Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Ներկայումս Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ 100 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությամբ ընդգծվել է. «100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց: Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու`  երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։ Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։ Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը  փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։ Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։   Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար»։
20:12 - 23 մարտի, 2020
Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, քաղաքագետ, Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսովը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը թաքցնում է երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և հիմնավորում, թե ինչու է Ալիևի ռեժիմն այդպես վարվում։ Նա խոսում է Ադրբեջանում իշխանության փոխանցման, ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ - Հայաստանում, համաձան պաշտոնական վերջին տվյալների, գրանցվել է վարակման 190 դեպք (մարտի 22-ի դրությամբ), հայտարարվել է արտակարգ դրություն։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 50-ից մի փոքր ավել է, և դատելով ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների, շատերը կասկածանքով են մոտենում կորոնավիրուսով վարակվածների թվի պաշտոնական տեղեկություններին։ Ինչպե՞ս եք վերաբերում այս վիճակագրությանը, և եթե ենթադրենք, որ այդ թվերը իրակաությունը չեն արտացոլում, ի՞նչն է նման քաղաքականության պատճառը։  - Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում իրոք պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել են տուն։ Սրանք են մարտի 21-ի պաշտոնական տվալները։ Սակայն հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Բանն այն է, որ սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Սակայն արդեն փետրվարի 24-ին տեղեկացանք առաջին երկու վարակվածների մասին, որոնք ժամանել էին Իրանից։ Ապա այդ թիվը սկսեց արագ աճել, բայց այդ ժամանակ էլ իշխանությունները այնպիսի դիրք էին ընդունել, որ ոչ մի սարսափելի բան չկա։ Շուտով պարզվեց, որ Իրանում վարակված ադրբեջանցիներից մեկը, ամբողջ երկիրը հատելով, Իրանից Վրաստան է գնացել, որտեղ հենց նույն պահին կարանտինի տակ է հայտնվել։  Շուտով Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան փակեցին Իրանի հետ սահմանը։ Եվ միայն Ադրբեջանը հրաժարվեց անել դա։ Մեծամասամբ դա կապված է նրա հետ, որ իշխանությունները չէին ցանկանում կորցնել զբոսաշրջիկներին, ինչպես նաև զրկվել Իրանի հետ բիզնեսից։ Փողը ամեն ինչից վեր էր։ Եվ միայն երբ սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել տեղեկություններ վարակվածների թվի աճի մասին, իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը և վերջապես ընդունեցին վտանգավոր և լուրջ սպառնալիքը․ դպրոցները, կրթական հաստատությունները, հանրային վայրերը փակվեցին։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում առողջապահական համակարգի մակարդակը, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ, և ոչ բոլոր վարակվածներն են հայտնաբերվում և հսկողության տակ առնվում։ Ամենայն հավանականությամբ, վարակվածների թիվը նվազագույնը երկու անգամ ավել է, եթե ոչ ավելի շատ։ - Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում, քննարկելով հնարավոր արտակարգ դրությունը, նշեց «հինգերորդ շարասյան չեզոքացման» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, նշանակո՞ւմ է դա, որ արտակարգ դրության անվան տակ իշխանութունները ևս մեկ անգամ ընդդիմադիրներին հետապնդումների կենթարկեն։ - Սովորաբար որևէ տոնի առիթով շնորհավորելիս Իլհամ Ալիևը վստահություն է ճառագում, պատմում է հաջողությունների և այն մասին, թե ինչպես է ամբողջ աշխարհը նախանձում իր իմաստուն ղեկավարման շրջանում այդ բացառիկ ձեռքբերումներին։ Այժմ առաջին անգամ նա տարբեր էր՝ նյարդային և ագրեսիվ։ Պատճառը հասկանալի է․ սկզբում կորոնավիրուսը, որն արդեն պատճառել է և կպատճառի մեծ վնաս տնտեսությանը, նշանակում է՝ նաև Ալիևի եկամուտին, և որի պատճառով իշխանությունները այդքան երկար ջանում էին միջոցներ չձեռնարկել և նույնիսկ հավաստիացնում էին, որ կորոնավիրուսը, պարզվում է, կօգնի զբոսաշրջության աճին։ Դրան հետևեց նավթի գնի կտրուկ անկումը, և այստեղ չես կարող ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը հենվում է էներգակիրների վրա։ Նավթի գների անկումը նշանակում է ոչ միայն ֆինանասական կորուստներ։ Դա նշանակում է, որ երկրում կավելանան գնաճը, սոցիալական լարվածությունը և դժգոհությունը, այսինքն՝ դժգոհությունները հեռու չեն։ Ադ պատճառով էլ մեր առջև իշխանությունների ավանդական հռետորաբանությունը չէ, այլ ապագա ցնցումների հանդեպ ունեցած նրանց վախի վկայականը։ Առաջ հսկայական նավթադոլարները իշխանություններին թույլ էին տալիս երկրի ներսում մարդկանց կաշառել և վախեցնել։ Այժմ դա անելը դժվար կլինի։ Հենց դրա համար էլ մարտի 17-ին նոր խորհրդարանը «տեղեկատվության և դրա պաշտպանության» մասին օրենքում հրատապ լրացումներ արեց, որով ընդլայնում է դատարանների և համացանցային ռեսուրսները իրենց հայեցողությամբ արգելափակող այլ կառույցների արդեն իսկ մեծ հնարավորությունները՝ քմահաճորեն սահմանափակելով ազատ խոսքը։ Այսինքն՝ ապագա սոցիալական բռնկումների նախօրեին ավելի է սահմանափակվում տեղեկատվական դաշտը։ Այնպես որ, պետք է մոտակա ժամանակներում սպասել ընդդիմության նկատմամբ նոր ճնշումների և հետապնդումների։ Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։ 
11:15 - 23 մարտի, 2020
ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն |aysor.am|

