ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: «Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել նաև տվյալ ստորաբաժանումում քննված քրեական գործերի հարուցման ուղղություններին, ինչպես նաև վերլուծել նախաքննության կազմակերպման արդյունավետությանը վերաբերող որոշակի ցուցանիշներ, խոսել ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրների, բացթողումների և թերացումների մասին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդրահարույց երևույթներն ապագայում բացառելուն ուղղված մի շարք առաջարկություններ և նկատառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Օրակարգային հաջորդ հարցով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը վերլուծել է նաև Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների եռամսյակային գործունեության արդյունքները՝ վերջիններս համեմատելով նախորդող տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքում բարձրանում է կառույցի գործունեության արդյունավետությունը: Կոմիտեի նախագահը հանձնարարել է, որ երկամսյա ժամկետում շտկվեն ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում և բաժիններում արձանագրված խնդիրներն ու համապատասխան գործընթացներ ծավալվեն աշխատանքային խմբի կողմից բարձրացված առաջարկությունների ապահովման մասով: Նշվում է, որ խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Կոմիտեի այլ ստորաբաժանումներում  նախատեսվող համանման ուսումնասիրությունների ժամանակացույցին և ընթացակարգային մի շարք հարցերի ևս:
19:21 - 14 ապրիլի, 2022
Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարին օժանդակողների շրջանակը, համայնքին պատճառված վնասի չափը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստական տվյալների համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը, տեղեկանալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «ԲԷՑ» ՓԲ ընկերության կողմից Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով հողամասերի՝ առավել բարձր արժեքով ձեռք բերելու մտադրության մասին, ինչպես նաև օգտվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման կարգով սահմանված հնարավորությունից, համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ երեք աշխատակիցների հետ՝ վերջիններիս պատկանող հողամասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը գրանցելու, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով «ԲԷՑ» ՓԲԸ-ին վաճառելուն իրեն օժանդակելու հարցում: Համայնքապետարանի նշված աշխատակիցները, իրենց վերադասին օժանդակելու նպատակով, կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր: Համայնքի նախկին ղեկավարը «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից գնման ենթակա 0,166հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15հա, 0.137հա, 0.166հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր կողմից ստորագրված՝ նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:  Այնուհետև՝ համայնքի ղեկավարի խնդրանքով 2016թ. սեպտեմբերին, մի կողմից համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, իսկ մյուս կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջև կնքվել են վերոհիշյալ հողամասերն ընդհանուր՝  14.768.116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր, իսկ վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքի նախկին ղեկավարի կողմից վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 06 ապրիլի, 2022
Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել
 |armtimes.com|

Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարեն Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Հիշեցնենք՝ զինված միջադեպը տեղի էր ունեցել 2021 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 
16:21 - 04 ապրիլի, 2022
Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. ՔԿ

Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. ՔԿ

Քննչական կոմիտեում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ի հաղորդմամբ՝ քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 6 անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների: Ինչպես հայտնում են ՔԿ-ից, բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի,  և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։ Բացի այդ, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, նախկին տնօրենը պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 դրամ գումարը։ Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է  բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկղ չմուտքագրված 1.350.000 դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից: ՔԿ-ի փոխանցմամբ՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը,  բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման  մասնակցության,  ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 դրամ գումարի հափշտակություն։ «Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին,  հաշվարկել  և փոխանցել է ընդհանուր 973․108 դրամ աշխատավարձի գումարներ, որը նախկին տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է: Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով նախկին տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստանացած ընդհանուրը 2․173․035 դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վաչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն: Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել: Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել: Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինասնական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 դրամ գումար՝ մնացած 2.320.000 դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով: Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13 մլն 380 084 դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։
15:35 - 01 ապրիլի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները: Արգիշտի Քյարամյանն  իր երախտագիտությունն է  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:
17:37 - 29 մարտի, 2022
Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն  կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց  նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին,  ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից  պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն  առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։ Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝  պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:25 - 29 մարտի, 2022
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում: Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով: Այնուհետև, 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք/մ -ն ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
14:49 - 25 մարտի, 2022
Ավշարի նախկին համայնքապետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ավշարի նախկին համայնքապետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած  էական վնաս: Մասնավորապես, ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝  նիդերլանդական արտադրության, 95.000.000 ՀՀ դրամ գործարանային արժեքով «Ottevanger» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի  հոսքագիծը, որը համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելուց հետո նշված արժեքով  հաշվառվել է համայնքի  գույքային հաշվեկշռում: Համայնքի նախկին ղեկավարը, պարտավորված լինելով համայնքի գույքն առանց շահույթ ստանալու նպատակի օգտագործել համայնքի և բնակիչների շահերին համապատասխան, վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որևէ փաստաթղթավորման  հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը, որտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ՍՊ ընկերության արտադրական կարիքների համար: Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95.000.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել  է ընդամենը 19.000.000 ՀՀ դրամ և Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա՝ ուղղակի վաճառքով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը: Արդյունքում՝ համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի և բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետևանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝  նվազելով 76.000.000 ՀՀ դրամով և նշված չափով համայնքին պատճառվել է նյութական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն  ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա և ընտանիքի անդամների անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինիս անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Համայնքի նախկին ղեկավարի կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում: Նախաքննությունը շարունակվում է:
10:47 - 24 մարտի, 2022
Մեղադրանք է առաջադրվել Վեդի համայնքի նախկին ղեկավարին

