Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը կգտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. Արցախի նախագահը ներկայացրել է նոր նախարարին

Առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը կգտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. Արցախի նախագահը ներկայացրել է նոր նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 20-ին ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետորեն ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հանրապետությունում անվճար և որակյալ առողջապահական համակարգ ունենալը նախագահի ծրագրի առաջնային սկզբունքներից է: Սակայն, նախագահի խոսքով, բարեփոխումների ճանապարհին ոլորտում պետք է բացառել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները, ինչպիսիք են՝ դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրս գրման գործընթացում կաշառքի գործոնը,լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը:Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, նախագահի խոսքով, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝ հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը, հետազոտման և բուժման միզազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը, ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը, այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում: Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը  նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին: 
15:38 - 20 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին:«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին: Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում: Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- ասվում է գրառման մեջ:
11:54 - 19 հուլիսի, 2020
Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահի կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ Արկադի Սողոմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ: Երկրի ղեկավարի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
17:56 - 17 հուլիսի, 2020
Արտակ Միրզոյանը նշանակվել է Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Արտակ Միրզոյանը նշանակվել է Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը հուլիսի 17-ին հանդիպել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ և ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա բարձր է գնահատել հանձնաժողովի գործունեությունն՝ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ հանրային շահերի պաշտպանության ուղղությամբ և հաջողություններ մաղթել Արտակ Միրզոյանին նոր ոլորտում: Կատարած բարեխիղճ աշխատանքի համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտել նաև հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանին՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշոնում նա կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները:  
11:23 - 17 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով: Այս մասին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի և կառավարության միջև համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան և կլինեն արդյունավետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ և այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ և ապակառուցողական վարքը: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ:
19:25 - 16 հուլիսի, 2020
Հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հնարավորությունները.Արայիկ Հարությունյան

Հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հնարավորությունները.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել։ «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալել ենք համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ: Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Նաև հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը»:
10:45 - 16 հուլիսի, 2020
Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան. Արցախի նախագահ

Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին: Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից: «Պետական այս քաղաքականության նպատակն է առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետներին ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երեւույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետեւողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը: Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները եւ աջակցություն հայտնել դրանց հետեւողական իրականացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
20:06 - 13 հուլիսի, 2020
Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը: Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն»  զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:
13:31 - 13 հուլիսի, 2020
Ստեփանակերտի նոր ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. ԱՀ նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Ստեփանակերտի նոր ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. ԱՀ նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից: «Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար: Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի: Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:
15:36 - 11 հուլիսի, 2020
Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունների որոշմանը։Նա նշել է, որ սրանով նրանք վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:Հիշեցնենք, որ Թուքիայի բարձրագույն դատարանը թույլ կտա Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, վերածել մզկիթի: Պետական խորհուրդը որոշման հիմքում դրեց կրոնական խմբի ներկայացրած խնդրանքը, որպեսզի չեղյալ հայտարարվի1934 թվականի որոշումը, որով 6-րդ դարի շինությունը վերածվել էր թանգարանի:
11:29 - 11 հուլիսի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»: Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլև մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման և զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:
15:57 - 10 հուլիսի, 2020