Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մարտի 11-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։
«Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11-ի մեկնաբանության հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.
Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը:
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը պարունակում է մեղադրանքներ, որոնք միտումնավոր աղավաղում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապերը: Հակամարտությունը ծագել է Արցախի ժողովրդի՝ իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ ձգտումն ուժի միջոցով ճնշելու Ադրբեջանի փորձերի արդյունքում: Սկզբից, նպատակ ունենալով ահաբեկել արցախցիներին, ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում ծրագրել և իրականացրել են հայ բնակչության կոտորածներ, էթնիկ զտումներ և տեղահանություն։ Չկարողանալով կոտրել արցախցիների կամքի ուժը՝ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին տոտալ պատերազմ՝ ոչնչացնելու Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը։ Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է:
Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
comment.count (0)