Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․ «Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։ Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։ Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։ ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։ Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։ Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։ «Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։ Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։ «Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։ Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։ «Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։ Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։ Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։ Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։ Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։ Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։ Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։ Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։ «Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։ «[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։   Նորա Վանյան
21:32 - 02 մայիսի, 2022
Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Հայաստանում Իրանի դեսպան

Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Հայաստանում Իրանի դեսպան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Ինչպես տեղեկացրին մարզպետարանից, հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, եւ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշեց, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։ Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին եւ ասաց, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։ Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։ Դեսպանը ներկայացրեց նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Իրանական կողմը խոսեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին եւս ու տեղեկացրեց, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։ Կողմերը խոսեցին նաեւ հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։ Գեւորգ Փարսյանը հայտնեց, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ եղավ նաեւ մարզկենտրոնի եւ իրանական որեւէ քաղաքի միջեւ քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ դիտարկեցին։
11:56 - 30 ապրիլի, 2022
Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ: 1. «Ագարակ» պետական սահմանի անցակետում զննության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած  ավտոբուս: Տրանսպորտային միջոցի  նստատեղերից մեկի ետնամասի կառուցվածքում  հայտնաբերվել է 2․8 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային փաթեթ դեղնականաչավուն զանգ-վածի պարունակությամբ, սուր հոտով `«մարիխուանա» թմրամիջոց հիշեցնող։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 2. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած մեքենա: Տրանսպորտային միջոցի նստատեղերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ ընդհանուր 2460 տուփ  ծխախոտ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 3.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս: Տրասպորտային միջոցի նստատեղերից մեկի  աջակողմյան հատվածից հայտնաբերվել է 0,9 գ ընդհանուր քաշով թվով 1 պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ, «Acetaminofen Codein 300/20» գրառմամբ՝ ընդհանուր 81 հաբ և «Cobra 150» գրառմամբ՝ ընդհանուր 5 հաբ։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։  4. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատար: Բեռնատարում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ հորատոր հաստոցի 1 գլան, 68կգ համաքաշով  43  տուփ կտրիչ նախատեսված խառատի հաստոցի համար, հորատման գլանի 5 հատ գլխիկ,  11 զսպակցուկային կապիչ, 40 տարբեր տրամաչափերի գայլիկոն և 2  յուղի պոմպ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։ Նշված դեպքով իրականացվում է վարչական վարույթ։ 5. Կանխվել է  ալկոհոլային խմիչքի ապօրինի արտահանումը: «Ալվանք» կոչվող սահմանապահ ուղեկալի ազդանշանային համալիրի 3-րդ հատվածից հայտնաբերվել և կանխել են Ագարակ քաղաքի բնակչի կողմից 50 շիշ (0.5 լիտր  տարողությամբ)  կոնյակի ապօրինի տեղափոխումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի  200-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ: 6. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող բեռնատար: Բեռնատարի և վարորդի քնելու համար նախատեսված խցիկից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ 2 ունիվերսալ բաժանարար գլխիկ, 5  էլեկտրական վահանակ` անջատիչով, 390 (РЭС8 գրառմամբ) փոփոխական ռելեյի կոնտակտ, 405 (РЭС 60 գրառմամբ) ցածր ընթացիկ ունիվերսալ ռելե, 313 շրջանաձև միացիչ, 3200 հոսանքի մետաղային դետալ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:
18:32 - 29 ապրիլի, 2022
Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։ ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
18:08 - 28 ապրիլի, 2022
Շվեդիայում շարունակվում են անկարգությունները Ղուրանը այրելու սպառնալիքների պատճառով
 |1lurer.am|

Շվեդիայում շարունակվում են անկարգությունները Ղուրանը այրելու սպառնալիքների պատճառով |1lurer.am|

