Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ. ՀՅԴ Բյուրոն՝ միջազգային կառույցներին

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ. ՀՅԴ Բյուրոն՝ միջազգային կառույցներին

ՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի և իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական և բարոյական սնանկությունը։ Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում: Սակայն ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում: Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն և հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը և տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։ Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է: Առ այդ, 1. Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ և առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում: 2. Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների և շահերի: Տոկուն և անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդար պայքարին։ 3. Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»: Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
11:06 - 15 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ: «Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նույնկերպ հիմա մենք ողջունում ենք ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը, ինչպես նաև խաղաղ բանակցություններ նախապատրաստելու և Սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ձևավորելու դրական տեղաշարժը»,- նշել է Փրայսը: Նրա խոսքով ինչպես ընդգծել է պետքարտուղարը երկու ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներում, ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները. «Մենք կրկնել ենք, և պետքարտուղարն էլ կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով օգնելու երկրներին գտնել համապարփակ երկարաժամկետ խաղաղություն»: Նշենք, որ երեկ Ռուսաստանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է. «Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են [Մինսկի խմբի] համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է՝ ՌԴ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»:
09:40 - 15 ապրիլի, 2022
Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մասին |1lurer.am|

Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն բանից հետո, երբ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվեց սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ, հնչեց քննադատություն, թե Հայաստանը հրաժարվել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից: «Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Ի դեպ, այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: Եվ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից՝ երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում: Եվ, այո՛, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն, և պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամկետում կատարել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը կարևոր է համարում այն, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում: «Այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել»,- նշեց նա:
12:34 - 13 ապրիլի, 2022
Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այդ սկզբունքները հետեւյալն են՝  - փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,  - միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,  - միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,  - սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,  - տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն: «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:
11:52 - 13 ապրիլի, 2022
Ֆրանսիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

 |armenpress.am|

Ֆրանսիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Մինսկի խմբի ապագայի հետ կապված, որի համանախագահ է Ֆրանսիան: «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այդ նպատակով փետրվարի 4-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում»,-ասված է հայտարարության մեջ։
12:05 - 12 ապրիլի, 2022
Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգում է․ Ջեյմս Ուորլիք |news.am|

Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգում է․ Ջեյմս Ուորլիք |news.am|