Մեղադրանք է առաջադրվել Վեդի համայնքի նախկին ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի՝ անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող և ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18քմ և 20քմ, 20քմ և 20քմ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, տվել է վերջինիս: Այնուհետև Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առևտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ 2020 թվականի հունվարի 21-ին և 2020 թվականի դեկտեմբերի 23-ին` շինարարության թույլտվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում՝ իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր և որդու անվամբ Ծաղկաձոր և Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18 - 23 մարտի, 2022
ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է՝ մարտի 21-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ որքան զոհված և անհետ կորած ունի հայկական կողմը

ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է՝ մարտի 21-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ որքան զոհված և անհետ կորած ունի հայկական կողմը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն է հայտնել 44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։ Նախաքննությունը շարունակվում է։
15:12 - 21 մարտի, 2022
Զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

Զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից:Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 21 մարտի, 2022
Անհետ կորած զինվորների հարազատներից փող հափշտակած տղամարդը կալանավորվել է

Անհետ կորած զինվորների հարազատներից փող հափշտակած տղամարդը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 40-ամյա տղամարդը տեղեկանալով, որ մի շարք ժամկետային զինծառայողներ մասնակցել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին և անհայտ է նրանց գտնվելու վայրը, խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2021թ. փետրվար-ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ զինծառայողների հարազատներին խաբել և համոզել է, որ վերջիններս մահացած չեն և գտնվում են գերության մեջ: Այնուհետև հարազատներին համոզել է հիշյալ զինծառայողներին ՀՀ վերադարձնելու համար իրեն կաշառք տալ՝ այդ կերպ խարդախության եղանակով նշված անձանցից հափշտակելով  ընդհանուր 1 558 863 ՀՀ դրամ գումար: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2022թ. մարտի 17-ին տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:54 - 18 մարտի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.)  հրաձգային գումարտակի հետնամասում,  իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի  շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:18 - 17 մարտի, 2022
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար ձեռնարկվել են միջոցներ

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար ձեռնարկվել են միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ինչպես հայտնում Քննչական կոմիտեից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, վերջինս 2005-2007թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքն ուղիղ վաճառքով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության «Մաքուր Արաբկիր ՓԲ ընկերության տնօրենին՝ իր սանիկին: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեի 2734.6 քմ. մակերեսով շենք-շինությունները, կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 29.800.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել է իր հորը, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հետագայում  հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու գույքային միավորների և անհամեմատ բարձր արժեքներով օտարվել այլ անձանց: Նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը դիմում է ներկայացրել և խնդրել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով: Համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում վնաս պատճառելու դեպքերով Երևան համայնքը քրեական գործով ճանաչվել է որպես տուժող, իսկ 450.340.462 ՀՀ դրամի չափով՝ քաղաքացիական հայցվոր: 2022 թվականի  փետրվարի 22-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից վաղեմության ժամկետներն անցնելու՝ ոչ արդարացնող հիմքով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ոչ արդարացնող հիմքով կայացված որոշման հիման վրա Երևան համայնքին պատճառված վերոնշյալ չափով գումարը վերականգնելու մասով ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու ուղղությամբ:
17:57 - 17 մարտի, 2022