Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը

Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը

ՀՀ փաստաբանների պալատի 2020թ. գարնան փաստաբանների որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից քննությունները հանձնել է 65-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։ «2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝ 2 հավակնորդ- 2019թ. աշնանը փաստաբանական դպրոցն ավարտած, սակայն որակավորման քննություններին հարգելի պատճառով չմասնակցած 1 հավակնորդ- 2019թ. աշնան որակավորման քննությունների 2-րդ փուլի դեոնթոլոգիայի բաղադրիչից կտրված 94 հավակնորդ- փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավելի տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ) ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝ հանձնել է 65 հավակնորդ. չի հանձնել 32 հավակնորդ: Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:30 - 04 հունիսի, 2020
Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Քննարկվել են Փաստաբանության մասին օրենքում եւ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Անի Սամսոնյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն, որը թույլ կտա խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերի վերաբերյալ կայացնել որոշումներ: Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց. խոսքը վերաբերում է Պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգին: Նախատեսվում է նաեւ Պալատի արդյունավետ գործունեությանն ուղղված եւս մեկ ընթացակարգային նորմ՝ կապված կառույցի կարգապահական որոշումների բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգի հետ: Հեղինակն առաջարկում է այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում Պալատի որոշումը հանձնել հասցեատեր փաստաբանին, որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել որոշումը Պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից: Նախագծով լրացվում է նաեւ օրենսդրական բացը կապված Խորհրդի այլ՝ ոչ կարգապահական գործերով կայացրած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հետ: Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նշված որոշումների բողոքարկման ժամկետը: Առաջարկվում է, որ նման որոշումները շահագրգիռ անձի կողմից կարող են դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում: Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության գրավոր, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ բանավոր առաջարկներ: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվելու պայմանով:Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քննարկվել եւ մինչեւ 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է հանձնաժողովի՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:
15:29 - 18 մայիսի, 2020
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը պարզաբանել է հանրային պաշտպանների նկատմամբ սահմանափակումները

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը պարզաբանել է հանրային պաշտպանների նկատմամբ սահմանափակումները

ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին մեղադրել է ներքին  ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք սահմանելու, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար: «Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, քանի որ մասնավոր գործերով իրավաբանական օգնությունը հաճախ (ելնելով մասնագիտական գործունեության առանձնահատկությունից) տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին (դատական նիստեր, հարցաքննություններ և այլն): Պաշտպանն անկախ նրանից մասնավոր գործով է ներգրավված, թե՝ որպես հանրային պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պարտավոր է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատական նիստին կամ քննչական գործողությանը, որի խախտումը կարգապահական պատասխանատվության հիմք է: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պաշտպանը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, գտնում ենք, որ առաջին հերթին պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր կողմից տրամադրվող միջոցները ծախսվեն արդյունավետ կերպով և բացառվի ցանկացած խոչընդոտ, որը կարող է նվազեցնել հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը: Այս պայմաններում, պատգամավոր Մարիա Կարապետյանի  արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ: Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միացավ պատգամավոր Մարիա Կարապետյանի  կողմից հնչեցված այն պնդմանը, որ  հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: Հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի կանոնների համաձայն օրենսդիրը թույլատրում է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 129-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով: Եթե պետությունը լրացուցիչ գումարներ չտրամադրի Հանրային պաշտպանի գրասենյակին, ապա այդ ծախսերը պետք է կատարի Փաստաբանների պալատը՝ փաստաբանների անդամավճարների հաշվին, որը չի բխում  «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի պահանջներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացումները Հանրային պաշտպանի գրասենյակին կատարվում են տարեկան կտրվածքով՝ պայմանագրի հիման վրա, հետևաբար գտնում ենք, որ տարեկան աշխատանքային պայմանագրերի կնքումն այս փուլում այլընտրանք չունի: Բացի այդ, յուրաքանչյուր տարի մրցույթով նոր հանրային պաշտպաններ ներգրավելու հնարավորությունը մշտապես թարմացնում է հանրային պաշտպանի գրասենյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:48 - 06 մայիսի, 2020
Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Արման Արզումանյանի խուզարկությունը ոստիկանությունում

Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Արման Արզումանյանի խուզարկությունը ոստիկանությունում

Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է փաստաբան Արման Արզումանյանի դիմումը ոստիկանության Նոր-Նորքի բաժնում այս տարվա ապրիլի 24-ին անձնական խուզարկության ենթարկվելու փաստի վերաբերյալ եւ արձանագրել, որ. 1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել, 2) առերևույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաև վերջինիս վստահորդին, 3) բացակայել է նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ), 4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը Բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, 5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերևույթ խախտումները, 6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով, 7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց և ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաև նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը, 8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ: Հանձնաժողովը, վկայակոչելով նաև համապատասխան իրավակարգավորումները, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. - Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում և խստորեն դատապարտում ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը: - Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն և քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
17:55 - 04 մայիսի, 2020
Հանրային պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ 29 կալանավորի խափանման միջոց փոխվել է

Հանրային պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ 29 կալանավորի խափանման միջոց փոխվել է