news.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել news.am-ին։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, այս փուլում Եվրամիության միջնորդական ջանքերի ակտիվացմանը, հարցին, թե երբ և ինչ պայմաններում Արցախի կարգավիճակի հստակեցման և ինքնորշման իրավունքի իրացման հարցերը կարող են նորից բանակցությունների առարկա դառնալ։ Ուորլիքը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ՄԽ եռանախագահության ձևաչափը։ - Դուք դադարեցրել եք Ձեր գործունեությունը Մինսկի խմբում 6 տարի առաջ։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է փոխվել Մինսկի խումբը իր ունեցած դերի և արդյունավետության տեսանկյունից։ Ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահները չափազանց կարևոր դեր են խաղացել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում։ Այն բացառիկ ձևաչափ է եղել նաև որպես ԵԱՀԿ-ի մաս՝ որպես համանախագահող երկրների համախմբելով Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները տարբեր խնդիրների բերումով լարվել էին, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն հարցերից մեկն էր, որի դեպքում կարողանում էինք համատեղ աշխատել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեի իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ և հպարտությամբ եմ ասում, որ մենք շատ լավ, գործընկերային և համագործակցային միջավայրում ենք աշխատել իրար հետ։ Հույս ունեմ՝ ապագայում ևս այդպես կլինի։ - Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը շարունակում է պնդել, թե Մինսկի խումբը սպառել է իրեն և պետք չէ, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, գոյություն չունի այլևս։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Մինսկի խմբի մանդատն այլևս անհրաժեշտ չէ։ Կարծում եմ՝ Մինսկի խումբը դեռ դերակատարում ունի։ Եթե ոչ Մինսկի խումբն ու համանախագահները, ապա միջազգային հանրության մեկ այլ հատված պետք է նման պատասխանատվություն ստանձնի։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես Ռուսաստանի ձեռքում պետք է լինի, և կարծում եմ, որ հակամարտության կողմերն առկա խնդիրների ուղղությամբ աշխատելու համար միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Եթե նոր մեքենա ստեղծելու ցանկություն կա, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց այն ստեղծվելու դեպքում պետք է Մինսկի խմբի նման լինի։ - Ալիևը նաև հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը նախորդ տարիների ընթացքում անօգուտ է եղել հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ձեր կարծիքով Մինսկի խմբի համանախագահության գործադրած ջանքերն ի՞նչ կարևորություն են ունեցել բանակցային գործընթացում։ Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն ու համանախագահները կարողացել են ապահովել քննարկումների շարունակականությունը և ավելի վաղ խուսափել լուրջ հակամարտությունից։ Ինչպես պարզվեց, այսքան տարի անց նոր հակամարտությունը պատահական չեղավ, բայց ռազմական գործողություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարևոր է։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դերակատարում ունենալ։ - Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բառ անգամ չկար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը և այլևս չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձևաչափում։ Սա նշանակում է, որ Մինսկի խումբն ընդհանրապես դու՞րս է մղվում գործընթացից։ Լավ հարց է։ Հաշվի առնելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև առկա լարվածությունը՝ զարմանալի չէ, որ Մինսկի խումբը գործընկերային և համագործակցային ձևով չի կարողանում հիմա աշխատել։ Դա չի նշանակում, որ այն ապագայում դեր չի խաղալու, ես հավատում եմ, որ այն կարող է գործել։ Կարծում եմ՝ այժմ կարող է դեր խաղալ Եվրոպական խորհուրդը կամ մեկ այլ կառույց։ Եվրոպական խորհուրդը ցանկանում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Ես ողջունում եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Դա ևս կարող է հավասարապես արդյունավետ աշխատել։ Բայց իմ կարծիքով կարևոր է, որ այս հարցում միջազգային հանրության միջնորդություն լինի։ - Լեռնային Ղարաբաղում իրավիճակն արդեն ավելի քան մեկ ամիս լարված է, բայց Մինսկի խմբի համանախագահները ոչ մի հայտարարություն չեն տարածել մինչ օրս։ Ընդհանուր առմամբ, Մինսկի խումբը պատերազմից հետո շատ պասիվ է գործում։ Չե՞ք կարծում, որ նախորդ մեկուկես տարում ձևաչափն իր ողջ ներուժով չի գործել։ Ըստ էության, հակամարտության կողմերին ենք վերադառնում։ Եթե կողմերը չեն ցանկանում, որ Մինսկի խումբը լինի, այն չի կարող արդյունավետ աշխատել։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է որոշեն՝ արդյո՞ք Մինսկի խումբը կարող է դեռ դերակատարում ունենալ, եթե այո, ապա որն է լինելու այն։ Ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը կարող են այդ դերակատարումն ունենալ։ Մենք չենք ուզում, որ շատ այլ հարցերի պատճառով Ղարաբաղյան հակամարտությունը մոռացի, միջազգային հանրությունն էլ այլևս ուշադրություն չդարձնի դրան, ոչ էլ, որ Ռուսաստանը հակամարտության միակ միջնորդը դառնա, դա նույնպես ցավալի կլինի։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դեր խաղալ, և հավատում եմ, որ այս հարցը հետագայում ևս պետք է քննարկվի ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ - Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները տեղի ունենան իր ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա, որոնք հիմնականում մեկը մյուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելուն են վերաբերում։ Դրանցում ոչ մի բառ չկա Արցախի ժողովրդի իրավունքների մասին։ Որքանո՞վ է այս սցենարը համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տեսլականին, որին տարիներ շարունակ ձգտել են համանախագահները։ Կարծում եմ՝ վերադառնում եք այն հիմնարար սկզբունքներին, որոնք առկա են եղել որոշակի ժամանակ։ Դրանք դեռ երկարատև խաղաղության հիմքն են կազմում։ Տարածքային ամբողջականության սկզբունքը դրա կարևոր մի մասն է, և, ինչպես ես