ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ 

ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)

Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

factor.am: «Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մենք խոսել ենք, որ ընտրական ինստիտուտների վերափոխման գործում իշխանությունը և՛ դանդաղկոտություն է ցուցաբերել, և՛ անհետևողականություն, և՛ անվճռականություն։ Ցավոք սրտի, նույնը այս պահին կարելի է ասել նրանց քարոզարշավի մասին։ Դրա համար մենք որոշեցինք ահազանգել և փորձել մի քիչ էլ ցնցելով պահանջել՝ փոխելու այս վարվելակերպը։ Իշխանությունը պետք է շատ լավ հասկանա, որ եթե նա հանկարծ ճիշտ հանգրվանի չհասցնի այս հանրաքվեն, ինքը հասնելու է իր մտադրվածի ճիշտ հակառակին, որովհետև եթե «Այո»-ն չհաղթի այս հանրաքվեում, մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»։
17:38 - 06 մարտի, 2020
Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով: Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ:Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը:Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Ընտրական հանձնաժողովներում սյսօր “ՈՉ”-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։Այսինքն յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից: Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը:Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի  շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում:
11:16 - 06 մարտի, 2020
Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

24news.am: «ՍԴ-ի հարցը մեկ տարի առաջ կարելի էր լուծել, բայց հիմա կոնկրետ հարց է դրված և իշխող կուսակցությունն առաջարկում է սա, որը միգուցե իդեալական լուծումը չէ, սակայն այդ հանրաքվեի արդյունքով ի վերջո որոշվելու է՝ երկիրն ինչպես է շարունակելու իր ընթացքը։ Այդ որոշման վերաբերյալ մեր որոշումն «այո» է»,- այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունը փորձել է հարցի լուծումը հանձնել ժողովրդին, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, թե ԱԺ-ն չարաշահել է Սահմանդրությունը մեկնաբանելու կամ այն յուրովի կիրառելու իր իրավունքը։ ՀԱԿ փոխնախագահի համար անընդունելի է, որ երկրի համար բախտորոշ հարցերում քաղաքական ուժերը սկզբունքային դիրքորոշում ցույց չեն տալիս։ «Ինչո՞ւ չեն կողմնորոշվում, ի՞նչ կա չկողմնորոշվելու։ Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-ի և ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է։ Իրենք «ՈՉ»-ի ճամբարում են, ուղղակի գտել են հաղթանակի լավագույն ձևը։ Նորից անսկզբունքայնության հարց է։ Երբ դու քո դիրքորոշումն ունես և գիտես, որ այն ոչ մի շանս չունի և չես կարող հաղթել «ԱՅՈ»-ին, կարող ես մեկ բան անել՝ այնքան ոչ ակտիվ դարձնել հասարակական մթնոլորտը, որ մարդիկ ուղղակի պատշաճ քանակի դուրս չգան, և  650 հազարի «ԱՅՈ»-ի քվորումը չլրանա»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։  Շարունակությունը՝ տեսանյութում։
10:44 - 12 փետրվարի, 2020
Այս փուլի համար բավարար ենք համարում ԱԺ կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով․ ՀԱԿ

Այս փուլի համար բավարար ենք համարում ԱԺ կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով․ ՀԱԿ

2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի մասին Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր: Այդ նպատակի իրագործմանը միտված առաջիկա Հանրաքվեի օրինականության վերաբերյալ ծավալված բանավեճի առումով, այս փուլի համար մենք բավարար ենք համարում Ազգային Ժողովի կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով: Ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` Հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է: Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ: Ի վերջո, դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասը անհարկի բարդությունների պատճառ դարձան: Մեր հիասթափությունն ենք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Հանրաքվեի օրակարգից դուրս մնաց ոչ պակաս կարևոր, սահմանադրական իրավունքին անմիջականորեն առնչվող մեկ այլ հարց. Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն Սահմանադրական Դատարանի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունքի` իրավագիտության տեսանկյունից անհիմն և անհեթեթ գործառույթի առկայությունը Սահմանադրության մեջ: Պատահական չէ, որ նման դրույթ բացակայել է 1995թ․ ընդունված Սահմանադրությունից ի վեր և առկա չէ ժողովրդավարական երկրների օրենսդրություններում: Օրինակարգ Սահմանադրական Դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Ասվածով հանդերձ, համոզված լինելով, որ նշված փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, պնդում ենք, որ գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը:
11:28 - 11 փետրվարի, 2020
Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի վերականգնումը․ ՀԱԿ հայտարարությունը |a1plus.am|

Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի վերականգնումը․ ՀԱԿ հայտարարությունը |a1plus.am|

Հայ Ազգային Կոնգրեսի հատարարությունը Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ․ «2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Որոշմամբ նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակել ՀՀ կառավարության՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին հաստատված՝ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թ․թ․ ռազմավարությանը համապատասխան։ Այդ կապակցությամբ Կոնգրեսը հարկ է համարում նշել հետևյալը․   Գործող Սահմանադրությունը մշակվել է նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, "ընդունվել է" 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, եւ կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետեւանքները մինչ այսօր վերացված չեն։ Այն նաեւ պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Այս ամենին Կոնգրեսը հանգամանալիորեն անդրադարձել է 2015 թվականին՝ կազմակերպելով ՈՉ-ի արշավը։Կարեւոր է արձանագրել, որ կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել։ Խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել (Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Բելգիա եւ այլն, մինչ 1959 թվականին կիսանախագահական համակարգն ընդունելը, նույն վիճակն էր Ֆրանսիայում)։ Երկարաժամկետ հեռանկարում նաեւ Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի եւ քաղաքական կոռուպցիայի ծաղկման։Հետեւաբար, սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը եւ քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։ Մյուս կողմից, դրանով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային եւ կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարեւորագույն գաղափարախոսությունը։Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարութունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ։Ինչքան էլ կարեւոր լինի վերոհիշյալ խնդիրների լուծումը, եթե սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը սահմանափակվի միայն գործող սահմանադրական կառավարման մոդելի ակնհայտ թերությունների շտկմամբ, այն կանտեսի 2015 թվականի կեղծված հանրաքվեով առաջացած բազմաթիվ խնդիրները, մասնավորապես, ոչնչով չհիմնավորված եւ երկրի սահմանադրական ավանդույթները խախտող անցումը դեպի խորհրդարանական համակարգ։ Ավելին, նման մոտեցումը վտանգ է ստեղծում, որ արդյունքում հետին թվով կլեգիտիմացվի 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովրդի կամքի ապօրինի մերժումը։Սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները, որոնց արդյունքում էլ պետք է ձեւավորվեին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ամենակարեւորը՝ հանրության կողմից կառավարման մոդելի գիտակցված եւ օրինական ընդունման վերաբերյալ մոտեցումները»։
05:56 - 17 հունվարի, 2020
Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ս.թ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ։ Դրանք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին։ Առաջադրված մեղադրանքը սպառիչ հիմնավորում է իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ գործած մարտիմեկյան ոճիրի՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ ներկայացվող ճշմարտությունը։Ըստ Հատուկ քննչական ծառայության «ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա» պարզված իրողության՝ Հաստատվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ Ազատության հրապարակում բողոքի հանրահավաքները խաղաղ էին, օրինական, տեղի չէր ունենում հասարակական կարգի որեւ խախտում եւ չկար դրա սպառնալիքը։ Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցի ցրման ոստիկանական գործողության համար բացարձակապես իրավական որեւէ հիմք չի եղել։ Դրա հետ կապված իշխանության առաջ քաշած վարկածի «հիմնավրումները»՝ ցուցարարների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայության, կամ զինամթերք բաժանելու, կառավարական շենքերի վրա հարձակումների պլանների մասին «օպերատիվ» տեղեկատվության վերաբերյալ, ծայրեծայր հորինվել են հետագայում։ Ակնհայտ է, որ այդօրինակ ապօրինի գործողության ոստիկանությունը կդիմեր միմիայն հանրապետության առաջին դեմքի ուղիղ հանձնարարությամբ և նրանից անպատժելիության երաշխիքներ ստանալով։ Երբ պարզ դարձավ, որ Շարժումը չընկրկեց և հետևողականորեն հանրությանը ներկայացրեց ռեժիմի վարկածը ժխտող բազմաթիվ տեսանյութեր, փաստաթղթեր, այլ ապացույցներ, իշխանությունը ձեռնամուխ եղավ հետին թվով շուրջ երկուսուկես տասնյակ կեղծ պաշտոնական փաստաթղթերի ստեղծմանը և իրեղեն ապացույցների կեղծման լայնածավալ գործողությունների։ Կեղծիքների այս խոհանոցում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ նախագահական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հետին թվով, երեք ամիս անց, հիմնականում փետրվարի 29-ի եւ մարտի 1-ի ամսաթվով կեղծված այդ պաշտոնական փաստաթղթերն են ներկայացվել Ազգային ժողովի՝ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին և դրվել են վերջինիս ընդարձակ զեկույցի հիմքում։ Ավելի ուշ դրանցով փորձ է արվել ապակողմնորոշել նաև Փաստահավաք խմբին։ Միաժամանակ, կեղծված նյութերը ուղարկվել են հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմիններին։ Հանձնարարվել է նաև բոլոր պաշտոնյաներին՝ հարցաքննվելու դեպքում հիշյալ մարմիններին տալ միայն կեղծված այդ փաստաթղթերին համահունչ, այսինքն՝ իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ: Մարտիմեկյան ոճրագործության պարտակմանն ուղղված հսկայածավալ կեղծարարության արդյունքներն անհրաժեշտ էին ռեժիմին նաև միջազգային ատյաններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) և Եվրոպայի խորհրդին, ներկայացնելու համար, հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով։ Այդ անփառունակ առաքելությունը դրվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, այդ ժամանակ ՀՀ Արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանի վրա, ինչը, վստահաբար, հնարավոր կլիներ իրականացնել միայն ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի գործուն աջակցությամբ։ Մատուցված ծառայությունների դիմաց հետագայում Գևորգ Կոստանյանը «պարգևատրվեց» ՀՀ Գլխավոր դատախազի, իսկ Գյուլումյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնով։ Վարչախումբը առավելագույն ջանքեր է գործադրել զինված ուժերի օգտագործմամբ սահմանադրական կարգի տապալումը կոծկելու ուղղությամբ ։ Այդ նպատակով է ստեղծվել փետրվարի 22-ի ամսաթվով ոստիկանապետ Հ. Հարությունյանի ստորագրությամբ կեղծ հրամանը՝ բանակի ավտոմեքենաները իբր ոստիկաններին սպասարկելու համար օգտագործու մասին։ Նույն նպատակով կատարվել է իր աննախադեպ ցինիզմով առանձնացող խմբակային նոր մի հանցանք. Մարտի 1-ի իրադարձություններից հետո դեպքի վայրում հայտնաբերված՝ բանակային զենքերից կրակված 1000-ից ավելի փամփուշտների պարկուճները փոխարինվել են Ներքին զորքերին ամրագրված նույնատիպ զենքերից կրակված փամփուշտների պարկուճներով, այն է՝ կեղծվել են իրեղեն ապացույցները։ Այս ամենը փաստում է, որ երկրում երկու տասնամյակ տիրող ռոբասերժական ռեժիմի կողմից ըստ էության վերացվել էին արդարադատության պետական ինստիտուտները։ Պետական մեքենան՝ իրավապահ կառույցները՝ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը,քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները, ինչպես նաեւ Ազգային Ժողովը, բառիս բուն իմաստով առեւանգված է եղել հանցավոր մի բանդայի կողմից, որը պետական իշխանության լծակներին տիրացել է բացառապես սեփական հարստացմանը ծառայեցնելու նպատակով։Բացահայտված այս խայտառակ իրողությունները ծանրակշիռ լրացուցիչ իրավական հիմք են ստեղծում Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատական վճիռների վերանայման եւ ամբողջական արդարացման համար։Որեւէ պետություն չի կարող գոյության երաշխիք ունենալ, որեւէ ժողովուրդ չի կարող վստահել իր պետությանը եւ ապրել այդ երկրում, եթե նման հանցագործությունները չեն բացահայտվում ու խստագույնս պատժվում։ Այս իմաստով Մարտի 1-ի գործով սահանադրական կարգի տապալման մեղադրանքով ընթացող դատավարությունը շատ ավելին է, քան անձի կամ անձերի հարց։ Գործի նախաքննությունը եւ ընթացող դատավարությունը պետք է վերադարձնի պետությունը քաղաքացուն, վերականգնի ժողովրդի հավատը պետականության եւ արդարադատության նկատմամբ եւ ստեղծի քաղաքացու իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ կյանքի ամուր երաշխիքներ։
05:45 - 27 սեպտեմբերի, 2019
ՀԱԿ֊ը մեղադրում է Դաշնակցությանը որպես քաղաքական պայքարի մեթոդ ահաբեկչությունը «որդեգրելու» մեջ  |azatutyun.am|