1lurer.am: Չորրորդ օրն անընդմեջ անկարգություններ են Շվեդիայի մի շարք քաղաքներում այն ​​բանից հետո, երբ աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը, որը ղեկավարում է դանիական հակաիսլամական Stram Kurs (Կոշտ կուրս) կուսակցությունը, ասել է, որ այրել է Ղուրանը և դա նորից կանի՝ տեղեկացնում է DW-ն։ Տարբեր քաղաքներում կազմակերպված անկարգությունների ժամանակ վիրավորվել է 10 խռովարար, 16 ոստիկան, բերման է ենթարկվել 25 մարդ, հրկիզվել են ավտոբուս, մեքենաներ, անվադողեր և աղբամաններ, իրավապահները նախազգուշական կրակ են բացել՝ փորձելով դադարեցնել բռնությունը՝ հայտնում է տեղական մամուլը։ Շվեդիայի ոստիկանության տվյալներով՝ Stram Kurs-ի ակտիվիստները քարեր են նետել ոստիկանների վրա, ինչպես նաև բարիկադ են կանգնեցրել, որը խոչընդոտում է երթևեկությանը: Իրանի և Իրաքի իշխանությունները կանչել են Շվեդիայի դեսպաններին՝ բողոքելու Ղուրանի այրման դեմ։
17:51 - 18 ապրիլի, 2022
Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում

 |armenpress.am|

Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերն Իսրայելի կողմից նվազագույն իսկ սպառնալիքի դեպքում հարված կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ: «Եթե ձեր կողմից նվազագույն իսկ շարժում հետեւի, որն սպառնա մեր ազգին, ապա մեր զինված ուժերի թիրախ կդառնա իսրայելական վարչակարգի կենտրոնը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է նորմալացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ըստ որում իսրայելական ուժերի նվազագույն իսկ առաջխաղացումը (այդ երկներում) աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»: Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի շրջակայքը, որտեղ տեղաբաշխված էին իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների կայանքներ: Ինչպես հայտնել է Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ էր տանում շիաների «Հըզբոլլահի» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ: Արեւմուտքում եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»: Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումն արաբական երկրներից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ կային սոսկ Եգիպտոսի (1979 թվականից) եւ Հորդանինի (1994 թվականից) հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:34 - 18 ապրիլի, 2022
Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում

Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին, որն անվանվել է «Pençe Kilit»։ Դրանում ներգրավված են հատուկ նշանակության ուժեր ու օդուժ, հայտնում է Anadolu-ն։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ցամաքային և օդային գործողություններ են սկսել «ահաբեկիչական թիրախների դեմ» Իրաքի հյուսիսում գտնվող Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում։ Թուրքիան առաջին փուլում հարձակվել է ապաստարանների, բունկերների, թունելների, քարանձավների և պահեստների վրա։ Ենթադրվում է, որ զինվորականները հասել են իրենց նպատակներին։ Անկարան գործողությունը բացատրում է որպես երկիրը ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու ցանկություն։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Թուրքիայի թիրախները միայն ահաբեկիչներն են։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կուսակցություն։ Անկարան PKK-ի հետ զինված հակամարտության մեջ է 1984 թվականից։ Այն վերսկսվել է 2015թ.։ Այս ընթացքում, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, չեզոքացվել է PKK-ի ավելի քան 10 հազար անդամ, սպանվել՝ հազարից ավելի թուրք զինվորական ու ոստիկան։
12:15 - 18 ապրիլի, 2022
Իրանը հերքել է Ռուսաստանին զենք տրամադրելու մասին լուրերը

 |armenpress.am|

Իրանը հերքել է Ռուսաստանին զենք տրամադրելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանական կողմը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ այն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերի միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է»,- ասվում է Իրանի դեսպանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ: Դիվանագիտական ներկայացուցչությունից ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն անվանել են «ոչ ճիշտ և անհիմն»: Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում և զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին, որպեսզի դրանք օգտագործվեն Ուկրաինայում: Լուրերը հերքել էր նաև պաշտոնական Բաղդադը:
19:58 - 13 ապրիլի, 2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր հնարավորություն ունենք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը»,- ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, նախարարը փաստել է, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կրկին անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունների։ «Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ մենք կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։
19:58 - 12 ապրիլի, 2022
Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

