Ալեքսանդր Լուկաշենկո

Ուկրաինայում ռազմական գործընթացները ղեկավարում է Արևմուտքը. Լուկաշենկո |1lurer.am|

Ուկրաինայում ռազմական գործընթացները ղեկավարում է Արևմուտքը. Լուկաշենկո |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադրությունը կառավարում են Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք գտնվում են Կիևում: «Զելենսկին չի ղեկավարում գործընթացներն Ուկրաինայում, նույնիսկ իր ռազմական խորհրդականները չեն խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է վարվել: Այնտեղ Ռուսաստանին հակազդեցությունն ամբողջությամբ կառավարում են ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչները: Բացի նրանից, որ նրանք պաշտոնապես մատակարարում են գերարդիական զենքը, ես կարծում եմ՝ հենց նրանք են ղեկավարում ռազմական գործընթացն Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ արագ կավարտվեն, եթե ԱՄՆ-ը խաղաղության հաստատման դիրքորոշում որդեգրի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չպետք է Ռուսաստանի վրա հարձակման հարթակ դառնա:
15:49 - 19 մարտի, 2022
Համոզված եմ, որ ՌԴ հատուկ ռազմական գործողությունը մոտ ապագայում կավարտվի խաղաղ ճանապարհով․ Լուկաշենկո

Համոզված եմ, որ ՌԴ հատուկ ռազմական գործողությունը մոտ ապագայում կավարտվի խաղաղ ճանապարհով․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մոտալուտ ավարտ և խաղաղության ձեռքբերում։ Այս մասին նա հայտարարել է TBS հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Բելտան»։ «Համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, կավարտվի խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։ Նա նաև նշել է, ՌԴ-ն Ուկրաինային առաջարկում է պայմանագրի ընդունելի տարբերակ․ «Առաջին անգամ  կասեմ գլխավորը․ ես հաստատ գիտեմ, Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի, և Զելենսկին ու Պուտինը ստորագրեն այդ պայմանագիրը։ Եթե Զելենսկին չհամաձայանի դրան, նա կարճ ժամանակում ստիպված է լինելու ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի»։ Լուսանկարը՝ «Բելտա»-ից
17:01 - 17 մարտի, 2022
«Վերջնանպատակը Ռուսաստանն ու Չինաստանն են»․ Լուկաշենկոն՝ աշխարհում ազդեցության ոլորտների վերափոխման եւ Բելառուսի դերի մասին

«Վերջնանպատակը Ռուսաստանն ու Չինաստանն են»․ Լուկաշենկոն՝ աշխարհում ազդեցության ոլորտների վերափոխման եւ Բելառուսի դերի մասին

Բելառուսի նախագահն ընդգծում է տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցության ոլորտները վերափոխելու փորձերը։ Եւ արտաքին ուժերի կողմից Բելառուսի քաղաքական կուրսը փոխելու ավելի վաղ ձեռնարկած փորձերը, ըստ նրա, նույն ալիքի վրա են։ «Քաղաքական կուրսի փոփոխություն՝  հենց սա է տարածաշրջանում ազդեցության ոլորտները փոխելու փորձը։ Ակնհայտ է վերջնական նպատակը՝  Ռուսաստանը, Չինաստանը, որպես մրցակից, աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզից վերացնելը։ Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ, դրա ուղիղ ապացույցն են»,- ասել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի «մեղքը» միայն այն է, որ այն գտնվում է Եվրոպայի կենտրոնում հետաքրքրությունների խաչմերուկում․ «Աստված վերցրել, մեզ բնակեցրել է այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Շրջանցել չի լինի։ Թվում է՝ երկիրը մեծ չէ, բայց բոլորն անցել են դրանով։ Սայթաքել ենք, ընկել, բարձրացել, սողացել, բայց առաջ գնացել»։ Լուկաշենկոն, մասնավորապես, հիշեցրել է 1812-ի իրադարձությունները․ Առաջին համաշխարհային, Մեծ հայրենական պատերազմ։  «Այդպես կլինի միշտ։ Որովհետեւ հետաքրքրություններն անցնում են Բելառուսով։ Եւ մենք պետք է այնպես կառուցենք քաղաքականությունը, որ պահենք մենք երկիրը, որքան էլ դժվար լինի»,- ասել է պետության ղեկավարը։
14:50 - 15 մարտի, 2022
Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է «Ռիա Նովոստին»։ «Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները․ դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։ Երկու երկրների ղեկավարները նաև սահմանափակող միջոցների ազդեցությունը Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունների վրա։ Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ Լուկաշենկոն էլ նշել է, որ  որ նման մարտահրավերները զարգացման ներուժ են պարունակում։  
16:26 - 11 մարտի, 2022
Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|

Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Լուկաշենկոյի շնորհավորանքը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: «Վստահ եմ, որ բարձրագույն պետական պաշտոնում դուք կնպաստեք Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։ Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է նաև քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր պատասխանատու և կարևոր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։ Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:
10:36 - 10 մարտի, 2022
Լուկաշենկոն Աբու-Դաբիի թագաժառանգի հետ քննարկել է իրավիճակը Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում

