lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։
Տիկին Ջուլհակյան, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ 5 անգամ բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը: Շատերը նշում են, որ սա նաև կարող է լրատվամիջոցների սնանկացման եզրին հասցնել: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, արդյոք արդարացված է տուգանքի 5-ապատիկ բարձրացումը:
Ես ԱԺ հանձնաժողովի նիստում նշել եմ, որ տուգանքի այսքան բարձրացումը կարող է խնդրահարույց լինել: Նախագծի հեղինակ Ալեն ՍԻմոնյանն էլ ասել է, որ պատրաստ է քննարկել տուգանքի շեմի հարցը: Մեզ համար կարևոր էր, որ այս նախագիծը մտնի լիագումար նիստ և այնտեղ շահագրգիռ քննարկում իրականացվի: Մեր հանձնաժողովի նիստն էլ ցույց տվեց, որ բավականին մեծ հետաքրքրություն կա այս խնդիրների լուծման նկատմամբ, և մենք կարծում ենք, որր պետք է ԱԺ ամբիոնը օգտագործենք այս կարևոր խնդրի քննարկման համար և այդ քննարկումը հասանելի լինի հանրության լայն շրջանակների համար:
Ես կիսում եմ պարոն Սիմոնյանի մտահոգությունը, որ ներկայում տեղեկատվական դաշտում տիրում է տեղեկատվական վակխանալիա, և մարդիկ երբեմն ազատ խոսքը շփոթում են սանձարձակ խոսքի հետ, հաշվետու չեն իրենք իրենց խոսքի համար: Նկատի ունեմ, որ վիրավորանքը, զրպարտությունը շատ լուրջ գործիքներ են մարդկանց լռեցնելու համար:
Քաղաքական գործիչը չպե՞տք է պատրաստ լինի դրան:
Այս նախագիծը պետք է ավելի շատ միտված լինի ոչ թե պաշտոնյաներին պաշտպանելուն, այլ քաղաքացիներին, որովհետև պաշտոնյաները, այո, պետք է պաշտոն ստանձնելիս պատրաստ լինեն քննադատության ավելի մեծ չափ հանդուրժելու: Բայց մենք այստեղ խոսում ենք ոչ թե քննադատության մասին, այլ անձի արժանապատվությունը նպատակադրված նսեմացնելու դեպքերի մասին: Օրինակ, ինձ այդ հարցն է շատ հուզում: Մենք տեսնում ենք, որ այսօր տեղեկատվական պատերազմի շրջանակներում, երբ անընդհատ խոսում ենք, որ հիբրիդային պատերազմ է և դրա շրջանակներում ոչ մի գործիք չի խնայվում, կարելի է դա համեմատել «առանց կանոնների մարտի» հետ, ստացվում է, որ անձը չունի իր արժանապատվությունը պաշտպանելու միջոց:
Բայց սովորաբար ավելի շատ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են հայտնվում վիրավորանքի ու զրպարտանքի թիրախում:
Այո, բայց մենք այսօր ընթացող գործ ունենք «Ռեստարտ» ՀԿ-ի տղաների հետ կապված, որոնց պարբերաբար հայհոյելու միջոցով սադրել են: Նրանք սովորական քաղաքացիներ են, որոնք իրենց արժանապատվությունն արդյունավետ պաշտպանելու միջոց չեն ունեցել և, ցավոք սրտի, ենթարկվել են սադրանքին: Ես կհիշեմ նաև վերջերս Արմեն Սիմոնյանի հետ պատահածը, որին նույնպես հայհոյել էին: Անձը այս սադրանքներին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ պետք է ունենա, որ ստիպված չլինի ինքնադատաստանի դիմել: Պետությունը պետք է կարողանա ապահովել անձի արժանապատվությունը պաշտպանելու արդյունավետ միջոցներ:
Մենք այստեղ բախվում ենք խնդրի, որը տուգանքի չափը բարձրացնելով չի լուծվում: Տեսեք, ենթադրենք ինձ սադրելու, հունից հանելու նպատակով վիրավորում, հայհոյում են, ես դիմում եմ դատարան, դատական գործընթացները օբյեկտիվորեն դանդաղ են ընթանում, և ստացվում է, որ ես առնվազն 2 տարի դատարաններում եմ անցկացնում, որ 2 տարի հետո իմ հայցը դատարանը բավարարի կամ չբավարարի: Ենթադրենք դատարանը 2 տարի հետո բավարարում է իմ հայցը, բայց այս 2 տարվա ընթացքում այդ անձը շարունակում է ինձ վիրավորել, հայհոյել:
Ասենք, դատարանը բավարարում է հայցը, այդ անձը վճարում է 1 մլն դրամ տուգանքը և նույն պահից սկսած շարունակում է հրապարակավ վիրավորել ու հայհոյել ինձ: Մենք նման դեպքեր մեր առօրյայում ունենք, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել: Ես կարծում եմ, որ պետք է քննարկել նույն անձի կողմից պարբերաբար նույն անձի նկատմամբ հայհոյանքը կրկին քրեականացնելու հարցը:
Շարունակությունը՝ lragir.am-ում
comment.count (0)