եմ հասկանում, արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է հենց այսպիսի քննարկումներ ունենալ այն հարցի վերաբերյալ, թե որտեղով են անցնում սահմանները։ Բայց միայն այս հարցերը չեն, որոնք լուծման կարիք ունեն։ Կարգավիճակը հարցը շարունակում է չկարգավորված մնալ, և այն պետք է քննարկումների մաս կազմի։ Ոգևորիչ է տեսնել, որ կողմերը շփվում են միմյանց հետ, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին, արտգործնախարարներն են խումբ ստեղծել, որպեսզի սկսեն այս բանակցությունները։ Շատ հարցեր են լինելու օրակարգում․ խոսքը միայն տարածքային ամբողջականության մասին չէ, խոսքը նաև ռեսուրսների, հաղորդակցության ուղիների մասին է։ Հայկական կողմի համար, իհարկե, խոսքը կարգավիճակի մասին է։ - Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր նկատմամբ տարածքային պահանջներից՝ այդկերպ ձգտելով հակամարտությունը որպես տարածքային խնդիր ներկայացնել, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ սա ոչ թե տարածքի, այլ իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Պաշտոնավարման տարիներին ինչպիսի՞ն էր հակամարտության էության մասին Ձեր անձնական պատկերացումը։ Այս հակամարտությունը միշտ էլ շատ բարդ է լինելու կարգավորել, քանի որ տարածքային ամբողջականության և կարգավիճակի հարցերի միջև մշտապես բնական լարվածություն գոյություն ունի։ Բայց եթե խոսքը տևական խաղաղություն հաստատելու մասին է, բոլորն էլ գիտեն, որ պետք է առկա բոլոր հարցերը դրվեն բանակցային սեղանին, և ոչ թե միայն տարածքային ամբողջականության հարցը։ Ես հավատում եմ, որ Ադրբեջանն էլ սա միշտ հասկացել, հասկացել են, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք չենք ուզում, որ այդ հարցերը մարտադաշտում կարգավորվեն․ դրանք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Բանակցությունները հեշտ չեն լինելու՝ դրանք ժամանակ կպահանջեն, շատ հարցեր կան, որոնց վրա պետք է աշխատել, բայց դա պետք է արվի` երկու կողմերի համար էլ երկարատև խաղաղության ապահովելու նպատակով։ - Համանախագահ բոլոր երկրներն էլ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը մնում է չլուծված։ Հայաստանում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ այս հայտարարությունները ենթադրում են հենց Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ։ Ի՞նչ տպավորություն ունեք՝ կոնկրետ ի՞նչ կարգավիճակ նկատի ունեն համանախագահող երկրները, երբ հայտարարում են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի։ Մշտապես համարվել է, որ տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի, բայց նաև կարիք է լինելու, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի։ Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել։ Հավատում եմ, որ հարցը դեռ առկա է, և առաջիկա քննարկումների մաս է կազմելու։ Շարունակությունը՝ news.am-ում
21:48 - 10 ապրիլի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է  խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակը։   «Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
11:03 - 06 ապրիլի, 2022
ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։ Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։
11:46 - 02 ապրիլի, 2022
«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Շեշտելով մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող Փառուխ գյուղ, հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակոռուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող կրակահերթերը, Արցախի միակ գազատարը խափանելը՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը հրամայական է, իսկ ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ շեշտելով․ - «Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առաջիկայում այնուամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք հետևողական ենք այս հարցում»։ Զբիգնև Ռաուին իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով՝ «տարաշարջանում իրավիճակը մնում է անկայուն»։
14:01 - 01 ապրիլի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
10:46 - 15 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՄԻՊ գրասենյակում, ընդգծել է, որ խոսքի ազատության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական մանդատի ներքո է և, որ լրագրողներն ու մեդիա համայնքն իր բնական աջակիցներն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը լավագույնս իրականացնելու հարցում: Քրիստինե Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հաստատության Սահմանադրական մանդատն ու գործունեության ուղղությունները՝ շեշտելով հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահության փաստը։ Թերեզա Ռիբեյրոն իր հերթին լավագույնն է մաղթել Քրիստինե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու առաքելության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառնալով մեդիայի և խոսքի ազատության պաշտպանության կարևորությանը՝ շեշտել են, որ մամուլի անհամաչափ ու ոչ անհրաժեշտ սահմանափակումները միայն վնասում են երկրում ժողովրդավարական զարգացմանը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են որոշ դեպքերում տեղեկատվական մանիպուլյացիայի, ատելության հրահրման, և թիրախավորման նպատակներով մեդիայի միջոցների ու հնարավորությունների օգտագործման անթույլատրելիությունը: Պաշտպան Գրիգորյանը Թերեզա Ռիբեյրոյին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում մամուլի ազատության հարցերի վերաբերյալ քննվող երկու գործերի մանրամասները՝ նշելով, որ խոսքի և մեդիայի ազատության ապահովման ոլորտում կարևորում է քննարկումների ներառականությունն ու կարգավորումների իրավական որոշակիությունը՝ որպես իրավունքի խախտումների կանխարգելման երաշխիք: Պաշտպանը միաժամանակ նշել է մեդիագրագիտության բարձրացման, ինչպես նաև՝ պատասխանատու լրագրողական գործելակերպերի խթանման անհրաժեշտությունը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: 
18:09 - 11 մարտի, 2022
Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն |armenpress.am|

Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ ներգրավվածությամբ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: «Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, մարդասիրական ականազերծումը, և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը: Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»,-ասված է հայտարարության մեջ:
16:53 - 11 մարտի, 2022
Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: «Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի  բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:
23:10 - 09 մարտի, 2022
Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար: - Ֆրանսիան այս տարի 6 ամսով նախագահում է Եվրամիության խորհրդում: Հետաքրքիր է, թե որպես ԵՄ նախագահող՝ Ֆրանսիան ի՞նչ դեր կարող է խաղալ եվրոպական տարածքում սրված հակամարտությունների կարգավորման գործում: - 2022 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելուց ի վեր Ֆրանսիան տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էին կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ֆրանսիայի նպատակն էր նախ և առաջ երկխոսություն ապահովել երկու երկրների միջև, ինչպես նաև նպաստել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտեք՝ այդ միջնորդության շնորհիվ 8 հայ զինվորներ ազատ արձակվեցին և ֆրանսիական ռազմական ինքնաթիռով վերադարձան Հայաստան: Ֆրանսիան աշխատում է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը նախագահ Մակրոնը գնացել էր Մոսկվա, այնուհետև մեկնեց Կիև, որպեսզի փորձի խաղաղ ելք գտնել այդ ճգնաժամից: Ցավոք, նախագահ Պուտինը չլսեց Ֆրանսիայի նախագահի խաղաղության կոչը: Եվ, իհարկե, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և 21-րդ դարի ամենամեծ ճգնաժամերից է Եվրոպայում: - Քանի որ Ֆրանսիան միջնորդ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ կուզեի Ձեր մեկնաբանությունը խնդրել հատկապես այս հարցի վերաբերյալ: 44-օրյա պատերազմից հետո անորոշությունը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շատ է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այս խնդիրը: Արդյոք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: - Եվ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ: - Երկխոսությունը ապահովելու միջոցով: - Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված այլ միջոցառումներ այս տարի նախատեսվա՞ծ են: - Այո՛, իհարկե: Այս տարին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումներին: Ցավում եմ, որ մեր հենց առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր փետրվարի 24-ին դեսպանությունում, մի քիչ տխուր իրավիճակում տեղի ունեցավ՝ Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների լույսի ներքո: Բայց մենք ծրագրել ենք նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ, կինոցուցադրություններ: Նաև նախատեսել ենք գաղափարների դեբատներ՝ մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին են լինելու հաջորդ 30 տարիները ֆրանս-հայկական հարաբերությունների համար:
17:41 - 09 մարտի, 2022