Սահման

Կութում Ադրբեջանի նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ․ ՄԻՊ

Կութում Ադրբեջանի նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ․ ՄԻՊ

Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են, այլ նաև պատերի մեջ կան պարկուճներ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով ու դադարել են ժամը 23-ի սահմաններում: Հրապարակվում է մի քանի լուսանկար, որոնցից մեկն էլ ցույց է տալիս, թե կոնկրետ որ ուղղությունից են արձակվել կրակոցները: Այս կրակոցները բացահայտ խախտում են մարդկանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների անվտանգությունը, նրանց խաղաղ ու բնականոն կյանքը: Երեկվա դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլ ընտրանք չունի: Միայն սա կարող է երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ապահովել մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
21:08 - 28 օգոստոսի, 2021
Երեկ հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա․ վնասվել են տների տանիքները |armenpress.am|

Երեկ հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա․ վնասվել են տների տանիքները |armenpress.am|

armenpress.am: Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը հաստատեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները: «Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել»,- ասաց Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում: Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել: Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է:
17:51 - 28 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ են հայտնվել մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում»։
01:25 - 26 օգոստոսի, 2021
ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

Գուրգեն Ավետյան անունով օգտատերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ 9 լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ «Ալիևը, հավանաբար, որոշել է առավելագույնս ճնշել Հայաստանին։ Այդ նպատակի համար նա զորքեր է տեղափոխում Քարվաճառի շրջան։ Այս տարվա ընթացքում հայկական կողմից ոչ մի սահմանապահ պաշտպանական կառույց չի ստեղծվել։ Դրա համար էլ Ալիևը որոշել է այնտեղ մտցնել իր հարձակողական զորքերը և ուժով գրավել 27 կմ հողեր, որոնք կիսում են Քարվաճառի շրջանը թուրք-ազերիների կողմից օկուպացված Նախիջևանի Հանրապետությունից և թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանից՝ Թուրքիա-Ադրբեջան ցամաքային սահման ունենալու համար»,- ասված է օգտատիրոջ գրառման մեջ։ Գրառումն ու լուսանկարները հրապարակվել են pastinfo.am-ում՝ «Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին. ահազանգ» վերնագրով։ Հստակ ոչինչ չենք կարող ասել օգտատիրոջ այն պնդման վերաբերյալ, թե Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ Սակայն մեզ հաջողվել է համացանցում գտնել հրապարակված 9 լուսանկարներից 7-ը․ 7-ն էլ հին լուսանկարներ են։ Այսպիսով, առաջին, երկրորդ և հինգերորդ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2021-ի մայիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։ Ադրբեջանի ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նախիջևանի կայազորում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ կից տարածելով այս լուսանկարները։ Հրապարակված լուսանկարներից երրորդը ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել է 2021-ի օգոստոսի 13-ին։ Լուրն այն մասին է, որ Ադրբեջանի տանկային ստորաբաժանումները ինտենսիվ մարտական ​​պատրաստություն են անցկացնում։ Չորրորդ լուսանկարը հրապարակվել է 2021-ի հուլիսի 2-ին։ Ադրբեջանական ՊՆ-ն այդ ժամանակ հաղորդել է, որ Բաքվում շարունակվում են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։ Վեցերորդ և յոթերորդ լուսանկարները համացանցում գտնել չհաջողվեց։ Ութերորդ լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցներում 2021-ի հուլիսի 16-ին հրապարակված տեսանյութից է։ Տեսանյութում խոսվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին։ Վերջին լուսանկարը համացանցում հայտնվել է դեռևս 2018-ին։ Հրապարակված լուրը կրկին ադրբեջանական բանակի զորավարժություններին է վերաբերում։  Քանի որ օգտատերն այս լուսանկարները հրապարակել է մի գրառման հետ, որտեղ խոսվում է ՀՀ սահմանի մոտ ադրբեջանական հարձակողական զորքեր բերելու մասին, տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարները նոր են և ապացուցում են այդ զորքերի՝ ՀՀ սահմանին մոտենալը։ Սակայն, ինչպես համոզվեցինք, հրապարակված 9 լուսանկարներից առնվազն 7-ը հին են։ Ինչ վերաբերում է հակառակորդի՝ ՀՀ սահմանին հարձակողական զորքեր մոտեցնելուն, այդ պնդման մասին հստակ ոչինչ նշել չենք կարող։ Աննա Սահակյան  
18:13 - 18 օգոստոսի, 2021
Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են․ Իլհամ Ալիև |hetq.am|

Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են․ Իլհամ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ Ադրբեջանի բռնազավթած Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերն իրականացնում են սահմանի ենթակառուցվածքների ամրապնդում և զորամասեր տեղակայում Հայաստանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։ Նրա խոսքով՝ իրականացվում են սահմանի ամրապնդման աշխատանքներ Քարվաճառում, Բերձորում և Զանգելանում։ Ալիևը խոսել է նաև Սև լճի ու Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման մասին։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցվող մտքերն անհիմն են։ Մենք մեր հողում ենք։ Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Այդ տարածքը 30 տարի հայերի մոտ էր։ Եթե սահմանն անցնում է այն վայրով, որի մասին նշում են հայերը, ապա ինչու՞ նրանք այնտեղ չմնացին։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Երբ մենք եկանք և կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք ճիշտ տեղում չենք կանգնած։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք։ Թող դա ոչ ոք չմոռանա»,- հայտարարել է Ալիևը։ Վերջինիս խոսքերով՝ մայիսին, երբ ձյունը հալվել է, ադրբեջանական զորքերը մոտեցել են սահմանին, զբաղեցրել և ամրապնդել դիրքերը Զանգեզուրում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը զբաղվում է պետական սահմանի վերականգնմամբ։
17:29 - 17 օգոստոսի, 2021
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ․ՄԻՊ

Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ․ՄԻՊ

Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։    «Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:   Այսինքն` ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 
23:16 - 16 օգոստոսի, 2021
Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել․ ՊՆ

Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել․ ՊՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:
21:11 - 16 օգոստոսի, 2021
ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել |armenpress.am|

ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։ «Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
22:48 - 12 օգոստոսի, 2021