ՀԱԿ֊ը մեղադրում է Դաշնակցությանը որպես քաղաքական պայքարի մեթոդ ահաբեկչությունը «որդեգրելու» մեջ |azatutyun.am|

azatutyun.am։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքերի և դրանց առնչությամբ ՀՅԴ գերագույն մարմնի անդամների հայտարարությունների կապակցությամբ:Հայտարարությունում պնդելով, որ «Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել», Հայ ազգային կոնգրեսը ընդգծում է․ ֊ «ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը, և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ»։Օրերս ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅ Դաշնակցության կողմնակիցներին իրեն ծեծի ենթարկելու մեջ։ - «Ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու՝ սեփական անվտանգությունս ապահովելու համար», - հայտարարել էր Հարությունյանը։Ակտիվիստի այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել և բերման ենթարկել մի քաղաքացու, ինչին ի պատասխան ՀՅԴ կուսակցության մի շարք անդամները մեկը մյուսի հետևից ներկայացել էին ոստիկանության Կենտրոնի բաժին ու ցուցմունք տվել, թե իբր իրենք ենք ծեծել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին։Արդեն այսօր տարածած հայտարարությունում, ՀԱԿ֊ը, կարծիք հայտնելով, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը, հույս է հայտնել, որ «այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե այն կատարողներին, թե պատվիրատուներին»։«Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը», - նաև ասված է Կոնգրեսի հայտարարությունում:
05:41 - 06 հունիսի, 2019
ՀԱԿ-ը՝  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին