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջական առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը։ Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները: Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում: Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված  խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացրել են 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.     29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով,     75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում,     4-ը դատարանների կողմից մերժվել են: Նշենք նաև, բավարաված միջնորդություններից մեկը վերաբերվել է ցմահ դատապարտվածի վերանայման վարույթի շրջանակում, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու  համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
21:09 - 09 ապրիլի, 2020
Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման  հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումը, ինչպես նաև Aysor.am, www.azatutyun.am և www.a1plus.am լրատվական կայքերում կատարված հրապարակումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը: ԲԴԽ նախագահի դիմումի և զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Արամ Վարդևանյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող թիվ ԵԴ/0253/01/19  քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, սակայն, այնուամենայնիվ, փաստաբանները ներկայացել են դատարան և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ, որտեղ գտնվելով ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: Արդյունքում, փաստաբաններ Հայկ Ալումյանին, Հովհաննես Խուդոյանին  և Միհրան Պողոսյանին ըստ էության վերագրվել է 2020 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դրսևորած հետևյալ վարքագիծը՝   - Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց. - Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում. - Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել. - Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ: Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ արձանագրվել է, որ Միհրան Պողոսյանին և Հովհաննես Խուդոյանին վերագրվող սեղանների մոտ նստելու վարքագիծն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար օրենքով կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: Այսինքն, նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, կամ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում փաստաբանի նստելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ փաստաբանի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի կամ դատավարության մասնակցի նկատմամբ կամ խախտվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի այլ դրույթ: Հետևաբար, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի վերոհիշյալ վարքագիծը պետք է գնահատման առարկա դարձվի դատական իշխանության նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կամ այլ անհարգալից գործողություններ կատարելու վարքագծի հետ համակցության մեջ: Կայքը նաև տեղեկացնում է, որ  փաստաբան Հայկ Ալումյանը 20.03.2020թ. ՀՀ փաստաբանների պալատ է ներկայացրել միջնորդություն, որով հայտնել է իր դիրքորոշումը ԲԴԽ նախագահի լիազորությունների մասին, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ գործի շրջանակներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի դիրքորոշման կարևորությունը, միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ, որպես առիթ ընդունելով այդ իրադարձությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
20:53 - 30 մարտի, 2020
ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

ՓՊ նախագահը դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով դիմել է նախարարին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝ փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը. դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից, գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: «Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն: Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար: Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:34 - 23 մարտի, 2020
Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|

Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|

hetq.am: Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: Նշված օնլայն տարբերակներով մինչեւ ապիլի 14-ը քաղաքացիները կարող են դիմել խորհրդատվության համար, ուղարկել դիմումներ, փաստաթղթեր եւ այլն: ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին: Նշենք, որ ՀՊԳ-ի հիմնական այցելուները սոցիալական խոցելի խմբերն են, որոնք տեխնիկայից օգտվելու խնդիրներ ունեն, գուցեւ հնարավորությունը չունեն: Այդ է պատճառը, որ ՀՊԳ-ում շարունակում են քաղաքացիներից առձեռն եւ փոստով գրություններ ստանալ, իսկ դա աշխատակիցներին չի ապահովագրում հիվանդանալու վտանգից: ՀՊԳ ղեկավարն ասում է, որ քաղաքացիների մի մասը վայբերով եւ մեյլերով փաստաթղթեր է ուղարկում, հեռախոսով են խնդիրը ներկայացնում եւ խորհրդատվություն ստանում: Պաշտպաններն անհրաժեշտության դեպքում գործ են կազմում եւ մեյլով ուղարկում: Մ. Առուստամյանը հայտնեց, որ առայժմ էլեկտրոնային տարբերակով աշխատանքը ստացվում է պետական մարմինների ու դատարանների հետ՝ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպում են մեյլերով:   Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ամեն հինգշաբթի ՀՊ գրասենյակում բաց դռների օր էր բանավոր խորհրդատվությունների համար, հիմա այն օնլայն տարբերակով է անցկացվում: Սակայն, քաղաքացիների հետ շփումներն իսպառ սահմանափակել հնարավոր չէ, անհրաժեշտության դեպքում ընդունում են: Հանրային պաշտպանների հերթապահություն է սահմանված՝ ամեն օր հերթապահում են քրեական իրավունքի երեք եւ քաղաքացիական իրավունքի երկու մասնագետ: Պաշտպանների աշխատանքն անվտանգ դարձնելու համար ընդունելությունների սրահում ապակյա պատ են տեղադրել եւ քաղաքացիների հետ այդկերպ են հաղորդակցվում: Պալատի մուտքի մոտ եւ հարկերում տեղադրվել են նաեւ ախտահանող նյութեր: Ավելին՝ hetq.am-ում
12:48 - 19 մարտի, 2020
Փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին մասնակցելուց

Փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին մասնակցելուց

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փաստաբաններին հորդորում է մինչև մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին մասնակցելուց:«Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝1. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով.2. մինչև 2020 թվականի մարտի 23-ը կատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել).3. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի.4. փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am).5. փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով.6. վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու, ինչպես նաև փաստաբանի կողմից վարվող գործերով օժանդակություն ցուցաբերելու նպատակով:Փաստաբանների պալատը մինչև 2020 թվականի մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Անհետաձգելի դեպքերում, հանրային պաշտպանի գրասենյակը սահմանված կարգով իրավաբանական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին:Մինչև 2020 թվականի մարտի 23-ը Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին)»:
09:09 - 16 մարտի, 2020
Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում |news.am|

Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում |news.am|

news.am: Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Հարութ Ակլունցը: «Մասնավորապես, Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը` որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում: Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչև դատավճիռի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- ընդգծեց Ակլունցը: Նրա խոսքով` մտահոգիչ է նաեւ վաղեմության ժամկետի շեմը բարձրացնելու ձգտումը գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների համար: «Բացի այդ, Պալատը առաջարկում է հնարավորություն ընձեռել ազատել քրեական պատժից կաշառքը տված անձին, եթե կաշառք տալուց հրաժարվելը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը պոտենացիալ վտանգ է կներկայացնի այդ անձի համար: Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել փաստաբանների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար` հաշվի առնելով այն, որ պաշտպանության բնականոն գործունեության ապահովումն անհրաժեշտ նախապայման է արդարադատության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ»,- ասաց նա:
15:10 - 21 փետրվարի, 2020