Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը


 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Տարեկան հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Հաշվետվությունը նախքան այս հանձնաժողովում քննարկումը քննարկվել է համատեղ հանձնաժողովների համատեղ նիստում: «2021-ը մենք բնորոշել ենք որպես շատ բարդ մարտահրավերների տարի, քանի որ անհրաժեշտ էր արձագանքել թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներին, և ապահովել մակրոտնտեսական կայունություն, որը չափազանց կարևոր խնդիր էր: Համարում ենք, որ ընդհանուր առմամբ դա իրականացվել է շատ մեծ հաջողությամբ, որովհետև պետական եկամուտներն ավելացել են թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական ցուցանիշներով, ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով, չի եղել որևէ ծախս, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով հետաձգած լինենք: Պարտքի կառավարումն էլ դարձել է ավելի հուսալի»,-ասաց Խաչատրյանը: Տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից փաստացիորեն ավելի բարենպաստ. սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս: Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Խաչատրյանն ասաց. «2021 թվականը նպատակ ուներ բարելավել պարտքի հարաբերական ցուցանիշը, որովհետև 2020-ին շատ բարձր աճ էինք արձանագրել, Կառավարության պարտքը 2019-ի նկատմամբ աճել էր 13.4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Մենք կարողացել ենք 2021-ի ընթացքում այդ ցուցանիշը նվազեցնել, այն կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ մի կողմից ծրագրված և փաստացի իրականացված տնտեսական աճն է եղել ավելի բարձր, քան կարող էր գնահատվել սկզբնապես, մյուս կողմից՝ ծախսերը որոշակի իմաստով զսպվել են»: Պետբյուջեի դեֆիցիտը 2021-ին կազմել է 4.6 տոկոս, որը ՀՆԱ-ի նկատմամբ 0.8 տոկոսային կետով պակաս է, քան դրան նախորդող տարվա ընթացքում: Քվեարկությամբ՝ տարեկան հաշվետվությունը 5 կողմ ձայնով ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:  
12:56 - 13 հունիսի, 2022
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նշվում է, որ 22600000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին: Նախատեսվում է՝ մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով, մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը, մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարն՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով, բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել նորարարական ու զարգացման ծրագրեր, նպաստել դասավանդման և ուսումնառության միջավայրի, ինչպես նաեւ հետազոտական կարողությունների զարգացմանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.« Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»: «Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի եւ բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի եւ մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարեւոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը եւ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Կարոլին Գեգինատը:
17:47 - 09 հունիսի, 2022
2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց առողջապահության նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը: «Նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր: Սկզբնապես բյուջեով նախատեսված էր, որ միջոցառումների քանակը պիտի կազմի 56: Փաստացի իրականացվել է 53 միջոցառում: 2021 թվականի պետական  բյուջեով հաստատված տարեկան պլանը 114 միլիարդ 496 միլիոն դրամ էր: Այնուհետև ճշտվել է այդ պլանը, և ավելացվել 159 միլիարդ 191 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը: Արդյունքում 2021 թվականին ծախսվել է 157 միլիարդ 909 միլիոն դրամ, որը 2020 թվականի փաստացի 141 միլիարդ 779 միլիոն դրամի նկատմամբ 16 միլիարդ 131 միլիոն դրամով ավելի է եղել:
11:02 - 07 հունիսի, 2022
2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել:  Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը: «Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով:  «Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին: Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:
17:45 - 06 հունիսի, 2022
Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը պարոն Չենին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը եւ ծրագրային գերակայությունները, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունն, անդրադարձ է կատարել մակրոտնտեսական քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել Ասիական  զարգացման բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շիխին Չենն ընդգծել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերն է եւ հավելել, որ Բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են կառուցվածքային բարեփոխումների օրակարգում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանն առնչվող հարցերի մեծ շրջանակ:
17:15 - 01 հունիսի, 2022
Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը |1lurer.am|

Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական: Ոստիկանությունն 2021 թ. ընթացքում իրականացրել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 մլրդ 463 մլն դրամ: «Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապահովել է 99,4 տոկոս կատարողական»,- ասել է նախարար Արմեն Փամբուխչյանը` ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Խոսելով թերացումների մասին` նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում, սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանություն» միջոցառումներին: Նա խոսքով` թերացումների  պատճառը գործարանի կողմից որոշ ծախսերի գծով համապատասխան փաստաթղթեր չներկայացնելն է: Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների ամբողջական վերլուծություն: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքների ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով հավաքագրվել և վերլուծվել են երկրաֆիզիկական բլոկի և երկրաքիմիական դիտակայանների տվյալները: Իրականացվել է սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրություն: Նախարարը ներկայացրել է նաև «Ճգնաժամային կառավարման ուսուցում» ոլորտում իրականացված աշխատանքները, խոսել է աղետների ռիսկերի տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկերի բացահայտման և գնահատման համակարգի փուլային, ինչպես նաև սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրումների մասին: Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հատկապես Սյունիքի մարզում փրկարար ծառայության աշխատանքներում իրականացված որակական փոփոխություններին, Մեղրի համայնքում ծառայության` հաստիքների և համապատասխան տեխնիկայով համալրելուն վերաբերող հարցերին: Ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարողականը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է. «Հաշվետու տարում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել են հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը` միաժամանակ իրականացնելով բարեփոխումների ռազմավարություններով և ծրագրերով նախատեսված առաջնահերթ միջոցառումները»: Նրա խոսքով` կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է Երևանում ոստիկանության նոր՝ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար գույքի, սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման հանգամանքներով: Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14,3 տոկոսով: Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք, որից 42,4 տոկոսը՝  ոստիկանության մարմինների կողմից: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փակ ձևաչափով քննարկվել են պաշտպանության, ազգային անվտանգության և պետական ռեզերվներին վերաբերող հարցերը:
17:52 - 31 մայիսի, 2022
Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»: Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են: Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա: Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս: Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:
17:04 - 31 մայիսի, 2022
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը: Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում  նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիսի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:
11:04 - 12 մայիսի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։  Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ: «Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
20:48 - 22 ապրիլի, 2022
Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