ՀԱԿ-ը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին

Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը եւ երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը:  Կարևորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները և գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ: Այժմ, սակայն, կանդրադառնանք փաթեթում ներառված և հանրային հնչեղություն ստացած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլոր­տում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահ­ման­ված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ տեղիք տվեց դժգոհությունների և բողոքի ցույցերի:                Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է հետևյալ մտահոգությունները. Շուկայի ազատականացման, ազատ տնտեսական մրցակցության խթանման, գործարար միջավայրի բարելավման խնդիրներ Արտարժույթի առուվաճառքի և գրավատների կազմակերպման համար տարեկան վճարների չափերի՝ 60 անգամ, վարկային կազմակերպությունների համար` 6 անգամ ավելացում նախատեսող փոփոխությունների իրականացումը անխուսափելիորեն հանգեցնելու է, մի կողմից, արտարժույթի առուվաճառքով զբաղվող շուրջ 220 անհատական փոխանակման կետերի մեծ մասի փակմանը և այդպիսով աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև` արժութային շուկայում առանց այդ էլ թուլացված մրցակցության ոչնչացմանը, մյուս կողմից` սպառողական վարկերի բնագավառում արագացված և պարզեցված ծառայություններ մատուցող գրավատների մեծ մասի փակմանը, լուրջ խոչնդոտների վարկային կազմակերպությունների գործունեության համար, և վերջապես` հաճախորդներին մատուցվող ծառայությունների թանկացմանը և վարկային շուկայի կենտրոնացմանը: Արժութային կարգավորման բնագավառում շուկայի մասնակիցների "ջարդը" իրականացվեց 2005-2007թ.թ.-ին, նպատակ ունենալով ապահովելու հակաշուկայական մեթոդների և վարչական լծակների գործադրմամբ արժութային փոխարժեքների սահմանման ապօրինի գերկենտրոնացումը Կենտրոնական բանկի ձեռքում: Այժմ, փաստորեն, շուկայի մասնակիցների թվի ավելացումը խրախուսելու փոխարեն, ավարտին է հասցվում նախկին ծրագիրը: Անընդունելի են նաև մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ուղղված քայլերը, այնինչ կառավարության քաղաքականությունն, ընդհակառակը, պետք է նպատակաուղղվեր երկրում զբաղվածության խնդիրը լուծելուն։ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներ Արտարժույթի առուվաճառքի, գրավատնային բիզնեսները և վարկային կազմակերպությունները դասվում են փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառին: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հարված է փոքր և միջին բիզնեսին, և հակոտնյա է ՀՀ կառավարության` վերջերս հաստատված հնգամյա ծրագրի, մասնավորապես 5.8 կետով նախատեսված` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը: Միևնույն ժամանակ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման վարկանիշային ցուցանիշների (Doing business) և "ՓՄՁ քաղաքականության ինդեքսի" վատթարացմանը: Մինչդեռ, մեր համոզմամբ, փոքր և միջին ձեռնարկատիրության, այսպես կոչված «ժողովրդական կապիտալիզմի» զարգացումը պետք է դիտարկել որպես տնտեսական բարեփոխումների հիմնարար ուղղություն` խթանելով ազատ մասնավոր նախաձեռնության  մշակույթի հզորացումը և միջին դասի ձևավորումը: Համեմատության համար նշենք միայն, որ, օրինակ, զարգացած երկրներում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը գերազանցում է երկրի զբաղվածների ընդհանուր թվի 50%-ը (Հայաստանում`30%), միաժամանակ այդ երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 50-55%-ը (Հայաստանում`մոտ 33%): Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին, ինչն արտահայտվում է հետևյալ երկու մոտեցումներում ա) Աղճատված է պետական տուրքի բնույթը. պետության կողմից մատուցվող ծառայությունների և գործողությունների համար գանձվող վճարից այն ըստ էության վերածված է տարեկան հարկատեսակի, որն առանձին դեպքերում զգալիորեն ավելին է, քան տնտեսվարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարը: բ) Փոփոխությունների իրականացման ֆինանսական արդյունքների և տնտեսության վրա ազդեցության գնահատականները, դրույքաչափերի համադրելիությունն ու հաշվարկման չափորոշիչները ներկայացնելու փոխարեն, օրենքի նախագծի հեղինակները որպես վճարների կտրուկ ավելացման պատճառաբանություն բերում են որևէ քննադատության չդիմացող հետևյալ երկու հիմնավորումները. ա) որ ֆինանսավարկային ոլոր­տում լիցենզիաների մասով պետական տուրքի դրույքաչափերը երկար ժամանակ չվերանայելու արդյունքում, ներկայումս գործող դրույքաչափերը համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարևորությանն ու նշանակությանը, և բ) որ ուղղակի հարկերի նվա­զեցման քաղաքականության արդյունքում ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները  ունենալու են հարկային տնտեսումներ, մինչդեռ վերջին­ներս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահա­ռուներ: Առաջարկում ենք կառավարությանը՝ նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը, քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլոր­տը ներկայացնող բոլոր ասոցիացիաների և շահագրգիռ այլ մարմինների հետ:Այս մասնավոր օրինակով Կոնգրեսը նաև կոչ է անում ՀՀ կառավարությանը` հրաժարվել նախատեսված, որևէ կերպ չհիմնավորվող, հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող այս և նմանօրինակ այլ փոփոխություններից։ Հայ Ազգային Կոնգրես
14:09 - 20 մարտի, 2019