություններին առաջարկել է հնարավորություն, որից օգտվել է նաև Հայաստանը:  Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:
18:22 - 24 հունիսի, 2020
Այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է․ Արման Բաբաջանյան

Այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է․ Արման Բաբաջանյան

Նախ մի փոքր հայտարարություն, որից հետո կանդրադառնամ քննարկվող հարցին։ Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն՝ հանուն նպատակներին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելու ցավագին իրողություն։ Դա վկայությունն է  այն իրողության, ինչ մենք այսօր տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես, ռուսական եթերում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց․ «Ազգային ժողովի մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է պարզագույն՝ դրսից տղա բերելու, էժանագին և հակապետական տրամաբանության մեջ։ Այդ սխեման շատ պարզ է, սկզբում նրանք վազում են իրենց հավանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի  դեմ ուղղված  իրենց կեղտոտ  հայատարարություններով, այլև ռուս հաղորդավորի ցնդաբանություններով։ Սա անթույլատրելի և դատապարտելի գործելաոճ է։ Բոլոր   այս սուբյեկտները, այս ամբիոնից սեփական ժողովդրի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին՝ ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն։ Պարո՛նայք, այս իրադարձություններն  անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք ձեր հակապետական գործունեությամբ մնալու է, չի ջնջվելու հասարակության և մեր բոլորի հիշողությունից։
10:52 - 18 հունիսի, 2020
Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին


 |armenpress.am|

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետությունում քննվող ամենակարևոր գործերից մեկը: Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց, որ իրենք քրեական գործը քաղաքական ուժին վերահսկողության տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն: «Նախկին իշխանությունն այս քրեական գործերը պահել է այս ուժերին վերահսկողության տակ պահելու համար, որովհետև լեգիտիմության խնդիր է եղել: Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեր իշխանությունը քրեական գործերով քաղաքական ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արգելել այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:
19:13 - 17 հունիսի, 2020
Սա պայքար է հանուն ինքնիշխանության, օլիգարխիան պետք է ոչնչացվի. Արման Բաբաջանյան |armtimes.com|

Սա պայքար է հանուն ինքնիշխանության, օլիգարխիան պետք է ոչնչացվի. Արման Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրականում միայն առաջին հայացքից է իրավական կամ քաղաքական գործընթաց։ Դրանք կատարվողի միայն արտաքին բնութագրիչներն են, մինչդեռ իրականում երևույթները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ։ Ազգային ժողովում, որտեղ այսօր քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձռնմխելիությունից զրկելու հարցը, ելույթում այսպիսի հայտարարություն է արել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ հավելել. «Իրականում այսօր մենք ականատեսն ենք լինում հանուն Հայաստանի ինքնիշխանության մղվող պայքարի, քանի որ իրերի բերումով այսօր բարիկադների մի կողմում հայտնվել են մեր ինքնիշխանության դեմ կռվողներն ու ինքնիշխանությունը վաճառքի հանել պատրաստ ուժերն ու գործիչները, մյուս կողմում՝ բոլոր նրանք, որոնք գուցե ոչ այնքան հաճելի ու ցանկալի միջոցներով, սակայն պայքարում են հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանն ամենամեծ վնասները հասցվել են 1997-98 թվականներից, երբ բռնազավթելով իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ երկրում հակաօրինական ու հակապետական ինստիտուտների ու կառուցակարգերի ստեղծմանը, որոնք իրենց էությամբ ու բնույթով ուղղված էին երկրի ինքնիշխանության դեմ։ Այդ համակարգերից ամենավտանգավորն ու ինքիշխանությանը ամենամեծ վնաս հասցրածը օլիգարխիան էր, որը, կարճ ժամանակում սերտաճելով քրեական աշխարհի հետ, վերածվեց քրեաօլիգարխիայի՝ դառնալով հանցավոր իշխանության հիմնական հենարանը։Դրան հաջորդած ավելի քան քսան տարիներին քրեաօլիգարխիան կազմաքանդեց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերը՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի, այդ թվում՝ օտար կենտրոններին ծառայելու պարտադրանքի առաջ։ Հայաստանի վասալացումը երազող երկրների համար օլիգարխիան իսկական նվեր էր, քանի որ այն կարճ ժամանակում սերտաճեց նաև արտերկրի քրեական կառուցների հետ՝ այդպիսով դառնալով շատ ավելի կառավարելի ու վերահսկելի։ Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ նաև օլիգարխիան կազմաքանդելու ու արմատախիլ անելու խոստումներով, որոնք, սակայն, չկատարվեցին։ Իշխանությունը օլիգարխներին հռչակեց խոշոր սեփականատերեր՝ որևէ կերպ չսահմանափակելով նրանց ազդեցությունը քաղաքական, տնտեսական, դատաիրավական, լրատվական համակարգերի նկատմամբ։ Արդյունքում մենք վերջին ամիսներին ականատեսն ենք դառնում մի իրողության, երբ այդ նույն օլիգարխիան զանազան հին ու նոր քաղաքական կամ պսեվդոքաղաքական միավորների հովանու ներքո գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության։ Մենք տեսնում ենք օտար տերերին անմնացորդ ծառայելու պատրաստ ուժերի, անհատների մրցավազք ու շքահանդես, որոնք հանուն Հայաստանում իրենց կորցրած դիրքերի վերականգնման ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարումը՝ խտրություն չդնելով միջոցների մեջ և պատրաստ լինելով ցանկացած ստորության ու հակապետականության, ազգադավության ու դավաճանության։ Սա է իրականում այսօրվա մեր խնդիրների հիմնարար շերտը, այսինքն՝ իրականում խնդիրներն ամենևին ներքաղաքական չեն, կապված չեն առանձին անհատների կամ խմբերի հետ, դրանք ուղղակիորեն առնչվում են մեր ինքնիշխանությանն ու անկախությանը։ Հասկացություններ, որոնցից ոչ մեկը մենք չենք լսում ու չենք լսելու հակապետական այս պայքարին լծված ուժերից ու գործիչներից։ Չենք լսելու, որովհետև նրանք իրականում պայքարում են երկրի ինքնիշխանության ու անկախության դեմ։ Այսուհետ այս Ազգային ժողովում ես ներկայացնում եմ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները գնահատում ենք հենց այս՝ ինքնիշխանության ու անկախության պաշտպանության համատեսքստում՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր և օրինական միջոցներով աջակցելու այդ պայքարին։ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը արձանագրում է, որ ինքնիշխանության ու անկախության պաշտպանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է ու անայլընտրանք։ Օլիգարխիան՝ որպես ինստիտուտ, և համակարգ Հայաստանում այլևս չպետք է գոյություն ունենա։ Հայաստանը կարող է զարգանալ միայն մրցակցային տնտեսական ու քաղաքական համակարգերի առկայության դեպքում, որոնք հակացուցված են օլիգարխիային։ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն արձանագրում է, որ օլիգրախիայի կազմաքանդումն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն և ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք վճռական ու հաստատակամ ենք այս պայքարում, որում անկասկած հաղթելու ենք։ Հաղթելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու և հանուն հանրապետության»։
18:34 - 16 հունիսի, 2020