Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|

Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|

pastinfo.am: Ես խոսքի ազատ արտահայտման կողմնակից եմ։ Եթե որևէ մեկի մոտ հարցեր են առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, ապա վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի հայտարարություններին։ «Ինչ վերաբերում է թեկնածուին, ապա պարզապես պետք է նշեմ, որ դիրքորոշում խմբակցության մոտ ձևավորվում է բացառապես լիագումար նիստում՝ վերջինիս ելույթը և քննարկումը լսելուց հետո։ Ինչ վերաբերում է ծանոթ եմ, թե՝ ոչ, ապա ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում, առաջնորդվում այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում այն պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և Սահմանադրությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որը ԵԴ-ն դիտարկում է ընդունելի»,- նշեց Վարդանյանը։ Դիտարկումներին, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, ընդդիմադիրներին նույն բանի համար կալանավորում են՝ Վարդանյանը չպատասխանեց։ Վերջինս ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ։ Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը:
12:48 - 20 հունվարի, 2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը |1lurer.am|

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, 2004-ին ավարտել Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 2006-ի ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, 2009-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Չինաստանի համալսարաններում: 2004-2018-ին աշխատել է առողջապահության ոլորտում գործող պետական և առևտրային կազմակերպություններում՝ ստանձնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ղեկավարի: 2015-2016-ին ծառայել է ԶՈՒ-ում՝ որպես բժշկական ծառայության սպա: 2018-ի մայիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, 2021-ի հունվարին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2021-ի հունիսին ՔՊ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Արսեն Թորոսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց՝ առողջապահության ոլորտի գերխնդիրը պետք է լինի առողջությունը պահպանելը, ապա կոչ արեց առողջապահությունը և առողջության պահպանումը այս տեսանկյունից դիտարկել: «Տնտեսագիտորեն ավելի ձեռնտու է պետության, հանրային բարիքի տեսանկյունից, հանրային ծախսերի տեսանկյունից ներդրում անել առողջության պահպանման վրա, քան թե զբաղվել հիվանդապահությամբ, ինչը, իհարկե, անհրաժեշտ է: Ի վերջո, բոլոր հիվանդությունները չէ, որ հնարավոր է կանխարգելել»,- ասաց նա: Անդրադառնալով անկախությունից ի վեր առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին՝ նշեց, որ շատ հաճախ ականատես են եղել բարեփոխումների շարունակականության կանգին: «Շատ կարևոր է, որ երբ հայեցակարգը կամ վերջնակետը տեսնում ենք, մենք չկանգնենք այդ ճանապարհին, վստահ եմ, որ թե՛ հանձնաժողովը, թե՛ մեր գործընկերներն ԱԺ-ում այդ առումով հետևողական պետք է լինեն»,- ասաց նա:
12:42 - 20 հունվարի, 2025
ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀ և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին: «Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ «Էստի Համեցեք, Հայաստանից դեռ բան է մնացել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քարտեզի մակետի մեծ տարբերակը փակցնելու փաստը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետական գերատեսչությունների վրա փակցվող դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին. «Եվ պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե որ ակտի հիման վրա է այս մակետը պատրաստվել»: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ Մինասյանին կոչ արեց այդ հարցն ուղղել իր կուսակից Լևոն Մկրտչյանին. «Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության նախարարն էր: Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ էս քարտեզը որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեջն էլ գրված, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է»: Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը:
11:36 - 20 հունվարի, 2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցն է

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցն է

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման 9-րդ նստաշրջանի հերթական նիստը: Մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը՝ քառատողերի փոփոխված հերթականությամբ, երգչախմբի կատարմամբ։ Արձագանքելով դրան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այդպիսով խախտում են ՀՀ օրենքը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ օրհներգը խմբագրելու ԱԺ իշխող խմբակցության նախաձեռնությունը, որով նախատեսվում է օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխել ու այն եզրափակել այս նախադասությամբ՝ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Պատգամավորները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը: Այնուհետև երդմամբ պատգամավորական մանդատը ստանձնեց ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանը Դավիթ Առուշանյանի փոխարեն: Վերջինս, հիշեցնենք, ընտրվել է Շիրակի մարզպետի պաշտոնում: Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որում, ի թիվս այլ հարցերի, ներառված է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը, քանի որ նրա պնդմամբ «առաջադրել են մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության օրինակ է»: Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը:
10:22 - 20 հունվարի, 2025
Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են արդար դատաքննության սկզբունքներին․ Բաքոյան

Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են արդար դատաքննության սկզբունքներին․ Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը անդրադարձել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների՝ Ադրբեջանում ընթացող շինծու դատավարությանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն են առաջացնում։ «Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։ Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։ Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։ Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»,- գրել է պատգամավորը:
12:30 - 18 հունվարի, 2025
Նախաձեռնությամբ կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Նախաձեռնությամբ կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա: Զեկուցողի տեղեկացմամբ՝ տնտեսվարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով: Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով: Նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
12:45 - 15 հունվարի, 2025
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:
15:54 - 14 հունվարի, 2025
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամների հետ

Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամների հետ

Հայաստանը կարևորում է բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձևաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարևորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը: Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարևորությունը: Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին:
15:52 - 13 հունվարի, 2025
ԱԺ լսումները, նախնական պայմանավորվածությամբ, տեղի կունենան հունվարի 29-ին կամ 30-ին․ անհետ կորածի հարազատ
 |azatutyun.am|

ԱԺ լսումները, նախնական պայմանավորվածությամբ, տեղի կունենան հունվարի 29-ին կամ 30-ին․ անհետ կորածի հարազատ |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարզատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությաբ, տեղի կունենան կա՛մ հունվարի 29, կա՛մ 30-ին, «Ազատության»-ը տեղեկացրեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Ավելի վաղ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, թե լսումները տեղի կունենան այս ամսվա ընթացքում։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով։ Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում: Նրանց հարազատները հույսը չեն կորցրել, որ մեղավորները կպատժվեն:
13:50 - 13 հունվարի, 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին

Իմ տպավորությամբ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչեւ այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել, թե որն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում: «Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` ե'ւ կարճ, ե'ւ վոկալային, ե'ւ գործիքային տարբերակները, եւ դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով օրհներգի կարճ տարբերակի սահմանմանը, օրհներգի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության դրույթներին: Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, ողջունելով առաջարկվող փոփոխությունները, կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ 2006 թվականին հաստատված տարբերակով օրհներգը հնչեցնելու պարտավորություն կա հանրակրթական դպրոցներում եւ բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաեւ նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատություններն այն տրամաբանությամբ, որ պետական քաղաքականությունը պետք է միասնական լինի բոլոր կրթական հաստատությունների պարագայում: Մտքերի փոխանակության ձեւաչափով պատգամավորներն անդրադարձել են օրհներգի կատարման խախտումներին վերաբերող դեպքերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվում, սակայն նրա կարծիքով նախագիծը պատրաստ չէ ԱԺ լիագումար նիստում ներկայացման: Նա տեղեկացրել է, որ չեն մասնակցի նախագծի քվեարկությանը` առաջարկելով կազմակերպել աշխատանքային քննարկում եւ ամբողջացնել այն: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
16:06 - 10 հունվարի, 2025
Կառավարությունը հաստատեց ԵՄ-ին անդամակցելու նախագիծը և ուղարկեց ԱԺ
 |civilnet.am|

Կառավարությունը հաստատեց ԵՄ-ին անդամակցելու նախագիծը և ուղարկեց ԱԺ |civilnet.am|

civilnet.am: Կառավարության 2025-ի առաջին նիստին՝ հունվարի 9-ին, հաստատվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Այն ուղարկվեց Ազգային ժողով։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է «Ժողովրդավարական ուժերի հարթակը»։ Այն միավորում է արտախորհրդարանական չորս քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Եվրոպական և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախաձեռնությունը, սակայն շեշտեց, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն Եվրոպական Միությանը։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով իր նախկին հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Ըստ Փաշինյանի՝ այս նախագծով «ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու»։ Նա նաև հիշեցրեց, որ վիզաների ազատականացման մասով պետք է քայլեր ձեռնարկել, քանի որ, ըստ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպանատներում ՀՀ քաղաքացիների մեծ հոսքեր են ձևավորվել, ինչը դժգոհությունների է հանգեցնում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնում նախագծի վերաբերյալ՝ ելնելով մի քանի հանգամանքներից։ «Նախ՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ձևավորել, որոնք ունեն հարուստ բովանդակություն և ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Եվրոպական միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը»,- ասաց Միրզոյանը։ Նա նաև հիշեցրեց, որ Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովման գործում։ Խոսքը քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին է։ Կառավարությունը նաև որոշ առաջարկներ ուներ առավելապես իրավական տեխնիկայի տեսանկյունից։ Առաջարկել են ժամկետներ սահմանել ու խմբագրական փոփոխություններ կատարել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ «ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում։ Վավեր ստորագրությունները կազմել է 52 351»,- ասված է հաղորդագրությունում։
11:47 - 09 հունվարի, 2025
ԱԺ–ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի՝ 2024-ին արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը

ԱԺ–ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի՝ 2024-ին արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը

ՀՀ ազգային ժողովը հրապարակել է 2024 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը: «Ավարտվեց 2024 թվականը: Տարին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար մեկնարկեց հստակ սկզբունքներով: Միջազգային բոլոր հարթակներում առաջ մղել հայկական օրակարգը, ներկայացնել տարածաշրջանում և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը, վերահաստատել պաշտոնական Երևանի դիրքորոշումը նախաձեռնած խաղաղության օրակարգի վերաբերյալ, միջազգային գործընկերների ու միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների հետ հաստատել ջերմ հարաբերություններ, ընդլայնել փոխգործակցության ուղիներն ու երկրների հետ զարգացնել տնտեսական կապեր, խորհրդարանական դիվանագիտության շրջանակում բարձրացնել երկրի վարկանիշն ու ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիրքերը»,- գրված է հրապարակված տեսանյութին կից:
16:21 - 31 դեկտեմբերի, 2024