ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Ըստ ՔԿ-ի՝ Իգոր Խաչատուրովը ոստիկանի հետ միջադեպի ժամանակ եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում. նա կալանավորվել է

Ըստ ՔԿ-ի՝ Իգոր Խաչատուրովը ոստիկանի հետ միջադեպի ժամանակ եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է Քննչական կոմիտեն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
09:45 - 20 մայիսի, 2022
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու,  ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ՝ ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված կարգուկանոն հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը և շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաև՝ խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին և կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով «պատժել», ինչպես նաև հրահանգել է կազմակերպել կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը: Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով և մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել և կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:31 - 19 մայիսի, 2022
Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին․ ՔԿ

Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին․ ՔԿ

Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար մեղադրվող Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։   ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։   Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է։   Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», որի կապակցությամբ բժշկական միջամտությամբ կատարվել է ստենտավորում։   Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։   Վերոգրյալով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։   Հավելենք, որ քրեական վարույթի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:39 - 18 մայիսի, 2022
Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի
 |tert.am|

Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի |tert.am|

tert.am: Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում:   Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։ Արթուր Ղազինյանը նշել է, որ դեռ հստակ չէ՝  կիրառվել է պատգամավորական երաշխավորագիրը, թե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Պարզվել են այդ անձանցից երեքի ինքնությունը․ նրանք Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ 
20:36 - 18 մայիսի, 2022
Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան |tert.am|

Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան |tert.am|

tert.am: Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։«Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, և հիմա տեղափոխում են ԲԿ»։ Ինչ վերաբերում է նարն առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն աղերս չունի իրավաբանության հետ․«Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքաշելով  ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե  համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքաշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։ Փաստաբանն ասաց, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, և դիմեց Դատախազությանը․«Դիմում եմ Դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։
14:00 - 18 մայիսի, 2022
Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ կա ձերբակալված

Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Գարիկ Գալեյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 - 18 մայիսի, 2022
Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է (ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին- խմբ․): Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:31 - 17 մայիսի, 2022
Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Էմմա Սարգսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝  հավաքին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար։ Խոսքը վերաբերում է ընդդիմության վերջին ժամանակներս կազմակերպվող հավաքերին։ Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակել էր մի խոսակցություն`  կից գրելով, թե Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունը ընդդիմության հավաքներին։ Թոռնիկ Ալիյանը մեր զրույցում հաստատել էր, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, սակայն պնդել էր, թե գումարի դիմաց չի կազմակերպել ուսանողների՝ հավաքներին մասնակցությունը։ Նա նաեւ նշել էր, որ խոսակցությանը ներկա անձանց մեջ Ավետիք Չալաբյանը չի եղել։ Վարդան Թադեւոսյանի մեզ հայտնեց, որ Թոռնիկ Ալիյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ հավաքներին մասնակցելու համար երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր «5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաեւ դասախոս Էմմա Սարգսյանը։ Էմմա Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ քանի որ ՔԿ հաղորդագրության մեջ Սարգսյանի անունը շոշափվել է, դրանից հետո նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, քանզի դա արդեն փաստացի քրեական հետապնդման նշան է։ Դրանից հետո քննիչը, պաշտպանական կողմի համար անհասկանալի կերպով, որոշում էր կայացրել Սարգսյանին ձերբակալելու մասին։ Պաշտպանը բողոքարկել էր ձերբակալման որոշումը, սակայն հաշվի առնելով, որ 24 ժամ անց քննիչի որոշմամբ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ բողոք հետ էր վերցրել․ «Մենք որոշեցինք բողոքը չպնդել, քանի որ ազատ արձակվելուց հետո այն արդեն առարկայազուրկ էր դառնում, ես ինքս, իմ պաշտպանյալի հետ խորհրդակցելով, ձերբակալման դեմ բողոքը հետ վերցրի»։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ ֆորմալ առումով դիրքորոշում չեն հայտնել, չեն ասել, թե մեղքը ընդունում են․  «Այս գործում ամենակարեւոր երկու հանգամանքները հետեւյալներն են․ գործ ունենք հանցակազմի հետ, որը հուլիսի 1-ից այլեւս գոյություն չի ունենալու (նկատի ունի՝ այս տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով,- հեղ․), հետեւաբար այն որեւէ հանրային որեւէ վտանգավորություն չի ներկայացնում, իսկ հանցագործությունը առաջին հերթին պետք է հանրային վտանգավորություն ներկայացնի, եթե ներկայացներ, նոր օրենսգրքում այն ամրագրված կլիներ, եւ երկրորդ, այս ամեն ինչի հիմքում տեսնում ենք ձայնագրություն, որի թե ձայնագրման ընթացքը, թե համացանցում հայտնվելու հանգամանքները, մեղմ ասած, շատ կասկածելի են»։ Ազատ արձակվելուց հետո Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե սա քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործ է։ Երեկ հայտարարություն է տարածել նաեւ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը՝ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ապօրինի որակելով։   Միլենա Խաչիկյան  
13:23 - 17 մայիսի, 2022
Պաշտոնեական դիրքի չարաշահում «Հայանտառի» նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք

Պաշտոնեական դիրքի չարաշահում «Հայանտառի» նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Մասնավորապես պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև` Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ: Շուրջ երկու տարի անց հօգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի և հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով, 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաև ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 - 17 մայիսի, 2022
Ավետիք Չալաբյանը Ագրարային համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռելու գործով կալանավորվել է․ ՔԿ

Ավետիք Չալաբյանը Ագրարային համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռելու գործով կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի  մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:21 - 14 մայիսի, 2022
Պարզվել է «Անտարեսի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է «Անտարեսի» տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում  քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Տեղեկացվել էր նաև, որ հիշյալ հավաքի մասնակից, Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն էր գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ և համապատասխան քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ Ա.Խ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել էր: Հավելենք, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:00 - 14 մայիսի, 2022
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության քրգործն ամբողջությամբ  բացահայտվել է. կա ևս երկու ձերբակալված

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության քրգործն ամբողջությամբ բացահայտվել է. կա ևս երկու ձերբակալված

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից; Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս երկուսի ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի՝ 1999թ. ծնված բնակիչ Վելիխան Խլղաթյանն է, մյուսը՝ Կոտայքի մարզի՝ 1999թ. ծնված բնակիչ Գևորգ Մուրադյանը: Վերջիններս ձերբակալվել են: «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:44 - 13 մայիսի, 2022