ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում է գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ներկայացրել լուսանկար, որտեղ ցույց է տրվում գյուղի տների և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը: «Սա ՀՀ Գեղարքունիքի  մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին): Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները: Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ:
11:25 - 31 հուլիսի, 2021
ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը, ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն: Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարևոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ և այլն) օգտագործելու հարցում: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար առանցքային դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր, որոնք հիմնավորում են՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները: Արման Թաթոյանը ներկայացրել է նաև պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Ուստի, Պաշտպանը կարևորել է ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը, որն ուղղված է սահմանային բնակիչների, առհասարակ, ՀՀ բնակչության պաշտպանությանը: Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա, իսկ Վարդենիս և Վերին Շորժա հատվածում արոտավայր 1,200 հա, խոտհարք 220 հա, վարելահող 250 հա տարածքի վրա: Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը: Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տևական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը (օրինակ՝ Կութ, Արավուս, Տեղ, Խնածախ համայնքներում): Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովումն ունի առանցքային նշանակություն, ինչպես նաև այն, որ իրենք առաջնային ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների հարցերին սահմանների որոշման գործընթացում, այդ թվում՝ իրենց իրավասության շրջանակում միջազգային ատյաններում բարձրացնելով:
20:27 - 30 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և բնակեցված սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և բնակեցված սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում նվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են: Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»:
22:29 - 29 հուլիսի, 2021
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր:  ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի և Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաև Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների և բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ: Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:
12:40 - 29 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»:
10:55 - 28 հուլիսի, 2021
ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը. Արման Թաթոյան

ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առնվազն երեք անհերքելի փաստ է մատնանշել  Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հանցավոր կրակոցների մասին: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: «Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:
10:32 - 28 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները կրակում են Վերին Շորժա և Կութ բնակավայրերի ուղղությամբ. ՄԻՊ-ը կդիմի միջազգային մարմիններին

Ադրբեջանցիները կրակում են Վերին Շորժա և Կութ բնակավայրերի ուղղությամբ. ՄԻՊ-ը կդիմի միջազգային մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 28-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Այս մասին Թաթոյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ»,- հայտնել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նշել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Սույն հրատապ հաղորդագրությունը ՄԻՊ-ն ուղարկելու է միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:
09:51 - 28 հուլիսի, 2021
Հիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊ

Հիմնարար խնդիր է, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է իրավապահ համակարգում առկա խնդիրներին։ Հայտարարությունում ասվում է․«Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ:Մեր այցերն ու բողոքներն են արձանագրել կոնկրետ դեպքեր, երբ մարդուն ազատությունից զրկում են (առավել հաճախ՝ բերման ենթարկելը կամ ձերբակալելը), դրանից հետո նոր սկսում են որոշել վարույթը պետք է լինի վարչական իրավախախտման, թե քրեական:Ընդ որում, այս իրավիճակներում, երբ, օրինակ, բերման ենթարկվածը կամ ձերբակալվածն ինքը փորձում է հետաքրքրվել` ինչի՞ համար է զրկվել ազատությունից կամ իր նկատմամբ վարույթը լինելու է վարչական, թե քրեական, որպես կանոն, ստանում է պատասխան, որ դեռ պարզ չէ ու երբ կորոշվի, այդ ժամանակ էլ կասեն կամ ինքը կիմանա, երբ քննիչը կամ դատախազը որոշեն: Էլ չասենք, որ փաստաբաններն են անգամ դժվարությունով պարզում:Նշվածների մեջ առավել շատ են այն դեպքերը, երբ մարդն ազատությունից զրկվում է` ասենք, բերման է ենթարկվում, բայց իրավապահ մարմնի բերման ենթարկող աշխատակիցն ինքը չգիտի կոնկրետ ինչի արարքի համար է ազատությունից զրկում մարդուն: Այս դեպքերում առավել վատն էլ այն դեպքերն են, երբ, օրինակ, Ոստիկանության բաժնում են որոշում, թե ինչ նկարագրություն տան արարքին կամ ինչպես ներկայացնեն բերման ենթարկելու հանգամանքները ու այն էլ դա անում է այն ծառայողը, ով չի էլ մասնակցել բերման ենթարկելու պրոցեսին:Իրականում, ոչ թե պետք է մարդուն ազատությունից զրկել և նոր հետո որոնել հիմքեր կամ ապացույցներ ու առավել ևս որոշել վարչական է վարույթը, թե քրեական, այլ իրականում անհրաժեշտ է հավաստել հակառակը՝ սկզբում պետք է լինեն հիմքերը կամ ապացույցները և դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի քննարկել մարդուն ազատությունից զրկելու, ասենք, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հարցերը»:
22:15 - 27 հուլիսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Ըստ բողոք ներկայացրած անձի՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ եղբայրը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն, այնտեղ նրան ցուցվել է վիրահատություն, որը տևական ժամանակ է՝ չի կազմակերպվում: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ, և բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդարադատության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են կալանավորված անձին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որից հետո կազմակերպվել է վերջինիս վիրահատությունը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
16:50 - 27 հուլիսի, 2021
Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը

Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել: Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Թեև դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն փոփոխություններ կատարելիս կարևոր էր հաշվի առնել նաև բնակության վայրին մոտ բնակվող երեխաների ընդունելության համար առաջնահերթություններ սահմանելը: Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված Պաշտպանը ստանում է բողոքողներ նաև 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Առանց այն էլ տրանսպորտային միջոցների և այլ միջավայրային հարցերում երեխաներն ու իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաև այն դեպքում, երբ ընտանիքում կան մանկահասակ և խնամքի կարիք ունեցող այլ երեխաներ: Դա դժվարություններ է ստեղծում նաև հատկապես տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են լինում երեխաներին տանել դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի վայրում: Բնակության վայրը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաև ֆինանսական դժվարություններ: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող սովորողներին:
12:57 - 27 հուլիսի, 2021
Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի  է ենթարկվել․ Արցախի ՄԻՊ

Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ Արցախի ՄԻՊ

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  <<Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին։ Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա>>,-ասված է  հաղորդագրության մեջ։ 
21:44 - 26 հուլիսի, 2021
Ադրբեջանի կողմից հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1515): Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են: ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն: Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը: Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
17:40 - 26 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. Բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. Բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Մասնավորապես, հուլիսի 23-ին` ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի վրա, ինչպես նաև կրակել են սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ։ Սարատեղին այն վայրն է, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց եղջերավոր կենդանիներին: Բնակիչների տեղեկացմամբ՝ կրակոցներով ադրբեջանական զինված ուժերը լրջագույն վտանգ են ստեղծել իրենց կյանքի և ֆիզիկական անվտանգության համար, խաթարել են ողջ բնակավայրի հանգիստը: Ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել: Կրակոցների պատճառով են միայն հաջորդ օրն առավոտյան` հուլիսի 24-ին, ժամը 07։00-ի սահմաններում իրենց կովերից մեկին հայտնաբերել ադրբեջանական կրակոցներից սատկած վիճակում (նկարներում քաղաքացիական բնակչի սատկած կենդանին է): Նշվածից բացի, ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև այսօր՝ հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։ Վերին Շորժա գյուղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք տեղակայված են քաղաքացիական տներից մոտ 150մ հեռավորությամբ: Ադրբեջանական զինված ուժերի արարքները հանցավոր են: Դա հիմնավորվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Ազատ և Վերին Շորժա գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին օրերին սանձազերծած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ այդ հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից վերջին ժամանկներս զոհվել կամ վիրավորվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ: Փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն: Այլ կերպ ասած, 2021թ. հուլիսի 23-ի  և 24-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը: Ընդ որում, հուլիսի 23-ի ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
21:26 - 24 հուլիսի, 2021
Ադրբեջանի զինուժի կրակոցները հանցավոր բնույթի են, դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը․ ՄԻՊ

Ադրբեջանի զինուժի կրակոցները հանցավոր բնույթի են, դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում։ Ըստ տեղեկությունների՝ կրակոցները սկսվել են ժամը 17։00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։ Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»:
20:30 - 23 հուլիսի, 2021