ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի բակում են՝ հաջակցություն զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր |news.am|

Զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի բակում են՝ հաջակցություն զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։ Այս քրեական գործով մեզ Քննչական կոմիտե հրավիրելն արդեն իսկ անօրինական գործընթաց է, ես դրան իրավական գործընթաց չեմ անվանի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը՝ երեք հոդվածներով, որից հետո մենք միջնորդություն էինք ներկայացրել դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դեռեւս միջնորդության պատասխանը չենք ստացել։ Դատարանում խմբի քննիչն էլ հայտարարեց, որ մեղադրանք առաջադրելու պահին բավարար ապացույցներ առկա չեն եղել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ այդ գործողություններից հետո պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Ըստ փաստաբանի՝ անօրինական մեղադրանքով են անձին հրավիրել քննչական գործողությունների. «Այսօր մեզ կանչել էին, որպեսզի լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին»։ Անդրադառնալով քրեական գործը ԶՔԳՎ վարույթից վերցնելու եւ այն Քննչական կոմիտե տեղափոխելու որոշմանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այս նպատակը չի կարող լինել իրավական եւ նպատակ է հետապնդում այս գործով կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի համար ցանկալի արդյունքների հասնելու։ Նպատակը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն է, հետագայում մեղադրական դատավճիռը»։  
17:02 - 22 հունիսի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն,  որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում  առաջացած պայթյունը: Նշվում է, որ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: «Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:  Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:44 - 21 հունիսի, 2022
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:Քննությամբ պարզվել է, որ վերջիններս, 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, Երևան քաղաքում իրականացվող հավաքներին լայն շրջանակներ ներգրավելու համար, մարդկանց նյութապես շահագրգռելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձանցից, գումարներ են ստացել ու բաժանել, ինչի կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի վերաբերյալ ձայնագրությունը և հրապարակումը տարածվել էր համացանցում:Նախաքննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվել են նաև խուզարկություններ, որի ընթացքում Այգեշատ բնակավայրի՝ հիշյալ բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակելու համար նախատեսված մարտական 7, տարբեր տեսակի որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված 2 փամփուշտներ և «Mauser» տեսակի ատրճանակ։Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Այգեշատի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 21 հունիսի, 2022
ՔԿ-ն պարզաբանում է տարածել Քյարամյանի և պատերազմում զոհվածների հարազատների հանդիպման վերաբերյալ

ՔԿ-ն պարզաբանում է տարածել Քյարամյանի և պատերազմում զոհվածների հարազատների հանդիպման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․    «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.   2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։   Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:   Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:   Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին: Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»:  
10:41 - 21 հունիսի, 2022
Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին

Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին

Հայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թ. հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում  են ՔԿ-ից։ Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ  իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն:Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը:Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից:Կոմիտեին  են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականացվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը:Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները:
18:18 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:41 - 20 հունիսի, 2022
ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները

ՀՀ ՔԿ-ն պարզել է Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման խաչմերուկում հիշյալ հավաքի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խախտել են հասարակական կարգը, հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով ընթացող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային: Այնուհետև վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշվում է, որ հիշյալ քաղաքացու վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել ու առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:25 - 17 հունիսի, 2022
«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով, և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:33 - 17 հունիսի, 2022
ՔԿ պարզաբանումը ՌԴ քաղաքացիների վերաբերյալ համացանցում տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ

ՔԿ պարզաբանումը ՌԴ քաղաքացիների վերաբերյալ համացանցում տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Երևան քաղաքի բնակչի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնենք, որ հիշյալ բնակիչը 2022 թ. մայիսի 11-ին՝ ժամը 22:05-ին, «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, որի եզրակացությունը ստացվել է: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում պարզվել են տղամարդու կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ տուժողը նշված վնասվածքները ստացել է 2022 թ. մայիսի 10-ին` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Նկատի ունենալով հիշյալ քաղաքացիների վերաբերյալ համացանցում ողջ օրվա ընթացքում տարածվող տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ նախաքննական մարմինը տեղեկացնում է, որ նշված երկու անձանցից մեկը բերման է ենթարկվել, իսկ մյուսն ինքնակամ ներկայացել է բացառապես ՀՀ քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:   Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան «Թվիթերում» գրել էր, թե հայ իրավապահները «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել են իր ընկերներին ու պահանջել իր տվյալները:
20:44 - 16 հունիսի, 2022
Ըստ ոստիկանության՝ ռուս ընդդիմադիր ակտիվիստի ընկերները քրեական գործի շրջանակում են բերման ենթարկվել

