ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
 |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 30-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։ Նշենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ «Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ արձանագրելով, որ առկա են  բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակել է բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, որոնց թվում է նաեւ շաքարային դիաբետի 2-րդ տիպը, ինչն, ըստ փաստաբանի, ակնհայտորեն անհամատեղելի է կալանքի հետ։ Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:
15:56 - 30 հունիսի, 2022
Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։ Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
14:07 - 29 հունիսի, 2022
Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. դատական նիստը կկայանա վաղը

Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. դատական նիստը կկայանա վաղը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկելու համար հրատապ նիստ է հրավիրվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ նիստը նշանակվել է վաղը՝ ժամը 12.00-ին։ «Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը։Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Ի թիվս այլ հիվանդությունների ախտորոշվել է՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։
12:20 - 29 հունիսի, 2022
Իգոր Խաչատուրովի գործով նախաքննությունն ավարտվել է

Իգոր Խաչատուրովի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներից Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: «Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում: Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
10:52 - 29 հունիսի, 2022
Քրգործ է հարուցվել մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում այլ անձանց ընդգրկելու առթիվ

Քրգործ է հարուցվել մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում այլ անձանց ընդգրկելու առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում:  Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հաշվառված՝ բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց ցուցակը: Որոշմամբ նախատեսվել է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ցուցակում ընդգրկված 163 շահառուներին նվիրաբերել անհատույց օգտագործման պայմանագրով նրանց տրամադրված բնակարանները։ «2003-2010թթ. ընթացքում շահառուների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերով շահառուները պարտավորվել են մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչև 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը: Ընդ որում, շահառուի կողմից 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ծառայում է զինված ուժերում, գտնվում է ազատազրկման վայրերում, կամ բացակայում է բնակության վայրից բուժման կամ կրթական նպատակներով: Մինչդեռ պարզվել է, որ ցուցակում ներառված շահառուններից 1-ը մահացել է դեռևս 2018թ.՝ որոշումն ընդունելուց շուրջ 1 տարի 8 ամիս առաջ: 27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա: Ընդ որում, 27 շահառու նախորդ 3 տարվա ընթացում անընդմեջ անշարժ գույքի գտնվելու հասցեով էլեկտրաէներգիա չի ծախսել, որոնցից 3-ը ՀՀ-ում չի բնակվել, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ սոցիալապես անապահով և հատուկ խնդիրներին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակումը, իրականացումն ու համակարգումը, ինչպես նաև դրանց իրականացման ընթացիկ մոնիթորինգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գործառույթներից է:   Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, տևական ժամանակ՝ 2015թ. ՀՀ-ից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չեն լուծվել: Փոխարենը 2020թ. օգոստոսին այդ անձինք ներառվել են համապատասխան ցուցակում, որի արդյունքում նորմատիվ իրավական ակտի ուժով նրանց տրվել է բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն, ինչի իրավունք վերջիններս չունեին: Նշվում է՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:20 - 23 հունիսի, 2022
Հայրը դստեր և որդու հետ կազմակերպված խումբ է ստեղծել, կատարել մոտ 18 մլն դրամի հափշտակություններ

Հայրը դստեր և որդու հետ կազմակերպված խումբ է ստեղծել, կատարել մոտ 18 մլն դրամի հափշտակություններ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը:Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ:Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ EURO թղթադրամներ:Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի:Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000  ՀՀ դրամ գումար:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
17:45 - 22 հունիսի, 2022
Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի բակում են՝ հաջակցություն զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր |news.am|

Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի բակում են՝ հաջակցություն զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։ Այս քրեական գործով մեզ Քննչական կոմիտե հրավիրելն արդեն իսկ անօրինական գործընթաց է, ես դրան իրավական գործընթաց չեմ անվանի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը՝ երեք հոդվածներով, որից հետո մենք միջնորդություն էինք ներկայացրել դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դեռեւս միջնորդության պատասխանը չենք ստացել։ Դատարանում խմբի քննիչն էլ հայտարարեց, որ մեղադրանք առաջադրելու պահին բավարար ապացույցներ առկա չեն եղել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ այդ գործողություններից հետո պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Ըստ փաստաբանի՝ անօրինական մեղադրանքով են անձին հրավիրել քննչական գործողությունների. «Այսօր մեզ կանչել էին, որպեսզի լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին»։ Անդրադառնալով քրեական գործը ԶՔԳՎ վարույթից վերցնելու եւ այն Քննչական կոմիտե տեղափոխելու որոշմանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այս նպատակը չի կարող լինել իրավական եւ նպատակ է հետապնդում այս գործով կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի համար ցանկալի արդյունքների հասնելու։ Նպատակը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն է, հետագայում մեղադրական դատավճիռը»։  
17:02 - 22 հունիսի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն,  որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում  առաջացած պայթյունը: Նշվում է, որ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: «Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:  Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:44 - 21 հունիսի, 2022
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:Քննությամբ պարզվել է, որ վերջիններս, 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, Երևան քաղաքում իրականացվող հավաքներին լայն շրջանակներ ներգրավելու համար, մարդկանց նյութապես շահագրգռելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձանցից, գումարներ են ստացել ու բաժանել, ինչի կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի վերաբերյալ ձայնագրությունը և հրապարակումը տարածվել էր համացանցում:Նախաքննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվել են նաև խուզարկություններ, որի ընթացքում Այգեշատ բնակավայրի՝ հիշյալ բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակելու համար նախատեսված մարտական 7, տարբեր տեսակի որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված 2 փամփուշտներ և «Mauser» տեսակի ատրճանակ։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Այգեշատի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 21 հունիսի, 2022
ՔԿ-ն պարզաբանում է տարածել Քյարամյանի և պատերազմում զոհվածների հարազատների հանդիպման վերաբերյալ

ՔԿ-ն պարզաբանում է տարածել Քյարամյանի և պատերազմում զոհվածների հարազատների հանդիպման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․    «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.   2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։   Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:   Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:   Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին: Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»:  
10:41 - 21 հունիսի, 2022
Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին

Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին

Հայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թ. հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում  են ՔԿ-ից։ Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ  իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն:Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը:Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից:Կոմիտեին  են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականացվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը:Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները:
18:18 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:41 - 20 հունիսի, 2022
ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները

ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում հիշյալ հավաքի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով ընթացող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային: Այնուհետև վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշվում է, որ հիշյալ քաղաքացու վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել ու առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:25 - 17 հունիսի, 2022
«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով, և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:33 - 17 հունիսի, 2022
ՔԿ պարզաբանումը ՌԴ քաղաքացիների վերաբերյալ համացանցում տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ

ՔԿ պարզաբանումը ՌԴ քաղաքացիների վերաբերյալ համացանցում տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Երևան քաղաքի բնակչի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնենք, որ հիշյալ բնակիչը 2022 թ. մայիսի 11-ին՝ ժամը 22:05-ին, «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, որի եզրակացությունը ստացվել է: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում պարզվել են տղամարդու կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ տուժողը նշված վնասվածքները ստացել է 2022 թ. մայիսի 10-ին` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Նկատի ունենալով հիշյալ քաղաքացիների վերաբերյալ համացանցում ողջ օրվա ընթացքում տարածվող տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ նախաքննական մարմինը տեղեկացնում է, որ նշված երկու անձանցից մեկը բերման է ենթարկվել, իսկ մյուսն ինքնակամ ներկայացել է բացառապես ՀՀ քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:   Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան «Թվիթերում» գրել էր, թե հայ իրավապահները «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել են իր ընկերներին ու պահանջել իր տվյալները:
20:44 - 16 հունիսի, 2022