Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը
17:15 - 01 հունիսի, 2022

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը պարոն Չենին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը եւ ծրագրային գերակայությունները, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունն, անդրադարձ է կատարել մակրոտնտեսական քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել Ասիական  զարգացման բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շիխին Չենն ընդգծել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերն է եւ հավելել, որ Բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են կառուցվածքային բարեփոխումների օրակարգում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանն առնչվող հարցերի մեծ շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել