ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել

 |armenpress.am|

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը: Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի  բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար  իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:
19:04 - 12 հունվարի, 2022
Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպապպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես՝ նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի արդյունքում հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա  հետևանքով  բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30.000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկղություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասությանա ռաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրությում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։
20:01 - 11 հունվարի, 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին  Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։  Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա  հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ անձը հետախուզվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Հետախուզման մեջ գտնվողի հանձնումը հնարավոր եղավ ՀՀ Գլխավոր դատախազության եռանդուն ջանքերի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային գործերի գրասենյակի, ԱՄՆ դատական կատարածուների ծառայության Միջազգային հետաքննությունների բաժանմունքի, ՀԴԲ իրավական կցորդի (նստավայրը՝ Թբիլիսի) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շնորհիվ։ «Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։ Հետախուզվողն ԱՄՆ-ում կկանգնի դատարանի առաջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՄՆ դատարանի կողմից։
18:20 - 11 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի ու ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի ու ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Նշվում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 7-ին, ըստ էության քննելու համար, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
19:48 - 10 հունվարի, 2022
9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. Դատախազությունն ամփոփում է

9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. Դատախազությունն ամփոփում է

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3142-րդ հոդված) և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդված) հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի 2021թ. արդյունքները: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Մասնավորապես, 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան ՀՀ քրեական օրնսգրքի 314.2-րդ և 314.3-րդ հոդվածներով հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-ից 2020թթ. ընթացքում միասին վերցրած (15 քրեական գործ): Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում վերոհիշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված 11, իսկ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 1 քրեական գործով (այլ հոդվածների համակցությամբ): 2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք: Մասնավորապես, 1 անձի մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար: Ընդ որում, 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերոհիշյալ քրեական գործերից մեկը, որով  առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորին և վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դեռևս չի քննվել: Մյուս քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Բացի նշված գործերով հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելը, ՀՀ դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկել իբրև հակակոռուպցիոն առանցքային գործիք՝ նշված երևույթի դեմ իրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, պրակտիկայում դրսևորվող խնդիրները հընթացս վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելու համար: Այսինքն անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որպիսի վերջինս հիշյալ արարքի համար նախկինում ենթարկված լինի վարչական պատասխանատվության: Մինչդեռ գլխավոր դատախազությունում առանձին գործերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում չնայած անձինք, իրազեկված լինելու պայմաններում հայտարարագիր չեն ներկայացրել, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել, ինչի արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նշված հանգամանքին առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բացի այդ, ելնելով նրանից, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով,  2021թ. ՀՀ գլխավոր դատախազը դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես՝ հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ:  Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:
11:19 - 10 հունվարի, 2022
Արամ Վարդևանյանին առաջարկում ենք հարգել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ. Դատախազություն

Արամ Վարդևանյանին առաջարկում ենք հարգել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ. Դատախազություն

Դատախազությունը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին: Դատախազության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը հունվարի 5-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով երեք հարցադրում էր արել ՀՀ գլխավոր դատախազին, որոնց կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը: Ինչպես Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին աշխատավայր մուտք գործել չթույլատրելու դեպքերի, այնպես էլ Երևանի ավագանու նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և այլոց կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և կից տեսանյութերը վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել: Արդյունքում` Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Իսկ Երևանի ավագանու հայտնի նիստում արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Ընդ որում, այդ մասին ՀՀ դատախազությունը հանրությանը տեղեկացրել է հենց նույն օրը: Հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են: Այս իմաստով, թերևս հարկ չկա նշելու, որ քրեական հետապնդում հարուցելու հարցին (ինչի մասին հարցադրում է անում պատգամավորը) հնարավոր է անդրադառնալ միայն բավարար հիմքերի առկայությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում: Ինչ վերաբերում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, նմանատիպ այլ գործերով նույն հանցակազմով մեղադրանքների պարագայում անազատության հետ չկապված խափանման միջոցներին նախապատվություն տալու վերաբերյալ հարցադրմանը, ապա այն որևէ կապ չունի կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումների հետ։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։ Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք  նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Հանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։ Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները»:
18:24 - 07 հունվարի, 2022
Վանաձորի ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու հետևանքով նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացել է արյունահոսություն, զարգացել է հեմոռագիկ շոկ, ապա՝ արձանագրվել է հիվանդի մահը. Դատախազություն

