Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին
19:10 - 20 դեկտեմբերի, 2021

Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ՝ դատական կարգով հողա­մա­սի օտարման աճուրդը, դրա հիման վրա կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերն անվավեր ճանաչելու և սահմանված կարգի խախտմամբ համայնքի ղեկավարի որդու կողմից ձեռք բերված համայնքապատկան հողամասը իր օրինական տիրոջը՝ համայնքին վերադարձնելու  նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Միաժամանակ, մարզի դատախազը միջնորդագրով ընդգծել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը:

«Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին առաջադրվել էր մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մեղադրվում էր այն բանի համար, որ իբրև համայնքի ղեկավար, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին. 2017թ. ապրիլի 10-ին ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսական նշանակության 0,04 հա հողա­մա­սը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուց­վածք­ների օբյեկտների հողերի կատեգորիայի գործառնական նշանակության փոխադրելու որոշումը:

Նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը՝ նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավագանուն ներկայացրել հիշյալ 0.04 հա հողատարածքն աճուրդով օտարելու մասին որոշումը, որը հաստատվել է:

Այնուհետև, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ աճուրդավարի հետ փոխշաղկապված անձանց սակարկություններին մասնակցելու արգելքը, 2017թ. հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի՝ որպես աճուրդավարի, ղեկավարմամբ անցկացվել է նշված հողամասի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել նրա որդին, ում հետ կնքել է հողամասի առու­վա­ճառքի պայմանագիր:

Կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը որդու միջոցով նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերութ­­յանը՝ արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիս ստանալով ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Այդ կերպ էական վնաս է պատճառվել Հարթագյուղ համայնքի իրավունքներին՝ վերջինիս զրկելով նույն չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից:

2021թ. հունվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղադրանքի ծավալում ներառված՝ համայնքին պատճառված վերոնշյալ նյութական վնասն ամբողջապես վերականգնվել է:

Դատարանի 2021թ. մայիսի 11-ի դատավճռով Անդրանիկ Հարությունյան մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման մեջ ու դատապարտվել տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել