ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ԱԱԾ

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար: Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ չվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է: Իրաքի Հանրապետության հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը: Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ: Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն:   ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
06:31 - 01 օգոստոսի, 2019
Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել. Արթուր Վանեցյան

Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել. Արթուր Վանեցյան

ՀՀ ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Նշենք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները: Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրական գնահատելով «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, շնորհակալություն հայտնեց Սահմանապահ զորքերի ողջ անձնակազմին՝ ակտիվ մասնակցության և բարեխիղճ ծառայության համար: «Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարեց պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։
16:47 - 31 հուլիսի, 2019
Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․ ԱԱԾ

Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից։​​Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ» և «Սևան» մասնաճյուղերի տնօրենները և տեսուչները, շահադիտական նպատակներով, ի պաշտոնե լիազորված լինելով միջոցներ ձեռնարկել հսկողություն իրականացնելու ձկների ապօրինի արդյունահանումը բացառելու ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների թույլ են տվել ապօրինի արդյունահանել մեծ քանակությամբ «սիգ» տեսակի ձուկ՝ այդպիսով պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Առգրավված ձուկն ամբողջությամբ տրամադրվել է Գեղարքունիքի մարզում գործող Վարդենիսի տուն-ինտերնատին և Սևանի հոգեբուժարանին։Բացի այդ, նշված մասնաճյուղերից մեկի տնօրենը 2018-2019 թթ. ընթացքում տեղյակ լինելով իր վերահսկողության ներքո գտնվող մասնաճյուղի տարածքից ՀՀ քաղաքացու կողմից խճաքարի ապօրինի դուրս բերման և տեղափոխման մասին, որպես կաշառք մաս-մաս ստացել է տարբեր չափի​ գումար​ներ և չի կանխել ապօրինի գործողությունները:Մեկ այլ դեպքով, մասնաճյուղի տնօրենը, նախնական համաձայնության գալով իր ենթակա պաշտոնատար անձի հետ, մասնաճյուղի սպասարկման տարածքից 2019 թ. հունիսին կաշառք գումարի դիմաց փայտանյութի ապօրինի հատման վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմել:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:Կատարվում է նախաքննություն:
08:21 - 20 հուլիսի, 2019
ԱԱԾ-ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ, ինչպես ՀՀ-ում պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր: Այնուհետև, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել և առանց փաստաթղթային ձևակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի վնաս: Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ, մասնավորապես՝ շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն»: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ԱԱԾ-ից:
08:33 - 17 հուլիսի, 2019
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում» 1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է): ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։ Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի՝ («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն ՀՀ դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք: 2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ Առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
08:15 - 12 հուլիսի, 2019
ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատարմ անձը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատարմ անձը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:52 - 10 հուլիսի, 2019
Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով): Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն:
06:36 - 09 հուլիսի, 2019
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք

Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու ուղիներ են փնտրում, «Վերահսկելի գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կազմակերպել են թմրամիջոցի գնումը և բացահայտել դրա հետ առնչություն ունեցող անձանց: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50.000 ԱՄՆ դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:Նախաքննությունը շարունակվում է:
11:49 - 04 հուլիսի, 2019
Զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով պահաջել են 1500 դոլար. Կա երկու կալանավորված

Զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով պահաջել են 1500 դոլար. Կա երկու կալանավորված

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն: Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար: 2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Կատարվում է նախաքննություն:
07:46 - 28 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով կայացված դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում: Օրեր առաջ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերոնշյալ 3 անձանցից 1-ը` նախկինում մի քանի անգամ դատապարտված Տ.Խ-ն օգտագործելով այլ` հոգեկան խնդիրներ ունեցող անձի կենսորոշիչ տվյալները, կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք: 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:
06:26 - 22 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները: Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել , իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Հանցագործության դեպքը բացահայտելու, Հայաստանի ազգային պատկերասրահից հափշտակված առարկաները հայտնաբերելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների աջակցությամբ, իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք: Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
13:32 - 17 հունիսի, 2019
Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել |aysor.am|

Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել |aysor.am|

aysor.am: Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ձեռքբերումներն ակնհայտ են, բոլորը տեսնում են և հասարակությունն իր գնահատականը տվել է», - ասել է նա։ Արթուր Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն թիրախավորված է ու կառույցի մասին բացասական բաներ խոսողները մեծամասամբ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին։ «Այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները», - ասել է Վանեցյանը։ Հարցին՝ 2 միլիոն մարդ կա՝ գիտե՞ն ով ում հետ է հանդիպում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է, որ այդ 2 միլիոն մարդիկ շատ լավ են վերաբերվում ու դրական են գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը: «Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որ ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից», - ասել է նա։ Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն։ «Եվ մենք կարողացել ենք այդ վստահությունը ձեռք բերել», - նշել է նա։ Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, իրենք միշտ լսում են, ընդունում են ու քայլեր են ձեռնարկում։ «Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։ Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց ԱԱԾ-ն զբաղվում է ցանկացած այլ գործերով, Վանեցյանն արձագանքել է. «Գիտեք ինչ, ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է։ ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, ինչպես նաև՝ պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դա այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ»։ ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ ուզում է վստահեցնել, որ ԱԱԾ-ն շատ բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված հիմնական գործառույթները։ «Մենք երբեք չենք անցնում մեր լիազորությունների շրջանակը ու գործում ենք օրենքով մեզ վերապահված լիազորություններրի մեջ», - նշել է նա։
10:53 - 15 հունիսի, 2019
Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|

Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատական ակտը կբողոքաարկվի՞, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ. դատախազությունն այն նոր է ստացել: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը: Գործի նախաքննության սկզբում նրա նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ ապրիլի 25-ին, Ադյանն ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից: Առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Այն քննել և մերժման մասին որոշում է կայացրել դատավոր Կարեն Մարդանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Շարունակությունը՝ hetq.am:
14:05 - 05 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ տնօրենը վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները

ՀՀ ԱԱԾ տնօրենը վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները

Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին: Ա. Վանեցյանը և Վ. Գոմելաուրին գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը:
12:33 - 24 մայիսի, 2019