Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի հեռուստանախագծին

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի հեռուստանախագծին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: Ալեն Սիմոնյանը հաղորդման սկզբում նշել է, որ իր այցը Ռուսաստան առաջին պաշտոնական այցն է, և որ իր համար շատ կարևոր է, որ այն հենց ՌԴ-ում է՝ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական և դաշնակցական հարաբերությունները։  Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հանդիպումից հետո ծանոթացել է Մատվիենկոյի կոլեգաների հետ․ պարզվել է՝ նրանցից շատերի հետ արդեն ծանոթ է եղել դեռ իր ԱԺ փոխնախագահ եղած տարիներից, միասին աշխատել են տարբեր հարթակներում:  «Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», - ընդգծել է ԱԺ նախագահը Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և նպատակների մասին՝ կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ համագործակցումը: «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ, որոնք ՌԴ-ի հետ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»: Խոսելով կորոնավիրուսի համավարակի և Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ԱԺ նախագահը  քաղաքացիներին հորդորել է պատվաստվել և նշել, որ ինքը Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկն է եղել: «Ցավոք, Հայաստանում դեռ բավարար քանակով չեն պատվաստվում. մի մասը կարևորությունը չի գիտակցում, մյուս մասը վախենում է: Մենք մեր ռուս գործընկերների հետ Հայաստանում սկսել ենք արտադրել «Sputnik light»: Սա շատ կարևոր ձեռքբերում է», - ընդծել է ԱԺ նախագահը: Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող ՀՀ ԱԺ-ում մաքսային դժվարությունների հաղթահարման և առևտրաշրջանառության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին խոսելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում երկու օրենսդրական նախագծերի շուրջ։ «Նախնական բոլոր պայմանավորվածությունները վաղուց հաստատված են, բայց աշխարհը արագ տեմպերով է զարգանում և նոր փոփոխությունների կարիք է լինում․ կարևորը մենք դա անում ենք փոխշահավետ համագործակցությամբ։ Երկրների միջև կա փոխըմբռնում, թե ինչ ենք անում և ինչ նպատակով, այդ պատճառով էլ խնդիրները արագ լուծումներ են ստանում»,-ասել է Ալեն Սիմոնյանը։  Անդրադառնալով հայկական սփյուռքի գործունեությանը՝ շեշտել է Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը: «Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում»,-նշել է նախագահը։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում ռուսաց լեզվին, և դա է պատճառը, որ ռուս զբոսաշրջիկները Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը: Հաղորդավարը անկեղծանալով իր զարմանքն է արտահայտել, որ այս աշնանը ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը հետաքրքրված են հենց Հայաստանով: «Հայաստանը Ռուսաստանի համար շատ հարմար տուրիստական ուղղություն է, որովհետև մեր երկրում, նախ և առաջ, լեզվի խնդիր չկա, երկրորդը՝ Հայաստանը հանգիստ երկիր է, և տարվա մեծ մասը արևոտ է: Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պետք է միշտ իմանա, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ», - եզրափակել է Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին նույնպես հրավիրելով Հայաստան:    
21:34 - 05 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը: «Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը:  ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը: Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար: Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը: Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքի
11:24 - 05 հոկտեմբերի, 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

