#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրավիրված հրատապ ասուլիսում խոսեց դաշինքի պատգամավորության թեկնածուների ձերբակալությունների, քվեաթերթիկների եւ քվեատուփերի խոտանված լինելու իրենց տեղեկությունների մասին։ Նա զգուշացրեց, որ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ, եւ չի խախտվելու որեւէ արգելք, նորմ, որը վերաբերում է լռության օրվան։ Խոսելով ձերբակալություններ մասին՝ Հակոբյանը նշեց․ «1 շաբաթից ավելի է, որ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, դրանք հատկապես ուժգնացել են երկվանից եւ այսօր առավոտվանից»։ Նա նշեց, որ դաշինքի պատգամավորության թեկածուները, շտաբային ակտիվիստները, կողմնակիցները տասնյակներով բերման են ենթարկվում։ Նրա խոսքով՝ կան նաեւ ձերբակալվածներ՝ մոտավորապես 30 անձ, որ այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, իսկ կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ։ «Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգմավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում  եւ մեքենայում խուզարկություն են իրականացրել, որը տեւել է մի քանի ժամ․ ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Սեդրակյանը ձերբակալվել է։ Խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել որեւէ իր, հանցակազմ պարունակող արարք չի եղե․ ըստ էության, չկա անգամ կողմնակի ապացույց»։ Սոս Հակոբյանը հիշեցրեց, որ պատգավորության թեկնածուները օգտվում են անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ վերջիններիս կարելի է ձերբակալել միայն եթե հայտնաբերվում են հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո․  «Բացի Սեդրակյանից ձերբակալվել է եւս 2 անձ։ Մենք ունենք նաեւ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների փաստ Հրազդանում․ 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ եւ առանց դատարանի սանկցիայի առկայության իրականացրել խուզարկություն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվողն ուղղակի ամենաթողություն է, իսկ Հրազդանում նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։ «Ստանում ենք ահազանգեր պատգամավորության թեկնածուներից եւ ակտիվիստներից, որ զանգեր են ստանում, որով կանչվում են ոստիկանության բաժանմունքներ կամ քննչական մարմիններ։ Կան նաեւ հստակ տեղեկություններ, որ հետեւում են մեր մարդկանց, որոնք մինչ այսօր զբաղված էին քարոզչությամբ, նրանցից մի մասին մի քանի ժամից բաց են թողնում, մի մասին՝ պահում ավելի երկար»,-ասաց Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգաին դիպորդների եւ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա ձերբակալությունները որակեց է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով։  Հակոբյանը խոսեց նաեւ իրենց տեղեկությունների մասին, համաձայն որոնց, ի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ «Կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիորւմ այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար»։ Դաշինքի մամուլի պատասխանատուն խոսեց նաեւ քվեատուփերի մասին․«Քվեատուփեր վրա անհասկանալի անցեր կան, որոնցով առնվազն հնարավոր է թերթիկներ ներս գցել, սա նույնպես կարող է ապօրինությունների առիթ դառնալ, ԿԸՀ-ի, դիպորդների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ քվեատուփերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խոտաններին»։ Սոս Հակոբյանը անդրադարձավ նաեւ քվեաթերթիկներ պահման վերաբերյալ իրենց տեղեկություններին՝ նշելով, որ եթե դրանք հնարավոր չի լինում պահել չհրկիզվող պահարաններում, ապա դրանք պահվում են կանոնների խախտմամբ։ «Քվեաթերթիկները կարող են վնասվել, նշումներ արվել, որպեսզի դրանք անվավեր համարվեն»,-ասաց Հակոբյանը։
21:39 - 19 հունիսի, 2021
Քվեարկությունը պարզելու հավաստիացումները, հնարավոր սպառնալիքներն անհիմն են. չպետք է տրվել հոգեբանական ներգործությանը. Դատախազություն

Քվեարկությունը պարզելու հավաստիացումները, հնարավոր սպառնալիքներն անհիմն են. չպետք է տրվել հոգեբանական ներգործությանը. Դատախազություն

Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քավեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա  արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նկատի ունենալով, որ նման դրսևորումները կարող են տարածական լինել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է: Ցանկացած եղանակով այդ իրավունքի խախտումը, ցանկացած միջոցով ընտրողի քվեարկությունը պարզելուն, քվեարկության բացահայտմանը հարկադրելուն ուղղված գործողությունը քրեական հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով: Անհրաժեշտ է իմանալ, որ ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով: Բոլոր ընտրատեղամասերում իրականացվելու են վերահսկողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները նաև տեխնիկապես նման հնարավորությունը բացառելու համար: Հետևաբար քվեարկության արդյունքը նմանատիպ միջոցներով բացահայտելու մասին հավաստիացումները, նախազգուշացումները սին են, հետապնդում են ընտրողներին վախ ներշնչելու, բարոյա-հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով նրանց՝ իրենց համար նախընտրելի քվերակությանը, ինչպես նաև կատարած քվեարկության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելուն հարկադրելու նպատակներ: Ընտրությանը մասնակցել պատրաստվող քաղաքացիները կարող են լիարժեք վստահ լինել, որ իրենց քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է, իսկ որևէ ձևով այն խախտելու փորձ կատարողները ենթարկվելու են քրեական խիստ պատասխանատվության: Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրողներին կոչ է անում որևէ պարագայում չհավատալ քվեարկության արդյունքների բացահայտելիության վերաբերյալ նախազգուշացումներին, չտրվել հոգեբանական ներգործության այդ միջոցներին և ընտրության քաղաքացիական պատքը կատարել՝ առաջնորդվելով սեփական համոզմունքներով: Կոչ ենք անում նաև այլոց կողմից քվեարկության արդյունքներին հասու դառնալու նպատակով գործադրվող հնարավոր նախապատրաստական միջոցառումների, իսկ քվեարկությանը օրը՝ նաև հնարավոր նման դրսևորումների ականատես լինելու, առնչվելու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:                   
19:28 - 19 հունիսի, 2021
Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և ավարտվել երեկ։ Այսօր լռության օր է, որի ժամանակ քաղաքական ուժերը և լրատվամիջոցները պետք է ակտիվություն չդրսևորեն և չիրականացնեն քարոզչություն։ Արդեն վաղը՝ հունիսի 20-ին տեղի կունենա քվեարկությունը։  Նախընտրական քարոզչության 12 օրերին հեռուստաընկերությունները և մեդիան պարտավորվում էին կուսակցություններին և դաշինքներին լուսաբանել հավասարապես։ Հանրային հեռուստաընկերության պարտավորությունները համեմատած մասնավոր ընկերությունների ավելի մեծ են, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինասնավորվում է հանրության կողմից և պարտավոր է հնարավորինս ներկայացնել հանրության շահերը։ Այլ կերպ ասած՝ Հանրայինը պարտավորություն ունի մշտապես լինել օբյեկտիվ և անկախ նախընտրական քարոզչության շրջանից լուսաբանումն իրականացնել հավասարապես։ Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ 1lurer.am լրատվական կայքը, մինչև քարոզարշավի մեկնարկը live ռեժիմով լուսաբանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացումը, ի տարբերություն, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման։ Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե հեռուստաընկերության առցանց լրատվական կայքն ի՞նչ սկզբունքով է իրականացնում կուսակցությունների լուսաբանումը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը քաղաքական բոլոր ուժերին պաշտոնապես ուղարկել է գրություն, համաձայն որի, Հանրայինը պատրաստ է լուսաբանել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կազմակերպած նախընտրական միջոցառումները։ Ուստի քաղաքական ուժերին խնդրել էին իրենց միջոցառումների անցկացնման ժամանակացույցը նախապես ուղարկել նշված էլ․ փոստին, դրանց պատշաճ լուսաբանումն ապահովելու համար։ Համաձայն տրամադրված պատասխանի՝ Լուրերի լուսաբանումն ուղիղ համեմատական է տվյալ օրվա տեղեկատվական օրակարգին։ Հարցման պատասխանի համաձայն՝ Live լուսաբանումն իրականացվել է լրատվական կայքի տեխնիկական հագեցվածության սահմաններում: Մասնավորապես, հաշվի են առնվել զուգահեռ ուղիղ եթերներ ապահովելու տեխնիկական եւ վեբ հնարավորությունները՝ փորձելով հնարավորինս