Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ատելության խոսքի, երբեմն՝ բռնության կոչերի տարածման պատասխանատու է համարում իշխանությունը, իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ բազմաթիվ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարի համար, իսկ մեղադրանքը, թե իշխանությունը դա խրախուսում է, համարում է  զրպարտություն: Պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է քրեականացնել ատելության խոսքը՝ բռնության հրապարակային կոչը, քարոզը: Մարուքյանի կարծիքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ  իշխանությունը ատելություն չի քարոզում, սակայն իշխանության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները չեն դատապարտում այդ խոսքը: Մարուքյանի կարծում է, որ այդ խոսքը չեն դատապարտում, քանի որ դա նրանց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց ուղղված ելույթներից հետո բազմաթիվ նամակներ են ստանում՝ տարբեր պիտակավորումներով, սպառնալիքներով: Դրանցից մեկով արդեն քրեական գործ է հարուցվել: Մարուքյանի կարծիքով՝ այդ մարդիկ իշխանությանն են աջակցում: «Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ այդ հայհոյանքով, զրպարտության խոսքով: Եվ դրան  գումարվում ձեզ աջակցող Յութուբի ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում, որոնք ամեն օր վարկաբեկում, զրպարտում ենք մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին: Նա կատեց, որ երբ օրեր առաջ Էջմիածնում որոշ մարդիկ հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի իբր թաղումն էին կազմակերպել, ոչ ոք, այդ թվում ոչ մի պատգամավոր չդատապարտեց դա: «Եթե մի «այո»-ի կողմնակից քարով տա «ոչ»-ի կողմնակցի գլխին, սպանի, ով է պատասխան տալու: Դուք եք դրա պատասխանատուն, դուք եք դա խրախուսում, ժպտում դրա վրա: Ձեզ աջակցող մեդիան է դա տարածում»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դրա պատասխանատուն իշխանությունն է: Նրա կարծիքով՝ եթե անգամ ատելության խոսք է տարածում  նախկին իշխանությունը, միևնույն է նորից իշխանությունն է պատասխանատու:  «Դուք եք այսօր իշխանություն, դուք պետք է կարգավորեք, մենք չենք կարող կարգավորել»,-ասաց Մարուքյանն ու կոչ արեց իշխանությանը պայքարել դրա դեմ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սարգիս Խանդանյանն իր ելույթում անդրադառնալով արտահայտված կարծիքին՝ հաստատեց, որ իսկապես երկրում մթնոլորտի համար պատասխանատուն իրենց քաղաքական ուժն է: «Եվ դրա համար մենք ջանքեր ենք գործադրում: Եվ այդ ջանքերի օրինակներից մեկն է, որը ներկայացրել է կառավարությունը: Մենք դատապարտել ենք ու դատապարտում ենք ատելության խոսքը»,-ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ դրա օրինակներից մեկն էլ այն հայտարարությունն է, որն իրենց խմբակցության պատգամավորները տարածել են, և դրա հիմքով ստեղծվել է ԱԺ ատելության խմբի դեմ պայքարի հանձնաժողովը: Պատգամավորը նկատեց՝ այդ հանձնաժողովից դուրս են եկել  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած դրվագին՝ Խանդանյանը նշեց. «Դուք ԱԺ ամբիոնը օգտագործում եք զրպարտություն և սուտ տարածելու համար: Եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք, այլապես Ձեր հայտարարությունները նման են զրպարտության և ստի»:
16:32 - 05 մարտի, 2020
ԼՀԿ-ն, ինչպես միշտ, որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբի քննարկումներին․ Սարգիս Խանդանյան |tert.am|

ԼՀԿ-ն, ինչպես միշտ, որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել ատելության դեմ պայքարի աշխատանքային խմբի քննարկումներին․ Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Չափազանց ցանկալի կլիներ, որ այս բարեփոխման պայքարին խորհրդարանական երեք ուժերով գնայինք, բայց «Լուսավոր Հայաստանը» ինչպես մյուս դեպքերում, այդպես էլ այս դեպքում որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել քննարկումներին:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ միասին դադարեցնում են  մասնակցել ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին։«Իրենց գործն է, ամեն դեպքում` մեր խմբակցությունը հանձնառություն է ստանձնել, նախընտրական խոստում ունի նաև բռնությունից զերծ հանրություն կառուցելու, և այս առումով մենք աշխատելու ենք»,- նշեց պատգամավորը:Հարցին, թե ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ինչ է անելու այս ընթացքում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ այս ընթացքում մի քանի տեխնիկական հարցեր են լուծվել, նաև քննարկումներ են իրականացրել պետական այլ մարմինների հետ։ Պատգամավորի խոսքով՝ քննարկումները շարունակվելու են և արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ են միանալու։«Դատախազությունը նախկինում մշակած նախագիծ ուներ։ Գլխավոր դատախազության ներկայացուցչին խնդրել ենք՝ այդ նախագծը  հաջորդ քննարկման ժամանակ ներկայացնել, որ հասկանանք, թե որքանով է այդ նախագիծը կիրառական մեր պատկերացումների հետ»,- ասաց նա։
18:30 - 13 փետրվարի, 2020