 |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

armenpress.am: Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել Է Fars գործակալությունը, նրան հայտարարվել Է վճռական բողոք եւ հայտարարվել Է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները: Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան եւ Հերաթում գլխավոր հյուպատոսարանի առջեւ տեղի են ունեցել հանրահավաքներ, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նետել են քարեր: Իրանում Աֆղանստանի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են ընդունող կողմի կառավարության պատասխանատվության մասին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապապովման համար: Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ Է արել դատական հետապնդման ենթարկելու Իրանի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվողներին: Ապրիլի 11-ին Հերաթի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում աֆղան փախստականների եւ միգրանտների ճնշման դեմ: Ցույցին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ: Ապրիլի 7-ին Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Իրանում աֆղան փախստականները գանգատվում են երկրում իրենց մնալու պայմանների վատթարացումից: Նրանցից շատերի մոտ բացակայում են փաստաթղթերը, ներառյալ այցագրերը: Նշվել Է, որ սոցիալական ցանցեցում տարծվում են տեսագրություններ, որոնք վկայում են, որ «աֆղան փախստականներն Իրանում ենթարկվում են հալածանքների եւ խոշտանգումների»: Իր հերթին Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել Է այդ տվյալները՝ դրանք անվանելով անստույգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:50 - 12 ապրիլի, 2022
Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն
 |1lurer.am|

Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն |1lurer.am|

1lurer.am: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը, անդրադառնալով Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Երկու կողմն էլ ընդգծել են, որ մինչև 2022 թ. տարեվերջ պետք է կարողանանք ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել: Միաժամանակ, հաշվի առնելով Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման կարևորությունը, այդ առնչությամբ ևս քննարկումներ են եղել: Որոշվել է ԵԱՏՄ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործարկման համար ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը»: Փեյմանփաքը շեշտել է, որ Հյուսիս-հարավի շնորհիվ ԵԱՏՄ-ից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով: Այդ մասին հայտնել է «ԻՍՆԱ» գործակալությունը: Իրանի մաքսային ծառայութան խոսնակի հաղորդմամբ՝ 2020 թ․ մարտի 20-ից 2021 թ․ մարտի 20-ը Իրանի և ԵԱՏՄ միջև առևտուրը կազմել է 5,6 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ-ը՝ Իրանից ԵԱՏՄ արտահանումը: Մասնավորապես՝ Իրանից ՌԴ է արտահանվել 583 մլն դոլարի ապրանք (15% աճ), Հայաստան՝ 302 մլն (0.5% անկում), Ղազախստան՝ 188 մլն (13% աճ), Ղրղզստան՝ 78 մլն (72% աճ), Բելառուս՝ 16 մլն (20% անկում): Իրանից ԵԱՏՄ ներկրումը կազմել է 4,4 մլրդ: Ռուսաստանից Իրան ներկրումը կազմել է 4 մլրդ (92% աճ), ինչը ԵԱՏՄ-ից Իրան ներկրման 91 տոկոսն է: Ղազախստանից Իրան ներկրումը կազմել է 379 մլն (88% աճ), Բելառուսից՝ 28 մլն (8% անկում), Հայաստանից՝ 9,7 մլն (24% անկում), Ղրղզստանից՝ 1,6 մլն (35% անկում):
19:46 - 11 ապրիլի, 2022
Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

 |armenpress.am|

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային  համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ Այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը,  Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը: Ինը ոլորտներում՝ այդ թվում արդյունաբերության, տեխնոլոգիայի, բժշկության, իրանական 70 և  ռուսական 300 ընկերությունների ներկայացուցիչներ առևտրային հարցերի շուրջ հանդիպումներ են անցկացրել։ Դա ամենամեծ իրանական գործարար պատվիրակությունն է, որը երբևէ այցելել է Ռուսաստան, ներկաների մեծ մասը Իրանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են եղել:
20:05 - 07 ապրիլի, 2022