համաչափ լուսաբանել բոլորին։ Հարցին, թե ինչու չի լուսաբանվել, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման միջոցառումը, Հանրային հեռուստաընկերության պատասխանում նշվում է, որ «Հայաստան» դաշինքից հրավեր չի ստացվել։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման միջոցառմանը, ապա այդ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը հրավեր ստացել է։ Ստորև ներկայացնում ենք հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքի՝ քաղաքական ուժերի live լուսաբանումների քանակը։ Նշենք, որ այն ուժերը, որոնք ներկայացված չեն, կամ հրավեր չեն ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, կամ live չեն ունեցել, կամ էլ լուսաբանումն իրականացվել է առաջնահերթության սկզբունքով, այսինքն՝ միաժամանակ եղել են մի քանի live-եր, որի պարագայում ընտրվել են դրանցից մեկը կամ մի քանիսը՝ կախված տեխնիկական հնարավորություններից։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, անգամ անձնապես լուսաբանում չիրականացնելու պարագայում, լուրերի շրջանակներում անդրադարձել է բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ փորձելով ապահովել հավասար լուսաբանում։  Հունիսի 10-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 51 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 34 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Հունիսի 11-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 31 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը 26 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 50 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 1 ժամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 11 րոպե և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հանրահավաքը 54 րոպե։ Հունիսի 12-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 30 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 1 ժամ 5 րոպե։ Հունիսի 13-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 49 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30  րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 13 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 12 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 44 րոպե։ Հունիսի 14-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 28 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 50 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 14 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 18 րոպե և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 1 ժամ։ Հունիսի 15-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 36 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 54 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 26 րոպե։ Հունիսի 16-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 44 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 11 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 12 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 56 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 28 րոպե և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 28 րոպե։ Հունիսի 17-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 47 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 27 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 53 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 43 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 54 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 37 րոպե։ Ընդհանուր առմամբ նշված օրերի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Եվս մեկ անգամ նշենք, որ live լուսաբանումների քանակը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ ուժերի հրավերներից և համեմատաբար ավելի շատ live հեռարձակումներ անելուց, սակայն ինչպես տեսնում ենք լուսաբանումների պատկերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուսաբանման համար հատկացվող ժամանակը կտրուկ տարբերվում է մյուս կուսակցությունների լուսաբանման համար հատկացվող ժամանակից Նարեկ Մարտիրոսյան
18:15 - 19 հունիսի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
18:04 - 19 հունիսի, 2021
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու և ՃՈ ծառայող

Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու և ՃՈ ծառայող

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.-ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն: Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: Կատարվում է նախաքննություն:
17:51 - 19 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքները

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքները

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը:  Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:  Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝  հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը, որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը, առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը, հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար: Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  Արգելվում է նաև՝  բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը, շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը: Այս  հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով:  Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը:  Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով: Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է:
16:32 - 19 հունիսի, 2021
Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է

Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է

Երեկ երեկոյան «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հրապարակեց իր նախաձեռնությամբ իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրությունը քվեարկության նախապատվությունների վերաբերյալ։ Համաձայն հրապարակված արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը, իսկ մնացած կուսակցությունների և դաշինքների օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ է։  Ստացվում է, որ հարցման արդյունքների համաձայն՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է հաղթահարել անցողիկ 5%-ի շեմը։ Դաշինքների դեպքում անցողիկի շեմը 7% է։ Նշված հարցման արդյունքներով կիսվել են civic.am և freenews.am լրատվական կայքերը։ Նախընտրական քարոզարշավի ավարտին ուսումնասիրությունների նման հետաքրքիր պատկեր ստացող ընկերությունը կապվում է իշխանության ներկայացուցիչների հետ։ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2005 թվականի հուլիսի 19-ին։ Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 19-ը անվանվել է ««Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական» ՀԿ, ապա վերանվանվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ։ Վերջինս զբաղվում է PR խորհրդատվությամբ և հետազոտություններով։ ՀԿ-ն կատարել է մի շարք հետազոտություններ, որոնց թվում է նաև այս մեկը։ Համաձայն կատարված հետազոտության՝ 34%-ը կարծում են, որ Հայաստանի ապագան կլավանա, 38%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կլավանա, 3%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կվատանա, 9%-ը կարծում են, որ կվատանա, 14%-ը դժվարանում են պատասխանել, 2%-ը՝ հրաժարվում։ Նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 44,1%-ը դրական է վերաբերում Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանին դրական է վերաբերում հարցվածների 13%-ը, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 9,4%-ը, Սերժ Սարգսյանին՝ 3,8%-ը։ Հարցման այսպիսի արդյունքներ ստացող ընկերության տնօրենը Լիանա Բալյանն է։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Լիանա Բալյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս 2020 թվականի ընթացքում մոտ 5 մլն դրամի աշխատավարձ է ստացել նաև ՀՀ կառավարությունից, սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ ծառայությունների դիմաց։ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախկին տնօրենը եղել է հենց Ռուբեն Սարգսյանը, որը հետագայում աշխատանքի է անցել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի տեղակալ։ Սարգսյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եղել է հետազոտություններ իրականացնող այս ընկերության հիմնադիր խորհրդի անդամ, իսկ տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ շարունակում է լինել հիմնադիր խորհրդի անդամ։ Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։ Նարեկ Մարտիրոսյան
16:01 - 19 հունիսի, 2021
Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ․ «Պատիվ ունեմ» դաշինք

Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: Իրեն գժի տեղ դնելու սովորություն ունեցող կապիտուլյանտը նաև սա չի մարսելու, իսկ դո՞ւք, պարոնայք իրավապահներ: Կարծում եք կմարսե՞ք: Թեև մեր թիմակիցներն արդեն իմունիտետ ունեն նման հիմարությունների նկատմամբ, որովհետև գիտեն, որ մեջքին կանգնած է հզոր և կուռ թիմ, բայց հիմա ու վերջին անգամ զգուշացնում եմ՝ կա՛նգ առեք քանի ուշ չէ, խելքի եկեք, մի կատարեք «չագուջով գժի» ապօրինի հրահանգները, հակառակ դեպքում ներում չի լինելու: Սիրելի՛ թիմակիցներ, պինդ կացեք, մի տրվեք սադրանքների: Վստահ եղեք, այս աննորմալությանը հաշված ժամեր են մնացել»։
15:40 - 19 հունիսի, 2021
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ: Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիևի գլխավորությամբ: Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմնակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարևորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը: Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժևորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում: Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին:
15:28 - 19 հունիսի, 2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին: Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և  հավաստիացրել, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշներին: Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիևն ասել է, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաև կարևորել է առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ: Առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ:
15:08 - 19 հունիսի, 2021
Նախագահ Սարգսյանը ԿԸՀ նախագահի հետ հեռախոսազրույց ում ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար

Նախագահ Սարգսյանը ԿԸՀ նախագահի հետ հեռախոսազրույց ում ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար

Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԸՀ նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից:
14:30 - 19 հունիսի, 2021
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից քվեարկության օրն ակնկալվում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ․ ՀՀ գլխավոր դատախազություն

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից քվեարկության օրն ակնկալվում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ, ասվում է Դատախազության տարածած հաղորդագրությունում:ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:Նույն օրենսգրքի 55-րդ  հոդվածի համաձայն` ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը:Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:Օրենսգրքի 67–րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:Այսինքն` տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պարտավոր են վերը նշված բոլոր դեպքերում իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:Ընտրական գործընթացի մասնակիցների, ցանկացած անձի կողմից իրենց լիազորությունները՝ օրենսգրքի վերը նշված ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ իրականացնելը, որը կատարվել է բռնությամբ կամ դրա սպառնալիքով,  կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ ընդհուպ վեց տարի ժամկետով:Հորդորում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին քվեարկության ողջ ընթացքում ընտրական օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով:
13:56 - 19 հունիսի, 2021