«FreeNews» լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը և տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, և որն ունի նաև վերգետնյա հեռարձակման իրավունք, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։27-ին, տարածել է «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ» վերտառությամբ, իսկ ժամը 21։37-ին՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  Freenews.am-ն այս նյութերը վերահրապարակել է armenianews.net և medianews.site լրատվական կայքերից․ սրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն չի գրվել։ Բացի սրանից՝ այս երկու կայքերն իրար նման են և՛ արտաքնապես, և՛ բովանդակությամբ։ Երկու կայքերն էլ ունեն նույն բաժինները՝ «Լուրեր», «Հետաքրքիր», «Մարդիկ և բլոգեր», «Թեստեր» և «Ժամանց»։ Freenews.am լրատվական կայքը այս երկու կայքերից վերահրապարակումներ արել է 87 անգամ, որից 58-ը armenianews.net կայքից, 29-ը՝ medianews.site կայքից։ Այս նյութերը մեծամասամբ հիմնավոր չեն, աղբյուրները հավաստի չեն և քարոզչական բնույթի են՝ հօգուտ գործող կառավարության։  Օրինակ՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածի վերնագիրը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե սա ուղիղ մեջբերում է Հայկ Մարությանի խոսքից, սակայն նյութը կարդալիս պարզ է դառնում, որ այդ մասին ասել են Medianews-ի «հավաստի» աղբյուրները, այսինքն՝ ներկայացվածը ոչ թե փաստ է, այլ անապացուցելի պնդում։ Մեկ այլ՝ «Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի» վերտառությամբ հոդվածում ևս բոլոր պնդումները Medianews-ի աղբյուրներինն են։ Սակայն այս դեպքում պատկերն ավելի է ամբողջանում, քանի որ «Freenews»-ը հղում է կատարել «Armenianews»-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է «Medianews»-ին։ Օրինակ՝ վերոնշյալ հոդվածում ասվում է․ «Փարսյանի (Կապանի քաղաքապետը,-հեղ․) հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը: Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խոր շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կապանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները»: Armenianews.net կայքը «Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի ցինիկ ժպիտով երթը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, ընդհանուր առմամբ, բովանդակություն չկար՝ բացի լուսանկարներից, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը ժպտում են։ Նշված հրապարակումը տարածել են medianews.site-ն ու freenews.am-ը։  Տպավորություն է ստեղծվում, որ այս կայքերը հստակ քարոզչական արշավ են իրականացնում այն մարդկանց դեմ, որոնց հետ իշխանության ներկայացուցիչներն ունեն տարաձայնություններ։ Ո՞ւմ են պատկանում armenianews.net և medianews.site կայքերը Համաձայն դոմեններն ստուգող who.is հարթակի՝ armenianews.net կայքն ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 12-ին։ Այն գրանցված է Դավթաշեն 2-րդ թաղամասի 18/5 հասցեում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով (նշված հասցեում գրանցված է նաև Չախոյանը)։   Who.is համակարգում medianews.info կայքի տվյալները թաքցված են, սակայն հնարավոր եղավ պարզել, որ այս կայքը ևս կապ ունի armenianews.net կայքի հետ։ Ուսումնասիրելով armenianews.am կայքի «դիտել էջի աղբյուր» բաժինը՝ հնարավոր է գտնել երկու կայքերի կապը։ Այսպես, եթե նույն անձը երկու կայքերը կառավարում է Google Analytics-ի իր հաշվից, ապա կայքերի «դիտել էջի աղբյուր» բաժնում Google Analytics-ի կոդը լինում է նույնը՝ բացառությամբ վերջին թվի։ Այս երկու կայքերի դեպքում  Google Analytics-ի կոդերը UA-112931850-1 և UA-112931850-2-ն են, որտեղ UA-ը Google Analytics-ի ընդհանուր դասիչն է, իսկ թվերը (112931850)՝ անձնական հաշվի համարը։ Սրան հաջորդող -1 և -2 թվերը նույն հաշվին կցված երկու կայքերն են։ Այսինքն՝ armenianews.net և medianews.info կայքերը ղեկավարում է նույն անձը։ Ո՞ւմ է պատկանում freeNews.am լրատվական կայքը Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հունիսի 15-ին։ Ընկերության 100% բաժնետերը եղել է Հասմիկ Դանիելյանը։ 2021 թվականի մայիսի 11-ից «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 51%-ը անցել է Արմեն Ղալեչյանին։ Վերջինս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ «Ֆրի Նյուզ»-ի տնօրենը, ըստ ռեգիստրի, Մարիամ Մարգարյանն է, որը նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Վերջինս Ալեն Սիմոնյանի կինն է։ Մարգարյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Հասմիկ Դանիելյանի հետ։  Հասմիկ Դանիելյանը, բացի «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից, 2021 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որը «Ֆրի Նյուզ» ընկերության հետ գրանցված է նույն հասցեում։  Infocom-ը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյոք armenianews.net և medianews.site կայքերը կապ ունե՞ն նրա հետ, թե՞ ոչ, սակայն Չախոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված armenianews.net և medianews.site կայքերը հրապարակում են մի շարք  խնդրահարույց բովանդակությամբ նյութեր, որոնք էլ վերահրապարակում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարությամբ գործող freenews.am լրատվական կայքը։  Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 04 հոկտեմբերի, 2021
ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը

ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը

ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 4-ին քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում(ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը. ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: ՀՀ ԱԺ խորհրդի նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:
17:18 - 04 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաև այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:                                            Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տևական խաղաղության հաստատմանը և դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում: Երկուստեք կարևորվել է նաև արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:  Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
16:40 - 04 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
09:58 - 04 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող հարցեր

Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք՝ զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:50 - 30 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ՀՀ-ում Պերուի դեսպանի հետ քննարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ՀՀ-ում Պերուի դեսպանի հետ քննարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն իրականացվելիք ծրագրերում: Լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ` ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությունը: Պերուի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու: Նա նշել է, որ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը: Քննարկվել են նաեւ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր` երկուստեք կարեւորելով օրենսդիր մարմինների մակարդակով մշակութային ժառանգությանն առնչվող համատեղ օրակարգերի ձեւավորումը: Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Պերուի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ ծրագրերի անհրաժեշտության վերաբերյալ: 
15:58 - 30 սեպտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,-նշեց նա: Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին: Հաջորդ խնդիրն էլ, ըստ Վարդևանյանի, վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Վարդևանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ, որոշակի, և այդ հարցով նույնպես դիմել են ՍԴ: Շարունակությունը՝ tert.am կայքում
14:30 - 25 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին․ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին․ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց  համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը: Հանդիպման ավարտին մտքեր  փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:
14:55 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:  Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է. «Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաեւ հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 
21:23 - 23 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի: ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից  ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: 
18:32 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում  է  համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
17:25 - 23 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը

Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը: 
14:12 - 23 սեպտեմբերի, 2021