 |armenpress.am|

Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից Հայաստան տարեկան իրականացվում են մոտ 850 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ. ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված նախատեսվում է, որ այդ հոսքերը  կնվազեն մոտ 40 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի՝ ՀՀ տնտեսությունում հնարավոր շոկերի վերաբերյալ հարցին: Նախարարը նախ նշեց, որ շոկերը քիչ չեն՝ առանձնացնելով մի քանիսը: «Մեկը մեր համաքաղաքացիների դրամական փոխանցումներն են, որ ստացվում են ՌԴ-ից: Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում այդ դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ: 2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Կնվազեն, ենթադրում ենք, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնական է, դա կազդի նաև այդ փոխանցումների մեծության վրա»,-ասաց նախարարը: Իսկ թե Ռուսաստանից փոխանցումներն ինչ չափով կնվազեն,  նախարարն առաջարկում է հետ նայել 2014, 2015, 2016 թթ, երբ ոչ այս չափով, բայց մեծ դժվարություններ կային ՌԴ տնտեսության առջև: «Մենք կարծում ենք, որ մինչև 40 տոկոսով կարող են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը: Խոսելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների  մասին՝ նախարարը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում հայ արտահանողներն ընդհանուր առմամբ կվերագտնեն հնարավորությունները, համանման իրավիճակ եղել է նաև 2015-ին, 2016-ին: «Իհարկե, որոշներն ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշների համար նույնիսկ այդ դժվարությունները եղել են ճակատագրական: Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակահատվածում վերադասավորվել, վերահարմարվել և շարունակել է իրագործել իր զարգացման ծրագրերը: Մեզ մոտ կլինե՞ն այդպիսի կարճաժամկետ շոկեր այս ժամանակահատվածում. անպայման: Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ, քիչ չեն փոքր ու միջին արտադրողները՝ փոքր ջերմոցներ, գյուղատնտեսական ապրանք աճեցնող, արտահանող, վերամշակող կազմակերպություններ, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողներ, որոնք հատկապես, երբ արժույթի արժեզրկման հետ կապված շոկեր եղան և իրենց դեբիտորական պարտքերը գնանշված էին ռուբլիով, կրել են այդ ազդեցությունը, դա անխուսափելի է»,-ասաց նախարարը: Խաչատրյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե դա ինչ չափով կազդի 2022-ի տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսում մինչև 1.6 տոկոսի հասցնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ԿԲ-ն պարտավոր է դա անել, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ գնաճային ռիսկերը կառավարելու համար: «Չի բացառվում, որ 3 ամիս հետո, երբ այս անորոշությունները մեղմված լինեն, այդ 1.6 տոկոսը նորից դարձնեն 5.3: Իրենք պարտավոր են դա անել 3 ամիսը մեկ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը կարճաժամկետում նման վերանայում անելու խնդիր չունի:
14:50 - 28 մարտի, 2022
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:  «Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները եւ վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ»,- ասվում է ֆիննախի հաղորդագրությունում:
16:59 - 25 մարտի, 2022
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան
 |news.am|

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: 2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ին պարենի համաշխարհային շուկաներում, կարելի է սպասել, որ պայմանավորված էր կովիդի եւ դրա հետեւանքով նաեւ արժեշղթաների որոշակի վերադասավորումներով ամբողջ աշխարհում. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քիչ տարբեր է, մի քիչ կապ ունի տարածաշրջանային աանորոշությունների հետ, մեր հիմնական մատարարողների կանոնավորության հետ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք միջինժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն գնանք 3-5 ամիս առաջ եւ հետո հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերը ինքնակարգավորվել են»,-ասաց ֆինանսների նախարարը:
16:49 - 21 մարտի, 2022
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Գվինդաձեն նախարարին է ներկայացրել  ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, եւ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով՝ ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում: Դիմիտրի Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած  ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին:  
17:03 - 17 մարտի, 2022
Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»: Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
15:34 - 14 մարտի, 2022
Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:
14:56 - 11 մարտի, 2022
Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարևորել է նոր նախատեսվող և արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: 
14:04 - 04 մարտի, 2022