Լուկաշենկոն Աբու-Դաբիի թագաժառանգի հետ քննարկել է իրավիճակը Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբու-Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ քննարկել է Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Խոսակցության ընթացքում քննարկվել են Բելառուսի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները, նաեւ իրավիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իր հերթին, ինչպես հայտնել է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով թագաժառանգի գրասենյակին, Ալ Նահյանը մատնանշել է «ճգնաժամից տուժած քաղաքացիական անձանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար միջազգային ջանքերի ակտիվացման» կարեւորությունը։ Նա նաեւ ընդգծել է «խաղաղ եւ դիվանագիտական միջոցներին անցնելու, պետությունների միջեւ վեճերն ու տարաձայնությունները հարթելու եւ կոնսենսուսի հասնելու համար կառուցողական երկխոսությանը առաջնահերություն տալու» անհրաժեշտությունը։
23:16 - 09 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
Արևմուտքին պետք է պատերազմ Ուկրաինայում, և որքան երկար շարունակվեն այնտեղ ռազմական գործողությունները, այդքան լավ Արևմուտքի համար․ Լուկաշենկո

Արևմուտքին պետք է պատերազմ Ուկրաինայում, և որքան երկար շարունակվեն այնտեղ ռազմական գործողությունները, այդքան լավ Արևմուտքի համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Արևմուտքին պետք է պատերազմ Ուկրաինայում, և որքան երկար շարունակվեն այնտեղ ռազմական գործողությունները, այդքան լավ Արևմուտքի համար։ Այս մասին հայտնում է «Բելտան»։ «Ուկրաինայում հակամարտությունը այսօր սկսվել է, վաղը այն կավարտվի, որքան էլ դժվար լինի։ Սակայն հիբրիդային պատերազմը, որ սկսում է Բելառուսի դեմ, հատկապես ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, դեռ երկար կտևեն»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Անկախ նրանից, որ առանձին ուժեր, որոնց դուք գիտեք, ուզում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ Ուկրաինայի տարածքում, դուք անհանգստանալու պատճառ չունեք»,-ասել է նա սահմանադրական հանրաքվեի ստորագրման արարողության ընթացքում։  Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական բանակը ՌԴ-ի հատուկ գործողությանը չի մասնակցել և մտադիր չէ մասնակցել․ «Պարզապես դրա անհրաժեշտությունը չկա»։
15:24 - 04 մարտի, 2022
Բելառուսը այսուհետ ևս չի պլանավորում մասնակցել Ուկրաինայի հատուկ գործողությանը․ Լուկաշենկո

Բելառուսը այսուհետ ևս չի պլանավորում մասնակցել Ուկրաինայի հատուկ գործողությանը․ Լուկաշենկո

Բելառուսը այսուհետ ևս չի պլանավորում մասնակցել Ուկրաինայի հատուկ գործողությանը։ Այս մասին Անվտանգության խորհրդի և Նախարարների խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Նա հայտնել է, որ այժմ գործողությունն (խմբ․-ռուսական) իրականացվում է հինգ ուղղություններով՝ Ղրիմից, Դոնեցկից, Լուգանսկից (դեպի Կիև), Չեռնիգովի, Խարկովի ուղղությամբ։  «Միևնույն ժամանակ, բելառուսական բանակը չի մասնակցել և չի մասնակցում ռազմական գործողություններին, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին», - ասել է նախագահը։ «Մենք մեր ուժերով պահպանում ենք պետական սահմանը Բրեստից մինչև Մազիր՝ կանխելու արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»,- ասել է նա։ Լուկաշենկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական  պատրաստության Բելառուսում, որպեսզի թույլ չտան ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնել։ «Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով»,- նշել է նա։
14:09 - 01 մարտի, 2022
Ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է․ Լուկաշենկո

Ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է․ Լուկաշենկո

Ստեղծված իրավիճակը արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է։ Ինչպես հայտնում է «Բելտան», այս  մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։ «Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է, որը նպատակ ունի առաջ մղել սեփական շահերը՝ ի վնաս ուրիշների անվտանգության»-ասել է նա։«Ի դեպ, դեռևս ռազմական գործողությունների մեկնարկից առաջ մենք մեր ուկրաինացի գործընկերներին առաջարկել ենք ուղիղ կապ հաստատել ռուսական կողմի հետ, մենք պատրաստ ենք եղել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն մեր առաջարկն անտեսվել է»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում, քանի որ այլընտրանք չի մնացել։ Նա նշել է, որ կողմերի միջև բանակցությունները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։
12:56 - 01 մարտի, 2022
Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Զելենսկին նշել է, որ չի հավատում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին

Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ Եվ քանի դեռ մեր տղաներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատարը այստեղ են։ Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները»,- ասել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։
21:07 - 27 փետրվարի, 2022