aysor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը: «Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները հակամարտության գոտում:
11:45 - 20 մարտի, 2020
Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան
 |tert.am|

Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: «Իդլիբյան սցենարը» Արցախում կիրառելու վերաբերյալ հայտարությունները ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական դրսևորումն է, իհարկե Արցախում նման սցենարի կիրառումը հնարավոր չէ: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելով, որ կիսում է փորձագիտական դաշտում տարածվող տեսակետները, թե «Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անհեթեթ է:«Հայաստանը Սիրիա չէ, Արցախը Իդլիբ չէ, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիա չէ: Ադրբեջանական մամուլում նման հրապարկումները կապված են Զաքիր Հասանովի այն հայտարության հետ, թե ցանկանում են Թուրքիայից ձեռք բերել նոր ռազմական տեխնիկա և սարքավորում, ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ խոսքը անօդաչու թռչող սարքրերի մասին է, ինչի ձեռքբերումը չեմ կարող ասել, որքանով է նպատկահարմար Ադրբեջանի համար»,-ընդգծեց պատգամավորը: Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ նման հայտարարությունները մի քանի գործողության հետևանք են: «Մի կողմից այն, որ վարչապետը վերջերս Շինուհայր գյուղում խոսեց նոր զինատեսակների ձեռքբերման մասին, եղել է նաև ՍՈՒ-30-ների ձեռքբերման գործընթացը»,-ասաց նա: Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ նավթի գների կտրուկ անկում է գրանցվել, թե համաշխարհային զարգացումները և թե Ադրբեջանի ներքին զարգացումները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը այս փուլում կխուսափի լայնամասշտաբ սադրիչ գործողություններից, կարող են մանր-մունր սադրանքներ իրականացնել: Ավելին կարդացեք tert.am-ում։
18:16 - 19 մարտի, 2020

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

news.am: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը բանտարկվել էր Վրաստանում 2017 թվականի մայիսին առեւանգվելուց հետո, հաղորդում է Turan-ը: «Շատ հաճելի է լսել, որ վերջապես ավարտվեցին պարոն Մուխթարլիի փորձությունները, եւ նա միացավ իր ընտանիքին: Վեհաժողովն արդեն Մուխթարլիին քաղբանտարկյալ է ճանաչել»,- ասել է զեկուցողը: «Ադրբեջանի իշխանությունները պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկել՝ որպես Եվրոպայի Խորհրդի եւ մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար: Նրանք, մասնավորապես, պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր տարրերն ու սկսեն Վեհաժողովի հետ կառուցողական աշխատանքը»,- շարունակել է զեկուցողը: Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը: «Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը»,- ասել է նա:        «Ես բազմիցս այդ գործով դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին՝ իմ մտահոգությունը հայտնելով եւ կոչ անելով դադարեցնել քրեական մեղադրանքներն ու ազատ արձակել նրան: Ես ուրախ եմ, որ այժմ նա կարող է միանալ Գերմանիայում գտնվող իր ընտանիքին՝ իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային եւ դստերը»,- հավելել է Դեզիրը:  
13:58 - 19 մարտի, 2020
Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։ Ադրբեջանի ՊՆ֊ի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։ Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել է զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։ «Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ»,֊նշված է հայտարարությունում։ 
11:11 - 16 մարտի, 2020
Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը, ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Հայտարարությամբ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությանը: «Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը», - փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից: «Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է», - նշված է հայտարարության մեջ:
10:01 - 14 մարտի, 2020
Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մարտի 11-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։  «Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11-ի մեկնաբանության հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի  իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է: Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
19:56 - 13 մարտի, 2020
Տոնոյանը Կասպրշիկին մտահոգություն է հայտնել՝ ՀՀ-Ադրբեջան պետսահմանին հակառակորդն աշխուժացել է

Տոնոյանը Կասպրշիկին մտահոգություն է հայտնել՝ ՀՀ-Ադրբեջան պետսահմանին հակառակորդն աշխուժացել է

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ:Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով: Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:
13:56 - 13 մարտի, 2020
Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը։ «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը:  Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում:  Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին: Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:    Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։
11:55 - 13 մարտի, 2020