Վանաձորի ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու հետևանքով նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացել է արյունահոսություն, զարգացել է հեմոռագիկ շոկ, ապա՝ արձանագրվել է հիվանդի մահը. Դատախազություն

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով; Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված  հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Ա. Բ.-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատված՝ «Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը» կլինիկական ուղեցույցի դրույթներին համապատասխան բժշկական միջամտություն և անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու արդյունքում  նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացած բարդությունների, արյունահոսության հետևանքով զարգացել է հեմոռագիկ շոկ, և 2016թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 01:40-ին, արձանագրվել է հիվանդի մահը: Քրեական գործը 2018թ. մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ամբաստանյալի գործողությունների և կնոջ մահվան միջև պատճառական կապը պարզելու նպատակով: Փորձաքննությունն իրականացրած փորձագետները ևս փաստել են, որ մահը վրա է հասել նրա բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացրած վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով: Դեռևս նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 21-ին, նրանցից մեկի՝ Ա. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան կապակցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Դ.Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն վերջինս 2021թ. դեկտեմբերի 8-ին, քրեական գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո, դատական նիստում միջնորդել է ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճել և իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, ինչը բավարարվել է նույն օրվա դատարանի որոշմամբ: Փաստացի, ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ հիմնավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվելու հանգամանքը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ գործուն միջոցներ ձեռնարկելու «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների արարքներում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները և նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հետ, և նրան նման կարգավիճակից զրկելը էականորեն նվազեցնում է հետագայում նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձրացվել է նաև բուժկենտնորնի նշված բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը քննարկելու խնդիրը:
16:24 - 07 հունվարի, 2022
Ապօրինի հատված 619 ծառ, պատճառված մոտ 12 մլն դրամի վնաս. 8 պաշտոնյայի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ապօրինի հատված 619 ծառ, պատճառված մոտ 12 մլն դրամի վնաս. 8 պաշտոնյայի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց (2 անտառապահ, 2 անտառապետ, 1 ավագ անտառապետ, անտառպահպանութհան 1 ինժեներ, 2 անտառային տեխնիկ) վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նշված պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Նշվում է, որ այս պաշտոնյաներն ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, ծառայութ­յան նկատմամբ դրսևորել են ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք, Գյուլագարակի անտապետության տարածքի 4 տեղամասերում շրջայցեր չեն իրականացրել, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Բացի այդ, նրանք կազմել են ապօրինի հատված ծառերը չհայտնաբերելու մասին բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Մինչդեռ այդ տեղամասերում ավելի ուշ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 619 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր, ինչի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.258.000 դրամի չափով վնաս։ Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք։ Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում Լոռու մարզի անտառպահպանության ոլորտի պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 16  քրեական գործ՝ 19 անձի վերաբերյալ: Բազմաթիվ նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
10:54 - 04 հունվարի, 2022
Շիրակի մարզում անցնող տարվա ընթացքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք

Շիրակի մարզում անցնող տարվա ընթացքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2021թ. ընթացքում անչափահասների մասնակցությամբ հանցավոր իրավախախտումների քրեական շարժընթացը, արձանագրված դեպքերը ծնող պատճառներն ու նպաստող պայմանները: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2021թ-ին մարզի տարածքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք՝ հիմնականում կապված ծեծի, գողությունների հետ: Նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 2-ով, իսկ մասնակիցների թիվը՝ 7-ով: Բացի յուրաքանչյուր դեպքով հետաքննության և նախաքննության նկատմամբ հետևողական դատախազական հսկողության իրականացումը, մարզի դատախազության կողմից մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելուն: Այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից այցելություններ են կատարվել մարզի Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ, որտեղ հանդիպում-զրույցներ են տարվել ինչպես ուսուցչական կոլեկտիվների, այնպես էլ բարձր դասարանի աշակերտների հետ: Ընդ որում, այդ հանդիպումներին մասնակցել են ոլորտային մասնագիտացած ՀԿ ներկայացուցիչներ, այլ դպրոցների և ուսումնարանների տնօրեններ, փաստաբաններ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժինների՝  անչափահասների և ընտանիքում բռնությունների կանխարգելման բաժանմունքների ծառայողներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության  մասնագետներ  և այլոք։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են մարզում անչափահասների կողմից առավել հաճախ կատարվող հակաիրավական արարքները, դրանց պատճառահետևանքային կապերի վերաբերյալ վերլուծության արդյունքները։ Դատախազների կողմից  նախանշվել են իրավախախտումների կանխարգելման ուղիները, մեթոդները, ընդգծվել են ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ, դպրոց-ծնող ամուր կապի կարևորությունը, հանցավոր վարքագծի հակումներ ունեցող անչափահասների նկատմամբ առավել ընդգծված հսկողության իրականացումը, չափահաս և անչափահաս քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը։ Դատախազները պատասխանել են  ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին: Տեղում անցկացվել է գործնական խորհրդատվություն, ինչը դրական է ընդունվել մասնակից կառույցների ներկայացուցիչների կողմից։ Բոլոր մասնակիցները ողջունել են Շիրակի մարզի դատախազության կողմից այս ոլորտի հանդեպ ծրագրային մոտեցում ցուցաբերելու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով  ամրապնդել համագործակցությունը դրա շրջանակում։ Նշվում է, որ անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նկատառումներից ելնելով՝ 2021 Շիրակի մարզի դատախազի կողմից 2 միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ Շիրակի մարզպետին, որով վերլուծվել  է անչափահասների շրջանում հանցավորության նախականխման հանգամանքները, ինչպես նաև առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրենց պարտականությունների  նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, պետական և տեղական կառավարման մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նույն նպատակով 5 միջնորդագրեր են  ուղարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ վեր հանելով անչափահասների հանցավորության դեմ տարվող պայքարում Ոստիկանության պրոֆիլակտիկ աշխատանքներում նախականխման միջոցառումների լիակատար անցկացման խնդիրները։ Միջնորդագիր է հասցեագրվել նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարին՝ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանցագործության կոնկրետ դեպքի ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու մասին: Միջնորդագրերով առաջ են քաշվել նաև կոնկրետ դեպքերով իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար կամ իրավասու անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտությունը, ինչի շրջանակներում 5 անձ անձ ենթարկվել է կարգապահական տույժերի:
17:52 - 28 դեկտեմբերի, 2021
Վարդան Ղուկասյանի որդու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վարդան Ղուկասյանի որդու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: «Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Գյումրու բնակիչ Ս. Ղուկասյանի, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հիշեցնում են, որ ավելի վաղ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին, ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Ս. Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Ս. Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս. Ղուկասյանը հայտնաբերվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը: Հաշվի առնելով, որ Ս. Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ էր, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Ս. Ղուկասյանը հայտնաբերվել, ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:49 - 28 դեկտեմբերի, 2021
Պետական սեփականության բազմաթիվ գույքեր կոռուպցիոն սխեմայով օտարվել են իրական արժեքից բազմակի էժան գներով. պետությանը 790մլն դրամի վնաս է պատճառվել. Դատախազություն

Պետական սեփականության բազմաթիվ գույքեր կոռուպցիոն սխեմայով օտարվել են իրական արժեքից բազմակի էժան գներով. պետությանը 790մլն դրամի վնաս է պատճառվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գտնվող բազմաթիվ գույքային միավորների (անշարժ գույք) դեպքերում պետական գույքի օտարման գործընթացներն իրականացվել են կոռուպցիոն չարաշահումներով, որոնք կրել են, ըստ էության սխեմատիկ բնույթ:   Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության (նախկին անվանումը) պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, միևնույն ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ: Ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են գույքերի՝ իրական արժեքից էականորեն ցածր արժեք ունենալու վերաբերյալ գնահատման կեղծ եզրակացություններ, որոնք վավերացվել են ընկերության տնօրենի կողմից: Հետագայում համապատասսխան պաշտոնատար անձանց կողմից այդ եզրակացությունները հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթների անցկացման ժամանակ, և դրանք օտարվել են իրական արժեքից ընդհուպ բազմակի անգամներով պակաս գնով: Նման եղանակով իրականացված պետական սեփականություն հանդիսացող գույքերի օտարման հետևանքով, ուսումնասիրությամբ վեր հանված գույքերի պարագայում, պետությանը պատճառված նախնական վնասը կազմում է ընդհանուր շուրջ 790 մլն ՀՀ դրամ: Այսինքն բազմաթիվ դեպքերում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ: Արձանագրված փաստերի առթիվ անցնող տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կամ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 20 քրեական գործ, իսկ 5 դեպքերում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմիններին՝ հարուցված այլ գործերի հետ միասին քննության առարկա դարձնելու, ընթացքը լուծելու նպատակով: Ինչպես նշված, այնպես էլ նախկինում ՀՀ դատախազության կողմից ներկայացված այլ հանցավոր դեպքերի կապակցությամբ իրականացվում է մեծածավալ նախաքննություն: Արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:   
15:50 - 27 դեկտեմբերի, 2021
Պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին

Պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի  կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ, թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև՝ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով: «Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ  պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս: Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում  չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործընթաց չի իրականացվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:     Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ միջոցներ ձեռնարկելու  վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև՝ արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
12:43 - 24 դեկտեմբերի, 2021
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը |armenpress.am|

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Նա նշել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը դատախազը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը: Վերաքննիչ դատարանը կայացրել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, այդ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է, որի հիման վրա անձը կալանավորվել է: «Կարծում եմ՝ հիմա որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ եթե դատարանը կալանքի հիմքերն առկա չհամարեր, չէր կարող նման որոշում կայացնել: Հակառակ դեպքում, հիմքերի բացակայության հիմնավորմամբ ուղղակի կմերժեր դատախազության միջնորդությունը: Եվ դատախազը պաշտպանի երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում, կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը»,- հարցմանն ի պատասխան ասաց Աբրահամյանը: Ավելի վաղ, դատախազը մերժել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս գործով ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվել։ Ավելի ուշ, Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
18:00 - 21 դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ

2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրա ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:  Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով  18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա  հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: Ութ դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ Երեք քրեական գործ հարուցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ: Երկու քրեական գործ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու քրեական գործ առնչվում է ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու հետ: Մեկ քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ: Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան: Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման և հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:    
15:33 - 21 դեկտեմբերի, 2021
Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ՝ դատական կարգով հողա­մա­սի օտարման աճուրդը, դրա հիման վրա կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերն անվավեր ճանաչելու և սահմանված կարգի խախտմամբ համայնքի ղեկավարի որդու կողմից ձեռք բերված համայնքապատկան հողամասը իր օրինական տիրոջը՝ համայնքին վերադարձնելու  նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Միաժամանակ, մարզի դատախազը միջնորդագրով ընդգծել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը: «Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին առաջադրվել էր մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս մեղադրվում էր այն բանի համար, որ իբրև համայնքի ղեկավար, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին. 2017թ. ապրիլի 10-ին ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսական նշանակության 0,04 հա հողա­մա­սը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուց­վածք­ների օբյեկտների հողերի կատեգորիայի գործառնական նշանակության փոխադրելու որոշումը: Նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը՝ նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավագանուն ներկայացրել հիշյալ 0.04 հա հողատարածքն աճուրդով օտարելու մասին որոշումը, որը հաստատվել է: Այնուհետև, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ աճուրդավարի հետ փոխշաղկապված անձանց սակարկություններին մասնակցելու արգելքը, 2017թ. հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի՝ որպես աճուրդավարի, ղեկավարմամբ անցկացվել է նշված հողամասի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել նրա որդին, ում հետ կնքել է հողամասի առու­վա­ճառքի պայմանագիր: Կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը որդու միջոցով նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերութ­­յանը՝ արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիս ստանալով ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Այդ կերպ էական վնաս է պատճառվել Հարթագյուղ համայնքի իրավունքներին՝ վերջինիս զրկելով նույն չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: 2021թ. հունվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղադրանքի ծավալում ներառված՝ համայնքին պատճառված վերոնշյալ նյութական վնասն ամբողջապես վերականգնվել է: Դատարանի 2021թ. մայիսի 11-ի դատավճռով Անդրանիկ Հարությունյան մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման մեջ ու դատապարտվել տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:10 - 20 դեկտեմբերի, 2021