Ըստ ոստիկանության՝ ռուս ընդդիմադիր ակտիվիստի ընկերները քրեական գործի շրջանակում են բերման ենթարկվել

Ռուս ընդդիմադիր ակտիվիստ, սթենդափ-կոմիկ Տատյանա Շչուկինան թվիթերյան միկրոբլոգի մի քանի գրառումներով հայտնել է, որ իր ընկերներին «ձերբակալել են» ու ընկերներից պահանջել են տալ Տատյանա Շչուկինայի կոնտակտներն ու գտնվելու վայրը։ Ավելի ուշ Տատյանա Շչուկինան գրել է, որ իրեն կանչել են ծեծի գործով ցուցմունք տալու՝ նշելով, սակայն, որ ինքը որևէ ծեծի ականատես չի եղել։ «Եթե ​​ինձ վերադարձնեն Ռուսաստան, ինձ բանտ կամ մահ կսպառնա Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման, հանրահավաքների և Ալեքսեյ Նավալնիի հետ համագործակցության համար»,-նշել է նա։ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի  և լրատվության վարչությունից հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հրապարակման մեջ նշված անձիք բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել նախաքննական մարմին։ Ոստիկանության այս մեկնաբանությունից հետո կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը և ինչ կարգավիճակ ունեն տվյալ անձինք, սակայն Թադևոսյանը ասաց, որ տվյալ անձինք քրեական գործի շրջանակներում չեն կանչվել հարցաքննության, այլ  ծեծի են մասնակցել ու դրա հետևանքով են նրանց բերել են հարցաքննման։ Թադևոսյանը, այլ հարցերի չպատասխանելով, անջատեց հեռախոսը։  Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Դաավր Դորջինը ասել է, որ ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի սթենդափ-կոմիկ Տատյանա Շչուկինայի ընկերների «ձերբակալությունը» քաղաքական ենթատեքստ չունի։ Դեպորտացիայի մասին խոսք չկա, չկան հիմքեր մտածելու, որ կոմիկը և նրա բերման ենթարկված ընկերը՝ Միխայիլ Բոդրովն ու Սվետլանա Բոգաչևան, քաղաքական հետապնդման են ենթարկվում։   Նանե Ավետիսյան
18:26 - 16 հունիսի, 2022
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված. դատարանը մերժեց միջնորդությունը
 |pastinfo.am|

Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված. դատարանը մերժեց միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։ Ավետիք Չալաբյանը կալանավորված է։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:48 - 16 հունիսի, 2022
Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:31 - 13 հունիսի, 2022
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 09-ին ժամը 08:39-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ 64-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վիրավորում սրտի վնասումով, հեմոպերիկարդ, պնևմոհեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքները ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 55-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 9-ի առավոտյան երթուղային ավտոբուսի ուղևորի՝ 55-ամյա տղամարդու և նույն ավտոբուսի վարորդի՝ հիշյալ 64-ամյա տղամարդու միջև վիճաբանություն է առաջացել  տրանսպորտում ծխելու շուրջ, ինչից հետո վերջինս, ըստ նախնական տվյալների, երկաթյա առարկայով հարվածել է ուղևորի գլխին, իսկ ուղևորն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վարորդի սրտի և թոքի շրջաններին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել՝ պատահական անցորդների միջամտության և ցուցաբերված առաջին բուժօգնության արդյունքում, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարորդը ճանաչվել է տուժող: Քննությամբ տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործություն կատարած տղամարդու, ինչպես նաև՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ. վերջինս բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում երթուղային ավտոբուսի սրահից հայտնաբերվել և վերցվել է ծխախոտ, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի կրիչները, որոնք ենթարկվել են զննության, հարցաքննվել են վկաներ: Տուժողի և կասկածյալի՝ միմյանց փոխադարձ հասցված մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:20 - 10 հունիսի, 2022
Արթուր Ասատրյանը և նրա կնոջ ազգականը Վաղարշապատում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել քրգործից

Արթուր Ասատրյանը և նրա կնոջ ազգականը Վաղարշապատում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել քրգործից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, Դոն Պիպո մականվամբ Ա.Ա.-ն (Արթուր Ասատրյան) և նրա կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու: Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում: 2021 թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ: Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել: Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից: Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն: Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին: Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին: Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:30 - 08 հունիսի, 2022