ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները
21:25 - 17 հունիսի, 2022

ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում հիշյալ հավաքի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով ընթացող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային: Այնուհետև վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշվում է, որ հիշյալ քաղաքացու վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել ու առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել