Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ
13:23 - 17 մայիսի, 2022

Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Էմմա Սարգսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝  հավաքին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար։

Խոսքը վերաբերում է ընդդիմության վերջին ժամանակներս կազմակերպվող հավաքերին։ Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակել էր մի խոսակցություն`  կից գրելով, թե Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունը ընդդիմության հավաքներին։

Թոռնիկ Ալիյանը մեր զրույցում հաստատել էր, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, սակայն պնդել էր, թե գումարի դիմաց չի կազմակերպել ուսանողների՝ հավաքներին մասնակցությունը։ Նա նաեւ նշել էր, որ խոսակցությանը ներկա անձանց մեջ Ավետիք Չալաբյանը չի եղել։

Վարդան Թադեւոսյանի մեզ հայտնեց, որ Թոռնիկ Ալիյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։

Մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ հավաքներին մասնակցելու համար երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր «5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաեւ դասախոս Էմմա Սարգսյանը։

Էմմա Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ քանի որ ՔԿ հաղորդագրության մեջ Սարգսյանի անունը շոշափվել է, դրանից հետո նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, քանզի դա արդեն փաստացի քրեական հետապնդման նշան է։ Դրանից հետո քննիչը, պաշտպանական կողմի համար անհասկանալի կերպով, որոշում էր կայացրել Սարգսյանին ձերբակալելու մասին։ Պաշտպանը բողոքարկել էր ձերբակալման որոշումը, սակայն հաշվի առնելով, որ 24 ժամ անց քննիչի որոշմամբ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ բողոք հետ էր վերցրել․ «Մենք որոշեցինք բողոքը չպնդել, քանի որ ազատ արձակվելուց հետո այն արդեն առարկայազուրկ էր դառնում, ես ինքս, իմ պաշտպանյալի հետ խորհրդակցելով, ձերբակալման դեմ բողոքը հետ վերցրի»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ ֆորմալ առումով դիրքորոշում չեն հայտնել, չեն ասել, թե մեղքը ընդունում են․  «Այս գործում ամենակարեւոր երկու հանգամանքները հետեւյալներն են․ գործ ունենք հանցակազմի հետ, որը հուլիսի 1-ից այլեւս գոյություն չի ունենալու (նկատի ունի՝ այս տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով,- հեղ․), հետեւաբար այն որեւէ հանրային որեւէ վտանգավորություն չի ներկայացնում, իսկ հանցագործությունը առաջին հերթին պետք է հանրային վտանգավորություն ներկայացնի, եթե ներկայացներ, նոր օրենսգրքում այն ամրագրված կլիներ, եւ երկրորդ, այս ամեն ինչի հիմքում տեսնում ենք ձայնագրություն, որի թե ձայնագրման ընթացքը, թե համացանցում հայտնվելու հանգամանքները, մեղմ ասած, շատ կասկածելի են»։

Ազատ արձակվելուց հետո Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե սա քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործ է։ Երեկ հայտարարություն է տարածել նաեւ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը՝ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ապօրինի որակելով։

 

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել